Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 33

Եհովան աչքը իր ժողովրդի վրա է պահում

Եհովան աչքը իր ժողովրդի վրա է պահում

«Եհովայի աչքը իրենից վախեցողների վրա է» (ՍԱՂ. 33։18

ԵՐԳ 4 «Եհովան իմ Հովիվն է»

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Ինչո՞ւ Հիսուսը խնդրեց Եհովային, որ պահպանի իր հետևորդներին։

 ԻՐ ՄԱՀՎԱՆԸ նախորդող գիշերը Հիսուսը մի հատուկ խնդրանքով դիմեց իր երկնային Հորը։ Նա խնդրեց, որ Եհովան «պահպանի» իր հետևորդներին (Հովհ. 17։15, 20)։ Ինչ խոսք, Եհովան միշտ էլ պաշտպանել է իր ծառաներին և հոգ է տարել նրանց մասին։ Սակայն Հիսուսը գիտեր, որ Սատանան կատաղի կերպով հալածելու էր իր հետևորդներին, և որ նրանք Եհովայի օգնության կարիքն էին ունենալու Սատանայի նենգ հարձակումներին դիմադրելու համար։

2. Սաղմոս 33։18-20 համարների համաձայն՝ դժվարությունների բախվելիս ինչո՞ւ չպետք է վախենանք։

2 Այսօր Սատանայի աշխարհը մեծ ճնշում է բանեցնում ճշմարիտ քրիստոնյաների վրա։ Մեր կյանքում այնպիսի դժվարություններ են լինում, որոնք կարող են վհատեցնել մեզ և նույնիսկ փորձել Եհովայի հանդեպ մեր նվիրվածությունը։ Բայց ինչպես կտեսնենք, մենք վախենալու պատճառ չունենք։ Եհովան իր աչքը մեզ վրա է պահում. նա տեսնում է, թե ինչ դժվարությունների ենք բախվում և միշտ պատրաստ է օգնելու։ Քննենք աստվածաշնչյան երկու օրինակ, որոնք ցույց են տալիս, որ «Եհովայի աչքը իրենից վախեցողների վրա է» (կարդա Սաղմոս 33։18-20

ԵՐԲ ՄԵԶ ՄԻԱՅՆԱԿ ԵՆՔ ԶԳՈՒՄ

3. Ե՞րբ գուցե մեզ միայնակ զգանք։

3 Մենք մի մեծ հոգևոր ընտանիքի մաս ենք կազմում, բայց երբեմն գուցե մեզ միայնակ զգանք։ Օրինակ՝ հնարավոր է՝ երիտասարդները իրենց միայնակ զգան, երբ տեղափոխվում են նոր ժողով կամ երբ համադասարանցիների առաջ խոսում են իրենց հավատալիքների մասին։ Մեզանից ոմանք էլ գուցե համակվեն տխրությամբ կամ պայքարեն բացասական զգացումների դեմ և մտածեն, որ այդ պայքարում մենակ են։ Հնարավոր է՝ վարանենք ուրիշների հետ խոսել մեր զգացումների մասին՝ մտածելով, թե մեզ չեն հասկանա։ Երբեմն էլ գուցե այնպիսի զգացում ունենանք, ասես ոչ ոքի պետք չենք։ Անկախ նրանից, թե ինչ պատճառով է միայնությունը պատում մեզ՝ այն կարող է ստիպել, որ մտածմունքների մեջ ընկնենք և մեզ անօգնական զգանք։ Եհովան չի ցանկանում, որ մենք նման ապրումներ ունենանք։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։

