Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 34

«Ճաշակիր» Եհովայի բարությունը. ինչպե՞ս

«Ճաշակիր» Եհովայի բարությունը. ինչպե՞ս

«Ճաշակե՛ք և տեսե՛ք, որ Եհովան բարի է, երջանիկ է այն մարդը, ով նրա մոտ է ապաստան գտնում» (ՍԱՂ. 34։8

ԵՐԳ 117 Առաքինի լինենք

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1–2. Ըստ Սաղմոս 34։8-ի՝ ինչպե՞ս կարող ենք իմանալ, որ Եհովան բարի է։

ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ՝ քեզ առաջարկում են մի ուտեստ, որը նախկինում երբեք չես փորձել։ Դու կարող ես որոշակի պատկերացում կազմել այդ ուտեստի մասին՝ նայելով դրան, զգալով դրա բույրը, ծանոթանալով բաղադրատոմսին, ինչպես նաև ուրիշներից կարծիք հարցնելով։ Այնուամենայնիվ, որպեսզի պարզես այն քեզ դուր է գալիս, թե ոչ, պետք է անձամբ փորձես։

2 Մենք կարող ենք Եհովայի բարության մասին որոշակի պատկերացում կազմել՝ կարդալով Աստվածաշունչը, մեր հրատարակությունները, ինչպես նաև լսելով, թե ինչ են պատմում մեր հավատակիցները իրենց ստացած օրհնությունների մասին։ Սակայն լիարժեք պատկերացում կազմելու համար պետք է ինքներս «ճաշակենք» այն (կարդա Սաղմոս 34։8)։ Օրինակով տեսնենք, թե ինչպես կարող ենք անել դա։ Ենթադրենք՝ ցանկանում ենք լիաժամ ծառայություն սկսել և որպեսզի հասնենք այդ նպատակին, պետք է պարզեցնենք մեր կյանքը։ Գուցե հաճախ ենք կարդացել Հիսուսի այն խոստման մասին, որ եթե Թագավորության շահերը առաջին տեղում դնենք, Եհովան կապահովի մեզ այն ամենով, ինչի կարիքը իսկապես ունենք, սակայն անձամբ հնարավորություն չենք ունեցել զգալու այդ խոսքերի ճշմարտացիությունը (Մատթ. 6։33)։ Այդուհանդերձ, հավատալով Հիսուսի խոստմանը՝ մենք նվազեցնում ենք մեր ծախսերը, ավելի քիչ ժամանակ ենք տրամադրում աշխատանքին ու կենտրոնանում ենք մեր ծառայության վրա։ Եվ երբ այդպես ենք վարվում, տեսնում ենք, որ Եհովան իսկապես հոգ է տանում մեր կարիքների մասին։ Այդպիսով մենք անձամբ ենք «ճաշակում» Եհովայի բարությունը։

3. Սաղմոս 31։19-ի համաձայն՝ ովքե՞ր են արժանանում Եհովայի բարությանը։

3 «Եհովան բարի է ամենքի հանդեպ», նույնիսկ նրանց, ովքեր չեն ճանաչում իրեն (Սաղ. 145։9; Մատթ. 5։45)։ Բայց առատապես օրհնվում են հատկապես նրանք, ովքեր սիրում են Եհովային և ծառայում են նրան ամբողջ հոգով (կարդա Սաղմոս 31։19)։ Այժմ տեսնենք, թե ինչպես է Եհովան բարություն դրսևորել մեր հանդեպ։

4. Ինչպե՞ս է Եհովան բարություն դրսևորում նրանց հանդեպ, ովքեր սկսում են մտերմանալ իր հետ։

