Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Վճռել եմ չթուլացնել ձեռքերս

Վճռել եմ չթուլացնել ձեռքերս

«ՀԱՅՐԻԿ», «ՀՈՐԵՂԲԱՅՐ», «ՔԵՌԻ»։ Բեթելում հաճախ են երիտասարդները ինձ այս բառերով դիմում։ Եվ դա ինձ դուր է գալիս։ Չէ՞ որ ես 89 տարեկան եմ։ Այս ջերմ դիմելաձևը ես համարում եմ վարձատրություն Եհովայի կողմից, վարձատրություն այն բանի համար, որ 72 տարի լիաժամ ծառայել եմ նրան։ Ծառայության մեջ ունեցածս փորձից ելնելով՝ այդ երիտասարդներին սրտանց ասում եմ. «Ձեր գործերի համար վարձատրություն կա, միայն թե թույլ չտաք, որ ձեր ձեռքերը թուլանան» (2 Տար. 15։7

ԾՆՈՂՆԵՐՍ ԵՎ ՔՈՒՅՐ-ԵՂԲԱՅՐՆԵՐՍ

Ծնողներս, Ուկրաինայից գաղթելով Կանադա, բնակություն հաստատեցին Մանիտոբա նահանգի Ռոսբեռն քաղաքում։ Իմ սիրելի մայրիկը լույս աշխարհ բերեց 8 տղայի և 8 աղջկա, ընդ որում՝ երեխաների մեջ երկվորյակներ չկային։ Ես 14-րդն էի։ Հայրս սիրում էր Աստվածաշունչը և ամեն կիրակի՝ առավոտյան, կարդում էր այն մեզ համար։ Սակայն նա համարում էր, որ կրոնը փող աշխատելու միջոց է, և հաճախ կատակով ասում էր. «Տեսնես՝ Հիսուսին ո՞վ էր վճարում քարոզելու և սովորեցնելու համար»։

Երեխաներից ութը՝ չորս եղբայրներս և չորս քույրերս, ժամանակի ընթացքում ընդունեցին ճշմարտությունը։ Քույրերիցս մեկը՝ Ռոուզը, մինչև մահանալը ծառայեց որպես ռահվիրա։ Նա իր կյանքի վերջին օրերին բոլորին հորդորում էր ականջ դնել Աստծու Խոսքին։ Նա ասում էր. «Ես ուզում եմ տեսնել ձեզ նոր աշխարհում»։ Իմ ավագ եղբայրը՝ Թեդը, «դժոխքի քարոզիչ» էր։ Ամեն կիրակի առավոտ նա ռադիոյով քարոզ էր կարդում՝ իր ունկնդիրների մտքում դաջելով այն գաղափարը, թե մեղսագործները հավիտյան այրվելու են դժոխքի անշեջ կրակի մեջ։ Սակայն հետագայում նա դարձավ Եհովայի հավատարիմ ու եռանդուն ծառա։

ՍԿՍՈՒՄ ԵՄ ԼԻԱԺԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՍ

1944 թ. հունիսին՝ մի օր, երբ դպրոցից տուն եկա, հյուրասենյակի սեղանին մի գրքույկ տեսա, որի վերնագիրն էր «Վերաստեղծում գալիք աշխարհում» *։ Կարդացի առաջին էջը, ապա երկրորդը և չկարողացա կտրվել դրանից։ Իմ մեջ հեղաշրջում եղավ. հասկացա, որ ուզում եմ ծառայել Եհովային, ինչպես Հիսուսը։

Ինչպե՞ս էր այդ գրքույկը հայտնվել մեր տանը։ Իմ ավագ եղբայր Սթիվը ասաց, որ գրքեր «վաճառող» երկու տղամարդ էին եկել մեր տուն։ Ապա ավելացրեց. «Ես այս մեկը գնեցի, քանի որ ընդամենը հինգ ցենտ արժեր»։ Հաջորդ կիրակի այդ մարդիկ նորից եկան։ Նրանք ասացին, որ Եհովայի վկաներ են և Աստվածաշնչով պատասխանում են մարդկանց հուզող շատ հարցերի։ Դա մեզ գրավեց, քանի որ մեր ծնողները մեզ սովորեցրել էին հարգել Աստծու Խոսքը։ Այդ մարդիկ նաև ասացին, որ Վինիպեգում շուտով Վկաների համաժողովն է լինելու։ Քույրս՝ Էլսին, այդ քաղաքում էր ապրում։ Ես որոշեցի գնալ համաժողովին։