4. Ինչո՞ւ Եղիան ասաց, որ մարգարեներից միայն ինքն է մնացել։

4 Ուշադրություն դարձնենք հավատարիմ Եղիա մարգարեի օրինակին։ Նա ավելի քան 40 օր փախուստի մեջ էր, քանի որ Հեզաբել թագուհին երդվել էր սպանել նրան (1 Թագ. 19։1-9)։ Երբ Եղիան մենակ էր քարայրում, աղաղակեց Եհովային. «Միայն ես եմ մնացել» (1 Թագ. 19։10)։ Սակայն երկրում ուրիշ մարգարեներ էլ կային։ Օրինակ՝ Աբդիային հաջողվել էր Հեզաբելի ձեռքից 100 մարգարե փրկել (1 Թագ. 18։7, 13)։ Այդ դեպքում ինչո՞ւ էր Եղիան իրեն միայնակ զգում։ Արդյո՞ք նա մտածում էր, որ այն մարգարեները, ում Աբդիան փրկել էր, բոլորը մահացել են։ Թե՞ նա իրեն միայնակ էր զգում, քանի որ Կարմեղոս լեռան վրա Բահաղի մարգարեների կրած պարտությունից հետո ոչ ոք չսկսեց պաշտել Եհովային։ Կամ թերևս նա մտածում էր, որ ոչ ոք տեղյակ չէ, թե ինչ մեծ վտանգի մեջ է ինքը, և որ ոչ մեկի պետք չէ։ Աստվածաշնչում չի ասվում, թե ինչու Եղիան այսպիսի զգացումներ ուներ։ Բայց մի բան պարզ է. Եհովան հասկանում էր, թե նա ինչու է իրեն միայնակ զգում, և կոնկրետ գիտեր՝ ինչպես օգնել նրան։

Երբ մեզ միայնակ ենք զգում, կարող ենք մխիթարվել՝ հիշելով, թե ինչպես Եհովան օգնեց Եղիային (տես պարբերություն 5-6)

5. Եհովան ինչպե՞ս հավաստիացրեց Եղիային, որ նա մենակ չէ։

5 Եղիային օգնելու համար Եհովան մի քանի բան արեց։ Նախ նա հորդորեց նրան արտահայտվել։ Եհովան երկու անգամ հարցրեց. «Ի՞նչ ես անում այստեղ» (1 Թագ. 19։9, 13)։ Եվ ամեն անգամ ուշադիր լսեց, երբ Եղիան խոսեց իր ապրումների մասին։ Ի պատասխան՝ Եհովան Եղիային ցույց տվեց իր ներկայությունը և հզոր ուժը։ Նա նաև հավաստիացրեց Եղիային, որ իսրայելացիներից շատերը դեռ պաշտում են իրեն (1 Թագ. 19։11, 12, 18)։ Անկասկած, Եղիան մեծ թեթևացում ապրեց, երբ իր սիրտը բացեց Եհովայի առաջ և նրանից պատասխան ստացավ։ Բացի այդ՝ Եհովան Եղիային մի քանի կարևոր հանձնարարություն տվեց։ Նա պատվիրեց նրան Ազայելին թագավոր օծել Ասորիքի վրա, Հեուին՝ Իսրայելի վրա, իսկ Եղիսեին օծել մարգարե (1 Թագ. 19։15, 16)։ Այս հանձնարարությունները տալով՝ Եհովան օգնեց Եղիային կենտրոնանալ դրական բաների վրա։ Եհովան նրան նաև մտերիմ համագործակից տվեց՝ Եղիսեին։ Տեսնենք, թե ինչ կարող ես անել, երբ քեզ միայնակ ես զգում։

6. Ինչի՞ մասին կարող ես աղոթել, երբ քեզ միայնակ ես զգում (Սաղմոս 62։8

6 Եհովան ցանկանում է, որ աղոթես իրեն։ Նա տեսնում է, թե ինչերի միջով ես անցնում, և հավաստիացնում է, որ ցանկացած պահի կլսի քո աղոթքները (1 Թեսաղ. 5։17)։ Նրան հաճելի է լսել իրեն պաշտողներին (Առակ. 15։8)։ Իսկ ինչի՞ մասին կարող ես աղոթել, երբ քեզ միայնակ ես զգում։ Եղիայի նման՝ դատարկիր սիրտդ Եհովայի առաջ և ասա նրան, թե ինչ ես զգում (կարդա Սաղմոս 62։8)։ Պատմիր, թե ինչ անհանգստություններ ունես և թե ինչ ապրումներ ես ունենում դրանց պատճառով։ Խնդրիր Եհովային, որ օգնի քեզ հասկանալ, թե ինչպես ձերբազատվես բացասական զգացումներից։ Օրինակ՝ հնարավոր է՝ քեզ միայնակ զգաս կամ վախենաս, երբ համադասարանցիներդ հարցեր տան քո հավատալիքների մասին։ Այդ դեպքում խնդրիր Եհովային՝ քեզ քաջություն տա, որ կարողանաս խոսել։ Նաև իմաստություն խնդրիր, որ նրբանկատորեն բացատրես համոզմունքներդ (Ղուկ. 21։14, 15)։ Եթե պայքարում ես բացասական զգացումների դեմ, աղոթիր Եհովային, որ օգնի քեզ խոսել որևէ հասուն քրիստոնյայի հետ։ Նաև խնդրիր, որ այդ հավատակցին օգնի ուշադրությամբ լսել քեզ ու հասկանալ։ Բացիր սիրտդ Եհովայի առաջ, տես, թե ինչպես է նա պատասխանում քո աղոթքներին, և ընդունիր ուրիշների օգնությունը։ Այդպես կկարողանաս հաղթահարել միայնության զգացումը։

