Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 31

Սպասո՞ւմ ես «իսկական հիմքեր ունեցող քաղաքին»

Սպասո՞ւմ ես «իսկական հիմքեր ունեցող քաղաքին»

«Նա սպասում էր իսկական հիմքեր ունեցող քաղաքին, որի կառուցողն ու ստեղծողը Աստված է» (ԵԲՐ. 11։10

ԵՐԳ 22 Թագավորությունն իշխում է. թող այն գա

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Ի՞նչ զոհողություններ են անում շատերը և ինչո՞ւ։

ԱՅՍՕՐ Աստծու միլիոնավոր ծառաներ շատ զոհողություններ են անում։ Բազմաթիվ եղբայրներ ու քույրեր որոշել են մնալ ամուրի։ Որոշ ամուսնական զույգեր հետաձգել են երեխաներ ունենալը։ Շատ ընտանիքներ էլ պարզ կյանքով են ապրում։ Նրանք բոլորը անում են այս զոհողությունները մի կարևոր պատճառով. ուզում են հնարավորինս շատ ծառայել Եհովային։ Մեր այս հավատակիցները բավարարվածության զգացումով են լցված և վստահ են, որ Եհովան կհոգա իրենց բոլոր կարիքները։ Իսկ նրանք հուսախաբ չե՞ն լինի։ Ո՛չ։ Ինչո՞ւ ենք վստահ դրանում։ Պատճառներից մեկն այն է, որ անցյալում Եհովան ամեն անհրաժեշտ բանով ապահովել է իր ծառաներին, օրինակ՝ Աբրահամին՝ «բոլոր հավատ ունեցող[ների].... հորը» (Հռոմ. 4։11

2. ա) Եբրայեցիներ 11։8–10, 16 խոսքերի համաձայն՝ ինչո՞ւ Աբրահամը հեռացավ Ուր քաղաքից։ բ) Ի՞նչ ենք քննարկելու այս հոդվածում։

2 Աբրահամը պատրաստակամորեն թողեց Ուր քաղաքի հարմարավետ կյանքը։ Ինչո՞ւ։ Քանի որ սպասում էր «իսկական հիմքեր ունեցող քաղաքին» (կարդա Եբրայեցիներ 11։8–10, 16)։ Իսկ ի՞նչ «քաղաքի» մասին է խոսքը։ Ի՞նչ դժվարությունների բախվեց Աբրահամը, մինչ սպասում էր այդ քաղաքի կառուցմանը։ Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Աբրահամին և Աստծու ժամանակակից այն ծառաներին, ովքեր արդեն իսկ ընդօրինակել են նրան։

Ո՞ՐՆ Է «ԻՍԿԱԿԱՆ ՀԻՄՔԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԸ»

3. Ի՞նչ է այն «քաղաքը», որին Աբրահամը սպասում էր։

3 Քաղաքը, որին սպասում էր Աբրահամը, Աստծու Թագավորությունն է։ Այն կառավարելու է Հիսուս Քրիստոսը իր 144 000 թագավորակիցների հետ։ Պողոսը այդ Թագավորությունը անվանեց «Աստծու քաղաք՝ երկնային Երուսաղեմ» (Եբր. 12։22; Հայտն. 5։8–10; 14։1)։ Հիսուսը սովորեցրեց իր աշակերտներին աղոթել, որ գա այդ Թագավորությունը, որպեսզի կատարվի Աստծու կամքը երկրի վրա, ինչպես որ երկնքում է (Մատթ. 6։10

4. Ծննդոց 17։1, 2, 6 խոսքերի համաձայն՝ ի՞նչ գիտեր Աբրահամը Աստծու խոստացած քաղաքի, կամ՝ Թագավորության մասին։