Հեծանվով ճանապարհ ընկա Վինիպեգ, որը մոտ 320 կիլոմետր (200 մղոն) հեռու էր մեր տնից։ Ճանապարհին կանգ առա Քելվուդ քաղաքում, որտեղ ապրում էին մեզ այցելած երկու Վկաները։ Այստեղ ներկա եղա քրիստոնեական հանդիպման և իմացա, թե ինչ է ժողովը։ Նաև հասկացա, որ յուրաքանչյուր ոք՝ տղամարդ թե կին, երիտասարդ թե տարեց, պետք է Հիսուսի պես տնետուն գնա և քարոզի։

Վինիպեգում հանդիպեցի ավագ եղբորս՝ Ջեքին, որը համաժողովին եկել էր Օնտարիո նահանգից։ Համաժողովի առաջին օրը մի եղբայր հայտարարեց, որ մկրտություն է լինելու։ Ես ու Ջեքը որոշեցինք մկրտվել և հնարավորինս շուտ ռահվիրայություն սկսել։ Համաժողովից անմիջապես հետո Ջեքը սկսեց իր լիաժամ ծառայությունը։ Այդ ժամանակ ես 16 տարեկան էի և դեռ պետք է սովորեի դպրոցում։ Բայց հաջորդ տարի ես էլ ռահվիրա դարձա։

ՇԱՏ ԲԱՆԵՐ ԵՄ ՍՈՎՈՐՈՒՄ

Սկսեցի որպես ռահվիրա ծառայել Մանիտոբա նահանգի Սուրիս քաղաքում։ Ծառայակիցս Սթեն Նիկոլսոնն էր։ Շուտով հասկացա, որ միշտ չէ, որ ռահվիրայությունը հալած յուղի պես է ընթանում։ Մեր ունեցած փողը գնալով նվազում էր, բայց մենք շարունակում էինք քարոզել։ Մի օր, երբ ծառայությունից տուն եկանք, շատ սոված էինք և մեր գրպանում մի գրոշ անգամ չունեինք։ Պատկերացրեք՝ որքան զարմացանք, երբ մեր դռան մոտ մթերքով լի մեծ տոպրակ տեսանք։ Մինչ օրս չգիտենք, թե ով էր այն բերել։ Այդ օրը թագավորների պես հաց կերանք։ Մենք մեր ձեռքերը չթուլացրինք, ու Եհովան մեզ վարձատրեց։ Զարմանալի էր, բայց փաստ, որ այդ ամսվա վերջում իմ քաշն ավելացել էր։ Նախկինում երբեք այդքան չէի կշռել։

Մի քանի ամիս հետո նշանակվեցինք Գիլբերտ Փլեյնս քաղաք՝ Սուրիսից 240 կիլոմետր (150 մղոն) դեպի հյուսիս։ Այդ օրերին հանդիպման վայրերում բեմի վրա մեծ աղյուսակ էր փակցվում, որտեղ ներկայացվում էր ժողովի ամենամսյա քարոզչական հաշվետվությունը։ Երբ ցուցանիշները նվազում էին, ես ելույթ էի ունենում և շեշտում էի այն միտքը, որ եղբայրներն ու քույրերը պետք է ավելին անեին։ Մի անգամ այդպիսի ելույթից հետո մի տարեց ռահվիրա քույր, ում ամուսինը ճշմարտության մեջ չէր, արցունքներն աչքերին, մոտեցավ ինձ ու ասաց. «Ես ամեն ջանք թափել եմ, բայց ավելին չեմ կարողացել անել»։ Եկավ լացելու իմ հերթը, ու ես ներողություն խնդրեցի նրանից։

