Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 32

Երիտասարդնե՛ր, մկրտվելուց հետո էլ հոգևորապես աճեք

Երիտասարդնե՛ր, մկրտվելուց հետո էլ հոգևորապես աճեք

«Եկեք սիրով ամեն բանում աճենք» (ԵՓԵՍ. 4։15

ԵՐԳ 56 Ճշմարտությունը քոնը դարձրու

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Բազմաթիվ երիտասարդներ հոգևոր ի՞նչ հաջողությունների են արդեն հասել։

 ԱՄԵՆ տարի հազարավոր երիտասարդներ են մկրտվում։ Եթե դու էլ ես արել այդ քայլը, վստահ եղիր, որ հավատակիցներդ անչափ ուրախ են քեզ համար։ Եհովայի սիրտը նույնպես ցնծում է (Առակ. 27։11)։ Մի պահ մտածիր, թե ինչ հոգևոր հաջողությունների ես արդեն հասել։ Դու ջանասիրաբար ուսումնասիրել ես Աստվածաշունչը, գուցե տարիներ շարունակ։ Արդյունքում համոզվել ես, որ Աստվածաշունչը Աստծու Խոսքն է։ Դեռ ավելին՝ դու ճանաչել ու սիրել ես այդ սուրբ գրքի Հեղինակին։ Քո սերը նրա հանդեպ այնքան է աճել, որ նվիրվել ես նրան ու մկրտվել։ Անկասկած, դու հիանալի որոշում ես կայացրել։

2. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

 2 Մինչ մկրտության հասնելը, ինչ խոսք, դու հավատի տարբեր փորձություններ ես ունեցել։ Բայց ժամանակի ընթացքում դու նորանոր փորձությունների կբախվես։ Սատանան ամեն ինչ կանի, որ քո սերը Եհովայի հանդեպ թուլանա, և դու դադարես նրան ծառայելուց (Եփես. 4։14)։ Երբեք թույլ չտաս, որ նման բան տեղի ունենա։ Ի՞նչը կօգնի քեզ, որ հավատարիմ մնաս Եհովային և պահես քո նվիրման խոստումը։ Դա քեզ կհաջողվի, եթե «շարունակես ձգտել» հոգևոր հասունության (Եբր. 6։1)։ Տեսնենք, թե ինչպես։

ԻՆՉՊԵ՞Ս ԴԱՌՆԱԼ ՀԱՍՈՒՆ ՔՐԻՍՏՈՆՅԱ

3. Մկրտությունից հետո ի՞նչ պետք է անեն բոլոր քրիստոնյաները։

3 Մկրտությունից հետո բոլորս էլ կարիք ունենք հետևելու Պողոս առաքյալի խորհրդին, որ նա տվեց Եփեսոսի քրիստոնյաներին։ Նա հորդորեց նրանց «դառնալ չափահաս» քրիստոնյաներ, այլ կերպ ասած՝ շարունակել հոգևորապես առաջադիմել (Եփես. 4։13)։ Այս միտքը բացատրելու համար Պողոսը հոգևոր աճը համեմատեց երեխայի ֆիզիկական աճի հետ։ Ծնողները ուրախանում և հպարտանում են իրենց նորածնով։ Սակայն վերջինս միշտ մանուկ չի մնում։ Ժամանակի ընթացքում նա վերջ է դնում «մանկական բաներին» (1 Կորնթ. 13։11)։ Նույնը կարելի է ասել մեր՝ քրիստոնյաներիս մասին։ Մկրտությունից հետո մենք պետք է շարունակենք հոգևորապես աճել։ Այժմ տեսնենք, թե ինչը կօգնի մեզ այդ հարցում։