4 Արդյո՞ք Աբրահամը գիտեր Աստծու Թագավորության կառուցվածքի հետ կապված մանրամասներ։ Ո՛չ։ Դարեր շարունակ այդ տեղեկությունը «սրբազան գաղտնիք» էր (Եփես. 1։8–10; Կող. 1։26, 27)։ Բայց Աբրահամը գիտեր, որ իր սերունդներից ոմանք թագավորներ են լինելու, քանի որ Եհովան նման խոստում էր տվել իրեն (կարդա Ծննդոց 17։1, 2, 6)։ Աստծու խոստումների հանդեպ Աբրահամը այնքան մեծ հավատ ուներ՝ ասես տեսնում էր Օծյալին, կամ՝ Մեսիային, ով Աստծու Թագավորության Թագավորն էր լինելու։ Դրա համար Հիսուսն ասաց հրեաներին. «Ձեր հայր Աբրահամը շատ ուրախացավ՝ հույս ունենալով տեսնել իմ օրը. նա տեսավ այն և ուրախացավ» (Հովհ. 8։56)։ Հստակ է, որ Աբրահամը գիտեր, որ իր սերունդները մի Թագավորություն են կազմելու, որի հիմնադիրը Եհովան է լինելու։ Նա պատրաստ էր սպասելու, որ Եհովան իրականացնի իր խոստումը։

Ինչպե՞ս Աբրահամն ու Սառան ցույց տվեցին իրենց հավատը Եհովայի խոստումների հանդեպ (տես պարբերություն 5)

5. Ի՞նչն է ցույց տալիս, որ Աբրահամը սպասում էր Աստծու հիմնադրած «քաղաքին»։

5 Ինչպե՞ս Աբրահամը ցույց տվեց, որ սպասում է Աստծու հիմնադրած «քաղաքին», կամ՝ Թագավորությանը։ Նա չմիացավ իր օրերում գոյություն ունեցող որևէ թագավորության։ Նա ոչ մի տեղ մշտական բնակություն չհաստատեց և որևէ թագավորի թիկունք չկանգնեց, ոչ էլ փորձեց իր թագավորությունը հիմնել։ Փոխարենը՝ Աբրահամը հնազանդվեց Եհովային և սպասեց նրա խոստման իրականացմանը։ Այդպիսով նա բացառիկ հավատ դրսևորեց Եհովայի նկատմամբ։ Եկեք տեսնենք, թե ինչ դժվարությունների բախվեց Աբրահամը, և ինչ կարող ենք սովորել նրա օրինակից։

Ի՞ՆՉ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԽՎԵՑ ԱԲՐԱՀԱՄԸ

6. Ինչպիսի՞ քաղաք էր Ուրը։

6 Ուրը համեմատաբար ապահով, բարգավաճ և հարմարավետ քաղաք էր։ Այն շրջապատված էր վիթխարի պարիսպներով, իսկ երեք կողմից՝ նաև ջրային խրամով։ Ուրի բնակիչները հմուտ էին գրագրության և թվաբանության մեջ։ Այն ակներևաբար առևտրի խոշոր կենտրոն էր։ Դա են հաստատում պեղումների ժամանակ հայտնաբերված առևտրային փաստաթղթերը։ Նրանց տները պատրաստված էին աղյուսներից։ Պատերը ծեփանյութով էին պատված և սպիտակեցված էին։ Որոշ տներ ունեին 13–14 սենյակ և սալապատ բակեր։

7. Ինչպե՞ս փորձվեց Աբրահամի վստահությունը այն բանում, որ Եհովան կպաշտպանի իրեն և իր ընտանիքին։

7 Աբրահամն ու Սառան թողեցին Ուր քաղաքում իրենց հարմարավետ և ապահով տունը ու սկսեցին ապրել Քանանի դաշտերում՝ վրանների մեջ։ Նրանք այլևս պաշտպանված չէին հաստ պարիսպներով և ջրով լի խրամով։ Այժմ թշնամիները կարող էին հեշտությամբ հարձակվել նրանց վրա։ Ուստի Աբրահամը պետք է վստահ լիներ, որ Եհովան կպաշտպանի իրեն և իր ընտանիքին։