4 Ամեն անգամ, երբ կիրառում ենք այն, ինչ Եհովան սովորեցնում է մեզ, մեծ օգուտներ ենք քաղում։ Օրինակ, երբ ավելի շատ բան իմացանք Աստծու մասին և սկսեցինք սիրել նրան, նա օգնեց մեզ, որ ձերբազատվենք այնպիսի մտածելակերպից ու սովորություններից, որոնք հեռացնում էին մեզ նրանից (Կող. 1։21)։ Եվ երբ նվիրվեցինք Եհովային ու մկրտվեցինք, ավելի շատ զգացինք նրա բարությունը, քանի որ նա մեզ տվեց մաքուր խիղճ և մտերմացավ մեզ հետ (1 Պետ. 3։21

5. Ինչպե՞ս ենք մեր ծառայության ժամանակ տեսնում, որ Եհովան բարի է։

5 Մենք տեսնում ենք Եհովայի բարությունը նաև այն ժամանակ, երբ մասնակցում ենք ծառայությանը։ Ամաչկո՞տ ես։ Եհովայի ծառաներից շատերն են ամաչկոտ։ Թերևս նախքան Վկա դառնալը դու չէիր էլ կարող պատկերացնել, որ մի օր կթակես անծանոթ մարդկանց դռները և կխոսես նրանց հետ Աստվածաշնչի մասին։ Բայց այսօր կանոնավորաբար անում ես դա։ Դեռ ավելին, Եհովայի օգնությամբ նույնիսկ հաճույք ես ստանում քարոզչական գործից։ Դու զգացել ես Եհովայի աջակցությունը բազմաթիվ այլ կերպերով ևս։ Նա օգնել է, որ հակառակության բախվելիս հանգստություն պահպանես։ Օգնել է, որ աստվածաշնչյան ճիշտ համար կարդաս այն բնակչի համար, ով հետաքրքրություն է ցուցաբերել։ Նաև ուժ է տվել, որ շարունակես քարոզել՝ չնայած մարդկանց անտարբերությանը (Երեմ. 20։7–9

6. Ինչպե՞ս է Եհովայի տված կրթությունը փաստում, որ նա բարի է։

6 Եհովան նաև բարություն է դրսևորում մեր հանդեպ, երբ սովորեցնում է մեզ քարոզել (Հովհ. 6։45)։ Մեր միջշաբաթյա հանդիպմանը մենք քննարկում ենք լավ պատրաստված զրույցի օրինակներ, որոնք կարող ենք օգտագործել ծառայության ժամանակ։ Սկզբում գուցե կաշկանդվենք նոր բան փորձելուց, բայց երբ փորձում ենք, տեսնում ենք, որ նոր մեթոդը արդյունավետ է մեր տարածքում։ Բացի այդ՝ ժողովների և համաժողովների ժամանակ մեզ հորդորում են մասնակցել ծառայության այնպիսի ձևերի, որոնք նախկինում գուցե երբեք չենք փորձել։ Ծառայության նոր ձև փորձելիս թերևս նույնպես լարվենք, բայց այդպես վարվելով՝ Եհովային մեզ օրհնելու առիթ կտանք։ Եկեք այժմ քննենք այն օրհնություններից մի քանիսը, որոնք ստանում ենք, երբ, չնայած մեր հանգամանքներին, Եհովային լավագույնը տալու նոր կերպեր ենք փնտրում։ Այնուհետև կտեսնենք, թե ինչպես կարող ենք ընդլայնել մեր ծառայությունը։

ԵՀՈՎԱՆ ՕՐՀՆՈՒՄ Է ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ՎՍՏԱՀՈՒՄ ԵՆ ԻՐԵՆ

