Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 34

Դու քո տեղն ունես Եհովայի ժողովում

Դու քո տեղն ունես Եհովայի ժողովում

«Ինչպես որ մեկ մարմինը ունի շատ անդամներ, և այդ մարմնի բոլոր անդամները, թեպետև շատ են, բայց մեկ մարմին են, այնպես էլ Քրիստոսն է» (1 ԿՈՐՆԹ. 12։12)

ԵՐԳ 101 Միաբանությամբ համագործակցենք

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Ի՞նչ առանձնաշնորհում ունենք։

ՄԵԾ առանձնաշնորհում է լինել Եհովայի ժողովի մի մասը և վայելել հոգևոր դրախտը, որը լի է խաղաղասեր և երջանիկ մարդկանցով։ Իսկ գիտե՞ս, թե որն է քո տեղը ժողովում։

2. Ի՞նչ օրինակ է օգտագործում Պողոս առաքյալը իր նամակներից մի քանիսում։

2 Այս հարցի հետ կապված շատ բան կարող ենք սովորել Պողոս առաքյալի բերած մի օրինակից։ Իր նամակներից մի քանիսում նա ժողովը համեմատում է մարդու մարմնի հետ, իսկ ժողովի յուրաքանչյուր անհատի՝ մարմնի անդամների հետ (Հռոմ. 12։4–8; 1 Կորնթ. 12։12–27; Եփես. 4։16

3. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

3 Այս հոդվածում կքննենք Պողոսի բերած օրինակը և կտեսնենք, թե ինչ երեք կարևոր բան ենք սովորում դրանից։ Նախ կիմանանք, որ յուրաքանչյուրս մեր տեղն * ունենք Եհովայի ժողովում։ Հետո կխոսենք այն մասին, թե ինչ կարող ենք անել, երբ դժվարանում ենք տեսնել, թե որն է մեր տեղը։ Այնուհետև կիմանանք, թե ինչու պետք է զբաղված լինենք Աստծու ժողովում ունեցած մեր դերը կատարելով։

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՍ ՄԵՐ ԴԵՐՆ ՈՒՆԵՆՔ ԺՈՂՈՎՈՒՄ

4. Ի՞նչ ենք սովորում Հռոմեացիներ 12։4, 5 համարներից։

4 Առաջին դասը, որ սովորում ենք Պողոսի բերած օրինակից, այն է, որ յուրաքանչյուրս կարևոր դեր ունի Եհովայի ընտանիքում։ Պողոսը իր համեմատությունը սկսում է հետևյալ խոսքերով. «Ինչպես որ մեկ մարմնի մեջ շատ անդամներ ունենք, բայց բոլորը միևնույն դերը չեն կատարում, այնպես էլ մենք, թեպետև շատ ենք, սակայն մեկ մարմին ենք՝ Քրիստոսի հետ միաբանված, և անդամներ ենք ու առանձին-առանձին իրար ենք պատկանում» (Հռոմ. 12։4, 5)։ Ի՞նչ նկատի ուներ Պողոսը։ Նա ուզում էր ասել, որ թեև յուրաքանչյուրիս դերը տարբեր է, բայց մենք բոլորս թանկ ենք Եհովայի համար։

Մենք տարբեր դերեր ունենք ժողովում, բայց յուրաքանչյուրս թանկ է Եհովայի համար (տես պարբերություն 5–12) *

5. Ի՞նչ «պարգևներ» է Եհովան տվել ժողովին։

5 Երբ խոսում ենք ժողովում տեղ ունենալու մասին, մեր միտքը գուցե անմիջապես գան առաջնորդություն վերցնող եղբայրները (1 Թեսաղ. 5։12; Եբր. 13։17)։ Այո՛, Քրիստոսի միջոցով Եհովան իր ժողովին տվել է «մարդկանց տեսքով պարգևներ» (Եփես. 4։8)։ Այդ պարգևների թվում են Կառավարիչ մարմնի անդամները, Կառավարիչ մարմնի օգնականները, մասնաճյուղերի կոմիտեներում ծառայող եղբայրները, շրջանային վերակացուները, աստվածապետական դպրոցներում դասավանդողները, երեցները և ծառայող օգնականները։ Այս բոլոր եղբայրները նշանակված են սուրբ ոգով, որպեսզի հոգ տանեն Եհովայի թանկագին գառների մասին և նպաստեն ժողովի բարօրությանը (1 Պետ. 5։2, 3