8. Ի՞նչ դժվարությունների բախվեց Աբրահամը։

8 Աբրահամը արեց այն, ինչ Աստված ասել էր իրեն։ Բայց Քանանի երկրում սով սկսվեց, և նա դժվարությունների բախվեց։ Սովն այնքան սաստկացավ, որ ընտանիքին կերակրելու համար նա որոշեց ժամանակավորապես տեղափոխվել Եգիպտոս։ Սակայն Եգիպտոսում էլ դժվարության բախվեց. փարավոնը նրանից վերցրեց Սառային։ Միայն պատկերացրու Աբրահամի ապրումները, քանի դեռ Եհովան չէր վերադարձրել նրա սիրելի կնոջը (Ծննդ. 12։10–19

9. Ի՞նչ ընտանեկան խնդիրներ ուներ Աբրահամը։

9 Աբրահամը ընտանեկան լուրջ խնդիրներ ուներ։ Տասնամյակներ շարունակ նրա կինը՝ Սառան, երեխա չէր կարողանում ունենալ, ինչը մեծ վիշտ էր պատճառում նրանց։ Ի վերջո Սառան իր աղախնին՝ Հագարին, որպես կին տվեց Աբրահամին, որ իրենց համար երեխաներ ծնի։ Բայց երբ Հագարը հղիացավ, սկսեց արհամարհանքով վերաբերվել իր տիրուհուն։ Իրավիճակն այնքան սրվեց, որ Սառան ստիպեց Հագարին հեռանալ տնից (Ծննդ. 16։1–6

10. Ո՞ր իրավիճակներում փորձվեց Աբրահամի վստահությունը Եհովայի նկատմամբ։

10 Ի վերջո Սառան հղիացավ և մի որդի ծնեց։ Աբրահամը երեխայի անունը դրեց Իսահակ։ Նա իր երկու որդիներին էլ շատ էր սիրում, բայց քանի որ Հագարից ծնված որդին՝ Իսմայելը, Իսահակին վատ էր վերաբերվում, Աբրահամը ստիպված եղավ նրան ու Հագարին տնից դուրս հանել (Ծննդ. 21։9–14)։ Տարիներ անց Եհովան Աբրահամին ասաց, որ իր որդի Իսահակին զոհ մատուցի (Ծննդ. 22։1, 2; Եբր. 11։17–19)։ Թե՛ Իսմայելի, թե՛ Իսահակի պարագայում Աբրահամը վստահ էր, որ Եհովան դեպքերին դրական ընթացք կտա։

11. Աբրահամը ինչո՞ւ պետք է համբերությամբ սպասեր Եհովային։

11 Այդ ողջ ընթացքում Աբրահամը սովորեց համբերությամբ սպասել Եհովային։ Նա հավանաբար 70-ն անց էր, երբ իր ընտանիքի հետ հեռացավ Ուրից և մոտ հարյուր տարի ապրեց Քանանի երկրում՝ վրանների մեջ՝ մի վայրից մյուսը տեղափոխվելով (Ծննդ. 11։31–12։4)։ Աբրահամը մահացավ 175 տարեկանում (Ծննդ. 25։7)։ Նա այդպես էլ չտեսավ, թե ինչպես է Եհովան իրականացնում այդ երկիրը իր սերունդներին տալու խոստումը։ Ոչ էլ այնքան երկար ապրեց, որ տեսնի իսկական հիմքեր ունեցող քաղաքի՝ Աստծու Թագավորության հաստատումը։ Չնայած դրան՝ Աբրահամը մահացավ «տարիքն առած ու կյանքից բավարարված» (Ծննդ. 25։8)։ Թեև նա շատ խնդիրների բախվեց, բայց ամուր պահեց իր հավատը և ուրախությամբ սպասեց Եհովային։ Աբրահամը կարողացավ դիմանալ դժվարություններին, քանի որ իր կյանքի ողջ ընթացքում Եհովան պաշտպանեց ու ընկերոջ պես վերաբերվեց իրեն (Ծննդ. 15։1; Ես. 41։8; Հակ. 2։22, 23

