Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 30

Գնահատիր քո տեղը Եհովայի ընտանիքում

Գնահատիր քո տեղը Եհովայի ընտանիքում

«Դու նրան հրեշտակներից փոքր-ինչ ցածր դրեցիր և փառքով ու շքեղությամբ պսակեցիր» (ՍԱՂ. 8։5, ծնթ.)։

ԵՐԳ 123 Հավատարմորեն հնազանդվենք աստվածապետությանը

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Եհովայի ստեղծագործությունների մասին խորհելիս ի՞նչ հարցեր գուցե ծագեն մեր մտքում։

ԵՐԲ խորհում ենք Եհովայի ստեղծած անծայրածիր տիեզերքի մասին, թերևս ունենում ենք այն նույն զգացումները, որ սաղմոսերգու Դավիթն ուներ, ով իր աղոթքում Եհովային հարցրեց. «Երբ նայում եմ քո երկնքին, քո մատների գործին, լուսնին ու աստղերին, որոնց դու ստեղծել ես, ի՞նչ է մահկանացու մարդը, որ դու հիշում ես նրան, և մարդու որդին, որ հոգ ես տանում նրա մասին» (Սաղ. 8։3, 4)։ Դավթի նման թերևս մենք էլ ենք գիտակցում, թե որքան փոքր տեղ ենք զբաղեցնում տիեզերքում, և զարմանում ենք, որ Եհովան ուշադրություն է դարձնում մեզ։ Բայց ինչպես կտեսնենք, Եհովան առաջին մարդկային զույգի՝ Ադամի ու Եվայի մասին ոչ միայն հոգ տարավ, այլև նրանց իր ընտանիքի մի մասը դարձրեց։

2. Ո՞րն էր Աստծու նպատակը իր երկրային առաջին զավակների առնչությամբ։

2 Ադամն ու Եվան Եհովայի երկրային առաջին զավակներն էին, իսկ նա նրանց սիրառատ երկնային Հայրը։ Նրանք կարևոր դեր ունեին Աստծու ընտանիքում։ Նա նրանց ասել էր. «Բազմացեք, շատացեք, լցրեք երկիրը և տիրեք նրան» (Ծննդ. 1։28)։ Ադամն ու Եվան պետք է երեխաներ ունենային և հոգ տանեին իրենց տան՝ երկրի մասին։ Եթե նրանք հնազանդվեին Եհովային և ապրեին նրա նպատակի համաձայն, թե՛ իրենք, թե՛ իրենց սերունդները հավիտյան նրա ընտանիքի մի մասը կլինեին։

3. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Ադամն ու Եվան պատվավոր տեղ ունեին Եհովայի ընտանիքում։

3 Ադամն ու Եվան պատվավոր տեղ ունեին Եհովայի ընտանիքում։ Ինչպես տեսնում ենք Սաղմոս 8։5-ում և նույն համարի ծանոթագրության մեջ, Դավիթը մարդ արարածի մասին հետևյալն է ասել. «Դու նրան հրեշտակներից փոքր-ինչ ցածր դրեցիր և փառքով ու շքեղությամբ պսակեցիր»։ Ինչ խոսք, մարդիկ օժտված չեն այն նույն զորությամբ, գիտելիքներով և կարողություններով, ինչ հրեշտակները (Սաղ. 103։20)։ Սակայն նրանք այդ հզոր ոգեղեն արարածներից «փոքր-ինչ» են ցածր։ Մի՞թե սա հրաշալի չէ։ Եհովան իսկապես որ մեր նախածնողներին հիանալի կյանք էր պարգևել։

4. Ի՞նչ պատահեց Ադամին ու Եվային իրենց անհնազանդության հետևանքով, և ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

4 Ցավոք, Ադամն ու Եվան կորցրին Եհովայի ընտանիքի մի մասը լինելու թանկ առանձնաշնորհումը, ինչը աղետալի հետևանքներ ունեցավ նրանց սերունդների համար։ Սակայն Եհովայի նպատակը չփոխվեց։ Նա ցանկանում է, որ հնազանդ մարդիկ հավիտյան իր ընտանիքի մի մասը լինեն։ Այս հոդվածից կիմանանք, թե ինչպես է Եհովան պատվի արժանացրել մեզ։ Այնուհետև կքննենք, թե ինչ կարող ենք անել, որպեսզի փաստենք, որ ցանկանում ենք նրա ընտանիքի մի մասը լինել։ Նաև կխոսենք այն օրհնությունների մասին, որ նրա երկրային զավակները վայելելու են հավիտյան։