4. Ի՞նչը կօգնի քեզ հոգևորապես առաջադիմել։ Բացատրիր (Փիլիպպեցիներ 1։9

4 Խորացրու սերդ Եհովայի հանդեպ։ Ինչ խոսք, դու արդեն սիրում ես Եհովային, սակայն կարող ես ավելի խորացնել սերդ նրա հանդեպ։ Ինչպե՞ս։ Կերպերից մեկի մասին գրված է Փիլիպպեցիներ 1։9-ում (կարդա)։ Պողոս առաքյալը աղոթեց, որ Փիլիպպեի քրիստոնյաների սերը Աստծու հանդեպ «ավելի ու ավելի առատանա»։ Մեր սերը նույնպես կարող է առատանալ, եթե «ճշգրիտ գիտելիքներ և լիարժեք խորաթափանցություն» ձեռք բերենք։ Որքան շատ ճանաչենք Եհովային, այնքան ավելի շատ կսիրենք նրան և կգնահատենք նրա հատկություններն ու գործելակերպը։ Նաև կավելանա նրան հաճեցնելու մեր ցանկությունը, և մենք երբեք չենք անի այնպիսի բան, ինչը կհիասթափեցնի նրան։ Մենք կձգտենք հասկանալ, թե որն է նրա կամքը, և թե ինչպես կարող ենք վարվել դրա համաձայն։

5-6. Ինչպե՞ս կարող ենք խորացնել մեր սերը Եհովայի հանդեպ։ Բացատրիր։

5 Հիսուսը կատարելապես արտացոլում է իր Հոր հատկությունները, ուստի եթե ավելի լավ ճանաչենք նրան, մեր սերը Եհովայի հանդեպ կաճի (Եբր. 1։3)։ Հիսուսին ճանաչելու լավագույն միջոցը չորս Ավետարանները ուսումնասիրելն է։ Եթե Աստվածաշունչը ամեն օր կարդալու սովորություն դեռ չես զարգացրել, կարող ես անել դա՝ սկսելով Ավետարաններից։ Հիսուսի մասին կարդալիս հատուկ ուշադրություն դարձրու նրա հատկություններին։ Օրինակ՝ Հիսուսը շատ մատչելի էր։ Մի առիթով նա իր գիրկն առավ երեխաների (Մարկ. 10։13-16)։ Նա նաև այնպես էր անում, որ աշակերտները իր կողքին անկաշկանդ զգային և իր ներկայությամբ չվախենային ասել այն, ինչ մտածում էին (Մատթ. 16։22)։ Այս առումով Հիսուսն ընդօրինակում էր իր երկնային Հորը։ Եհովան նույնպես շատ մատչելի է։ Մենք կարող ենք աղոթքով դիմել նրան և բացել մեր սիրտը նրա առաջ՝ վստահ լինելով, որ նա մեզ չի դատապարտի։ Եհովան սիրում է մեզ և հոգ է տանում մեր մասին (1 Պետ. 5։7

6 Բացի այդ՝ Հիսուսը կարեկցում էր մարդկանց։ Նրա մասին Մատթեոսը գրել է. «Տեսնելով մարդկանց բազմությունը՝ նա խղճաց նրանց, որովհետև կեղեքված էին և ցիրուցան եղած, ինչպես ոչխարներ, որ հովիվ չունեն» (Մատթ. 9։36)։ Իսկ Եհովան ի՞նչ զգացումներ ունի մարդկանց հանդեպ։ Մի առիթով Հիսուսն ասաց. «Իմ Հայրը, որ երկնքում է, չի ցանկանում, որ այս փոքրերից մեկը կործանվի» (Մատթ. 18։14)։ Այս բանի գիտակցումը ջերմացնում է մեր սրտերը։ Որքան լավ ճանաչենք Հիսուսին, այնքան ավելի շատ կսիրենք Եհովային։

7. Հոգևորապես հասուն քրիստոնյաների հետ շփումը ինչպե՞ս կարող է օգնել քեզ։

7 Դու կարող ես խորացնել սերդ Եհովայի հանդեպ և հոգևորապես առաջադիմել նաև այն դեպքում, եթե ավելի մոտիկից ճանաչես ձեր ժողովի հոգևորապես հասուն եղբայրներին ու քույրերին։ Նրանց հետ ժամանակ անցկացնելով՝ կնկատես, թե որքան ուրախ են նրանք, և որ չեն ափսոսում իրենց կյանքը Եհովային նվիրելու համար։ Հարցրու այդ հավատակիցներիդ, թե Եհովային ծառայելու ընթացքում ինչ հետաքրքիր դեպքեր են եղել նրանց հետ։ Նախքան կարևոր որոշում կայացնելը խորհուրդ հարցրու նրանցից։ Հիշիր, որ «երբ խորհրդատուները շատ են, փրկություն է լինում» (Առակ. 11։14