Աբրահամի ու Սառայի նման ինչպե՞ս են Աստծու ծառաները հավատ և համբերություն դրսևորում (տես պարբերություն 12) *

12. Ինչի՞ն ենք սպասում և ի՞նչ ենք քննելու։

12 Աբրահամի նման մենք էլ ենք սպասում իսկական հիմքեր ունեցող քաղաքին։ Բայց ի տարբերություն նրա՝ մենք չենք սպասում, որ այն հաստատվի։ Աստծու Թագավորությունը արդեն իսկ հաստատված է։ 1914 թ.-ից այն իշխում է երկնքում (Հայտն. 12։7–10)։ Այժմ մենք սպասում ենք, որ այն սկսի իշխել նաև երկրի վրա։ Բայց մինչ այդ մենք էլ գուցե բախվենք այնպիսի դժվարությունների, որոնց բախվեցին Աբրահամն ու Սառան։ Իսկ մեզ կհաջողվի՞ նրանց պես հավատ ու համբերություն դրսևորել։ «Դիտարանում» տպագրված կենսագրությունները ցույց են տալիս, որ մեր օրերում Եհովայի բազմաթիվ ծառաների դա հաջողվել է։ Եկեք քննենք նրանցից մի քանիսի օրինակը և տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել։

ՆՐԱՆՔ ԸՆԴՕՐԻՆԱԿԵՑԻՆ ԱԲՐԱՀԱՄԻՆ

Բիլ Վալդենը շատ զոհողություններ արեց, ինչի համար Եհովան առատորեն օրհնեց նրան

13. Ի՞նչ ենք սովորում եղբայր Վալդենից։

13 Պատրաստ եղիր զոհողություններ անելու։ Եթե ուզում ենք Աստծու քաղաքը՝ Թագավորությունը, մեր կյանքում առաջին տեղում լինի, պետք է Աբրահամի պես պատրաստ լինենք զոհողություններ անելու (Մատթ. 6։33; Մարկ. 10։28–30)։ Ուշադրություն դարձնենք եղբայր Բիլ Վալդենի օրինակին։ * 1942 թ.-ին Բիլը սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների օգնությամբ։ Այդ ժամանակ նա սովորում էր ԱՄՆ համալսարաններից մեկի վերջին կուրսում և պետք է ճարտարագետ-շինարարի որակավորում ստանար։ Համալսարանի պրոֆեսորներից մեկը նրան ասաց, որ պայմանավորվածություն է ձեռք բերել, և ավարտելուց հետո Բիլը կարող է անմիջապես գործի անցնել։ Բիլը հրաժարվեց այդ առաջարկից և բացատրեց, որ որոշել է իր կյանքը նվիրել Աստծուն ծառայելուն։ Կարճ ժամանակ անց նա զորակոչի ծանուցագիր ստացավ, բայց հրաժարվեց բանակ գնալ։ Արդյունքում տուգանվեց 10 000 դոլարի չափով և դատապարտվեց հինգ տարվա ազատազրկման։ Սակայն երեք տարի անց ազատ արձակվեց։ Որոշ ժամանակ հետո եղբայր Վալդենը հրավիրվեց «Գաղաադ» դպրոց և նշանակվեց ծառայելու միսիոներ Աֆրիկայում։ Այնուհետև ամուսնացավ Էվայի հետ, և նրանք միասին շարունակեցին ծառայել Աֆրիկայում, ինչը զոհողություններ էր պահանջում։ Տարիներ անց նրանք վերադարձան Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որպեսզի խնամեն Բիլի մորը։ Իր ապրած կյանքի մասին Բիլն ասում է. «Աչքերս արցունքով են լցվում, երբ մտածում եմ, թե ի՜նչ մեծ առանձնաշնորհում է ավելի քան 70 տարի ծառայել Եհովային։ Հաճախ եմ շնորհակալություն հայտնում նրան, որ օգնեց ինձ իրեն ծառայելը իմ կարիերան դարձնել»։ Կարո՞ղ ես դու էլ լիաժամ ծառայությունը քո կյանքի ուղին դարձնել։