7. Ի՞նչ օրհնություններ ենք ստանում, երբ ձգտում ենք ընդլայնել մեր ծառայությունը։

7 Ավելի ենք մտերմանում Եհովայի հետ։ Քննենք Սեմյուելի * օրինակը։ Նա երեց է և իր կնոջ հետ ծառայում է Կոլումբիայում։ Նրանք ռահվիրայություն էին անում, բայց ցանկանում էին ընդլայնել իրենց ծառայությունը՝ տեղափոխվելով մի ժողով, որտեղ քարոզիչների ավելի մեծ կարիք կար։ Այդ նպատակին հասնելու համար նրանք պետք է որոշ զոհողություններ անեին։ Սեմյուելն ասում է. «Մենք կիրառեցինք Մատթեոս 6։33-ի խորհուրդը և սկսեցինք անտեղի ծախսեր չանել։ Բայց ամենից դժվարը մեր բնակարանը թողնելն էր։ Այն հենց մեր ուզածով էր կառուցված, և դրա հետ կապված մենք որևէ ֆինանսական պարտավորություն չունեինք»։ Նոր նշանակման մեջ նրանք պարզեցին, որ կարող են ապրել իրենց նախկին եկամտի ընդամենը մեկ վեցերորդ մասով։ Սեմյուելը շարունակում է. «Մենք տեսանք, թե ինչպես է Եհովան առաջնորդում մեր քայլերը և պատասխանում մեր աղոթքներին։ Մենք առավել քան երբևէ զգում ենք Եհովայի հավանությունն ու սերը»։ Կարո՞ղ ես ինչ-որ ձևով ընդլայնել ծառայությունդ։ Համոզված եղիր, որ եթե այդպես վարվես, ավելի կմտերմանաս Եհովայի հետ, և նա հոգ կտանի քո մասին (Սաղ. 18։25

8. Ի՞նչ ես սովորում Իվանի և Վիկտորիայի խոսքերից։

8 Ուրախություն ենք գտնում ծառայության մեջ։ Տեսնենք, թե ինչ են ասում Իվանն ու Վիկտորիան, ովքեր ռահվիրա են ծառայում Ղրղզստանում։ Նրանք պարզ կյանքով էին ապրում, որպեսզի կարողանային կատարել ցանկացած հանձնարարություն, օրինակ՝ մասնակցեին շինարարական նախագծերի։ Իվանն ասում է. «Ցանկացած նախագծի վրա աշխատելիս մեր լավագույնն էինք անում։ Թեև օրվա վերջում հոգնած էինք լինում, բայց ներքին խաղաղություն ու բավարարվածության զգացում էինք ունենում, քանի որ գիտեինք, որ մեր ուժերը ներդրել ենք Թագավորության գործում։ Մենք շատ ուրախ ենք, քանի որ ձեռք ենք բերել շատ ընկերներ և ունենք հաճելի հիշողություններ» (Մարկ. 10։29, 30

9. Ի՞նչ արեց մի քույր, որ ընդլայնի իր ծառայությունը, և ի՞նչ եղավ արդյունքում։

9 Մենք ուրախություն ենք ստանում Եհովային ծառայելուց, նույնիսկ երբ դժվար հանգամանքներ ենք ունենում։ Քննենք Միրա անունով մի տարեց այրի քրոջ օրինակը, ով ապրում է Արևմտյան Աֆրիկայում։ Նա բժիշկ էր և երբ թոշակի անցավ, ռահվիրայություն սկսեց։ Միրան արագ զարգացող հոդաբորբ ունի և ի վիճակի չէ մեկ ժամից ավել տնետուն քարոզել։ Բայց նա կարողանում է ավելի շատ ժամանակ անցկացնել հրապարակային ծառայության մեջ։ Այժմ նա շատ վերայցելություններ ունի և Աստվածաշնչի մի շարք ուսումնասիրություններ է անցկացնում։ Այդ մարդկանցից մի քանիսի հետ նա կապ է պահում հեռախոսով։ Իսկ ի՞նչը մղեց Միրային ավելին անելու։ Նա ասում է. «Իմ սիրտը լի է Եհովայի և Հիսուս Քրիստոսի հանդեպ սիրով։ Հաճախակի աղոթում եմ Եհովային, որ օգնի ինձ՝ իրեն ծառայելու համար իմ լավագույնն անեմ» (Մատթ. 22։36, 37