Առիթներ փնտրո՞ւմ ես, որ ընդլայնես ծառայությունդ և ավելի շատ համագործակցես ուրիշների հետ (տես պարբերություն 7)

7. Ի՞նչ ես սովորում Մաուրիսիոյի օրինակից։

7 Եհովան բոլորիս իմաստալից գործ է տվել։ Կարող ես վստահ լինել, որ նա նկատում ու գնահատում է այն ամենը, ինչ անում ես ժողովում և ծառայության մեջ քո հանձնարարությունները կատարելու համար (Սաղ. 110։3)։ Այս գործում զբաղված լինելը ինչպե՞ս կարող է օգնել քեզ ձերբազատվել միայնության զգացումից։ Ուշադրություն դարձնենք մի երիտասարդ եղբոր՝ Մաուրիսիոյի օրինակին։ * Նրա մկրտությունից կարճ ժամանակ անց նրա մտերիմ ընկերներից մեկը սկսեց աստիճանաբար հեռանալ ճշմարտությունից։ Մաուրիսիոն ասում է. «Երբ տեսա, թե ինչպես է նա թողնում Եհովային, սկսեցի կասկածել, թե արդյոք ես կկարողանամ ապրել իմ նվիրման համաձայն և մնալ Եհովայի ընտանիքում։ Ես ինձ միայնակ էի զգում և կարծում էի, թե ոչ ոք չի հասկանա իմ ապրումները»։ Ի՞նչն օգնեց եղբորը։ Նա պատմում է. «Ես ընդլայնեցի ծառայությունս։ Դա օգնեց ինձ, որ չկենտրոնանամ իմ անձի վրա և չտրվեմ բացասական զգացումներին։ Ծառայության մեջ ուրիշների հետ համագործակցելը ինձ ուրախություն էր պատճառում և մեղմացնում էր միայնության զգացումս»։ Անգամ եթե չենք կարող մեր հավատակիցների հետ ֆիզիկապես գնալ ծառայության, միևնույն է, մենք կարող ենք զորանալ, երբ նրանց հետ վկայություն ենք տալիս նամակներով և հեռախոսով։ Ուրիշ ի՞նչն օգնեց Մաուրիսիոյին։ Նա ասում է. «Ես ակտիվ էի նաև ժողովում։ Երբ ուսումնական առաջադրանքներ էի ստանում, ջանք չէի խնայում, որ լավագույնս պատրաստեմ ու ներկայացնեմ դրանք։ Այդ հանձնարարությունները օգնեցին, որ ինձ գնահատված զգամ Եհովայի և ուրիշների կողմից»։

ԵՐԲ ՎՀԱՏՎՈՒՄ ԵՆՔ ԾԱՆՐ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ

8. Ծանր փորձությունները ինչպե՞ս կարող են ազդել մեզ վրա։

8 Մենք գիտենք, որ այս վերջին օրերում փորձությունների ենք բախվելու (2 Տիմոթ. 3։1)։ Սակայն գուցե անսպասելի պահի բախվենք անսպասելի փորձության։ Օրինակ՝ հնարավոր է՝ ֆինանսական խնդիրների առաջ կանգնենք կամ իմանանք, որ շատ լուրջ առողջական խնդիր ունենք, կամ էլ գուցե մեր սիրելի հարազատը մահանա։ Նման պահերի թերևս վհատվենք և ուժասպառ լինենք։ Երբեմն ծանր փորձությունները մեկը մյուսի հետևից են գալիս։ Լինում է նաև այնպես, որ դրանք միաժամանակ են թափվում մեր գլխին։ Սակայն պետք է հիշել, որ Եհովան տեղյակ է մեր հանգամանքներին, և նրա օգնությամբ մենք կարող ենք դիմանալ ցանկացած փորձության։