Երիտասարդ եռանդուն եղբայրները հեշտությամբ նման սխալներ են թույլ տալիս և հետո իրենք իրենցից հիասթափվում են։ Այդպես եղավ և իմ դեպքում։ Բայց հասկացա, որ ձեռքերս թուլացնելու փոխարեն՝ ճիշտ կլինի դաս քաղել սխալից և շարունակել առաջ գնալ՝ համոզված լինելով, որ Եհովան անպատճառ կօրհնի իմ հավատարիմ ընթացքը։

ՊԱՅՔԱՐ ՔՎԵԲԵԿՈՒՄ

21 տարեկան հասակում հրավեր ստացա սովորելու «Գաղաադ» դպրոցի 14-րդ դասարանում։ Դա ինձ համար մեծ պատիվ էր։ Դպրոցն ավարտեցի 1950 թ. փետրվարին։ Մեր դասարանի մոտավորապես մեկ քառորդին նշանակեցին Կանադայի ֆրանսիախոս Քվեբեկ նահանգ, որտեղ Եհովայի վկաների դեմ հալածանքների մեծ ալիք էր բարձրացել։ Ես նշանակվեցի Վալ-դ’Օր քաղաք, որտեղ ոսկու հանքեր կային։ Մի օր խմբով գնացինք մերձակա Վալ-Սենվիլ գյուղը՝ քարոզելու։ Տեղի քահանան մեզ սպառնաց՝ ասելով, որ եթե չհեռանանք գյուղից, բռնություն կգործադրի։ Ես նրա դեմ հայց ներկայացրի, և արդյունքում քահանան տուգանվեց։ *

Այս և նմանատիպ այլ դեպքեր դարձան Քվեբեկում մղվող իրավաբանական պայքարի մի մասը։ Ավելի քան 300 տարի Քվեբեկը եղել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու տիրապետության տակ։ Հոգևորականներն ու իրենց քաղաքական դաշնակիցները հալածում էին Եհովայի վկաներին։ Դժվար ժամանակներ էին։ Մենք թվով քիչ էինք, բայց մեր ձեռքերը չթուլացրինք։ Ազնվասիրտ շատ քվեբեկցիներ դրականորեն արձագանքեցին մեր քարոզած լուրին։ Ես հնարավորություն ունեցա մի քանի հոգու հետ Աստվածաշունչ ուսումնասիրելու, և նրանք ընդունեցին ճշմարտությունը։ Ուսումնասիրում էի նաև տասը հոգուց բաղկացած մի ընտանիքի հետ։ Նրանք բոլորը սկսեցին ծառայել Եհովային։ Նրանց քաջությունը ուրիշներին էլ մղեց թողնելու կաթոլիկ եկեղեցին։ Մենք շարունակեցինք քարոզել և ի վերջո այդ պայքարում հաղթեցինք։

ԵՂԲԱՅՐՆԵՐԻՆ ԿՐԹՈՒՄ ԵՆՔ ԻՐԵՆՑ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎՈՎ

1956 թ.-ին նշանակվեցի Հայիթի։ Այնտեղ նոր միսիոներներից շատերը ջանում էին ֆրանսերեն սովորել և դեռ լավ չէին խոսում, բայց ժողովուրդը լսում էր նրանց։ Ահա թե ինչ ասաց միսիոներ Սթենլի Բոգուսը. «Հաճելի էր տեսնել, որ մարդիկ ամեն կերպ օգնում էին մեզ արտահայտվել»։ Սկզբում թվում էր, թե ես առավելություն ունեի, քանի որ Քվեբեկում ֆրանսերեն էի սովորել։ Սակայն շուտով պարզ դարձավ, որ տեղի եղբայրներից շատերը միայն հայիթյան կրեոլ լեզվով են խոսում։ Ուստի մարդկանց սրտերին հասնելու համար պետք է տեղի լեզուն սովորեինք։ Մենք այդպես էլ արեցինք, և մեր ջանքերը լավ արդյունք տվեցին։

