Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հովհաննես Մկրտչի պես պահպանիր ուրախությունդ

Հովհաննես Մկրտչի պես պահպանիր ուրախությունդ

ԺՈՂՈՎՈՒՄ կա՞ այնպիսի գործ, որը շատ կցանկանայիր անել, բայց այժմ չես կարող։ Գուցե այդ գործը մեկ ուրիշի՞ն է հանձնարարվել։ Կամ գուցե դա այնպիսի ծառայություն է, որ նախկինո՞ւմ ես կատարել, բայց հիմա տարիքիդ, առողջությանդ, տնտեսական դժվարություններիդ կամ ընտանեկան պարտականություններիդ պատճառով այլևս չես կարողանում անել։ Կամ էլ թերևս կազմակերպության մեջ տեղի ունեցած փոփոխությունների պատճառո՞վ ես փոխանցել քո պարտականությունները, որ երկար տարիներ ունեիր։ Որն էլ լինի պատճառը, հավանաբար քեզ վատ ես զգում, որ չես կարողանում անել այն ամենը, ինչ սրտանց կուզեիր անել Եհովայի համար։ Ուստի հասկանալի է, որ ժամանակ առ ժամանակ վհատվում ես։ Նման դեպքում ի՞նչ կարող ես անել, որ բացասական զգացումները, օրինակ՝ հուսահատությունը, դառնությունն ու վիրավորվածությունը արմատներ չգցեն քո սրտում։ Ինչպե՞ս կարող ես պահպանել ուրախությունդ։

Հովհաննես Մկրտչի օրինակը կօգնի մեզ այս հարցում։ Նա առանձնահատուկ նշանակում էր ստացել, բայց հնարավոր է՝ չէր սպասում, որ իր կյանքն ու ծառայությունը այլ ընթացք կունենան։ Հովհաննեսը չէր պատկերացնում, որ ավելի շատ ժամանակ կանցկացնի բանտում, քան ծառայության մեջ։ Չնայած դրան՝ նա մինչև կյանքի վերջ չկորցրեց իր ուրախությունը։ Ի՞նչն օգնեց նրան։ Եվ ինչպե՞ս կարող ենք մենք էլ ուրախ մնալ, նույնիսկ երբ հիասթափություններ ենք ունենում։

ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ԲԵՐՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Մ. թ. 29 թ. գարնանը Հովհաննեսը սկսեց իր ծառայությունը որպես Մեսիայի նախակարապետ։ Նա քարոզում էր. «Զղջացե՛ք, քանի որ մոտեցել է երկնքի թագավորությունը» (Մատթ. 3։2; Ղուկ. 1։12–17)։ Շատերը դրականորեն էին արձագանքում այդ լուրին։ Հեռավոր վայրերից բազմաթիվ մարդիկ գալիս էին նրան լսելու։ Արդյունքում շատերը զղջում էին ու մկրտվում։ Իսկ կրոնական առաջնորդներին, որոնք իրենց աչքում արդար էին, Հովհաննեսը համարձակությամբ զգուշացնում էր, որ եթե չփոխվեն, Աստծու դատաստանին կարժանանան (Մատթ. 3։5–12)։ Նույն տարվա աշնանը նա իր ծառայության մեջ արեց ամենակարևոր բանը՝ մկրտեց Աստծու Որդուն։ Դրանից հետո նա մարդկանց հորդորում էր հետևել Հիսուսին՝ խոստացված Մեսիային (Հովհ. 1։32–37

Հովհաննեսի ունեցած առանձնահատուկ դերի մասին Հիսուսն ասել է. «Կանանցից ծնվածների մեջ դեռ վեր չի կացել մեկը, որ Հովհաննես Մկրտչից ավելի մեծ լինի» (Մատթ. 11։11)։ Հովհաննեսը, անկասկած, շատ ուրախ էր իր ստացած օրհնությունների համար։ Նրա պես մեզանից շատերը առատ օրհնություններ են ստացել։ Նկատի առնենք Թերիի՝ մեր եղբոր օրինակը։ Նա և իր կին Սանդրան ավելի քան 50 տարի լիաժամ են ծառայել։ Թերին պատմում է. «Ես շատ առանձնաշնորհումներ եմ ունեցել։ Ծառայել եմ որպես ռահվիրա, եղել եմ բեթելցի, հատուկ ռահվիրա, շրջանային վերակացու, այնուհետև մարզային վերակացու, իսկ այժմ դարձյալ հատուկ ռահվիրա եմ»։ Աստվածապետական առանձնաշնորհումները, ինչ խոսք, ուրախություն են պարգևում։ Սակայն, ինչպես կտեսնենք Հովհաննես Մկրտչի օրինակից, այդ ուրախությունը պահպանելու համար ջանքեր են հարկավոր, հատկապես երբ մեր հանգամանքները փոխվում են։