Ի՞նչ կարող ես անել, որ պատրաստ լինես, երբ դպրոցում քեզ էվոլյուցիոն տեսություն սովորեցնեն (տես պարբերություն 8-9)

8. Ի՞նչ կարող ես անել, եթե կասկածներ ունենաս աստվածաշնչյան ուսմունքների վերաբերյալ։

8 Փարատիր կասկածներդ։ Ինչպես արդեն տեսանք  2-րդ պարբերությունից, Սատանան փորձելու է խանգարել քո հոգևոր առաջընթացին։ Նա դա կարող է անել տարբեր կերպերով։ Օրինակ՝ գուցե փորձի քո մտքում կասկածներ սերմանել աստվածաշնչյան որոշ ուսմունքների վերաբերյալ։ Վաղ թե ուշ դու հանդիպելու ես այնպիսի մարդկանց, ովքեր փորձելու են համոզել քեզ, որ կյանքն առաջացել է էվոլյուցիայի արդյունքում։ Փոքր ժամանակ թերևս չես էլ մտածել էվոլյուցիոն տեսության մասին, բայց հիմա, երբ ավելի մեծ ես, դպրոցում քեզ սովորեցնում են այն։ Ուսուցիչներիդ սովորեցրածները էվոլյուցիոն տեսության մասին գուցե տրամաբանական և համոզիչ թվան, սակայն նրանք թերևս լրջորեն չեն քննել Ստեղծչի գոյությունը փաստող ապացույցները։ Հիշիր Առակներ 18։17-ում գրված սկզբունքը. «Ով իր դատական գործն առաջինն է սկսում, նա արդար է թվում, բայց գալիս է նրա մերձավորը և քննում նրան»։ Դպրոցում լսած գաղափարները կուրորեն ընդունելու փոխարեն ուշադրությամբ քննիր Աստծու Խոսքում գրված ճշմարտությունները։ Այդ հարցի վերաբերյալ փնտրտուքներ արա մեր հրատարակություններում։ Խոսիր այն եղբայրների ու քույրերի հետ, ովքեր նախկինում հավատացել են էվոլյուցիոն տեսությանը։ Հարցրու, թե ինչն է նրանց համոզել, որ գոյություն ունի Արարիչ, ով սիրում է մեզ։ Նման առողջ քննարկումները կարող են օգնել քեզ, որ կենտրոնանաս փաստերի վրա։

9. Ի՞նչ ես սովորում Մելիսայի օրինակից։

9 Մելիսա անունով մի քույր մեծ օգուտներ է քաղել՝ արարչագործության վերաբերյալ փնտրտուքներ անելով։ * Նա ասում է. «Դպրոցում էվոլյուցիոն տեսությունը այնպես է ներկայացվում, որ այն շատ համոզիչ է թվում։ Սկզբում վարանում էի փնտրտուքներ անել, քանի որ վախենում էի, որ կասկածներս փարատելու փոխարեն ավելի կխորացնեմ դրանք։ Բայց մտածեցի՝ մի՞թե Եհովան ուզում է, որ իրեն կուրորեն ծառայենք։ Ուստի սկսեցի փնտրտուքներ անել։ Կարդացի «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» գիրքը, ինչպես նաև «Ինչպե՞ս է կյանքն առաջացել» և «Կյանքի ծագումը. հինգ հարց, որ արժե քննել» գրքույկները։ Վաղուց պետք է այդպես վարված լինեի. դա հենց այն էր, ինչի կարիքն ունեի»։

10-11. Ի՞նչը կարող է օգնել քեզ, որ բարոյապես մաքուր մնաս (1 Թեսաղոնիկեցիներ 4։3, 4

