Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 31

«Մենք չենք հանձնվում»

«Մենք չենք հանձնվում»

«Մենք չենք հանձնվում» (2 ԿՈՐՆԹ. 4։16

ԵՐԳ 128 Տոկա մինչև վերջ

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Կյանքի մրցավազքում մինչև վերջ վազելու համար քրիստոնյաները ի՞նչ պետք է անեն։

ՃՇՄԱՐԻՏ քրիստոնյաների կյանքը նման է մրցավազքի, որում հաղթողները հավիտենական կյանք կստանան։ Անկախ այն բանից՝ նոր ենք սկսել մեր ընթացքը, թե արդեն երկար տարիներ ենք մասնակցում այդ մրցավազքին՝ պետք է շարունակենք վազել, որ հասնենք վերջնագծին։ Պողոս առաքյալը փիլիպպեցի քրիստոնյաներին մի խորհուրդ տվեց, որը մեզ էլ կարող է օգնել, որ երբեք չհանձնվենք։ Երբ Փիլիպպեի ժողովը ստացավ Պողոսի նամակը, այնտեղի քրիստոնյաներից ոմանք տարիներ շարունակ հավատարմորեն ծառայում էին Եհովային։ Նրանք արդեն իսկ վազում էին այդ մրցավազքում, բայց առաքյալը նրանց հիշեցրեց, թե որքան կարևոր է տոկունությամբ վազել։ Նա ուզում էր, որ այդ քրիստոնյաները, ընդօրինակելով իրեն, հաստատակամորեն հետամուտ լինեին իրենց նպատակին (Փիլիպ. 3։14

2. Փիլիպպեցիներին տրված խորհուրդը ինչո՞ւ էր ժամանակահարմար։

2 Փիլիպպեցիներին տրված այդ խորհուրդը շատ ժամանակահարմար էր։ Այդ ժողովը կազմավորման օրից ի վեր հալածանքների էր ենթարկվում։ Դրանք սկսվել էին մոտ 50 թ.-ին, երբ Պողոսն ու Շիղան, արձագանքելով Աստծու հրավերին, «անցել էին Մակեդոնիա» (Գործ. 16։9)։ Այնտեղ նրանք քարոզել էին Լիդիա անունով մի կնոջ։ Վերջինս լսել էր նրանց, և «Եհովան նրա սիրտը ամբողջությամբ բաց էր արել» բարի լուրն ընդունելու համար (Գործ. 16։14)։ Կարճ ժամանակ անց Լիդիան ու իր տնեցիները մկրտվել էին։ Սակայն Սատանան քնած չէր։ Այդ քաղաքի տղամարդիկ Պողոսին ու Շիղային քարշ էին տվել պաշտոնյաների մոտ և նրանց դեմ կեղծ մեղադրանքներ ներկայացրել, իբր նրանք շատ անհանգստություն են պատճառում իրենց քաղաքին։ Ուստի Պողոսին ու Շիղային ծեծել էին, բանտ էին գցել, իսկ հետո ասել էին, որ շտապ հեռանան քաղաքից (Գործ. 16։16–40)։ Ի՞նչ էին արել այս եղբայրները։ Հանձնվե՞լ էին։ Բոլորովի՛ն։ Իսկ նոր կազմավորված ժողովի անդամնե՞րը։ Գովելի է, որ նրանք նույնպես աչքի էին ընկել տոկունությամբ։ Անկասկած, նրանց վրա մեծ ազդեցություն էր թողել Պողոսի ու Շիղայի հիանալի օրինակը։

3. Պողոսը ի՞նչ էր գիտակցում, և ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

3 Պողոսը վճռել էր երբեք չհանձնվել (2 Կորնթ. 4։16)։ Բայց նա շատ լավ հասկանում էր, որ հոգևոր մրցավազքում վերջնագծին հասնելու համար պետք է կենտրոնացած մնար իր նպատակի վրա։ Ի՞նչ ենք սովորում Պողոսի օրինակից։ Մերօրյա հավատարիմ քրիստոնյաները ինչպե՞ս են փաստել, որ չնայած խնդիրներին՝ հնարավո՛ր է տոկուն մնալ։ Եվ վառ ապագայի հույսը ինչպե՞ս կօգնի, որ երբեք չհանձնվենք։