Բացի այդ, Կառավարիչ մարմնի հավանությամբ «Դիտարանն» ու այլ հրատարակություններ սկսեցին թարգմանվել հայիթյան կրեոլ լեզվով։ Այդ որոշումը մեծ օգուտ բերեց տեղի եղբայրներին։ Ամբողջ երկրում հանդիպումներին հաճախող մարդկանց թիվը կտրուկ աճեց։ 1950 թ.-ին Հայիթիում 99 քարոզիչ կար, իսկ 1960-ին՝ ավելի քան 800։ Այդ ժամանակ ես նշանակվեցի Բեթել։ 1961-ին պատիվ ունեցա դասավանդելու Թագավորական ծառայության դպրոցում։ Մենք կրթեցինք 40 եղբայրների, որոնց մեջ կային ժողովների վերակացուներ և հատուկ ռահվիրաներ։ 1962 թ. հունվարին կայացած համաժողովին համապատասխան որակներ ունեցող տեղացի եղբայրներին հորդորեցինք ընդլայնել իրենց ծառայությունը։ Արդյունքում ոմանք հատուկ ռահվիրաներ նշանակվեցին։ Այս ամենը ճիշտ ժամանակին տեղի ունեցավ, որովհետև հորիզոնում սև ամպեր էին նշմարվում։

1962 թ. հունվարի 23-ին՝ համաժողովից անմիջապես հետո, ոստիկանները եկան մասնաճյուղ և ձերբակալեցին ինձ ու միսիոներ Էնդրյու դ’Ամիկոյին։ Նրանք նաև բռնագրավեցին 1962 թ. հունվարի 8-ի ֆրանսերեն «Արթնացե՛ք»-ի ողջ պաշարը։ Այդ թողարկման մեջ ֆրանսիական թերթերից տեղեկություններ էին բերվել այն մասին, որ Հայիթիում տարածված է վուդու մոգությունը։ Սա ոմանց դուր չէր եկել։ Նրանք մեղադրանք էին առաջ քաշել, թե տվյալ հոդվածը մեր մասնաճյուղում ենք գրել։ Մի քանի շաբաթ հետո միսիոներներին երկրից արտաքսեցին։ * Չնայած դրան՝ տեղի եղբայրները, որոնք մինչ այդ համապատասխան կրթություն էին ստացել, շարունակեցին հաջողությամբ կատարել Աստծու գործը։ Այնքա՜ն եմ ուրախանում, երբ մտածում եմ այն մասին, թե նրանք ինչպես տոկունությամբ ամեն ինչ տարան և հոգևորապես առաջադիմեցին։ Այժմ մեր հավատակիցները հայիթյան կրեոլ լեզվով ունեն նույնիսկ «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը», ինչի մասին մենք այն ժամանակ միայն կարող էինք երազել։

ԳՆՈՒՄ ԵՄ ԿԵՆՏՐՈՆԱԱՖՐԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Հայիթիից հետո միսիոներ նշանակվեցի Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում։ Հետագայում պատիվ ունեցա այնտեղ ծառայելու որպես շրջագայող վերակացու, իսկ հետո՝ որպես մասնաճյուղի վերակացու։

Այն ժամանակ Թագավորության շատ սրահներ չափազանց պարզունակ կառույցներ էին։ Այդ ընթացքում սովորեցի անտառում ծղոտ հավաքել և տանիք կապել։ Այդ գործն անելու համար մեծ ջանքեր էի թափում։ Անցորդների համար դա զվարճալի տեսարան էր։ Սակայն այդպես տեղի եղբայրներին քաջալերում էի մասնակցել իրենց Թագավորության սրահների կառուցմանն ու սպասարկմանը։ Կրոնական առաջնորդները ծաղրում էին մեզ, քանի որ իրենց եկեղեցիները թիթեղյա տանիքներ ունեին։ Բայց մենք դրան ուշադրություն չէինք դարձնում և շարունակում էինք հավաքվել ծղոտե տանիք ունեցող Թագավորության սրահներում։ Շուտով այդ ծաղրանքին վերջ դրվեց։ Մայրաքաղաք Բանգիում ուժգին փոթորիկ տեղի ունեցավ. քամին պոկեց եկեղեցիներից մեկի թիթեղյա տանիքը և նետեց գլխավոր փողոցի վրա, իսկ Թագավորության սրահների ծղոտե տանիքները չվնասվեցին։ Այդ տարիներին նաև շինարարական այլ ձեռքբերումներ ունեցանք։ Ընդամենը հինգ ամսում նոր մասնաճյուղ և միսիոներական տուն կառուցեցինք, քանի որ Թագավորության գործը ավելի լավ վերահսկելու կարիք կար։ *