10. Ինչպես երևում է 1 Պետրոս 5։10-ից, Եհովան ի՞նչ է տալիս նրանց, ովքեր ձգտում են ավելին անել իր համար։

10 Մենք հավելյալ կրթություն ենք ստանում Եհովայից։ Քննենք Քենի օրինակը, ով ռահվիրա է ծառայում Մավրիկիոսում։ Ճշմարտությունն իմանալուց հետո նա թողեց համալսարանը, մկրտվեց և լիաժամ ծառայություն սկսեց։ Քենն ասում է. «Ես փորձում եմ ապրել Եսայիա մարգարեի խոսքերի համաձայն, ով ասաց. «Ահա՛ ես, ի՛նձ ուղարկիր»» (Ես. 6։8)։ Քենը մասնակցել է բազմաթիվ շինարարական նախագծերի և աջակցել է մեր հրատարակությունները իր մայրենի լեզվով թարգմանելու գործին։ Նա ասում է. «Ես համապատասխան մարզում ստացա և ձեռք բերեցի անհրաժեշտ հմտություններ, որ կարողանամ կատարել իմ հանձնարարությունները»։ Սակայն Քենը գիտելիքներից ավելին ձեռք բերեց։ Նա շարունակում է. «Ես հասկացա, թե ինչեր չեմ կարողանում անել, և թե որ հատկությունների վրա պետք է աշխատեմ, որպեսզի ավելի պիտանի լինեմ Եհովայի համար» (կարդա 1 Պետրոս 5։10)։ Իսկ դու կարո՞ղ ես քո կյանքում փոփոխություններ անել, որպեսզի հավելյալ մարզում ստանաս Եհովայից։

Ամուսինները քարոզում են մի տարածքում, որտեղ քարոզիչների ավելի մեծ կարիք կա։ Երիտասարդ քույրը մասնակցում է Թագավորության սրահի շինարարությանը։ Տարեց ամուսինները հեռախոսով վկայություն են տալիս։ Նրանք բոլորը մեծ ուրախություն են ստանում իրենց ծառայությունից (տես պարբերություն 11)

11. Ի՞նչ արեցին Հարավային Կորեայում ապրող երեք քույրեր, որպեսզի մասնակցեն ծառայությանը, և ի՞նչ եղավ արդյունքում (տես ամսագրի շապիկի նկարը)։

11 Ծառայության նոր ձևերի մասնակցելու համար անգամ փորձառու Վկաները մարզում ստանալու կարիք ունեն։ COVID-19 համավարակի ընթացքում իրականացվող քարոզչական գործի վերաբերյալ Հարավային Կորեայում ժողովներից մեկի երեցները հետևյալն են ասում. «Ոմանք, ովքեր կարծում էին, թե առողջական խնդիրների պատճառով չեն կարողանա մասնակցել ծառայությանը, այժմ դա անում են տեսակապի միջոցով։ Ութսունն անց երեք քույրեր սովորել են օգտվել ժամանակակից էլեկտրոնային սարքերից և սկսել են գրեթե ամեն օր դրանց միջոցով մասնակցել ծառայությանը» (Սաղ. 92։14, 15)։ Կարո՞ղ ես դու էլ ընդլայնել ծառայությունդ և ավելի շատ զգալ Եհովայի բարությունը։ Եկեք տեսնենք, թե ինչը կարող է օգնել մեզ հասնելու այդ նպատակին։

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՍ ԸՆԴԼԱՅՆԵԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԴ

12. Ի՞նչ է խոստանում Եհովան նրանց, ովքեր վստահում են իրեն։

12 Սովորիր վստահել Եհովային։ Նա խոստանում է, որ առատորեն կօրհնի քեզ, եթե վստահես իրեն և քո լավագույնն անես իր համար (Մաղ. 3։10)։ Ֆաբիոլա անունով մի քույր, ով ապրում է Կոլումբիայում, իր փորձով համոզվեց դրանում։ Մկրտվելուց հետո նա որոշեց ռահվիրայություն սկսել։ Սակայն Ֆաբիոլան պետք է աշխատեր, որ ֆինանսապես աջակցեր իր ամուսնուն, որպեսզի կարողանային հոգ տանել իրենց երեք երեխաների մասին։ Ուստի երբ նա թոշակի պետք է անցներ, օգնության համար ջերմեռանդորեն աղոթեց Եհովային։ Ֆաբիոլան պատմում է. «Սովորաբար կենսաթոշակի անցնելու գործընթացը երկար ժամանակ է պահանջում, բայց իմ պարագայում այն ընդամենը մեկ ամիս տևեց։ Դա ուղղակի հրաշք էր»։ Երկու ամիս անց Ֆաբիոլան ռահվիրայություն սկսեց։ Այժմ նա յոթանասունն անց է և ավելի քան քսան տարի է, ինչ ռահվիրա է ծառայում։ Այդ ընթացքում նա օգնել է ութ հոգու հասնել մկրտության։ Ֆաբիոլան ասում է. «Ճիշտ է, երբեմն ինձ թույլ եմ զգում, բայց Եհովան ամեն օր օգնում է ինձ, որ հետ չընկնեմ գրաֆիկիցս»։

Աբրահամն ու Սառան, Հակոբը և այն քահանաները, ովքեր անցան Հորդանան գետը, ինչպե՞ս ցույց տվեցին, որ վստահում են Եհովային (տես պարբերություն 13)

13–14. Ո՞ր օրինակները կարող են օգնել մեզ վստահել Եհովային և ընդլայնել մեր ծառայությունը։

13 Սովորիր նրանցից, ովքեր վստահել են Եհովային։ Աստվածաշնչում բազմաթիվ մարդկանց օրինակներ կան, ովքեր իրենց չեն խնայել Եհովային ծառայելու համար։ Շատ դեպքերում այդ հավատարիմ մարդիկ հատուկ օրհնություններ են ստացել միայն այն բանից հետո, երբ ցույց են տվել, որ վստահում են Եհովային։ Օրինակ՝ Աբրահամը օրհնվեց միայն այն բանից հետո, երբ թողեց իր հայրենի տունը, «թեև չգիտեր, թե ուր է գնում» (Եբր. 11։8)։ Նմանապես Հակոբը հատուկ օրհնություն ստացավ միայն այն բանից հետո, երբ գոտեմարտեց հրեշտակի հետ (Ծննդ. 32։24–30)։ Իսկ Իսրայել ազգը, որ Ավետյաց երկրի շեմին էր, կարողացավ անցնել Հորդանան գետը միայն այն բանից հետո, երբ քահանաները ոտք դրեցին վարարած ջրերի մեջ (Հեսու 3։14–16

14 Դու կարող ես օգուտներ քաղել նաև մերօրյա աստվածավախ մարդկանց օրինակներից, ովքեր վստահել են Եհովային և ընդլայնել իրենց ծառայությունը։ Քննենք Փեյթոնի ու նրա կնոջ՝ Դայանայի օրինակը։ Նրանք սիրում էին կարդալ հոդվածներ այն եղբայրների ու քույրերի մասին, ովքեր ընդլայնել են իրենց ծառայությունը։ Այդպիսի հոդվածներ կարելի է գտնել, օրինակ, «Անձնվիրաբար ծառայողների կյանքից» հոդվածաշարում։ * Փեյթոնն ասում է. «Երբ կարդում էինք նրանց մասին, մեզ թվում էր, թե նայում ենք՝ ինչպես են նրանք մի համեղ ուտեստ վայելում։ Որքան երկար էինք նայում, այնքան ավելի շատ էինք ուզում «ճաշակել և տեսնել, որ Եհովան բարի է»»։ Ի վերջո Փեյթոնն ու Դայանան տեղափոխվեցին ծառայելու այնտեղ, որտեղ քարոզիչների ավելի մեծ կարիք կար։ Դիտե՞լ ես «Բարի լուրը հասնում է հեռավոր տարածքներ. Ավստրալիա» և «Վկայություն Իռլանդիայի մի հեռավոր բնակավայրում» (անգլ., ռուս.) տեսանյութերը, որոնք առկա են jw.org կայքում։ Այս նյութերը կօգնեն քեզ ծառայությունդ ընդլայնելու կերպեր փնտրել։