9. Ի՞նչ փորձությունների բախվեց Հոբը։

9 Հիշենք, թե Եհովան ինչպես օգնեց հավատարիմ Հոբին։ Վերջինս կարճ ժամանակահատվածում մի քանի ծանր փորձությունների բախվեց։ Ընդամենը մեկ օրում նա կորցրեց իր անասուններին, նրա ծառաներին սպանեցին, իսկ որ ամենաահավորն է, նրա սիրելի երեխաները մահացան (Հոբ 1։13-19)։ Այդ սարսափելի դեպքերից դեռ ուշքի չեկած՝ Հոբը մի ցավոտ ու անտանելի հիվանդություն ձեռք բերեց (Հոբ 2։7)։ Նա այնքան ծանր վիճակում էր, որ աղաղակեց՝ ասելով. «Ես մերժել եմ կյանքը, հավիտյան չէի ապրի» (Հոբ 7։16

Հոբին իր սիրառատ հոգատարության մեջ հավաստիացնելու համար Եհովան ասաց նրան, թե ինչ տարբեր կերպերով է հոգ տանում իր ստեղծագործության մասին (տես պարբերություն 10)

10. Եհովան ինչպե՞ս օգնեց Հոբին դիմանալ փորձություններին (տես ամսագրի շապիկի նկարը)։

10 Սակայն Եհովան իր աչքը Հոբի վրա էր պահում։ Նա սիրում էր Հոբին, ուստի տվեց նրան այն ամենը, ինչ անհրաժեշտ էր այդ ծանր փորձությունները հաղթահարելու համար։ Եհովան խոսեց Հոբի հետ և հիշեցրեց, որ ինքը անսահման իմաստուն է և իր ստեղծագործությունների մասին հոգ է տանում։ Նա խոսեց բազմաթիվ զարմանահրաշ կենդանիների մասին, որոնք ակնածանք են ներշնչում (Հոբ 38։1, 2; 39։9, 13, 19, 27; 40։15; 41։1, 2)։ Նաև զորացրեց ու մխիթարեց Հոբին Եղիուս անունով մի երիտասարդի միջոցով։ Այդ հավատարիմ ծառան հավաստիացրեց Հոբին, որ Աստված միշտ վարձատրում է իր այն ծառաներին, ովքեր դիմանում են փորձություններին։ Եհովան նաև մղեց Եղիուսին սիրառատ խորհուրդ տալ։ Եղիուսը օգնեց Հոբին տեսնել ամբողջական պատկերը՝ հիշեցնելով, թե նա որքան ցածր դիրքում է գտնվում Եհովայի՝ տիեզերքը Ստեղծողի համեմատ (Հոբ 37։14)։ Բացի այդ՝ Աստված Հոբին մի հանձնարարություն տվեց։ Նա պետք է աղոթեր իր երեք ընկերների համար, որոնք մեղք էին գործել (Հոբ 42։8-10)։ Իսկ ինչպե՞ս է Եհովան աջակցում մեզ այսօր, երբ ծանր փորձությունների ենք բախվում։