ԱՄՈՒՍՆԱՆՈՒՄ ԵՄ ՄԻ ԵՌԱՆԴՈՒՆ ՔՐՈՋ ՀԵՏ

Մեր ամուսնության օրը

1976 թ.-ին Թագավորության գործը Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում արգելվեց, և ինձ նշանակեցին Նջամենա՝ հարևան երկրի՝ Չադի մայրաքաղաք։ Այնտեղ հանդիպեցի մի եռանդուն քրոջ՝ Հեփի անունով մի հատուկ ռահվիրայի, որը ծնունդով Կամերունից էր։ 1978 թ. ապրիլի 1-ին մենք ամուսնացանք։ Նույն ամսին քաղաքացիական պատերազմ սկսվեց, և ես ու Հեփին շատերի պես փախանք երկրի հարավ։ Երբ կռիվը վերջացավ, տուն վերադարձանք։ Պարզվեց, որ մի զինված խմբավորում մեր տունը դարձրել էր իր շտաբը։ Տնից անհետացել էր ոչ միայն մեր գրականությունը, այլև Հեփիի հարսանեկան զգեստը և այն նվերները, որ ստացել էինք հարսանիքին։ Սակայն մենք չթուլացրինք մեր ձեռքերը։ Կարևորն այն էր, որ ողջ էինք ու միասին։ Ուստի մեր աչքերը հառեցինք ապագային և շարունակեցինք մեր գործունեությունը։

Մոտ երկու տարի անց Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում արգելքը հանվեց։ Մենք վերադարձանք այնտեղ և շրջագայական ծառայության անցանք։ Ապրում էինք մի ֆուրգոնում, որտեղ ունեինք ծալովի մահճակալ, 200 լիտր (53 գալոն) տարողությամբ ջրի տակառ, պրոպան գազով աշխատող սառնարան և գազօջախ։ Սակայն ճանապարհորդելը հեշտ չէր։ Մի անգամ ստիպված եղանք անցնել ոչ ավել, ոչ պակաս 117 ոստիկանական անցակետերով։

Ջերմաստիճանը հաճախ հասնում էր 50°C (122°F)։ Երբեմն դժվար էր լինում բավականաչափ ջուր գտնել համաժողովներին մկրտություն կազմակերպելու համար։ Ուստի մկրտությունը հաճախ տակառի մեջ էին անում։ Եղբայրները ցամաքած գետակներում փոսեր էին փորում և քիչ-քիչ ջուր էին հավաքում տակառի մեջ։

ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆՔ ԱՖՐԻԿԱՅԻ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

1980 թ.-ին մենք տեղափոխվեցինք Նիգերիա։ Այնտեղ երկուսուկես տարի մասնակցեցինք նոր մասնաճյուղի շինարարության նախապատրաստական աշխատանքներին։ Եղբայրները երկհարկանի մի պահեստ էին գնել, որը հարկավոր էր ապամոնտաժել և հետո հավաքել մասնաճյուղի համար նախատեսված տարածքում։ Մի առավոտ ես այդ շինության վրա բարձրացա՝ աշխատելու։ Բայց երբ կեսօրին ցանկացա նույն ճանապարհով իջնել, ցած ընկա, քանի որ ապամոնտաժման աշխատանքների ընթացքում որոշ փոփոխություններ էին արվել։ Վիճակս լուրջ էր թվում, բայց ռենտգենաբանական հետազոտությունից հետո բժիշկը կնոջս ասաց. «Մի՛ անհանգստացեք։ Ձեր ամուսինը ընդամենը մի քանի ջլերի վնասվածք է ստացել։ Մոտ մի շաբաթից նա լավ կլինի»։