6. 1 Թեսաղոնիկեցիներ 2։6–8 համարների համաձայն՝ սուրբ ոգով նշանակված եղբայրները ի՞նչ են ձգտում անել։

6 Սուրբ ոգով նշանակված եղբայրները տարբեր ծառայություններ են կատարում։ Ինչպես որ մարմնի տարբեր անդամները, օրինակ՝ ձեռքերն ու ոտքերն են համագործակցում հօգուտ ողջ մարմնի, այնպես էլ այս եղբայրներն են ծանր աշխատում ողջ ժողովի բարօրության համար։ Նրանք իրենց փառքը չեն փնտրում, այլ ձգտում են զորացնել և հոգևորապես ամրացնել իրենց քույրերին ու եղբայրներին (կարդա 1 Թեսաղոնիկեցիներ 2։6–8)։ Մենք երախտապարտ ենք Եհովային նման անձնազոհ և հոգևորապես հասուն եղբայրների համար։

7. Ի՞նչ օրհնություններ են վայելում շատ լիաժամ ծառայողներ։

7 Որոշ եղբայրներ ու քույրեր ծառայում են որպես միսիոներներ, հատուկ ռահվիրաներ կամ ռահվիրաներ։ Նրանք իրենց կյանքը նվիրել են քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործին, ինչի շնորհիվ շատերին են օգնել դառնալու Քրիստոսի հետևորդ։ Լիաժամ քարոզիչների մեծ մասը քիչ նյութական բաներ ունի, բայց Եհովան վարձատրել է նրանց՝ տալով բազում օրհնություններ (Մարկ. 10։29, 30)։ Մենք շատ թանկ ենք գնահատում մեր այս սիրելի եղբայրներին ու քույրերին և ուրախ ենք, որ նրանք քրիստոնեական ժողովի մի մասն են։

8. Ինչո՞ւ է բարի լուրի յուրաքանչյուր քարոզիչ թանկ Եհովայի համար։

8 Արդյո՞ք ժողովում տեղ ունեն միայն նշանակված եղբայրները և լիաժամ ծառայողները։ Ամենևի՛ն։ Քրիստոնեական ժողովի հիմնական նպատակներից մեկը մեր Տեր Հիսուս Քրիստոսի համար աշակերտներ պատրաստելն է (Մատթ. 28։19, 20; 1 Տիմոթ. 2։4)։ Եվ թե՛ մկրտված, թե՛ չմկրտված քարոզիչները ձգտում են քարոզչական գործը առաջին տեղում դնել իրենց կյանքում (Մատթ. 24։14)։ Ուստի բարի լուրի յուրաքանչյուր քարոզիչ կարևոր է Աստծու համար և իր դերն ունի ժողովում (Հռոմ. 10։15; 1 Կորնթ. 3։6–9

9. Ինչո՞ւ ենք թանկ գնահատում մեր քրիստոնյա քույրերին։

9 Եհովան քրիստոնյա քույրերին պատվավոր տեղ է տվել ժողովում։ Նա թանկ է գնահատում այն մայրերին, կանանց, այրիներին և ամուրի քույրերին, ովքեր հավատարմորեն ծառայում են իրեն։ Աստվածաշնչում խոսվում է մի շարք կանանց մասին, ովքեր հաճեցրել են Աստծուն։ Նրանք իմաստության, հավատի, եռանդի, քաջության, առատաձեռնության և բարի գործեր անելու հարցում հիանալի օրինակ են թողել (Ղուկ. 8։2, 3; Գործ. 16։14, 15; Հռոմ. 16։3, 6; Փիլիպ. 4։3; Եբր. 11։11, 31, 35)։ Անչափ շնորհակալ ենք Եհովային, որ մեր ժողովներում էլ կան նման գեղեցիկ հատկություններ ունեցող քույրեր։