Ի՞ՆՉ ԵՆՔ ՍՈՎՈՐՈՒՄ ՊՈՂՈՍԻՑ

4. Պողոս առաքյալը, չնայած իր հանգամանքներին, ինչպե՞ս էր ակտիվ մնում քարոզչական գործում։

4 Քննենք, թե Պողոսը ինչ հանգամանքներում էր, երբ նամակ գրեց փիլիպպեցիներին։ Նա այդ ժամանակ Հռոմում էր՝ տնային կալանքի տակ։ Քարոզելու նրա ազատությունը խիստ սահմանափակված էր։ Սակայն նա շարունակում էր զբաղված մնալ Տիրոջ գործով. վկայություն էր տալիս իրեն այցելության եկած մարդկանց և նամակներ էր գրում հեռավոր ժողովներին։ Այսօր էլ բազմաթիվ քրիստոնյաներ, որոնք չեն կարող տնից դուրս գալ, բարի լուրը հայտնում են իրենց այցելող մարդկանց, նաև քաջալերական նամակներ են գրում նրանց, ում հնարավոր չէ տանը գտնել։

5. Փիլիպպեցիներ 3։12–14 համարների համաձայն՝ ի՞նչն էր օգնում Պողոսին կենտրոնացած մնալ իր մրցանակի վրա։

5 Պողոսը թույլ չէր տալիս, որ իր նախկին ձեռքբերումները կամ էլ սխալները իրեն շեղեին ծառայությունից։ Նա նույնիսկ ասել է, որ առջևում եղած բաներին հասնելու, այսինքն՝ մրցավազքը հաջողությամբ ավարտելու համար շատ կարևոր է մոռանալ հետևում եղած բաները (կարդա Փիլիպպեցիներ 3։12–14)։ Իսկ ի՞նչը կարող էր շեղել Պողոսի ուշադրությունը։ Օրինակ՝ այն, որ մինչև քրիստոնյա դառնալը նա՝ որպես հուդայականության եռանդուն հետևորդ, տպավորիչ հաջողությունների էր հասել։ Բայց այժմ այդ ամենը «աղբ էր համարում» (Փիլիպ. 3։3–8)։ Երկրորդ՝ Պողոսը նախկինում դաժանորեն հալածել էր Քրիստոսի հետևորդներին, ուստի, ամենայն հավանականությամբ, իրեն մեղավոր էր զգում դրա համար։ Սակայն նա թույլ չտվեց, որ այդ զգացումը կաթվածահար անի իրեն։ Եվ երրորդ՝ Պողոսը՝ որպես քրիստոնյա, շատ բան էր արել Եհովայի գործում, բայց չմտածեց, թե դա բավական է, և չդադարեց ջանասիրաբար ծառայել։ Նա արդյունավետորեն ծառայում էր՝ չնայած բազմաթիվ փորձություններին, ինչպիսիք էին բանտարկությունը, ծեծը, քարկոծումը, նավաբեկությունը, ուտելիքի և հագուստի պակասը (2 Կորնթ. 11։23–27)։ Ինչ հաջողությունների էլ հասած լիներ և ինչ դժվարություններ էլ դիմագրավեր, Պողոսը գիտեր, որ պետք է շարունակի հետամուտ լինել իր նպատակին։ Նույնը մենք պետք է անենք։