«Հասարակական տրանսպորտով» գնում ենք համաժողովի

1986 թ.-ին գնացինք Կոտ դ’Իվուար։ Այնտեղ շրջագայական ծառայություն էինք անում։ Հաջորդ երկիրը, ուր տեղափոխվեցինք, Բուրկինա Ֆասոն էր։ Մտքովս չէր անցնում, որ տարիներ անց այս երկիրը որոշ ժամանակով կդառնա մեր տունը։

Շրջագայական ծառայության ժամանակ մեր տունը այս ֆուրգոնն էր

2003 թ.-ին ինձ ու Հեփիին ուղարկեցին Կանադայի Բեթել։ Ես Կանադայից հեռացել էի 1956-ին, և միայն 47 տարի անց էր, որ վերադարձա այստեղ։ Փաստաթղթերով երկուսս էլ Կանադայի քաղաքացիներ էինք, սակայն մեզ աֆրիկացի էինք զգում։

Ուսումնասիրություն եմ անցկացնում Բուրկինա Ֆասոյում

2007-ին, երբ 79 տարեկան էի, դարձյալ Աֆրիկա եկանք։ Նշանակվեցինք Բուրկինա Ֆասո, որտեղ ծառայեցի որպես երկրի կոմիտեի անդամ։ Հետագայում այնտեղի գրասենյակը դարձավ Բենինի մասնաճյուղի վերահսկողության տակ գործող թարգմանչական գրասենյակ։ 2013 թ. օգոստոսին մենք նշանակվեցինք ծառայելու Բենինի մասնաճյուղում։

Հեփիի հետ՝ Բենինի մասնաճյուղում

Թեև առողջական վիճակիս պատճառով շատ բան չեմ կարողանում անել, սակայն ծառայությունը առաջվա պես թանկ է ինձ համար։ Վերջին երեք տարիների ընթացքում Աստվածաշունչ էի ուսումնասիրում երկու տղամարդկանց՝ Ժեդեոնի ու Ֆրեժիսի հետ։ Այս հարցում ինձ շատ էին օգնում կինս ու երեցները։ Անչափ ուրախացա, երբ Ժեդեոնն ու Ֆրեժիսը մկրտվեցին։ Նրանք այսօր եռանդով ծառայում են Եհովային։

Որոշ ժամանակ անց ես ու կինս տեղափոխվեցինք Հարավաֆրիկյան Հանրապետության մասնաճյուղ, որտեղ Բեթելի ընտանիքը սիրով հոգ է տանում իմ մասին։ Հարավաֆրիկյան Հանրապետությունը Աֆրիկայի յոթերորդ երկիրն է, որտեղ ես առանձնաշնորհում եմ ունեցել ծառայելու։ 2017 թ. հոկտեմբերին մենք մեծ պատվի արժանացանք. մեզ հրավիրեցին ներկա լինելու Ուորվիքում (Նյու Յորք) գլխավոր վարչության շինությունների նվիրման ծրագրին։ Դա անմոռանալի իրադարձություն էր։

1994 թ. «Տարեգրքի» 255-րդ էջում գրված է. «Նրանց, ովքեր երկար տարիներ հավատարմորեն շարունակում են իրենց ծառայությունը, հորդորում ենք. «Քաջ եղեք, և ձեր ձեռքերը թող չթուլանան, որովհետև վարձատրություն կա ձեր գործերի համար» (2 Տար. 15։7)»։ Ես ու Հեփին հետևում ենք այս հորդորին և ուրիշներին քաջալերում ենք նույնն անել։

^ պարբ. 9 Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից 1944 թ.-ին։ Այժմ չի տպագրվում։

^ պարբ. 18 Տես «Քվեբեկի քահանաները դատապարտվում են Եհովայի վկաների վրա հարձակվելու համար» հոդվածը «Արթնացե՛ք»-ի 1953 թ. նոյեմբերի 8-ի համարում (էջ 3–5, անգլ.)։

^ պարբ. 23 Մանրամասների համար տես «Եհովայի վկաների 1994 թ. տարեգիրք», էջ 148–150, անգլ.։

^ պարբ. 26 Տես «Կառուցում ենք ամուր հիմքի վրա» հոդվածը «Արթնացե՛ք»-ի 1966 թ. մայիսի 8-ի համարում (էջ 27, անգլ.)։