10 Մերժիր Աստծուն տհաճ վարքը։ Պատանեկության տարիներին սեռական ցանկությունները կարող են շատ ուժգին լինել, և դու գուցե բախվես անբարոյություն գործելու ճնշմանը։ Սատանան ուզում է, որ տրվես դրան։ Ի՞նչը կօգնի քեզ բարոյապես մաքուր մնալ (կարդա 1 Թեսաղոնիկեցիներ 4։3, 4)։ Քո անձնական աղոթքներում պատմիր Եհովային զգացումներիդ մասին և խնդրիր նրան, որ զորացնի քեզ (Մատթ. 6։13)։ Հիշիր, որ Եհովան ուզում է օգնել քեզ, այլ ոչ թե պատժել (Սաղ. 103։13, 14)։ Աստվածաշունչը նույնպես կարող է օգնել քեզ, որ բարոյապես մաքուր մնաս։ Մելիսան, ում մասին արդեն խոսեցինք, պայքարում էր անմաքուր մտքերի դեմ։ Նա ասում է. «Աստվածաշունչն ամեն օր կարդալը օգնեց, որ չհանձնվեմ, և հիշեցրեց ինձ, որ ես պատկանում եմ Եհովային և ուզում եմ հավիտյան ծառայել նրան» (Սաղ. 119։9

11 Մի՛ փորձիր միայնակ պայքարել խնդիրներիդ դեմ։ Պատմիր դրանց մասին ծնողներիդ։ Ինչ խոսք, հեշտ չէ ուրիշների հետ խոսել նման անձնական հարցերի մասին, բայց այդպես վարվելը կարևոր է։ Մելիսան ասում է. «Ես քաջություն խնդրեցի Եհովայից և իմ խնդրի մասին խոսեցի հորս հետ։ Դրանից հետո մեծ թեթևություն զգացի։ Գիտեի, որ Եհովան հպարտանում է ինձնով»։

12. Ի՞նչը կօգնի քեզ, որ ճիշտ որոշումներ կայացնես։

12 Առաջնորդվիր աստվածաշնչյան սկզբունքներով։ Մեծանալով՝ դու ավելի շատ ազատություն կունենաս ինքնուրույն որոշումներ կայացնելու։ Բայց հիմա դու բավականաչափ կյանքի փորձ չունես։ Ուստի ինչպե՞ս կարող ես խուսափել այնպիսի սխալներից, որոնք կվնասեն Եհովայի հետ ունեցած փոխհարաբերություններդ (Առակ. 22։3)։ Կարի անունով մի քույր ասում է, թե ինչն է օգնել իրեն, որ ավելի լավ որոշումներ կայացնի։ Նա հասկացել է, որ հասուն քրիստոնյաները ամեն իրավիճակի հետ կապված օրենքի կարիք չունեն։ Կարին ասում է. «Ես պետք է հասկանայի աստվածաշնչյան սկզբունքները, ոչ թե կուրորեն հետևեի օրենքների»։ Աստվածաշունչն ընթերցելիս հարցրու ինքդ քեզ. «Այս հատվածից ի՞նչ եմ սովորում Եհովայի մտածելակերպի մասին։ Կա՞ն այնպիսի սկզբունքներ, որոնք կարող են օգնել ինձ ճիշտ վարվել։ Եթե այո, ապա ի՞նչ օգուտներ կքաղեմ՝ կիրառելով դրանք» (Սաղ. 19։7; Ես. 48։17, 18)։ Երբ կարդաս Աստվածաշունչը և խորհրդածես այնտեղ գրված սկզբունքների շուրջ, քեզ համար ավելի հեշտ կլինի կայացնել այնպիսի որոշումներ, որոնք հաճելի կլինեն Եհովային։ Հոգևորապես առաջադիմելով՝ դու կնկատես, որ յուրաքանչյուր իրավիճակի հետ կապված օրենքի կարիք չունես, քանի որ հասկանում ես Եհովայի մտածելակերպը։

Ինչպիսի՞ ընկերներ է ընտրել երիտասարդ քույրը (տես պարբերություն 13)