Էլենի և Արիստոտելիս Ապոստոլիդիսները զգացին, թե ինչպես է Եհովան զորացնում իրենց

14–15. Ի՞նչ ենք սովորում եղբայր և քույր Ապոստոլիդիսների օրինակից։

14 Մի՛ ակնկալիր, որ կյանքդ դժվարություններից զերծ է լինելու։ Աբրահամի օրինակից տեսանք, որ նույնիսկ նրանք, ովքեր իրենց ողջ կյանքը նվիրում են Եհովային ծառայելուն, խնդիրների են բախվում (Հակ. 1։2; 1 Պետ. 5։9)։ Դա երևում է նաև Արիստոտելիս Ապոստոլիդիսի օրինակից։ * Եղբայրը մկրտվեց 1946 թ.-ին Հունաստանում։ 1952 թ.-ին նա նշանվեց Էլենի անունով մի քրոջ հետ, ով նույն նպատակներն ուներ, ինչ ինքը։ Ցավոք, Էլենիի մոտ գլխուղեղի ուռուցք հայտնաբերվեց։ Բժիշկները ուռուցքը հեռացրին, բայց ամուսնությունից մի քանի տարի անց հիվանդությունը կրկնվեց։ Նրան նորից վիրահատեցին, ինչի հետևանքով նա խոսքի ու շարժունակության խանգարում ձեռք բերեց։ Սակայն ո՛չ հիվանդությունը, ո՛չ էլ կառավարության կողմից հալածանքը չթուլացրին ծառայության հանդեպ Էլենիի եռանդը։

15 30 տարի շարունակ Արիստոտելիսը հոգ տարավ իր կնոջ մասին։ Այդ տարիների ընթացքում նա եղել է երեց, ծառայել է համաժողովների կոմիտեներում և օգնել է կառուցել համաժողովների սրահ։ 1987 թ.-ին ծառայության ժամանակ Էլենիի հետ դժբախտ պատահար տեղի ունեցավ։ Նա ընկավ կոմայի մեջ և երեք տարի անց մահացավ։ Արիստոտելիսը իր կյանքի մասին ասում է. «Տարիներ ի վեր ծանր հանգամանքները, դժվար փորձություններն ու անսպասելի իրադարձությունները պատճառ դարձան, որ մենք դրսևորենք անչափ մեծ հաստատակամություն ու տոկունություն։ Եհովան միշտ տվել է պետք եղած ուժը՝ հաղթահարելու այդ խնդիրները» (Սաղ. 94։18, 19)։ Եհովան շատ է սիրում իր այն ծառաներին, ովքեր դժվարությունների ներքո ամեն ջանք թափում են իրեն ծառայելու համար։

Օդրի Հայդը կարողացավ դրական տրամադրվածություն պահպանել ապագայի վրա կենտրոնանալու շնորհիվ

 

