Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 32

Թող ձեր սերն առատանա

Թող ձեր սերն առատանա

«Շարունակ աղոթում եմ, որ ձեր սերը ավելի ու ավելի առատանա» (ՓԻԼԻՊ. 1։9

ԵՐԳ 106 Սեր դրսևորենք

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Ո՞ւմ ջանքերի շնորհիվ Փիլիպպեում ժողով կազմավորվեց։

ԵՐԲ Պողոս առաքյալը, Շիղան, Ղուկասը և Տիմոթեոսը եկան Փիլիպպե, բազմաթիվ մարդկանց գտան, որոնց հետաքրքրեց Թագավորության լուրը։ Այս չորս եռանդուն եղբայրների ջանքերով Փիլիպպեում ժողով կազմավորվեց, և բոլոր նոր աշակերտները սկսեցին կանոնավորաբար հավաքվել։ Այդ ժողովի հանդիպումները հավանաբար անցկացվում էին մի հյուրասեր քրոջ՝ Լիդիայի տանը (Գործ. 16։40

2. Փիլիպպեի ժողովը կազմավորվելուց կարճ ժամանակ անց ի՞նչ դժվարության բախվեց։

2 Փիլիպպեի նորաստեղծ ժողովը կազմավորվելուց կարճ ժամանակ անց դժվարության բախվեց։ Սատանան ճշմարտության թշնամիներին գրգռեց, որ ուժգնորեն հակառակվեն Պողոսի և նրա համագործակիցների քարոզչությանը։ Դրա հետևանքով Պողոսին ու Շիղային ձերբակալեցին, ճիպոտահարեցին, ապա բանտ գցեցին։ Բանտից ազատվելուց հետո նրանք այցելեցին նոր աշակերտներին ու քաջալերեցին նրանց։ Դրանից հետո Պողոսը, Շիղան ու Տիմոթեոսը հեռացան քաղաքից, իսկ Ղուկասը հավանաբար այնտեղ մնաց։ Հետաքրքիր է, թե այժմ ինչ էին անելու այս նոր եղբայրներն ու քույրերը։ Եհովայի ոգու օգնությամբ նրանք եռանդով առաջ տարան քարոզչական գործը (Փիլիպ. 2։12)։ Պողոսը կարող էր հպարտանալ նրանցով։

3. Համաձայն Փիլիպպեցիներ 1։9–11 համարների՝ Պողոսը ինչի՞ մասին էր հաճախ աղոթում։

3 Այդ իրադարձություններից մոտ տասը տարի անց Պողոսը նամակ գրեց Փիլիպպեի ժողովին։ Այն կարդալիս անմիջապես զգում ես, թե առաքյալը որքան էր սիրում իր այդ հավատակիցներին. «Վկա է Աստված, թե որքան եմ ձեզ բոլորիդ կարոտում, և ձեր հանդեպ ունեմ այն նույն ջերմ զգացմունքները, ինչպիսիք որ Քրիստոս Հիսուսն ունի» (Փիլիպ. 1։8)։ Պողոսը գրեց, որ աղոթում է նրանց համար՝ Եհովային խնդրում է, որ նրանց սերը ավելի ու ավելի առատացնի, որ նրանք հավաստիանան, թե ինչն է ավելի կարևոր, անբիծ լինեն, չգայթակղեցնեն ուրիշներին և շարունակեն արդար պտուղ բերել։ Մենք նույնպես կարող ենք շատ բան սովորել Պողոսի անկեղծ խոսքերից։ Ուստի եկեք տեսնենք, թե նա ինչ է գրել փիլիպպեցիներին (կարդա Փիլիպպեցիներ 1։9–11)։ Ապա կքննենք նրա հորդորները և կխոսենք, թե ինչպես կարող ենք մեր կյանքում դրանց համաձայն վարվել։

ԹՈՂ «ՁԵՐ ՍԵՐԸ ԱՎԵԼԻ ՈՒ ԱՎԵԼԻ ԱՌԱՏԱՆԱ»