10. Ինչո՞ւ ենք թանկ գնահատում մեր տարեցներին։

10 Մեծ օրհնություն է, որ ժողովում կան նաև տարեցներ։ Նրանցից ոմանք ամբողջ կյանքում հավատարմորեն ծառայել են Եհովային։ Ոմանք էլ վերջերս են իմացել ճշմարտությունը։ Անկախ նրանից, թե որքան ժամանակ են ճշմարտության մեջ, մեր սիրելի տարեցները տարիքի հետ կապված տարբեր առողջական խնդիրներ ունեն, որոնց պատճառով թերևս չեն կարողանում ժողովում կամ քարոզչական գործում անել այնքան, որքան կուզեին։ Այդուհանդերձ, նրանք անում են այն, ինչ կարող են և իրենց ուժն ու եռանդը ներդնում են, որպեսզի քաջալերեն ու կրթեն մյուսներին։ Մենք շատ բան ենք սովորում նրանց կյանքի փորձից։ Մեր սիրելի տարեցները իսկապես որ գեղեցիկ են թե՛ Եհովայի, թե՛ մեզ համար (Առակ. 16։31

11–12. Ինչպե՞ս ես քաջալերվել՝ տեսնելով ձեր ժողովի պատանիների օրինակը։

11 Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր պատանիների մասին։ Նրանք բազում դժվարությունների են բախվում՝ մեծանալով Բանսարկու Սատանայի կողմից ղեկավարվող և նրա չար գաղափարներով ողողված աշխարհում (1 Հովհ. 5։19)։ Ուստի շատ ենք քաջալերվում՝ տեսնելով, որ նրանք մեկնաբանություններ են տալիս ժողովում, մասնակցում են քարոզչական ծառայությանը և քաջաբար պաշտպանում են իրենց հավատալիքները։ Սիրելի՛ պատանիներ, դուք շատ կարևոր տեղ ունեք Եհովայի ժողովում (Սաղ. 8։2

12 Այնուամենայնիվ, որոշ եղբայրներ ու քույրեր դժվարանում են ընդունել, որ իրենք թանկ են ժողովի համար։ Այժմ կիմանանք, թե ինչը կօգնի մեզ տեսնել, որ յուրաքանչյուրս իր ուրույն տեղն ունի ժողովում։

ՏԵՍ ՔՈ ՏԵՂԸ ԺՈՂՈՎՈՒՄ

13–14. Ինչո՞ւ ոմանց մոտ թերևս այնպիսի զգացում առաջանա, ասես իրենք տեղ չունեն ժողովում։

13 Ուշադրություն դարձնենք, թե որն է երկրորդ դասը, որ սովորում ենք Պողոսի բերած համեմատությունից։ Նա խոսում է մի խնդրի մասին, որ այսօր շատերը ունեն։ Նրանք դժվարանում են հավատալ, որ իրենք թանկ են ժողովի համար։ Պողոսը գրում է. «Եթե ոտքն ասի՝ «քանի որ ես ձեռք չեմ, ուրեմն մարմնի մաս չեմ», չի նշանակում, որ նա մարմնի մաս չէ։ Եվ եթե ականջն ասի՝ «քանի որ ես աչք չեմ, ուրեմն մարմնի մաս չեմ», չի նշանակում, որ նա մարմնի մաս չէ» (1 Կորնթ. 12։15, 16)։ Ո՞րն է դասը։