ՄԻՇՏ ԵՐԱԽՏԱԳԵՏ ԵՂԻՐ

Հովհաննես Մկրտչի ուրախության գաղտնիքը երախտագիտությունն էր։ Նա միշտ թանկ էր գնահատում իր առանձնաշնորհումները։ Հիշենք մի դեպք։ Հիսուսի մկրտվելուց հետո Հովհաննեսի աշակերտների թիվը սկսեց նվազել, իսկ Հիսուսի հետևորդներինը՝ աճել։ Հովհաննեսի աշակերտները անհանգստացած եկան նրա մոտ ու ասացին. «Այն մարդը, որ Հորդանանի այն կողմում քեզ հետ էր, և որի մասին դու վկայեցիր, մկրտում է, և բոլորը նրա մոտ են գնում» (Հովհ. 3։26)։ Իսկ Հովհաննեսը պատասխանեց. «Ով հարս ունի, նա է փեսան։ Սակայն փեսայի ընկերը, երբ կանգնում է նրա մոտ ու լսում է նրա ձայնը, անչափ ուրախանում է։ Ուստի իմ ունեցած այս ուրախությունը լիակատար է» (Հովհ. 3։29)։ Հովհաննեսը չէր մրցում Հիսուսի հետ և չէր էլ մտածում, թե իր ստացած հանձնարարությունը ոչինչ է՝ համեմատած Հիսուսի դերի հետ։ Տրտմելու փոխարեն՝ նա ուրախանում էր, քանի որ թանկ էր գնահատում «փեսայի ընկերը» լինելու հնարավորությունը։

Հովհաննեսի մտայնությունը օգնեց իրեն ուրախ լինել՝ չնայած այն զոհողություններին, որ իր ծառայությունը պահանջում էր իրենից։ Օրինակ՝ նա ի ծնե ուխտավոր էր, ուստի բոլորովին չպետք է ոգելից խմիչք օգտագործեր (Ղուկ. 1։15)։ Նրա կենսակերպի մասին Հիսուսն ասաց. «Հովհաննեսը եկավ, ո՛չ ուտում է, ո՛չ խմում»։ Իսկ Հիսուսն ու իր աշակերտները սովորական մարդկանց պես էին ապրում՝ առանց այդպիսի սահմանափակումների (Մատթ. 11։18, 19)։ Բացի դրանից՝ Հովհաննեսը հրաշքներ չէր գործում, իսկ Հիսուսի աշակերտները, որոնց թվում նրա նախկին աշակերտներից էլ կային, այդպիսի զորություն էին ստացել (Մատթ. 10։1; Հովհ. 10։41)։ Հովհաննեսը թույլ չտվեց, որ Հիսուսի և իր միջև եղած այս տարբերությունները իրեն շեղեն ծառայությունից։ Փոխարենը՝ շարունակեց եռանդով կատարել Եհովայից ստացած հանձնարարությունը։

Եթե մենք էլ թանկ գնահատենք այն գործը, որ ներկայումս անում ենք Եհովայի համար, չենք կորցնի մեր ուրախությունը։ Թերին, որի մասին արդեն խոսել ենք, ասում է. «Ամեն անգամ նոր նշանակում ստանալիս ես կենտրոնացել եմ այդ գործի վրա»։ Հետ նայելով լիաժամ ծառայության մեջ անցկացրած տարիներին՝ նա նշում է. «Սրտումս տրտմություն չկա, այլ միայն հրաշալի հիշողություններ»։

Մենք կարող ենք մեր ծառայությունից ավելի շատ ուրախություն ստանալ, եթե մտածենք, թե ինչն է իրական արժեք տալիս ցանկացած հանձնարարության։ Դա այն է, որ մենք «Աստծու համագործակիցներն ենք» (1 Կորնթ. 3։9)։ Ինչպես որ թանկարժեք զարդն է հարկավոր փայլեցնել, որ չկորցնի իր հմայքը, այնպես էլ հարկավոր է խորհել այն մասին, թե որքան մեծ պատիվ է Աստծու համագործակիցը լինելը. այդպես մեր ուրախության փայլը երբեք չի խամրի։ Մենք մեր մատուցած զոհերը չենք համեմատի ուրիշների զոհերի հետ և չենք մտածի, թե մեր ծառայությունը ուրիշների ծառայությունից պակաս արժեքավոր է (Գաղ. 6։4