4. ա) 1 Հովհաննես 4։9, 10 համարների համաձայն՝ Եհովան ինչպե՞ս է ցույց տվել, որ սիրում է մեզ։ բ) Ինչպե՞ս պետք է սիրենք Աստծուն։

4 Եհովա Աստված մեզ շատ է սիրում։ Դրա մասին է վկայում այն, որ նա ուղարկել է իր Որդուն՝ մահանալու մեր մեղքերի համար (կարդա 1 Հովհաննես 4։9, 10)։ Աստծու այդ անձնվեր սերը մեզ մղում է սիրելու նրան (Հռոմ. 5։8)։ Իսկ ինչպե՞ս պետք է սիրենք Աստծուն։ Պատասխանը գտնում ենք Հիսուսի խոսքերում, որ նա ասաց մի փարիսեցու. «Սիրի՛ր քո Աստված Եհովային քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով» (Մատթ. 22։36, 37)։ Մենք ուզում ենք ամբողջ սրտով սիրել Աստծուն և այդ սերը օր օրի խորացնել։ Պողոսը փիլիպպեցիներին գրեց, որ նրանց սերը պետք է «ավելի ու ավելի առատանա»։ Իսկ ի՞նչ կարող ենք անել, որ Աստծու հանդեպ մեր սերը ուժգնանա։

5. Աստծու հանդեպ մեր սերը ինչի՞ շնորհիվ կուժգնանա։

5 Եհովային սիրելու համար հարկավոր է ճանաչել նրան։ Սուրբ Գրքում ասվում է. «Ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն, որովհետև Աստված սեր է» (1 Հովհ. 4։8)։ Պողոս առաքյալը նշել է, որ Աստծու հանդեպ մեր սերը կմեծանա, եթե ավելի շատ բան իմանանք նրա մասին և խորությամբ հասկանանք նրա մտածելակերպը (Փիլիպ. 1։9)։ Երբ սկսեցինք ուսումնասիրել Աստվածաշունչը, մեր մեջ Եհովայի հանդեպ սեր արթնացավ, թեև այդ ժամանակ դեռ շատ քիչ բան գիտեինք նրա հիանալի հատկությունների մասին։ Հետո, որքան լավ ճանաչեցինք նրան, այնքան մեր սերը խորացավ։ Ուստի զուր չէ, որ Աստվածաշնչի կանոնավոր ուսումնասիրությունն ու խորհրդածությունը անչափ կարևոր ենք համարում (Փիլիպ. 2։16

6. 1 Հովհաննես 4։11, 20, 21 համարների համաձայն՝ ուրիշ ո՞ւմ հանդեպ պետք է մեր սերը առատանա։

6 Մեր հանդեպ Աստծու դրսևորած սերը մեզ կմղի սիրել նաև մեր հավատակիցներին (կարդա 1 Հովհաննես 4։11, 20, 21)։ Հնարավոր է՝ մտածենք, թե եղբայրների ու քույրերի հանդեպ սերը ինքնաբերաբար կառաջանա։ Չէ՞ որ բոլորս էլ երկրպագում ենք Եհովային և ձգտում ենք նմանվել նրան, ինչպես նաև հետևում ենք Հիսուսի օրինակին, ով այնքան շատ սիրեց մեզ, որ իր կյանքը զոհեց մեզ համար։ Այնուամենայնիվ, երբեմն գուցե զգանք, որ այնքան էլ հեշտ չէ հնազանդվել իրար սիրելու պատվիրանին։ Նկատի առնենք մի օրինակ։

7. Ի՞նչ ենք սովորում այն խորհրդից, որ Պողոսը տվեց Եվոդիային և Սյունտիքին։

7 Եվոդիան և Սյունտիքը Փիլիպպեում ապրող եռանդուն քույրեր էին։ Նրանք «կողք կողքի» ծառայել էին Պողոս առաքյալի հետ։ Սակայն, ըստ երևույթին, որոշ տարաձայնությունների պատճառով այդ քույրերի հարաբերությունները խարխլվել էին։ Նրանց ժողովին հասցեագրած նամակում Պողոսը անուններով հիշատակեց Եվոդիային և Սյունտիքին ու նրանց հստակ խորհուրդ տվեց՝ «միևնույն միտքն ունենալ» (Փիլիպ. 4։2, 3)։ Պողոսը նաև հարկ համարեց ողջ ժողովին հորդորել, որ «շարունակեն ամեն ինչ անել առանց տրտունջի և վիճաբանության» (Փիլիպ. 2։14)։ Անկասկած, առաքյալի տված ուղիղ խորհուրդները օգնեցին ոչ միայն այս հավատարիմ քույրերին, այլև ողջ ժողովին, որ ամրացնեն միմյանց հանդեպ ունեցած սիրո կապը։