11. Ինչպե՞ս է Աստվածաշունչը օգնում մեզ փորձությունների ժամանակ։

11 Այսօր Եհովան մեզ հետ չի խոսում այնպես, ինչպես Հոբի հետ խոսեց։ Նա մեզ հետ հաղորդակցվում է իր Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով (Հռոմ. 15։4)։ Նա մխիթարում է մեզ ապագայի հույսով։ Ուշադրություն դարձնենք մի քանի սուրբգրային մտքերի, որոնք կարող են մխիթարական լինել մեզ համար, երբ փորձությունների բախվենք։ Աստվածաշնչում Եհովան հավաստիացնում է, որ ոչինչ, այդ թվում՝ ծանր փորձությունները «չեն կարող բաժանել մեզ [Իր] սիրուց» (Հռոմ. 8։38, 39)։ Բացի այդ՝ նա վստահեցնում է, որ «մոտ է բոլոր իրեն կանչողներին» (Սաղ. 145։18)։ Եհովան նաև ասում է, որ եթե ապավինենք իրեն, կդիմանանք ցանկացած փորձության և չենք կորցնի մեր ուրախությունը դժվարությունների ժամանակ (1 Կորնթ. 10։13; Հակ. 1։2, 12)։ Աստծու Խոսքը նաև հիշեցնում է, որ մեր դժվարությունները ժամանակավոր են և կարճատև՝ համեմատած այն հավիտենական օրհնությունների հետ, որ Աստված խոստանում է տալ (2 Կորնթ. 4։16-18)։ Եհովան հավաստիացնում է մեզ, որ կվերացնի մեր բոլոր խնդիրների արմատը՝ Սատանային և նրանց, ովքեր նրա նման չար գործեր են անում (Սաղ. 37։10)։ Փորձե՞լ ես անգիր անել աստվածաշնչյան որոշ համարներ, որոնք կօգնեն քեզ դիմանալ ապագայում սպասվող փորձություններին։

12. Եհովան ի՞նչ է ուզում, որ անենք իր Խոսքից լիարժեք օգուտներ քաղելու համար։

12 Եհովան ուզում է, որ ժամանակ հատկացնենք Աստվածաշունչը կանոնավորաբար ուսումնասիրելուն և մեր կարդացածի շուրջ խորությամբ մտածելուն։ Երբ կիրառում ենք սովորածը, մեր հավատը ամրանում է, և մենք մտերմանում ենք մեր երկնային Հոր հետ։ Արդյունքում ուժ ենք ունենում դիմանալու փորձություններին։ Բացի այդ՝ Եհովան իր սուրբ ոգին տալիս է նրանց, ովքեր ապավինում են իր Խոսքին։ Իսկ այդ ոգին մեզ կարող է տալ «սովորականին գերազանցող ուժը», որ դիմանանք ցանկացած փորձության (2 Կորնթ. 4։7-10

13. Հավատարիմ և իմաստուն ծառայի տրամադրած հոգևոր սնունդը ինչպե՞ս է օգնում մեզ դիմանալ փորձություններին։

13 Եհովայի առաջնորդությամբ «հավատարիմ և իմաստուն ծառան» տրամադրում է բազմաթիվ հոդվածներ, տեսանյութեր և երգեր, որոնց շնորհիվ կարող ենք ամրացնել մեր հավատը և հոգևորապես արթուն մնալ (Մատթ. 24։45)։ Մենք պետք է լիարժեքորեն օգտվենք այդ ժամանակահարմար հոգևոր սննդից։ Մի քույր, ով ապրում է Միացյալ Նահանգներում, պատմում է, թե որքան շատ է գնահատում այս հոգևոր առատ սնունդը. «40 տարի է՝ ծառայում եմ Եհովային, և այդ ընթացքում իմ անարատությունը բազմիցս փորձվել է»։ Քույրը ծանր փորձությունների միջով է անցել. մի հարբած վարորդի պատճառով նրա պապիկը մահացել է, ծանր հիվանդությունը խլել է նրա ծնողների կյանքը, իսկ նա երկու անգամ պայքարել է քաղցկեղի դեմ։ Ի՞նչն է օգնել քրոջը դիմանալ այս ամենին։ Նա ասում է. «Եհովան միշտ հոգ է տարել իմ մասին։ Այն հոգևոր սնունդը, որ նա տալիս է հավատարիմ և իմաստուն ծառայի միջոցով, օգնել է ինձ դիմանալ։ Ուստի ես էլ Հոբի պես կարող եմ ասել. «Մինչև մեռնելս չե՛մ թողնի անարատությունս»» (Հոբ 27։5

Ինչպե՞ս կարող ենք օրհնություն լինել մեր հավատակիցների համար (տես պարբերություն 14)

14. Ինչպե՞ս է Եհովան մեր հավատակիցների միջոցով աջակցում մեզ նեղությունների ժամանակ (1 Թեսաղոնիկեցիներ 4։9