14 Եթե քեզ համեմատես ուրիշների հետ, գուցե չտեսնես քո սեփական արժեքը։ Ժողովում ոմանք հմուտ ուսուցիչներ են, լավ կազմակերպիչներ կամ փորձառու հովիվներ։ Նրանց հետ համեմատվելով՝ գուցե տեսնես, որ չունես այն նույն ունակությունները, ինչ նրանք։ Ինչ խոսք, այն փաստը, որ ընդունում ես դա, ցույց է տալիս, որ խոնարհ ու համեստ ես (Փիլիպ. 2։3)։ Բայց պետք է զգույշ լինես։ Եթե շարունակ ինքդ քեզ համեմատես նրանց հետ, ովքեր բացառիկ ընդունակություններ ունեն, կվհատվես։ Հնարավոր է՝ նույնիսկ այնպիսի զգացում ունենաս, ասես տեղ չունես ժողովում։ Ի՞նչը կօգնի, որ հաղթահարես նման զգացումները։

15. 1 Կորնթացիներ 12։4–11 համարների համաձայն՝ ի՞նչ պետք է ընդունենք մեր ունակությունների հետ կապված։

15 Նկատի առնենք հետևյալ հանգամանքը։ Առաջին դարի որոշ քրիստոնյաների Եհովան ոգու պարգևներ էր տվել, բայց բոլորի պարգևները նույնը չէին (կարդա 1 Կորնթացիներ 12։4–11)։ Ճիշտ է, Եհովան այս քրիստոնյաներին տարբեր ունակություններով էր օժտել, բայց նրանցից յուրաքանչյուրն էլ թանկ էր նրա համար։ Այսօր մենք ոգու պարգևներ չենք ստանում, սակայն սկզբունքը նույնն է. թեև բոլորս նույն ունակությունները չունենք, բայց բոլորս էլ թանկ ենք Եհովայի համար։

16. Պողոս առաքյալի ո՞ր խորհուրդը պետք է կիրառենք։

16 Հավատակիցների հետ համեմատվելու փոխարեն՝ լավ կլինի կիրառենք Պողոս առաքյալի հետևյալ խորհուրդը. «Ամեն մեկը թող իր գործը կշռի, և այդ ժամանակ ուրախանալու պատճառ կունենա իր անձի համար՝ առանց իրեն ուրիշի հետ համեմատելու» (Գաղ. 6։4

17. Ի՞նչ օգուտներ կքաղենք, եթե հետևենք Պողոսի խորհրդին։

17 Եթե հետևենք Պողոսի խորհրդին և կշռենք մեր իսկ գործերը, ապա կտեսնենք, որ մենք էլ յուրահատուկ պարգևներ և ընդունակություններ ունենք։ Օրինակ՝ երեցը, ով չի կարողանում լավ ուսուցանել բեմից, գուցե շատ հմուտ լինի աշակերտ պատրաստելու գործում։ Կամ գուցե ժողովի այլ երեցների նման լավ կազմակերպիչ չլինի, բայց հայտնի լինի որպես սիրառատ հովիվ, ում քարոզիչները կարող են անկաշկանդ մոտենալ ողջամիտ սուրբգրային խորհուրդ ստանալու համար։ Կամ էլ գուցե հյուրասեր մարդու համբավ ունենա (Եբր. 13։2, 16)։ Երբ իմանանք, թե ինչ ուժեղ կողմեր և ունակություններ ունենք, կուրախանանք՝ տեսնելով, թե որքան բան կարող ենք անել ժողովի համար։ Այդ դեպքում դժվար թե նախանձենք մեր այն հավատակցին, ով այնպիսի պարգև ունի, որ մենք չունենք։