Ինչո՞ւ պետք է կենտրոնանանք մեր հավատակիցների լավ հատկությունների վրա (տես պարբերություն 8) *

8. Ի՞նչը կարող է խանգարել, որ սիրենք մեր հավատակիցներին, և ի՞նչը կօգնի հաղթահարել այդ խոչընդոտը։

8 Մեր հավատակիցներին սիրելը երբեմն կարող է դժվար լինել մեզ համար, որովհետև գուցե վարվենք Եվոդիայի և Սյունտիքի պես՝ կենտրոնանանք մարդկանց թերությունների ու սխալների վրա։ Բայց հիշենք, որ բոլորս ենք ամեն օր սխալներ անում։ Եթե շարունակենք մտածել ուրիշների գործած սխալների մասին, մեզ համար դժվար կլինի սիրել նրանց։ Օրինակ, եթե Թագավորության սրահի մաքրության ժամանակ եղբայրը մեզ չի օգնում, դա կարող է նյարդայնացնել մեզ։ Եթե դրանից հետո սկսենք մտքում թվարկել այդ եղբոր թույլ տված մյուս բոլոր սխալները, մեր բարկությունը է՛լ ավելի կբորբոքվի, իսկ սերը, ճիշտ հակառակը, կսառչի։ Եթե ժողովի անդամներից մեկի հետ նման խնդիր ունենք, լավ կլինի խորհենք հետևյալի մասին. Եհովան տեսնում է ինչպես մեր, այնպես էլ մեր հավատակցի սխալները, սակայն, չնայած դրանց, շարունակում է սիրել և՛ նրան, և՛ մեզ։ Ուստի սիրելու հարցում ևս պետք է ընդօրինակենք Եհովային և կենտրոնանանք մեր հավատակիցների լավ հատկությունների վրա։ Երբ ջանք չենք խնայում, որ սիրենք մեր եղբայրներին ու քույրերին, դրանով նպաստում ենք ժողովի միասնությանը (Փիլիպ. 2։1, 2

«ԻՆՉՆ Է ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ»

9. Որո՞նք են «ավելի կարևոր» բաները, որոնց մասին Պողոսը հիշատակել է փիլիպպեցիներին գրած նամակում։

9 Սուրբ ոգուց ներշնչված՝ Պողոսը փիլիպպեցիներին գրեց, որ նրանք «հավաստիանան, թե ինչն է ավելի կարևոր»։ Մենք նույնպես պետք է հետևենք այս հորդորին (Փիլիպ. 1։10)։ «Ավելի կարևոր» բաների թվում են Եհովայի անվան սրբացումը, նրա նպատակների իրականացումը և քրիստոնեական ժողովի միասնությունն ու խաղաղությունը (Մատթ. 6։9, 10; Հովհ. 13։35)։ Երբ մեր կյանքում առաջնային տեղ ենք տալիս այս կարևոր բաներին, փաստում ենք, որ սիրում ենք Եհովային։

10. Ի՞նչ պետք է անենք, որ Եհովան անբիծ համարի մեզ։

10 Պողոսը նաև ասաց, որ մենք պետք է անբիծ լինենք։ Սա չի նշանակում, թե հարկավոր է կատարյալ լինել։ Մենք չենք կարող Եհովայի պես անթերի լինել։ Բայց նա մեզ անբիծ կհամարի, եթե հնարավոր ամեն բան անենք, որ մեր սերը առատանա, ու եթե միշտ հավաստիանանք, թե ինչն է ավելի կարևոր։ Օրինակ՝ մենք սեր դրսևորած կլինենք, եթե ոչ մի բանով գայթակղության պատճառ չդառնանք ուրիշների համար։