ԻՆՉՊԵ՞Ս Է ԵՀՈՎԱՆ ՊԱՏՎԻ ԱՐԺԱՆԱՑՐԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ

Ի՞նչ կերպերով է Եհովան պատվի արժանացրել մեզ (տես պարբերություն 5–11) *

5. Ինչպե՞ս կարող ենք փառաբանել Աստծուն այն բանի համար, որ մեզ իր պատկերով է ստեղծել։

5 Ստեղծել է մեզ իր պատկերով (Ծննդ. 1։26, 27)։ Քանի որ ստեղծված ենք Աստծու պատկերով, մենք կարող ենք զարգացնել և դրսևորել նրա հիանալի հատկությունները, օրինակ՝ սերը, կարեկցանքը, նվիրվածությունը և արդարությունը (Սաղ. 86։15; 145։17)։ Այդպիսի հատկություններ զարգացնելով՝ փառաբանում ենք Եհովային և փաստում, որ երախտապարտ ենք նրան (1 Պետ. 1։14–16)։ Երբ մեր վարքով հաճեցնում ենք մեր երկնային Հորը, ուրախության և բավարարվածության զգացում ենք ունենում։ Մեզ իր պատկերով ստեղծելով՝ Եհովան հնարավորություն է տվել, որ դառնանք այնպիսի մարդիկ, որոնց նա կցանկանար տեսնել իր ընտանիքում։

6. Ստեղծելով երկիրը՝ Եհովան ինչպե՞ս է պատվի արժանացրել մարդկանց։

6 Մեզ հիանալի տուն է տվել։ Առաջին մարդուն ստեղծելուց դեռ երկար ժամանակ առաջ Եհովան պատրաստել էր երկիրը բնակության համար (Հոբ 38։4–6; Երեմ. 10։12)։ Քանի որ նա հոգատար և առատաձեռն Աստված է, բազմաթիվ հիասքանչ բաներ է ստեղծել, որ վայելենք (Սաղ. 104։14, 15, 24)։ Ամեն նոր բան արարելուց հետո նա ժամանակ էր տրամադրում, որպեսզի խորհեր իր ստեղծածի շուրջ, և տեսնում էր, «որ դա լավ է» (Ծննդ. 1։10, 12, 31)։ Աստված պատվի է արժանացրել մարդկանց՝ թույլ տալով, որ նրանք «իշխեն» իր սքանչելի ստեղծագործությունների վրա (Սաղ. 8։6)։ Աստծու նպատակն է, որ կատարյալ մարդիկ հավիտյան ուրախություն ստանան՝ հոգ տանելով իր ստեղծագործությունների մասին։ Կանոնավորաբար շնորհակալություն հայտնո՞ւմ ես նրան դրա համար։

7. Ինչպե՞ս է Հեսու 24։15-ը ցույց տալիս, որ մարդիկ ազատ կամք ունեն։

7 Ազատ կամք է պարգևել։ Մենք ինքներս ենք որոշում, թե ինչ ուղի ընտրենք կյանքում (կարդա Հեսու 24։15)։ Ընտրություն անելու հնարավորությունը կոչվում է ազատ կամք։ Երբ որոշում ենք ծառայել մեր սիրառատ Հորը, ուրախացնում ենք նրան (Սաղ. 84։11; Առակ. 27։11)։ Մենք մեր ազատ կամքը կարող ենք ճիշտ օգտագործել կյանքի տարբեր բնագավառներում։ Քննենք, թե ինչ օրինակ թողեց Հիսուսը այդ հարցում։