6. Ի՞նչը կարող է լինել «հետևում եղած բաների» թվում, որոնք հարկավոր է մոռանալ։

6 Ինչպե՞ս կարող ենք, ընդօրինակելով Պողոսին, մոռանալ «հետևում եղած բաները»։ Օրինակ՝ մեզանից ոմանք պետք է ազատվեն մեղավորության զգացումից, որ ունեն նախկին մեղքերի պատճառով։ Եթե դու էլ այդպիսի զգացում ունես, ապա անձնական ուսումնասիրության ժամանակ Քրիստոսի քավիչ զոհաբերությանը վերաբերող նյութեր քննիր։ Երբ ուսումնասիրես այս թեման, խորհրդածես դրա շուրջ և աղոթես, կքաջալերվես, ու մեղավորության զգացումը առաջվա պես սուր չի լինի։ Գուցե նույնիսկ դադարես դատապարտել քեզ այն մեղքերի համար, որոնք Եհովան վաղուց ներել է։ Է՞լ ինչ կարող ենք սովորել Պողոսից։ Ոմանք, ցանկանալով ծառայության մեջ ավելի շատ բան անել, հրաժարվել են խոստումնալից կարիերայից։ Այդ դեպքում «հետևում եղած բաները» մոռանալը կնշանակի փափագով հետ չնայել այն ամենին, ինչը թվում է՝ բաց ենք թողել (Թվեր 11։4–6; Ժող. 7։10)։ «Հետևում եղած բաների» մեջ կարող է լինել նույնիսկ այն, ինչ անցյալում արել ենք ծառայության մեջ, կամ այն փորձությունները, որոնց դիմակայել ենք։ Ճիշտ է, երբ մտաբերում ենք, թե Եհովան տարիներ շարունակ ինչպես է օգնել ու օրհնել մեզ, ավելի ենք մտերմանում նրա հետ, սակայն երբեք չպետք է մտածենք, թե այն, ինչ արել ենք Եհովայի համար, բավական է, և այլևս անելիք չունենք (1 Կորնթ. 15։58

Վազելիս չպետք է շեղվենք, այլ պետք է կենտրոնացած մնանք մեր նպատակի վրա (տես պարբերություն 7)

7. Ըստ 1 Կորնթացիներ 9։24–27 համարների՝ քրիստոնյան ի՞նչ պետք է անի հոգևոր մրցավազքում հաղթելու համար։ Բեր օրինակ։

7 Պողոսը լավ էր հասկացել Հիսուսի այն խոսքերը, որ նեղ դռնով մտնելու համար հարկավոր է «ամեն ջանք գործադրել» (Ղուկ. 13։23, 24)։ Նա գիտեր, որ Քրիստոսի պես պետք է իր ողջ կյանքում ամեն ջանք ներդնի՝ կատարելու Եհովայի գործը։ Իզուր չէ, որ Պողոսը քրիստոնեական ընթացքը մրցավազքի հետ համեմատեց (կարդա 1 Կորնթացիներ 9։24–27)։ Մրցավազքի մասնակիցը կենտրոնացած է մնում վերջնագծի վրա և թույլ չի տալիս, որ այլ բաներ շեղեն իր ուշադրությունը։ Օրինակ՝ վազքուղին կարող է անցնել քաղաքի միջով, ուստի մասնակիցը գուցե վազի խանութների և այլ գրավիչ բաների կողքով։ Հնարավո՞ր է արդյոք, որ վազորդը կանգնի ու սկսի զննել խանութների ցուցափեղկերը։ Ո՛չ, եթե ուզում է հաղթել։ Մենք՝ կյանքի մրցավազքի մասնակիցներս, նույնպես չպետք է թույլ տանք, որ ինչ-որ բան շեղի մեզ։ Եթե կենտրոնացած մնանք մեր նպատակի վրա և Պողոսի պես ամեն ջանք ներդնենք Եհովայի գործի մեջ, կստանանք մեր մրցանակը։