11. Ինչո՞ւ պետք է զգույշ լինենք, որ ուրիշների համար գայթակղության պատճառ չդառնանք։

11 Ուրիշներին չգայթակղեցնելու վերաբերյալ Պողոսի տված նախազգուշացումը շատ լուրջ է։ Իսկ ի՞նչը կարող է գայթակղության պատճառ դառնալ։ Օրինակ՝ մեր ընտրած զվարճությունները, հագուստը կամ աշխատանքը։ Մեր ընտրությունը, հնարավոր է, ինքնին սխալ չէ, բայց եթե այն խոցում է ուրիշի խիղճը, և նա գայթակղվում է, դա արդեն շատ լուրջ է։ Հիսուսն ասել է, որ եթե մենք գայթակղեցնենք իր գառներից մեկին, ապա ավելի լավ կլինի, որ մեր վզից աղացքար կախեն և մեզ ծովը գցեն (Մատթ. 18։6

12. Ի՞նչ ենք սովորում մի ռահվիրա զույգի օրինակից։

12 Նկատի առնենք, թե որպես ռահվիրա ծառայող մի ամուսնական զույգ ինչպես հետևեց Հիսուսի նախազգուշացմանը։ Նրանց ժողովում նոր մկրտված մի զույգ կար, որը շատ խիստ դաստիարակություն էր ստացել։ Այս ամուսինները խորապես համոզված էին, որ քրիստոնյաները չպետք է կինոթատրոն գնան, անգամ եթե ցուցադրվող ֆիլմը չի հակասում Աստծու չափանիշներին։ Ուստի նրանք ցնցվեցին, երբ իմացան, որ ռահվիրա զույգը կինոթատրոնում ֆիլմ է դիտել։ Այդ դեպքից հետո ռահվիրա ամուսինները որոշեցին չգնալ կինոթատրոն այնքան ժամանակ, մինչև որ այդ նոր հավատակիցները հղկեն իրենց խիղճը և նման հարցերում ավելի հավասարակշռված դառնան (Եբր. 5։14)։ Այս արարքով նրանք փաստեցին, որ իրենց եղբորն ու քրոջը իրենցից առավել են համարում և նրանց սիրում են ոչ միայն խոսքով, այլև գործով (Հռոմ. 14։19–21; 1 Հովհ. 3։18

13. Ինչպե՞ս կարող է պատահել, որ մեղքի դրդենք ինչ-որ մեկին։

13 Մենք ինչ-որ մեկի համար գայթակղության պատճառ կդառնանք նաև այն դեպքում, եթե նրան մեղքի դրդենք։ Ինչպե՞ս կարող է այդպիսի բան պատահել։ Պատկերացնենք մի իրավիճակ։ Աստվածաշունչ ուսումնասիրողը երկար ու դժվար պայքարից հետո վերջապես կարողանում է թողնել խմելու սովորությունը։ Նա գիտակցում է, որ պետք է լիովին հրաժարվի ալկոհոլից։ Այս մարդը իր կյանքում բազմաթիվ փոփոխություններ է անում և մկրտվում է։ Մի օր մեր հավատակիցներից մեկի տանը ընկերական հավաքույթ է կազմակերպվում, և տանտերը, լավ մղումներ ունենալով, սկսում է այս նոր եղբորը համոզել, որ ոգելից խմիչք օգտագործի։ Նա ասում է. «Հիմա դու քրիստոնյա ես ու Եհովայի ոգին ունես, որի պտղի մասերից է ինքնատիրապետումը։ Եթե ինքնատիրապետում դրսևորես, կկարողանաս չափի մեջ խմել»։ Կարող ենք պատկերացնել, թե ինչ տխուր հետևանքներ կլինեն, եթե նոր եղբայրը հետևի այս մոլորեցուցիչ խորհրդին։

14. Քրիստոնեական հանդիպումները ինչպե՞ս են օգնում կիրառել Փիլիպպեցիներ 1։10-ում գրված խորհուրդները։