8. Օրինակով ցույց տուր, թե Հիսուսն ինչպես օգտագործեց իր ազատ կամքը։

8 Եթե ուրիշների շահերը մեր շահերից վեր դասենք, կընդօրինակենք Հիսուսին։ Մի անգամ, երբ Հիսուսն ու իր առաքյալները շատ հոգնած էին, գնացին մի մեկուսի վայր, որ հանգստանան։ Սակայն նրանց չհաջողվեց հանգիստ առնել։ Մարդկանց մի մեծ բազմություն գտավ նրանց, քանի որ մեծ ցանկություն ուներ սովորելու Հիսուսից։ Նրանց տեսնելով՝ Հիսուսը չնյարդայնացավ, այլ խղճաց ու «սկսեց շատ բաներ սովորեցնել» (Մարկ. 6։30–34)։ Երբ ընդօրինակում ենք Հիսուսին և ուրիշներին օգնելու համար զոհում մեր ժամանակն ու էներգիան, փառք ենք բերում մեր երկնային Հորը (Մատթ. 5։14–16)։ Այդպիսով նաև ցույց ենք տալիս, որ ուզում ենք Եհովայի ընտանիքի մի մասը լինել։

9. Ի՞նչ պետք է հիշեն ծնողները։

9 Եհովան մարդկանց երեխաներ ունենալու կարողությամբ է օժտել և հանձնարարել է, որ իրենց երեխաներին սովորեցնեն սիրել ու ծառայել իրեն։ Որպես ծնող՝ գնահատո՞ւմ ես այս առանձնահատուկ պարգևը։ Թեև Եհովան հրեշտակներին բազում հիանալի կարողություններ է տվել, սակայն նրանց չի օժտել երեխաներ ունենալու կարողությամբ։ Այս միտքը կարող է մղել ծնողներին, որ թանկ գնահատեն երեխաներ դաստիարակելու առանձնաշնորհումը։ Նրանք սուրբ պարտականություն ունեն իրենց երեխաներին մեծացնելու «Եհովայի խրատով և նրա մտածելակերպը նրանց մեջ սերմանելով» (Եփես. 6։4; 2 Օրենք 6։5–7; Սաղ. 127։3)։ Ծնողներին օգնելու համար Աստծու կազմակերպությունը տրամադրում է Աստվածաշնչի վրա հիմնված բազմաթիվ գործիքներ՝ հրատարակություններ, տեսանյութեր, երաժշտություն, վեբ հոդվածներ և այլն։ Ակնհայտ է, որ թե՛ Եհովան և թե՛ նրա Որդին թանկ են գնահատում երեխաներին (Ղուկ. 18։15–17)։ Երբ ծնողները վստահում են Աստծուն և ձգտում են լավագույնս հոգ տանել երեխաների մասին, հաճեցնում են նրան։ Այդպիսով նրանք օգնում են իրենց երեխաներին, որ հավիտյան Եհովայի ընտանիքի մի մասը լինելու հեռանկար ունենան։

10–11. Փրկագին տալով՝ Եհովան ի՞նչ է հնարավոր դարձրել մեզ համար։

10 Եհովան զոհել է իր թանկագին Որդուն, որպեսզի կրկին իր ընտանիքի մի մասը լինելու հնարավորություն ունենանք։ Ադամն ու Եվան կորցրին Եհովայի ընտանիքի մի մասը լինելու առանձնաշնորհումը։ Նրանց սերունդները նույնպես զրկվեցին դրանից (Հռոմ. 5։12)։ Ադամն ու Եվան միտումնավոր չհնազանդվեցին Աստծուն, ուստի տեղին էր, որ Եհովան հեռացրեց նրանց իր ընտանիքից։ Իսկ ի՞նչ կարելի է ասել նրանց սերունդների մասին։ Եհովան, սիրուց մղված, քայլեր ձեռնարկեց, որպեսզի որդեգրի հնազանդ մարդկանց։ Նա արեց դա՝ զոհելով իր միածին Որդուն՝ Հիսուս Քրիստոսին (Հովհ. 3։16; Հռոմ. 5։19)։ Հիսուսի զոհաբերության շնորհիվ Եհովան որդեգրում է 144 000 հավատարիմների (Հռոմ. 8։15–17; Հայտն. 14։1