15. Ինչպե՞ս կարող է լավ ընկերակցությունն օգնել մեզ։

15 Ընկերակցիր նրանց հետ, ովքեր կմղեն քեզ ավելին անել Եհովայի համար։ Մենք ավելի հակված ենք լինում փորձելու նոր ուտեստ, երբ շփվում ենք նրանց հետ, ովքեր սիրում են այն։ Նմանապես, երբ ընկերակցում ենք նրանց հետ, ովքեր Եհովային ծառայելը իրենց կյանքում առաջին տեղում են դնում, ավելի հավանական է, որ կձգտենք ընդլայնել մեր ծառայությունը։ Քենթն ու Վերոնիկան համաձայն են այս մտքի հետ։ Քենթն ասում է. «Մեր հարազատներն ու ընկերները հորդորում էին մեզ ծառայության նոր ձևեր փորձել։ Մենք համոզվեցինք, որ ընկերակցելով նրանց հետ, ովքեր Թագավորությունն առաջին տեղում են դնում՝ ավելի վճռական ենք լինում նոր բան փորձելու»։ Այս ամուսնական զույգը այժմ հատուկ ռահվիրա է ծառայում Սերբիայում։

16. Ինչպես երևում է Հիսուսի առակից՝ գրված Ղուկաս 12։16–21-ում, ինչո՞ւ պետք է պատրաստ լինենք զոհողություններ անելու։

16 Զոհողություններ արա հանուն Եհովայի։ Եհովային հաճեցնելու համար կարիք չկա հրաժարվելու կյանքի բոլոր հարմարություններից (Ժող. 5։19, 20)։ Բայց եթե վարանում ենք ավելին անել ծառայության մեջ, որովհետև չենք ցանկանում զոհողություններ անել, նմանվում ենք Հիսուսի պատմած առակի այն մարդուն, ով իր համար հարմարավետ պայմաններ էր ստեղծել, բայց հաշվի չէր առել Աստծուն (կարդա Ղուկաս 12։16–21)։ Քրիստիան անունով մի եղբայր, ով ապրում է Ֆրանսիայում, ասում է. «Ես լավագույնս չէի օգտագործում իմ ժամանակն ու ուժերը Եհովայի և ընտանիքիս համար»։ Նա և իր կինը որոշեցին ռահվիրայություն սկսել, բայց այդ նպատակին հասնելու համար նրանք պետք է թողնեին իրենց աշխատանքը։ Ամուսինները սկսեցին մաքրության գործ անել, որպեսզի հոգային իրենց կարիքները, և սովորեցին բավարարվել քչով։ Արժե՞ր նման զոհողության գնալ։ Քրիստիանն ասում է. «Այժմ ավելի մեծ բավականություն ենք ստանում ծառայությունից և ուրախանում ենք՝ տեսնելով, թե ինչպես են մեր վերայցելություններն ու Աստվածաշունչ ուսումնասիրողները սովորում Եհովայի մասին»։

17. Ինչո՞ւ գուցե վարանենք ծառայության նոր ձևեր փորձել։

17 Մի՛ վարանիր ծառայության նոր ձևեր փորձել (Գործ. 17։16, 17; 20։20, 21)։ Շերլի անունով մի ռահվիրա քույր, ով ապրում է Միացյալ Նահանգներում, COVID-19 համավարակի ընթացքում պետք է հարմարվեր ծառայության նոր ձևի։ Սկզբում նա վարանում էր հեռախոսով վկայություն տալ, բայց երբ շրջանային վերակացուի այցելության ժամանակ մարզում ստացավ, սկսեց կանոնավորաբար մասնակցել ծառայության այդ ձևին։ Շերլին ասում է. «Սկզբում վախենում էի, բայց այժմ վայելում եմ ծառայությունս։ Այսպես ավելի շատ մարդկանց հետ ենք կարողանում զրուցել, քան տնետուն քարոզելիս»։