ԿԵՆՏՐՈՆԱՑԱԾ ՄՆԱ ՀՈԳԵՎՈՐ ԲԱՆԵՐԻ ՎՐԱ

Հովհաննեսը, ըստ երևույթին, գիտեր, որ իր ծառայությունը մի օր ավարտվելու է, սակայն չէր պատկերացնում, որ դա այդքան կտրուկ է տեղի ունենալու (Հովհ. 3։30)։ 30 թ.-ին՝ Հիսուսի մկրտվելուց մոտ 6 ամիս անց, Հերովդես թագավորը ձերբակալել տվեց նրան։ Այնուամենայնիվ, Հովհաննեսը շարունակեց վկայություն տալ (Մարկ. 6։17–20)։ Ի՞նչը նրան օգնեց պահպանել իր ուրախությունը՝ չնայած փոխված հանգամանքներին։ Հոգևոր բաների վրա կենտրոնացած մնալը։

Բանտում եղած ժամանակ Հովհաննեսը լուրեր էր ստանում Հիսուսի ընդլայնվող ծառայության մասին (Մատթ. 11։2; Ղուկ. 7։18)։ Նա համոզված էր, որ Հիսուսն է Մեսիան։ Սակայն թերևս լիովին չէր հասկանում, թե նա ինչպես է կատարելու Մեսիային վերաբերող բոլոր սուրբգրային մարգարեությունները։ Քանի որ Մեսիան թագավոր էր դառնալու, Հովհաննեսը, հնարավոր է, ուզում էր իմանալ, թե արդյոք դա շուտով է լինելու, և արդյոք Հիսուսը իրեն ազատելու է բանտից։ Հիսուսի դերը լիովին հասկանալու համար նա իր աշակերտներից երկուսին ուղարկեց նրա մոտ՝ հարցնելու. «Դո՞ւ ես նա, որ պիտի գար, թե՞ մեկ ուրիշին սպասենք» (Ղուկ. 7։19)։ Եվ երբ նրանք վերադարձան, Հովհաննեսը հավանաբար մեծ հետաքրքրությամբ լսեց այն ամենը, ինչ իրեն պատմեցին. թե ինչպես էր Հիսուսը հրաշքով բուժումներ արել ու ասել. «Գնացեք և պատմեք Հովհաննեսին ինչ որ լսեցիք ու տեսաք. կույրերը տեսնում են, կաղերը քայլում են, բորոտները մաքրվում են, խուլերը լսում են, մահացածները հարություն են առնում, և աղքատներին բարի լուրն է քարոզվում» (Ղուկ. 7։20–22

Աշակերտների բերած լուրը, անշուշտ, զորացրեց Հովհաննեսին։ Այն հաստատեց, որ Հիսուսը կատարում է Մեսիային առնչվող մարգարեությունները։ Ու թեպետ Հիսուսը Հովհաննեսին չազատեց բանտից, վերջինս հավաստիացավ, որ իր ծառայությունը զուր չէր։ Ուստի չնայած իր հանգամանքներին՝ նա պատճառ ուներ ուրախ լինելու։

Ուշադրությամբ հետևելով աշխարհի տարբեր մասերում քարոզչական գործի առաջխաղացմանը՝ կպահպանենք մեր ուրախությունը

Եթե մենք էլ Հովհաննեսի պես կենտրոնանանք հոգևորի վրա, կկարողանանք ամեն ինչին դիմանալ և ուրախությամբ համբերել (Կող. 1։9–11)։ Դրանում մեզ կօգնի Աստվածաշունչն ընթերցելը և դրա շուրջ մտորելը։ Այդպես միշտ կհիշենք, որ մեր կատարած ծառայությունը ամենևին էլ զուր չէ (1 Կորնթ. 15։58)։ Սանդրան ասում է. «Ամեն օր Աստվածաշնչից մի գլուխ կարդալով՝ ավելի եմ մտերմանում Եհովայի հետ։ Դրա շնորհիվ ես նրա՛ վրա եմ կենտրոնանում, ոչ թե ինձ վրա»։ Բացի այդ՝ կարող ենք հետևել, թե ամբողջ աշխարհում Թագավորության գործը ինչպես է առաջ գնում։ Դա կօգնի մեր հանգամանքներից այն կողմ տեսնել և նկատել, թե Եհովան ինչեր է իրագործում։ «JW Broadcasting® հեռուստաալիքի ամենամսյա ծրագրերի շնորհիվ մեզ ավելի մոտ ենք զգում Աստծու կազմակերպությանը,— ավելացնում է Սանդրան։— Դրանք նաև օգնում են, որ մեր ծառայությունը ուրախությամբ կատարենք»։

Հովհաննես Մկրտիչը իր կարճատև ծառայությունը կատարեց «Եղիայի ոգով ու զորությամբ», թեև նրա պես անկատար մարդ էր և «այնպիսի զգացմունքներ ուներ, ինչպիսիք որ մենք ունենք» (Ղուկ. 1։17; Հակ. 5։17)։ Եթե ընդօրինակելով Հովհաննեսին՝ մենք էլ երախտագետ լինենք ու կենտրոնանանք հոգևոր բաների վրա, ապա, ինչ էլ որ պատահի, միշտ ուրախությամբ կկատարենք մեր ծառայությունը։