18. Ինչպե՞ս կարող ենք բարելավել մեր հմտությունները։

18 Անկախ նրանից, թե ինչ դեր ունենք ժողովում, բոլորս էլ ցանկանում ենք բարելավել մեր հմտություններն ու ծառայության որակը։ Դրա համար Եհովան իր կազմակերպության միջոցով հիանալի կրթություն է տալիս մեզ։ Օրինակ՝ միջշաբաթյա հանդիպումների ժամանակ սովորում ենք, թե ինչպես ավելի արդյունավետ դարձնենք մեր ծառայությունը։ Լիարժեքորեն օգտվո՞ւմ ես այդ կրթական ծրագրից և կիրառո՞ւմ ես սովորածդ։

19. Ի՞նչ կարող ես անել, որ սովորես Թագավորության քարոզիչների դպրոցում։

19 Կրթություն ստանալու մեկ այլ հիանալի հնարավորություն է Թագավորության քարոզիչների դպրոցում սովորելը։ Այս դպրոցում կարող են սովորել 23–65 տարեկան այն եղբայրներն ու քույրերը, ովքեր լիաժամ ծառայության մեջ են։ Դա քեզ գուցե անհասանելի նպատակ թվա։ Բայց փոխանակ ասելու, թե ինչու չես կարող մասնակցել այդ դպրոցին, նշիր պատճառներ, թե ինչու ես ուզում մասնակցել։ Հետո մտածիր, թե ինչ քայլեր կարող ես ձեռնարկել այնտեղ սովորելու պահանջներին համապատասխանելու համար։ Եհովայի օգնությամբ և քո ջանքերի շնորհիվ, անհնարինը կարող է հնարավոր դառնալ։

ՕԳՏԱԳՈՐԾԻՐ ՊԱՐԳԵՎՆԵՐԴ Ի ՆՊԱՍՏ ԺՈՂՈՎԻ

20. Ի՞նչ կարող ենք սովորել Հռոմեացիներ 12։6–8 համարներից։

20 Երրորդ դասը, որ սովորում ենք Պողոսի բերած օրինակից, գտնում ենք Հռոմեացիներ 12։6–8 համարներում (կարդա)։ Այստեղ Պողոսը կրկին նշում է, որ ժողովում բոլորը տարբեր պարգևներ ունեն։ Բայց այս անգամ ընդգծում է այն միտքը, որ մեր ունեցած պարգևները պետք է օգտագործենք ժողովն ամրացնելու համար։

21–22. Ի՞նչ ենք սովորում Ռոբերտից և Ֆելիչեից։

21 Ուշադրություն դարձնենք մի եղբոր օրինակի, ում կանվանենք Ռոբերտ։ Օտար երկրում ծառայելուց հետո նա նշանակվեց իր երկրի Բեթել։ Եղբայրները Ռոբերտին հավաստիացրին, որ նա ոչ մի սխալ բան չի արել իր նախկին նշանակման մեջ։ Չնայած դրան՝ Ռոբերտն ասում է. «Ամիսներ շարունակ բացասական տեսակետ ունեի ինքս իմ մասին։ Մտածում էի, որ ձախողակ եմ և չեմ կարողացել ծառայությունս հաջողությամբ կատարել։ Երբեմն նույնիսկ ուզում էի թողնել Բեթելի ծառայությունը»։ Ռոբերտն ինչպե՞ս վերագտավ իր ուրախությունը։ Երեցներից մեկը նրան հիշեցրեց, որ մեր նախկին նշանակման մեջ Եհովան կրթում է մեզ, որ կարողանանք կատարել մեր ներկայիս նշանակումը։ Ռոբերտը հասկացավ, որ այլևս չպետք է հետ նայի, այլ պետք է կենտրոնանա այն ամենի վրա՝ ինչ կարող է անել հիմա։