11 Բացի այդ՝ միլիոնավոր այլ հավատարիմ մարդիկ, ովքեր կատարում են Աստծու կամքը, հույս ունեն Հազարամյակի վերջում՝ վերջնական փորձությունից հետո, դառնալու Աստծու ընտանիքի լիարժեք անդամներ (Սաղ. 25։14; Հռոմ. 8։20, 21)։ Ունենալով այս հեռանկարը՝ նույնիսկ հիմա նրանք Եհովային՝ իրենց Ստեղծչին, դիմում են որպես Հոր (Մատթ. 6։9)։ Հարություն առածները նույնպես հնարավորություն կունենան իմանալու, թե ինչ է Աստված պահանջում իրենցից։ Եվ եթե նրանք հնազանդվեն այդ պահանջներին, ի վերջո նույնպես կդառնան Աստծու ընտանիքի մի մասը։

12. Ո՞ր հարցի պատասխանը կիմանանք։

12 Ինչպես տեսանք, Եհովան տարբեր կերպերով պատվի է արժանացրել մարդկանց։ Նա որդեգրել է օծյալ քրիստոնյաներին, իսկ «մեծ բազմության» անդամներին հնարավորություն է տվել նոր աշխարհում դառնալու իր զավակները (Հայտն. 7։9)։ Իսկ մենք այժմ ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ցույց տանք, որ ցանկանում ենք հավիտյան լինել Եհովայի ընտանիքի մի մասը։

ՑՈՒՅՑ ՏՈՒՐ, ՈՐ ՈՒԶՈՒՄ ԵՍ ԵՀՈՎԱՅԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԻ ՄԱՍԸ ԼԻՆԵԼ

13. Ի՞նչ կարող ենք անել, որ դառնանք Եհովայի ընտանիքի մի մասը (Մարկոս 12։30

13 Ցույց տուր քո սերը Եհովայի հանդեպ՝ ծառայելով նրան ամբողջ սրտով (կարդա Մարկոս 12։30Աստծու տված մեծագույն պարգևներից մեկը նրան պաշտելու ունակությունն է։ Մենք ցույց կտանք, որ սիրում ենք Եհովային, եթե պահենք «նրա պատվիրանները» (1 Հովհ. 5։3)։ Արտահայտելով իր Հոր կամքը՝ Հիսուսը պատվիրեց աշակերտներ պատրաստել ու մկրտել նրանց (Մատթ. 28։19)։ Նա նաև պատվիրեց մեզ սիրել իրար (Հովհ. 13։35)։ Եհովան իրեն պաշտողների համաշխարհային ընտանիքի մի մասը կդարձնի բոլոր նրանց, ովքեր կհնազանդվեն իր պատվերներին (Սաղ. 15։1, 2

14. Ինչպե՞ս կարող ենք սեր դրսևորել ուրիշների հանդեպ (Մատթեոս 9։36–38; Հռոմեացիներ 12։10

14 Սեր դրսևորիր ուրիշների հանդեպ։ Սերը Եհովայի գլխավոր հատկությունն է (1 Հովհ. 4։8)։ Նա սեր է դրսևորել մեր հանդեպ, նույնիսկ երբ դեռ չէինք ճանաչում իրեն (1 Հովհ. 4։9, 10)։ Մենք ընդօրինակում ենք Եհովային, երբ սեր ենք ցուցաբերում ուրիշների հանդեպ (Եփես. 5։1)։ Դա անելու լավագույն կերպերից մեկը մարդկանց Եհովայի մասին սովորեցնելն է, քանի դեռ ժամանակ կա (կարդա Մատթեոս 9։36–38)։ Այդպիսով մենք հնարավորություն ենք տալիս նրանց, որ Եհովայի ընտանիքի մի մասը լինելու հեռանկար ունենան։ Եվ երբ նրանք մկրտվում ու դառնում են մեր հավատակիցները, մենք պետք է շարունակենք սիրել ու հարգել նրանց (1 Հովհ. 4։20, 21)։ Մենք դա կարող ենք անել, օրինակ, եթե միշտ լավը մտածենք նրանց մասին և վատ կամ եսասիրական մղումներ չվերագրենք նրանց, անգամ երբ չենք հասկանում, թե ինչու են անում այս կամ այն բանը։ Փոխարենը՝ պետք է պատվենք մեր հավատակիցներին՝ նրանց մեզանից վեր դասելով (կարդա Հռոմեացիներ 12։10; Փիլիպ. 2։3