ՀԱՂԹԱՀԱՐԵՆՔ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ

8. Ի՞նչ երեք խոչընդոտների մասին ենք խոսելու։

8 Այժմ եկեք խոսենք երեք խոչընդոտի մասին, որոնց պատճառով, հնարավոր է, վհատվենք ու դանդաղեցնենք մեր ընթացքը։ Դրանք են ձգձգվող ակնկալիքները, ֆիզիկական տկարությունը և երկարատև փորձությունները։ Եթե իմանանք, թե ուրիշները ինչպես են դիմացել նման իրավիճակներում, դա կօգնի, որ մենք էլ հաղթահարենք այդ խոչընդոտները (Փիլիպ. 3։17

9. Եթե մեզ թվում է, թե մեր ակնկալիքների իրականացումը ուշանում է, դա ինչպե՞ս կարող է անդրադառնալ մեզ վրա։

9 Ձգձգվող ակնկալիքներ։ Բնական է, որ մենք անձկությամբ սպասում ենք Եհովայի խոստումների կատարմանը։ Երբ Ամբակում մարգարեն Եհովային ասաց, թե որքան է ցանկանում, որ նա վերջ դնի Հուդայում տիրող չարությանը, Աստված նրան պատասխանեց, որ շարունակի արթնությամբ սպասել այդ օրվան (Ամբ. 2։3)։ Երբ թվում է, թե մեր ակնկալիքների իրականացումը ուշանում է, մեր խանդավառությունը կարող է մարել։ Անգամ հնարավոր է՝ վհատության գիրկն ընկնենք (Առակ. 13։12)։ Այսպիսի բան եղավ 20-րդ դարի սկզբում, երբ բազմաթիվ օծյալ քրիստոնյաներ ակնկալում էին 1914 թ.-ին ստանալ իրենց երկնային վարձատրությունը։ Ինչպե՞ս վարվեցին Աստծու հավատարիմ ծառաները, երբ այդ ակնկալիքները չիրականացան։

Ռոյալ և Փեռլ Սպացների հույսը 1914 թ.-ին չիրականացավ, բայց նրանք տասնամյակներ շարունակ հավատարմորեն ծառայեցին Եհովային (տես պարբերություն 10)

10. Մի ամուսնական զույգ ի՞նչ արեց, երբ իր ակնկալիքները սպասված ժամանակին չիրականացան։

10 Քննենք, թե երկու հավատարիմ քրիստոնյաներ ինչ արեցին, երբ իրենց ակնկալիքները սպասված ժամանակին չիրականացան։ Եղբայր Ռոյալ Սպացը մկրտվել էր 1908 թ.-ին, երբ 20 տարեկան էր։ Նա համոզված էր, որ շատ շուտով երկինք է գնալու։ Ուստի երբ 1911-ին ամուսնության առաջարկ արեց Փեռլ անունով մի քրոջ, ասաց. «Դե՜, գիտես, թե 1914-ին ինչ է լինելու։ Եթե ամուսնանալու ենք, լավ կլինի՝ շտապենք»։ Իսկ ի՞նչ եղավ 1914-ին, երբ այս զույգը չստացավ իր ակնկալած երկնային վարձատրությունը։ Նրանք հանձնվեցի՞ն և դադարեցի՞ն վազել հոգևոր մրցավազքում։ Ո՛չ, որովհետև նրանց գլխավոր նպատակը Աստծու կամքը հավատարմորեն կատարելն էր, ոչ թե երկնային վարձատրություն ստանալը։ Ռոյալն ու Փեռլը վճռել էին տոկունությամբ վազել այս մրցավազքում և այդպես էլ արեցին։ Նրանք տասնամյակներ շարունակ՝ մինչև իրենց երկրային կյանքի ավարտը, հավատարիմ մնացին Եհովային ու եռանդով ծառայեցին նրան։ Անկասկած, դու էլ բոլորիս պես փափագում ես տեսնել, թե Եհովան ինչպես է արդարացնելու իր անունն ու գերիշխանությունը և իրականացնելու իր բոլոր խոստումները։ Համոզված եղիր, որ այդ ամենը նա կանի իր որոշած ժամին։ Իսկ մինչ այդ զբաղված եղիր Աստծու գործով ու երբեք թույլ մի՛ տուր, որ ձգձգվող ակնկալիքները վհատեցնեն քեզ և դանդաղեցնեն ընթացքդ։