13. Ի՞նչ ազդեցություն կարող են թողնել լավ ընկերները քեզ վրա (Առակներ 13։20

13 Ընկերացիր նրանց հետ, ովքեր սիրում են Եհովային։ Ինչպես արդեն նշեցինք 7-րդ պարբերության մեջ, ընկերների ճիշտ ընտրությունը կարող է մեծապես նպաստել քո հոգևոր աճին (կարդա Առակներ 13։20)։ Սառա անունով մի քույր կորցրել էր ուրախությունը։ Սակայն նրա կյանքում մի բան եղավ, ինչի շնորհիվ նա վերագտավ իր ուրախությունը։ Սառան պատմում է. «Ճիշտ ժամանակին լավ ընկերներ հայտնվեցին իմ կյանքում։ Մի երիտասարդ քրոջ հետ սկսեցինք ամեն շաբաթ պատրաստվել «Դիտարանի» ուսումնասիրությանը։ Մեկ ուրիշ քույր էլ օգնեց ինձ, որ ժողովի հանդիպումների ժամանակ մեկնաբանություններ տամ։ Իմ ընկերների շնորհիվ սկսեցի ավելի լուրջ վերաբերվել անձնական ուսումնասիրությանն ու աղոթքին։ Արդյունքում Եհովայի հետ փոխհարաբերություններս ամրացան, և ես վերագտա ուրախությունս»։

14. Ժուլիանը ինչպե՞ս լավ ընկերներ գտավ։

14 Իսկ ինչպե՞ս ընկերանալ նրանց հետ, ովքեր կարող են լավ ազդեցություն ունենալ քեզ վրա։ Ժուլիան անունով մի երեց ասում է. «Երիտասարդ տարիքում լավ ընկերներ ձեռք բերեցի ծառայությանը մասնակցելով։ Երբ համագործակցեցի եռանդուն քարոզիչների հետ, տեսա, որ ծառայությունը կարող է մեծ ուրախություն պատճառել։ Ուստի լիաժամ ծառայության նպատակ դրեցի։ Բացի այդ՝ հասկացա, որ միայն հասակակիցներիս հետ ընկերություն անելով՝ բաց եմ թողնում հետաքրքիր ու նոր ընկերներ գտնելու հնարավորությունը։ Ավելի ուշ լավ ընկերներ ձեռք բերեցի նաև Բեթելում։ Նրանց օրինակը օգնեց, որ զվարճության ճիշտ ձևեր ընտրեմ, ինչն էլ ինձ ավելի մտերմացրեց Եհովայի հետ»։

15. Պողոսը ի՞նչ նախազգուշացում տվեց Տիմոթեոսին (2 Տիմոթեոս 2։20-22

15 Իսկ ի՞նչ կարող ես անել, եթե զգում ես, որ ժողովում ինչ-որ մեկը քեզ համար վատ ընկերակցություն է։ Պողոսը գիտեր, որ առաջին դարի քրիստոնեական ժողովում ոմանք հոգևոր մտածելակերպ չունեին, ուստի զգուշացրեց Տիմոթեոսին, որ հեռու մնա նրանցից (կարդա 2 Տիմոթեոս 2։20-22)։ Մենք շատ բարձր ենք գնահատում Եհովայի հետ մեր ընկերությունը։ Մենք մեծ ջանքեր ենք թափել, որպեսզի մտերմանանք նրա հետ, ուստի չպետք է թույլ տանք, որ ինչ-որ մեկը վտանգի այդ թանկ փոխհարաբերությունները (Սաղ. 26։4

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆ ՀՈԳԵՎՈՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ՕԳՆԵԼ ՔԵԶ ԱՌԱՋԱԴԻՄԵԼ

16. Ի՞նչ նպատակներ կարող ես դնել։

16 Իմաստալից նպատակներ դիր։ Այնպիսի նպատակներ դիր, որոնք կամրացնեն հավատդ և կօգնեն, որ աճես հոգևորապես (Եփես. 3։16)։ Օրինակ՝ գուցե որոշես ավելի հետևողական լինել Աստվածաշունչը կանոնավորաբար կարդալու և անձնական ուսումնասիրություն անելու հարցում (Սաղ. 1։2, 3)։ Հնարավոր է՝ նաև նկատես, որ կարիք ունես բարելավելու աղոթքներիդ որակը և ավելի հաճախ աղոթելու։ Գուցե ինքնատիրապետման կարիք ունես զվարճություններ ընտրելու և ժամանակդ ճիշտ օգտագործելու հարցում (Եփես. 5։15, 16)։ Եհովան շատ կուրախանա, երբ տեսնի, թե որքան ջանք ես թափում հոգևորապես առաջադիմելու համար։