15. Ո՞ւմ հանդեպ պետք է ողորմած ու բարի լինենք։

15 Ողորմած և բարի եղիր բոլորի հանդեպ։ Եթե ուզում ենք հավիտյան կոչվել Եհովայի զավակները, պետք է կիրառենք այն, ինչ գրված է նրա Խոսքում։ Օրինակ՝ Հիսուսը սովորեցրեց, որ պետք է ողորմած ու բարի լինենք բոլորի հանդեպ, անգամ մեր թշնամիների (Ղուկ. 6։32–36)։ Երբեմն այդպես վարվելը կարող է դժվար լինել, ուստի պետք է սովորենք մտածել և գործել ինչպես Հիսուսը։ Եթե ամեն կերպ ձգտենք հնազանդվել Եհովային և ընդօրինակել Հիսուսին, ցույց կտանք մեր երկնային Հորը, որ ուզում ենք հավիտյան լինել իր ընտանիքի մի մասը։

16. Ինչպե՞ս կարող ենք բարձր պահել Եհովայի ընտանիքի պատիվը։

16 Բարձր պահենք Եհովայի ընտանիքի պատիվը։ Ընտանիքում սովորաբար փոքր եղբայրը ընդօրինակում է մեծ եղբորը։ Եթե մեծ եղբայրը կիրառի աստվածաշնչյան սկզբունքները, լավ օրինակ կթողնի փոքր եղբորը։ Բայց եթե նա սխալ ուղի ընտրի, փոքր եղբայրը հավանաբար կհետևի նրա վատ օրինակին։ Նույնն է պարագան Եհովայի ընտանիքի դեպքում։ Եթե քրիստոնյան հավատուրացական գաղափարներ որդեգրի, անբարո կամ այլ վատ գործեր անի, մյուսները գուցե հետևեն նրա վատ օրինակին։ Այդպես վարվողները գցում են Եհովայի ընտանիքի պատիվը (1 Թեսաղ. 4։3–8)։ Մենք չպետք է հետևենք վատ օրինակների և չպետք է թույլ տանք, որ որևէ բան հեռացնի մեզ մեր սիրառատ երկնային Հորից։

17. Ինչպիսի՞ մտածելակերպից պետք է հեռու մնանք և ինչո՞ւ։

17 Հույսդ Եհովայի վրա դիր, ոչ թե նյութական բաների։ Եհովան խոստացել է, որ եթե Թագավորությունը առաջին տեղում դնենք և ապրենք նրա արդար չափանիշներով, նա մեզ կապահովի ուտելիքով, հագուստով և կացարանով (Սաղ. 55։22; Մատթ. 6։33)։ Դա ի մտի ունենալով՝ պետք է մերժենք այն մտածելակերպը, թե այս աշխարհի առաջարկած նյութական բաները մեզ անվտանգություն և հարատև երջանկություն կտան։ Մենք գիտենք, որ մտքի խաղաղություն ձեռք կբերենք միայն այն դեպքում, եթե կատարենք Եհովայի կամքը (Փիլիպ. 4։6, 7)։ Նույնիսկ եթե շատ իրեր ձեռք բերելու հնարավորություն ունենք, լավ կլինի՝ մտածենք, թե արդյոք բավականաչափ ժամանակ և ուժ կունենանք դրանք օգտագործելու և դրանց մասին հոգ տանելու համար։ Արդյո՞ք մեր սիրտը չի կապվի մեր ունեցվածքի հետ։ Մենք պետք է հիշենք, որ կարևոր դեր ունենք Եհովայի ընտանիքում։ Ուստի չպետք է շեղվենք մեզ հանձնարարված գործից։ Անշուշտ, մենք չենք ցանկանա նմանվել այն երիտասարդին, ով հրաժարվեց Եհովային ծառայելու հնարավորությունից և կորցրեց նրա զավակներից մեկը դառնալու հեռանկարը։ Այդ թանկ առանձնաշնորհումը նա կորցրեց, քանի որ նրա սիրտը կապվել էր իր փուչ ունեցվածքի հետ (Մարկ. 10։17–22

ԵՀՈՎԱՅԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՎԱՅԵԼԵԼՈՒ ՀԱՎԻՏՅԱՆ

18. Ի՞նչ մեծ պատվի կարժանանան հնազանդ մարդիկ և ի՞նչ օրհնություններ կվայելեն հավիտյան։

18 Հնազանդ մարդկությունը պատիվ կունենա սիրելու և պաշտելու Եհովային հավիտյան։ Դա մեծագույն առանձնաշնորհումն է, որ մարդը երբևէ կարող է ունենալ։ Բացի այդ՝ մարդիկ մեծ ուրախություն կստանան՝ հոգ տանելով մեր գեղեցիկ Երկիր մոլորակի մասին, որը Եհովան ստեղծել է որպես իդեալական տուն նրանց համար։ Շուտով Աստծու Թագավորությունը երկրի վրա կվերականգնի կատարյալ կյանքն ու դրախտային պայմանները։ Մոտ ապագայում այդ Թագավորության Թագավորը՝ Հիսուսը, կվերացնի բոլոր այն խնդիրները, որոնք առաջացել են Ադամի ու Եվայի անհնազանդության հետևանքով։ Եհովան կյանքի կվերադարձնի միլիոնավոր մարդկանց և հնարավորություն կտա նրանց ապրելու հավիտենական կյանքով։ Նրանք կունենան կատարյալ առողջություն և կապրեն դրախտ-երկրի վրա (Ղուկ. 23։42, 43)։ Երբ Եհովայի ընտանիքի երկրային մասը հասնի կատարելության, նրանցից յուրաքանչյուրը կարտացոլի այն «փառքն ու շքեղությունը», որի մասին խոսեց Դավիթը (Սաղ. 8։5

19. Ի՞նչ պետք է հիշենք։

19 Լինելով մեծ բազմության անդամ՝ քեզ հրաշալի ապագա է սպասում։ Աստված սիրում է քեզ և ուզում է, որ դառնաս իր ընտանիքի մի մասը։ Ուստի ամեն ինչ արա, որ հաճեցնես նրան։ Ամեն մի օրդ ապրիր՝ քո մտքում ու սրտում վառ պահելով Աստծու խոստումները։ Գնահատիր մեր երկնային Հորը պաշտելու առանձնաշնորհումը և թանկ համարիր նրան հավիտյան փառաբանելու հեռանկարը։

ԵՐԳ 107 Աստվածային սիրո օրինակը

^ պարբ. 5 Երջանիկ ընտանիքում յուրաքանչյուրը գիտի իր դերը և համագործակցում է ընտանիքի մյուս անդամների հետ։ Հայրը սիրով առաջնորդություն է վերցնում, մայրը աջակցում է նրան, իսկ երեխաները հնազանդվում են ծնողներին։ Նույնը կարելի է ասել Եհովայի ընտանիքի մասին։ Աստված մեզ հետ կապված նպատակ ունի, և եթե ապրենք այդ նպատակի համաձայն, հավիտյան նրա ընտանիքի մի մասը կլինենք։

^ պարբ. 55 ՆԿԱՐ։ Ամուսինները, ստեղծված լինելով Աստծու պատկերով, սեր ու կարեկցանք են դրսևորում միմյանց, ինչպես նաև իրենց որդիների հանդեպ։ Նրանք սիրում են Եհովային և ցույց են տալիս, որ բարձր են գնահատում երեխաներ ունենալու պարգևը՝ կրթելով իրենց զավակներին այնպես, որ սիրեն ու ծառայեն Աստծուն։ Ծնողները տեսանյութի միջոցով բացատրում են երեխաներին, թե ինչու է Եհովան Հիսուսի կյանքը տվել որպես փրկագին։ Նրանք նաև սովորեցնում են, որ դրախտում հավիտյան հոգ են տանելու երկրագնդի և կենդանիների մասին։