Եղբայր Արթուր Սիկորդը նույնիսկ տարեց հասակում ուզում էր լավագույնը տալ Եհովային։ (տես պարբերություն 11)

11–12. Ինչո՞ւ է հնարավոր շարունակել առաջ ընթանալ, անգամ եթե ֆիզիկապես տկար ենք։ Բեր օրինակ։

11 Ֆիզիկական տկարություն։ Վազորդը մրցումներին մասնակցելու համար պետք է ֆիզիկապես ուժեղ լինի։ Բայց հոգևոր վազքի դեպքում այդպես չէ։ Հավատդ ամրացնելու ու Եհովային խանդավառությամբ ծառայելու համար պարտադիր չէ, որ ֆիզիկապես ուժեղ լինես։ Թեև շատ քրիստոնյաներ զգում են, որ իրենց ուժերը առաջվանը չեն, սակայն շարունակում են ոգով բոցավառվել ու հոգևորապես նորոգվել (2 Կորնթ. 4։16)։ Բերենք եղբայր Արթուր Սիկորդի * օրինակը։ Նա 55 տարի էր, ինչ ծառայում էր Բեթելում։ Այս եղբայրը արդեն 88 տարեկան էր և շատ տկար էր, ուստի խնամքի կարիք ուներ։ Մի օր բուժքույրերից մեկը մոտեցավ նրա անկողնուն, նայեց նրան ու ջերմորեն ասաց. «Եղբա՛յր Սիկորդ, դու այնքա՜ն բան ես արել Եհովայի գործում»։ Սակայն Արթուրը անցյալով չէր ապրում։ Նա սևեռուն հայացքով նայեց բուժքրոջ աչքերին, ժպտաց ու պատասխանեց. «Դա, իհարկե, այդպես է, բայց կարևորը ոչ թե այն է, թե ինչ ենք արել, այլ թե ինչ ենք անում»։

12 Հնարավոր է՝ երկար տարիներ ծառայում ես Եհովային, բայց այժմ վատ առողջության պատճառով չես կարողանում այնքան բան անել, որքան առաջ։ Եթե այդպես է, մի՛ վհատվիր։ Համոզված եղիր, որ Եհովան հիշում ու գնահատում է քո կատարած հավատարիմ ծառայությունը (Եբր. 6։10)։ Ինչ վերաբերում է ներկային, մի՛ մոռացիր, որ Աստծու հանդեպ իսկական նվիրվածությունը չի չափվում նրանով, թե որքան բան ենք անում ծառայության մեջ։ Մեր նվիրվածության խորությունը երևում է այն բանից, որ դրական տրամադրվածություն ենք պահպանում և անում ենք այնքան, որքան թույլ են տալիս մեր ուժերը (Կող. 3։23)։ Եհովան շատ լավ հասկանում է, որ մեր կարողությունները սահմանափակ են, և մեզանից չի ակնկալում ավելին, քան կարող ենք անել (Մարկ. 12։43, 44

Անատոլի և Լիդիա Մելնիկները հավատարիմ մնացին՝ չնայած իրենց գլխով անցած բազմաթիվ դժվարություններին (տես պարբերություն 13)

13. Անատոլի և Լիդիա Մելնիկների օրինակը ինչպե՞ս է քաջալերում, որ շարունակենք հոգևորապես առաջադիմել՝ անկախ այն բանից, թե որքան շատ փորձություններ են մեզ բաժին ընկել։