14 Մեր քրիստոնեական հանդիպումները օգնում են կիրառել Փիլիպպեցիներ 1։10-ում գրված խորհուրդները։ Օրինակ՝ այդ միջոցառումները, որոնց ժամանակ հոգևոր առատ սնունդ ենք ստանում, մեզ հիշեցնում են, թե Եհովան որ բաներն է ավելի կարևոր համարում։ Երկրորդ՝ իմանում ենք, թե ինչպես կիրառենք մեր սովորածը, որ անբիծ լինենք։ Եվ երրորդ՝ այդ հանդիպումների շնորհիվ մղվում ենք «սիրո ու բարի գործերի» (Եբր. 10։24, 25)։ Որքան շատ ենք քաջալերվում մեր հավատակիցների կողմից, այնքան մեր սերը նրանց և Աստծու հանդեպ ավելանում է։ Արդյունքում ջանում ենք ոչ մի բանով չգայթակղեցնել մեր եղբայրներին ու քույրերին։

ՇԱՐՈՒՆԱԿԵՔ «ԱՐԴԱՐ ՊՏՈՒՂ ԲԵՐԵԼ»

15. Ի՞նչ է նշանակում «արդար պտուղ բերել»։

15 Պողոսը թախանձագին աղոթում էր, որ փիլիպպեցիները «արդար պտուղ բերեին» (Փիլիպ. 1։11)։ Իսկ ի՞նչ էր ներառում այդ արդար պտուղը։ Օրինակ՝ նրանց սերը Եհովայի և իր ժողովրդի նկատմամբ, ինչպես նաև Հիսուսի հանդեպ հավատի և իրենց ունեցած հրաշալի հույսի մասին վկայություն տալը։ Փիլիպպեցիներ 2։15-ում առաքյալը ևս մեկ պատկերավոր արտահայտություն է գործածում. նա ասում է, որ այդ քրիստոնյաները «փայլում են ինչպես լուսատուներ աշխարհում»։ Այս արտահայտությունը մեզ հիշեցնում է Հիսուսի խոսքերը՝ ուղղված իր աշակերտներին. «Դուք այս աշխարհի լույսն եք» (Մատթ. 5։14–16)։ Հիսուսը իր հետևորդներին նաև պատվիրել է «աշակերտներ պատրաստել» և լինել իր վկաները «մինչև աշխարհի ծայրերը» (Մատթ. 28։18–20; Գործ. 1։8)։ Մենք արդար պտուղ ենք բերում, երբ ակտիվորեն մասնակցում ենք մեր օրերի ամենակարևոր գործին։

Թեև Պողոս առաքյալը Հռոմում տնային կալանքի տակ է, բայց ամեն առիթ օգտագործում է, որ քարոզի իրեն հսկող զինվորներին և իր այցելուներին։ Այդ ընթացքում նա նաև գրում է Փիլիպպեի ժողովին ուղղված իր նամակը (տես պարբերություն 16)

16. Փիլիպպեցիներ 1։12–14 համարները ինչպե՞ս են ցույց տալիս, որ անգամ դժվարին հանգամանքներում մենք կարող ենք լուսատուների պես փայլել (տես ամսագրի շապիկի նկարը)։

16 Ինչ հանգամանքներում էլ լինենք, մենք կարող ենք լուսատուների պես փայլել։ Երբեմն պատահում է, որ բարի լուրի տարածման ճանապարհին ծառացած խոչընդոտը անսպասելիորեն վերածվում է կամրջի։ Օրինակ՝ Պողոս առաքյալը Հռոմում տնային կալանքի տակ էր, երբ գրեց փիլիպպեցիներին ուղղված նամակը։ Բայց նրա կապանքները չէին խանգարում վկայություն տալ իրեն հսկող զինվորներին և իր այցելուներին։ Պողոսը նույնիսկ այդ հանգամանքներում չէր դադարում եռանդով քարոզել բարի լուրը, և դա մյուս եղբայրներին քաջությամբ էր լցնում, որ իրենք էլ «Աստծու Խոսքը.... անվախորեն քարոզեն» (կարդա Փիլիպպեցիներ 1։12–14; 4։22