18. Ի՞նչը կարող է օգնել մեզ, երբ ծառայությունն ընդլայնելու ճանապարհին բախվում ենք խոչընդոտների։

18 Գործողությունների պլան կազմիր և գործի անցիր։ Երբ ծառայությունն ընդլայնելու ճանապարհին խոչընդոտների ենք բախվում, մենք պետք է աղոթենք և մտածենք, թե ինչ քայլեր կարելի է ձեռնարկել դրանք հաղթահարելու համար (Առակ. 3։21)։ Սոնյա անունով մի ռահվիրա, ով ապրում է Եվրոպայում և ծառայում է գնչուախոս խմբում, ասում է. «Սիրում եմ պլաններս գրի առնել և մի տեսանելի տեղում դնել։ Բացի այդ՝ սեղանիս վրա մի նկար ունեմ, որի վրա պատկերված է ճամփաբաժան։ Երբ պետք է որոշում կայացնեմ, նայում եմ այդ ճամփաբաժանին և մտածում, թե որոշումս ինձ որ ուղղությամբ կտանի»։ Սոնյան փորձում է դրական տեսանկյունից նայել իր դժվարություններին։ Նա ասում է. «Ցանկացած նոր հանգամանք կարող է լինել կա՛մ պատ, որը խոչընդոտ կհանդիսանա ինձ համար, կա՛մ կամուրջ, որը կօգնի ինձ հասնել նպատակիս։ Ամեն ինչ կախված է իմ վերաբերմունքից»։

19. Ի՞նչ պետք է վճռենք անել։

19 Եհովան մեզ օրհնում է բազում կերպերով։ Այդ օրհնությունների համար մեր գնահատանքը ցույց կտանք, եթե ամեն բան անենք, որ փառք բերենք նրան (Եբր. 13։15)։ Իսկ դրա համար կարող ենք ծառայությունն ընդլայնելու նոր կերպեր փնտրել, ինչը հնարավորություն կտա Եհովային ավելի շատ օրհնելու մեզ։ Եկ ամեն օր առիթներ փնտրենք «ճաշակելու և տեսնելու, որ Եհովան բարի է»։ Այդ դեպքում Հիսուսի պես մենք էլ կկարողանանք ասել. «Իմ կերակուրն այն է, որ ինձ ուղարկողի կամքը կատարեմ և նրա գործն ավարտեմ» (Հովհ. 4։34

ԵՐԳ 80 «Ճաշակե՛ք և տեսե՛ք, որ Եհովան բարի է»

^ պարբ. 5 Եհովան բարության Աղբյուրն է։ Նա բարիքներ է տալիս բոլորին, նույնիսկ չար մարդկանց։ Սակայն նա սիրում է բարություն դրսևորել հատկապես իր հավատարիմ ծառաների հանդեպ։ Այս հոդվածում կքննենք, թե ինչպես է Եհովան բարություն դրսևորում իր ծառաների հանդեպ։ Նաև կտեսնենք, թե ինչպես է նա յուրահատուկ կերպով բարություն դրսևորում նրանց հանդեպ, ովքեր ընդլայնում են իրենց ծառայությունը։

^ պարբ. 7 Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։

^ պարբ. 14 Այս հոդվածաշարը, որը նախկինում հրատարակվում էր «Դիտարան» ամսագրում, այժմ առկա է jw.org կայքում (ՄԵՐ ՄԱՍԻՆ > ԴԵՊՔԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ > ՀԱՍՆՈՒՄ ԵՆ ՀՈԳԵՎՈՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