13 Երկարատև փորձություններ։ Եհովայի ծառաներից ոմանք տասնամյակներ շարունակ դիմակայել են դժվարություններին ու հալածանքին։ Օրինակ՝ Անատոլի Մելնիկը * ընդամենը 12 տարեկան էր, երբ իր հորը ձերբակալեցին, բանտարկեցին, ապա Մոլդովայից աքսորեցին Սիբիր՝ ընտանիքից մոտ 7 000 կիլոմետր (4 000 մղոն) հեռու։ Մի տարի անց Անատոլիին, իր մորը, պապիկին ու տատիկին նույնպես աքսորեցին Սիբիր։ Որոշ ժամանակ անց նրանք սկսեցին հաճախել ժողովի հանդիպումներին, որոնք անցկացվում էին 30 կիլոմետր (20 մղոն) հեռու մի գյուղում։ Այդ ամբողջ ճանապարհը նրանք ստիպված էին անցնել ոտքով՝ սառնամանիքին քայլելով ձյունածածկ ճանապարհով։ Հետագայում եղբայր Մելնիկը երեք տարի անցկացրեց բանտում՝ հեռու իր կնոջից՝ Լիդիայից, և իրենց մեկ տարեկան աղջնակից։ Չնայած տարիներ շարունակ կրած դժվարություններին՝ Անատոլին ու իր ընտանիքը շարունակեցին հավատարմորեն ծառայել Եհովային։ Այժմ՝ 82 տարեկան հասակում, Անատոլին Միջին Ասիայի երկրներից մեկում ծառայում է որպես մասնաճյուղի կոմիտեի անդամ։ Եկեք մենք էլ այս զույգի պես մեր կարողությունների սահմաններում ամեն բան անենք Եհովայի գործում և շարունակենք համբերությամբ դիմանալ փորձություններին, ինչպես որ մինչև հիմա արել ենք (Գաղ. 6։9

ԿԵՆՏՐՈՆԱՑԱԾ ՄՆԱՆՔ ՄԵՐ ՀՈՒՅՍԻ ՎՐԱ

14. Իր մրցանակը ստանալու համար Պողոսը ի՞նչ պետք է աներ։

14 Պողոս առաքյալը համոզված էր, որ հաջողությամբ կավարտի իր մրցավազքը և կհասնի իր նպատակին։ Լինելով օծյալ քրիստոնյա՝ նա փափագով սպասում էր «վերին կոչման մրցանակին»։ Սակայն քաջ գիտակցում էր, որ այն ստանալու համար պետք է շարունակ «հետամուտ լինի» իր նպատակին (Փիլիպ. 3։14)։ Պողոսը փիլիպպեցիներին ուղղված իր նամակում մի հետաքրքիր համեմատություն բերեց, որպեսզի նրանք ևս կարողանային կենտրոնացած մնալ իրենց նպատակի վրա։

15. Պողոսը փիլիպպեցիներին ինչպե՞ս հորդորեց շարունակ «հետամուտ լինել» իրենց նպատակին։

15 Առաքյալը փիլիպպեցիներին հիշեցրեց, որ նրանց քաղաքացիությունը երկնային է (Փիլիպ. 3։20)։ Իսկ ինչո՞ւ էր կարևոր, որ նրանք չմոռանային դա։ Այն ժամանակներում հռոմեական քաղաքացիությունը շատ ցանկալի բան էր, քանի որ բազմաթիվ արտոնություններ էր տալիս։ * Սակայն օծյալ քրիստոնյաները անհամեմատ ավելի լավ քաղաքացիություն ունեին, որը շատ ավելի մեծ հնարավորություններ էր ընձեռելու իրենց։ Դրա կողքին հռոմեական քաղաքացիությունը ոչինչ էր։ Հետևաբար Պողոսը փիլիպպեցիներին հորդորեց թանկ գնահատել իրենց երկնային քաղաքացիությունը՝ ասելով. «Քրիստոսի մասին բարի լուրին արժանի կերպով վարվեք» (Փիլիպ. 1։27)։ Նրա գործածած հունարեն բայը բառացի նշանակում է «վարվել որպես քաղաքացի»։ Այսօրվա օծյալ քրիստոնյաները հիանալի օրինակ են մեզ համար, քանի որ ջանադրաբար «հետամուտ են լինում» իրենց նպատակին՝ «վերին կոչման մրցանակին»։