Առիթը բաց մի՛ թող բարի լուրը քարոզելու (տես պարբերություն 17) *

17. Մեր օրերում ապրող որոշ եղբայրներ ու քույրեր ինչպե՞ս են անգամ դժվարին հանգամանքներում «արդար պտուղ բերում»։

17 Բազմաթիվ եղբայրներ ու քույրեր Պողոսի պես քաջություն են դրսևորում։ Նրանք ապրում են այնպիսի երկրներում, որտեղ չեն կարող բացեիբաց վկայություն տալ կամ տնետուն քարոզել, ուստի բարի լուրը հայտնելու այլ ուղիներ են փնտրում (Մատթ. 10։16–20)։ Այդպիսի երկրներից մեկում շրջանային վերակացուն խորհուրդ տվեց, որ ամեն քարոզիչ լավ մշակի իր ունեցած «տարածքը», որի «բնակիչները» իր բարեկամներն են, հարևանները, համադասարանցիները կամ աշխատակիցները և հեռու-մոտիկ ծանոթները։ Երկու տարվա ընթացքում այդ շրջանի ժողովների քանակը զգալիորեն ավելացավ։ Հնարավոր է՝ մենք չենք ապրում այնպիսի երկրում, որտեղ մեր գործունեությունը սահմանափակված է։ Սակայն կարող ենք շատ բան սովորել մեր այս հնարամիտ հավատակիցների օրինակից. եթե ամեն բան անենք քարոզչական ծառայությանը հնարավորինս շատ մասնակցելու համար, Եհովան, անկասկած, կտա անհրաժեշտ զորությունը, որ հաղթահարենք ցանկացած խոչընդոտ (Փիլիպ. 2։13

18. Ի՞նչ պետք է անենք այս վճռորոշ ժամանակներում։

18 Այս վճռորոշ ժամանակներում թող որ բոլորս կիրառենք այն խորհուրդները, որ Պողոսը տվեց փիլիպպեցիներին։ Թող որ հավաստիանանք, թե ինչն է ավելի կարևոր, անբիծ լինենք, չգայթակղեցնենք ուրիշներին և արդար պտուղ բերենք։ Այդ դեպքում մեր սերը կառատանա, և մենք պատիվ կբերենք մեր սիրառատ Հորը՝ Եհովային։

ԵՐԳ 17 «Ուզո՛ւմ եմ»

^ պարբ. 5 Այսօր առավել, քան երբևէ, կարևոր է, որ ամրացնենք հավատակիցների հետ ունեցած սիրո կապը։ Փիլիպպեցիներին ուղղված նամակն օգնում է հասկանալ, թե ինչպես կարող ենք մեր սերն առատացնել նույնիսկ այն իրավիճակներում, երբ դժվար է սեր ցուցաբերել։

^ պարբ. 54 ՆԿԱՐ։ Թագավորության սրահի մաքրության ժամանակ Ջոն ընդհատում է իր գործը և զրուցում է մի եղբոր ու նրա որդու հետ։ Դա նյարդայնացնում է Մայքին, որը փոշեկուլով մաքրում է հատակը։ Մայքը մտածում է. «Ջոն պետք է գործ անի, ոչ թե զրուցի»։ Ավելի ուշ Մայքը տեսնում է, թե Ջոն ինչպես է հոգատարությամբ օգնում մի տարեց քրոջ։ Սիրտ ջերմացնող այս տեսարանը Մայքին հիշեցնում է, որ հարկավոր է կենտրոնանալ հավատակիցների դրական հատկությունների վրա։

^ պարբ. 58 ՆԿԱՐ։ Մի երկրում, որտեղ Վկաները չեն կարող բացեիբաց քարոզել, եղբայրը, առանց ավելորդ ուշադրություն գրավելու, իր ծանոթի հետ զրուցում է Թագավորության մասին։ Հետո աշխատանքի վայրում ընդմիջման ժամանակ նա քարոզում է իր աշխատակցին։