16. Ի՞նչ իմաստուն խորհուրդ է տվել եղբայր Նորը իր կնոջը։

16 Ուշադրությունդ կենտրոնացրու ապագայի վրա։ Աբրահամը կենտրոնացել էր այն վարձատրության վրա, որ Եհովան խոստացել էր տալ իրեն։ Դա օգնեց նրան հաղթահարել իր դժվարությունները։ Ապագա օրհնությունների վրա կենտրոնանալը օգնեց նաև քույր Օդրի Հայդին, ում առաջին ամուսինը՝ եղբայր Նաթան Նորը, մահացավ քաղցկեղից, իսկ երկրորդ ամուսինը՝ եղբայր Գլեն Հայդը, ձեռք բերեց Ալցհեյմերի հիվանդություն։ * Քույր Հայդը ասում է, որ իրեն շատ են օգնել եղբայր Նորի խոսքերը, որ նա ասել է մահից մի քանի շաբաթ առաջ։ Քույրը պատմում է. «Նաթանն ինձ հիշեցրեց. «Մեր հույսը հաստատ է, և մահից հետո մենք այլևս ցավից չենք տառապի»։ Հետո նա ինձ հորդորեց. «Առաջ նայիր, քանի որ ապագայում դու կստանաս քո վարձատրությունը....»։ Նաև ավելացրեց. «Եղիր զբաղված. աշխատիր քո կյանքն օգտագործել ուրիշների օգտին ինչ-որ բան անելու համար։ Դա կօգնի, որ ապրելու մեջ ուրախություն գտնես»»։ Շատ գործնական խորհուրդ է՝ «հույսով ուրախանալ» և զբաղված լինել ուրիշներին օգնելով (Հռոմ. 12։12

17. ա) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ հիմնավոր պատճառներ ունենք ապագայի վրա կենտրոնացած մնալու համար։ բ) Միքիա 7։7-ի համաձայն վարվելը ինչպե՞ս կօգնի մեզ հասնել ապագա օրհնություններին։

17 Այսօր մենք ավելի շատ պատճառներ ունենք ապագայի վրա կենտրոնացած մնալու համար։ Աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները հստակ փաստում են, որ ապրում ենք այս աշխարհի վերջին օրերի վերջին հատվածում։ Շուտով իսկական հիմքեր ունեցող քաղաքը կսկսի իշխել նաև երկրի վրա։ Մենք բազում օրհնություններ կվայելենք, որոնցից է մեր մահացած հարազատների հարությունը։ Այդ ժամանակ Եհովան կվարձատրի Աբրահամին նրա հավատի և համբերության համար՝ հարություն տալով նրան և նրա ընտանիքի անդամներին։ Այնտեղ կլինե՞ս, որ դիմավորես նրանց։ Կլինե՛ս, եթե Աբրահամի պես պատրաստ լինես հանուն Աստծու Թագավորության զոհողություններ անելու, ամուր պահես հավատդ՝ չնայած դժվարություններին, և սովորես համբերությամբ սպասել Եհովային (կարդա Միքիա 7։7

ԵՐԳ 74 Միացեք Արքայության երգին

^ պարբ. 5 Մինչ սպասում ենք Աստծու խոստումների կատարմանը, մեր համբերությունը, որոշ դեպքերում նաև հավատը, կարող են փորձվել։ Տեսնենք, թե ինչ դասեր կարող ենք սովորել Աբրահամից, որոնք կամրացնեն Եհովայի խոստումների իրականացմանը համբերությամբ սպասելու մեր վճռականությունը։ Նաև կիմանանք, թե այս հարցում ինչ լավ օրինակ են թողել Եհովայի ժամանակակից ծառաներից ոմանք։

^ պարբ. 13 Եղբայր Վալդենի կենսագրությունը տպագրվել է «Դիտարանի» 2013 թ. դեկտեմբերի 1-ի համարում (էջ 8–10)։

^ պարբ. 14 Եղբայր Ապոստոլիդիսի կենսագրությունը տպագրվել է «Դիտարանի» 2002 թ. փետրվարի 1-ի համարում (էջ 24–28)։

^ պարբ. 16 Քույր Հայդի կենսագրությունը տպագրվել է «Դիտարանի» 2004 թ. հուլիսի 1-ի համարում (էջ 23–29)։

^ պարբ. 56 ՆԿԱՐ։ Տարեց զույգը շարունակում է հավատարմորեն ծառայել Եհովային՝ չնայած դժվարություններին։ Նրանք ամուր են պահում իրենց հավատը՝ կենտրոնանալով ապագայի վերաբերյալ Եհովայի տված խոստումների վրա։