22 Եղբայր Ֆելիչե Իպիսկոպոն նույնպես նման դժվարության բախվեց։ Նա և իր կինը 1956 թվականին «Գաղաադ» դպրոցն ավարտելուց հետո Բոլիվիայում շրջանային ծառայություն սկսեցին։ Բայց 1964 թվականին նրանք երեխա ունեցան։ Ֆելիչեն պատմում է. «Մեզ համար շատ դժվար էր թողնել մեր թանկ ծառայությունը։ Պետք է խոստովանեմ, որ մի ամբողջ տարի վատնել եմ ինքս ինձ խղճալու վրա։ Բայց Եհովայի օգնությամբ ես փոխեցի տրամադրվածությունս և կենտրոնացա ծնող լինելու իմ նոր նշանակման վրա»։ Դու է՞լ ունես այնպիսի զգացումներ, ինչ Ռոբերտը կամ Ֆելիչեն։ Դու է՞լ ես վհատված, քանի որ այլևս չունես այն առանձնաշնորհումները, որ ունեիր նախկինում։ Եթե այո, ապա ավելի երջանիկ կլինես, եթե փոխես տրամադրվածությունդ և մտածես, թե հիմա ինչ կարող ես անել Եհովային ու հավատակիցներիդ ծառայելու համար։ Զբաղված եղիր՝ օգտագործելով քո պարգևներն ու ընդունակությունները ուրիշներին օգնելու համար։ Ժողովը ամրացնելով՝ դու մեծ ուրախություն կգտնես։

23. Ի՞նչ պետք է անենք և ի՞նչ ենք քննելու հաջորդ հոդվածում։

23 Յուրաքանչյուրս թանկ ենք Եհովայի համար։ Նա ցանկանում է, որ մենք իր ընտանիքի մի մասը լինենք։ Եթե ժամանակ տրամադրենք և խորհենք, թե ինչ կարող ենք անել մեր եղբայրներին ու քույրերին հոգևորապես ամրացնելու համար, և հետո այդպես էլ վարվենք, դժվար թե այնպիսի զգացում ունենանք, ասես մենք ժողովի մի մասը չենք։ Իսկ ի՞նչ տեսակետ ունենք մեր հավատակիցների վերաբերյալ։ Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ սիրում ու հարգում ենք նրանց։ Հաջորդ հոդվածում կքննենք այս կարևոր թեման։

ԵՐԳ 24 Բարձրացեք Եհովայի լեռը

^ պարբ. 5 Բոլորս էլ ուզում ենք զգալ, որ թանկ ենք Եհովայի համար։ Բայց երբեմն գուցե մտածենք, թե որն է մեր տեղը նրա ժողովում։ Այս հոդվածը կօգնի մեզ տեսնել, որ յուրաքանչյուրս իր ուրույն տեղն ունի։

^ պարբ. 3 ԲԱՌԱՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ։ Եհովայի ժողովում ունեցած մեր տեղը ասելով՝ հասկանում ենք այն դերը, որ ունենք ժողովը ամրացնելու գործում։ Այն կախված չէ մեր ռասայական, ազգային կամ մշակութային պատկանելությունից, ինչպես նաև տնտեսական վիճակից, հասարակության մեջ ունեցած դիրքից կամ կրթությունից։

^ պարբ. 62 ՆԿԱՐ։ Երեք նկարներում պատկերված է, թե ինչ է տեղի ունենում ժողովից առաջ, ժողովի ընթացքում և ժողովից հետո։ Նկար 1։ Երեցը ջերմորեն ողջունում է այցելուներից մեկին։ Երիտասարդ եղբայրը կարգավորում է խոսափողները։ Իսկ քույրերից մեկը զրուցում է տարեց հավատակցի հետ։ Նկար 2։ «Դիտարանի» ուսումնասիրության ժամանակ թե՛ երիտասարդները, թե՛ տարեցները ձեռք են բարձրացրել, որ մեկնաբանություն տան։ Նկար 3։ Ամուսնական զույգը մասնակցում է Թագավորության սրահի մաքրությանը։ Մայրը օգնում է աղջկան նվիրաբերություն անել։ Երիտասարդ եղբայրը հոգ է տանում գրականության մասին, իսկ մեկ ուրիշ եղբայր քաջալերում է տարեց քրոջը։