14 Եհովան սովորեցնում է իր ժողովրդին սիրել ու մխիթարել միմյանց դժվարությունների ժամանակ (2 Կորնթ. 1։3, 4; կարդա 1 Թեսաղոնիկեցիներ 4։9)։ Ընդօրինակելով Եղիուսին՝ մեր հավատակիցները ցանկանում են օգնել մեզ, որ հավատարիմ մնանք փորձությունների ժամանակ (Գործ. 14։22)։ Քննենք Դայան անունով մի քրոջ օրինակը։ Տեսնենք, թե ժողովը ինչպես քաջալերեց և օգնեց նրան հոգևորապես ամուր մնալ, երբ նրա ամուսնու մոտ առողջական լուրջ խնդիր հայտնաբերվեց։ Դայանն ասում է. «Մեզ համար շատ դժվար էր։ Բայց այդ ծանր ամիսներին Եհովան իր ամուր գրկում պահում էր մեզ և սիրառատ կերպով հոգ տանում մեր մասին։ Մեր քույրերն ու եղբայրները շատ օգնեցին մեզ։ Նրանք զանգահարում էին, այցելում և ամուր գրկում։ Այդ ամենն օգնեց, որ շարունակենք դիմանալ։ Եվ քանի որ ես մեքենա չեմ վարում, եղբայրներն ու քույրերը հոգ էին տանում, որ կարողանամ հաճախել ժողովի հանդիպումներին և հնարավորության դեպքում մասնակցեմ ծառայությանը»։ Ի՜նչ մեծ օրհնություն է լինել նման սիրառատ հոգևոր ընտանիքի մի մասը։

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ ԵՀՈՎԱՅԻՆ ԻՐ ՍԻՐՈ ԵՎ ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

15. Ինչո՞ւ ենք համոզված, որ կկարողանանք հաղթահարել մեր դժվարությունները։

15 Ապագայում բոլորս էլ բախվելու ենք ինչ-որ փորձության։ Սակայն ինչպես արդեն իմացանք, փորձությունների ժամանակ մենք երբեք մենակ չենք լինի։ Սիրառատ հոր պես՝ Եհովան իր աչքը միշտ մեզ վրա է պահում։ Նա մեր կողքին է, պատրաստ է լսելու օգնության մեր աղաղակը և աջակցելու մեզ (Ես. 43։2)։ Մենք համոզված ենք, որ կհաղթահարենք ցանկացած դժվարություն, քանի որ Եհովան առատորեն տալիս է մեզ այն ամենը, ինչ անհրաժեշտ է դիմանալու համար։ Օրինակ՝ նա տվել է աղոթքի պարգևը, Աստվածաշունչը, առատ հոգևոր սնունդ, ինչպես նաև սիրառատ եղբայրություն, որպեսզի նեղության պահին աջակցի մեզ։

16. Ինչպե՞ս կարող ենք մնալ Եհովայի հոգատար գրկում։

16 Մենք անչափ երախտապարտ ենք մեր երկնային Հորը, որ պաշտպանում է մեզ ու հոգ տանում մեր մասին։ «Նրանով է մեր սիրտն ուրախանում» (Սաղ. 33։21)։ Մենք կարտահայտենք մեր գնահատանքը Եհովայի սիրառատ հոգատարության հանդեպ, եթե օգտվենք այն բոլոր միջոցներից, որ նա տրամադրում է մեզ օգնելու համար։ Մենք պետք է նաև ձգտենք մնալ նրա հոգատար գրկում։ Այլ կերպ ասած, եթե շարունակենք մեր լավագույնն անել, որ հնազանդվենք Եհովային և անենք այն, ինչ ճիշտ է նրա տեսանկյունից, նա հավիտյան իր աչքը մեզ վրա կպահի (1 Պետ. 3։12

ԵՐԳ 30 Իմ Հայր, իմ Աստված և իմ Ընկեր

^ Մեր խնդիրները հաղթահարելու համար մենք Եհովայի օգնության կարիքն ունենք։ Այս հոդվածը կհիշեցնի մեզ, որ Եհովան աչքը իր ժողովրդի վրա է պահում։ Նա տեսնում է, թե յուրաքանչյուրս ինչ դժվարության է բախվում, և տալիս է մեզ ամեն անհրաժեշտ բան այն հաղթահարելու համար։

^ Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։