16. ա) Անկախ այն բանից՝ երկնային կյանքի հույս ունենք, թե երկրային, ի՞նչ պետք է շարունակենք անել։ բ) Ինչո՞ւմ են մեզ հավաստիացնում Փիլիպպեցիներ 4։6, 7 համարները։

16 Անկախ այն բանից՝ հույս ունենք ապրելու երկնքում, թե երկրային դրախտում, բոլորս պետք է շարունակենք «հետամուտ լինել» մեր նպատակին։ Ինչ հանգամանքներում էլ լինենք, չպետք է նայենք հետևում եղած բաներին և չպետք է թույլ տանք, որ ինչ-որ բան խանգարի մեր առաջադիմությանը (Փիլիպ. 3։16)։ Եթե թվում է, թե ակնկալիքներիդ իրականացումը ուշանում է, եթե ֆիզիկական ուժերդ քեզ դավաճանում են, կամ արդեն երկար տարիներ ես տոկում դժվարությունների ու հալածանքների ներքո, «ոչ մի բանի մասին մի՛ մտահոգվիր»։ Թող քո խնդրանքներն ու աղաչանքները հայտնի լինեն Աստծուն, և նա քեզ այնպիսի խաղաղություն կտա, որը գերազանցում է ամեն միտք (կարդա Փիլիպպեցիներ 4։6, 7

17. Ի՞նչ ենք քննելու հաջորդ հոդվածում։

17 Վազորդի պես, որն իր ուժերը լարում է վազքուղու վերջին հատվածն անցնելու համար, թող որ մենք էլ լիովին կենտրոնացած մնանք մեր նպատակի վրա և հատենք վերջնագիծը։ Ուստի, ինչքանով թույլ են տալիս մեր կարողություններն ու հանգամանքները, եկեք լարենք մեր ուժերը և հաստատակամորեն վազենք դեպի մեր մրցանակը՝ մեզ սպասող հիանալի օրհնությունները։ Իսկ ի՞նչը կօգնի, որ մինչև վերջ տոկունությամբ վազենք։ Հաջորդ հոդվածը կօգնի մեզ «հավաստիանալ, թե ինչն է ավելի կարևոր», և ճիշտ առաջնահերթություններ սահմանել (Փիլիպ. 1։9, 10

ԵՐԳ 79 Սովորեցրու նրանց հաստատ կանգնել

^ պարբ. 5 Անկախ այն բանից, թե քանի տարի ենք ծառայում Եհովային՝ մենք ցանկանում ենք շարունակել հոգևորապես հասունանալ։ Պողոս առաքյալը իր հավատակիցներին հորդորեց երբեք չհանձնվել ու չդադարեցնել այդ ընթացքը։ Փիլիպպեցիներին ուղղված նրա նամակը մեզ էլ է քաջալերում և օգնում տոկունությամբ վազել քրիստոնեական մրցավազքում, որում հաղթողները հավիտենական կյանք կստանան։ Այս հոդվածում կքննենք, թե ինչպես պետք է կիրառենք Պողոսի խորհուրդները։

^ պարբ. 11 Տես եղբայր Սիկորդի կենսագրությունը «Դիտարանի» 1965 թ. հունիսի 15-ի համարում (անգլ.)։

^ պարբ. 13 Տես եղբայր Մելնիկի կենսագրությունը «Արթնացե՛ք»-ի 2004 թ. հոկտեմբերի 22-ի համարում (անգլ., ռուս.)։

^ պարբ. 15 Փիլիպպեն Հռոմի գաղութներից էր։ Հետևաբար այնտեղի բնակիչներին տրվել էր հռոմեական քաղաքացիության մի տեսակ, որի շնորհիվ նրանք կարող էին օգտվել Հռոմի քաղաքացիների ունեցած որոշ իրավունքներից։ Ուստի Պողոսի բերած օրինակը լիովին հասկանալի էր Փիլիպպեի քրիստոնյաներին։