Ի՞նչ նպատակ է դրել երիտասարդ քույրը (տես պարբերություն 17)

17. Ուրիշներին օգնելը ինչո՞վ է օգտակար։

17 Ուրիշներին օգնելը նույնպես նպաստում է քրիստոնյայի աճին։ Հիսուսն ասաց. «Ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ» (Գործ. 20։35)։ Դու մեծ ուրախություն կապրես, եթե քո ժամանակն ու երիտասարդական ավյունը օգտագործես ուրիշներին օգնելու համար։ Օրինակ՝ կարող ես նպատակ դնել, որ օգնես ձեր ժողովի տարեց և տկար հավատակիցներին։ Գուցե կարիք լինի, որ նրանց համար գնումներ անես կամ օգնես էլեկտրոնային սարքերից օգտվելու հարցում։ Եթե եղբայր ես, կարող ես ծառայող օգնական դառնալու նպատակ դնել, որպեսզի հավատակիցներիդ համար ավելի շատ բան անես (Փիլիպ. 2։4)։ Եղբայրներիդ ու քույրերիդ հանդեպ սեր դրսևորելուց բացի՝ դու կարող ես սեր ցուցաբերել նաև մյուս մարդկանց հանդեպ՝ նրանց քարոզելով Թագավորության բարի լուրը (Մատթ. 9։36, 37)։ Եթե հնարավոր է, նպատակ դիր մասնակցել լիաժամ ծառայության որևէ ձևի։

18. Լիաժամ ծառայությունն ինչպե՞ս կարող է օգնել քեզ, որ հոգևորապես առաջադիմես։

18 Լիաժամ ծառայությունը կարող է հոգևորապես առաջադիմելու շատ հնարավորություններ բացել քո առաջ։ Օրինակ՝ ռահվիրայությունը հնարավորություն կտա մասնակցել Թագավորության քարոզիչների դպրոցին, ծառայել Բեթելում կամ մասնակցել աստվածապետական շինարարական նախագծերի։ Մի երիտասարդ ռահվիրա քույր, ում անունը Քեյթլին է, ասում է. «Փորձառու եղբայրների ու քույրերի հետ ծառայելը մեծապես նպաստել է, որ մկրտությունից հետո հոգևորապես առաջադիմեմ։ Նրանց օրինակը մղել է ինձ խորացնել աստվածաշնչյան գիտելիքներս և բարելավել ուսուցանելու հմտություններս»։

19. Հոգևորապես առաջադիմելով՝ ի՞նչ օրհնություններ կստանաս։

19 Հոգևորապես առաջադիմելով՝ դու շատ օրհնություններ կստանաս։ Չես վատնի քո երիտասարդությունը՝ փուչ նպատակների ձգտելով (1 Հովհ. 2։17)։ Կխուսափես սխալ որոշումներ կայացնելուց և դրանց բերած դառը հետևանքներից։ Իսկական հաջողություն և երջանկություն կունենաս (Առակ. 16։3)։ Քո լավ օրինակը կոգևորի թե՛ երիտասարդ, թե՛ տարեց հավատակիցներիդ (1 Տիմոթ. 4։12)։ Իսկ որ ամենակարևորն է, Եհովային հաճեցնելու և նրա հետ մտերիմ լինելու շնորհիվ դու մտքի խաղաղություն և բավարարվածության զգացում կունենաս (Առակ. 23։15, 16

ԵՐԳ 88 Ճանաչեցրու ինձ քո ճանապարհները

^ Եհովայի ծառաները մեծ ուրախություն են ապրում, երբ երիտասարդները մկրտվում են։ Սակայն նոր մկրտված աշակերտները պետք է շարունակեն հոգևորապես առաջադիմել։ Այս հոդվածից կիմանանք, թե վերջերս մկրտված երիտասարդները ինչպես կարող են շարունակել ձգտել հոգևոր հասունության։ Հոդվածում նշված մտքերը օգտակար կլինեն բոլորիս համար։

^ Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։