Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 35

Շարունակեք «կերտել միմյանց»

Շարունակեք «կերտել միմյանց»

«Շարունակեք մխիթարել և կերտել միմյանց» (1 ԹԵՍԱՂ. 5։11

ԵՐԳ 90 Քաջալերենք միմյանց

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. 1 Թեսաղոնիկեցիներ 5։11-ի համաձայն՝ ի՞նչ գործի ենք մասնակցում բոլորս։

 ՁԵՐ ժողովը երբևէ մասնակցե՞լ է Թագավորության սրահի շինարարական կամ վերանորոգման աշխատանքների։ Եթե այո, ապա անկասկած հիշում ես ժողովի առաջին հանդիպումը այդ նոր Սրահում։ Թերևս քո սիրտը լցված էր Եհովայի հանդեպ երախտագիտությամբ, և դու այնքան հուզված էիր, որ նույնիսկ չէիր կարողանում երգել բացման երգը։ Մեր գեղեցիկ Թագավորության սրահները փառք են բերում Եհովային։ Սակայն կա մեկ այլ «շինարարական» գործ, որն ավելի մեծ փառք է բերում նրան։ Այն ավելի կարևոր է, քան բառացի շինարարությունը։ Այդ գործը ներառում է Թագավորության սրահ եկող մարդկանց «կերտելը», կամ՝ քաջալերելը։ Պողոս առաքյալը հենց այսպիսի «շինարարական» նախագիծ նկատի ուներ, երբ գրեց հոդվածի բնաբանի խոսքերը (կարդա 1 Թեսաղոնիկեցիներ 5։11

2. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

2 Պողոս առաքյալը իր հավատակիցներին քաջալերելու և զորացնելու հարցում հիանալի օրինակ է, քանի որ կարողանում էր մտնել նրանց դրության մեջ։ Հոդվածից կիմանանք, թե ինչպես էր նա օգնում իր եղբայրներին ու քույրերին՝ 1) դիմանալ փորձություններին, 2) խաղաղություն ունենալ միմյանց հետ և 3) ամրացնել իրենց հավատը Եհովայի հանդեպ։ Տեսնենք, թե ընդօրինակելով Պողոսին՝ ինչպե՞ս կարող ենք զորացնել մեր հավատակիցներին (1 Կորնթ. 11։1

ՕԳՆՈՒՄ ԷՐ ԴԻՄԱՆԱԼ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

3. Ինչո՞ւ ենք ասում, որ Պողոսը հավասարակշռված էր։

3 Պողոսը շատ էր սիրում իր եղբայրներին։ Նա շատ դժվարությունների միջով էր անցել, ուստի կարողանում էր հասկանալ ու կարեկցել նրանց, ովքեր դժվարություններ ունեին։ Օրինակ՝ առաքյալի կյանքում լինում էին իրավիճակներ, երբ նա փող չէր ունենում և ստիպված էր աշխատել իր և իր համագործակիցների կարիքները հոգալու համար (Գործ. 20։34)։ Պողոսը վրանագործ էր։ Երբ նա եկավ Կորնթոս, սկզբում աշխատում էր Ակյուղասի և Պրիսկիղայի հետ, ովքեր նույնպես վրանագործներ էին։ Բայց ամեն շաբաթ օր Պողոսը ժամանակ էր տրամադրում, որպեսզի քարոզեր հրեաներին ու հույներին։ Իսկ երբ Շիղան ու Տիմոթեոսը եկան, նա «իր անձը ամբողջությամբ տրամադրեց խոսքին» (Գործ. 18։2-5)։ Առաքյալը երբեք չէր շեղվում իր հիմնական նպատակից՝ Եհովային ծառայելուց։ Նա հոգում էր իր ֆիզիկական կարիքները, բայց միևնույն ժամանակ ակտիվ էր մնում ծառայության մեջ։ Իր հավատակիցներին մխիթարելու հարցում Պողոսը խոսելու ազատություն ուներ։ Նա հորդորում էր նրանց չտրվել կյանքի հոգսերին և հիշեցնում էր, որ ընտանիքի մասին հոգ տանելը չպետք է պատճառ դառնա, որ անտեսվեն «ավելի կարևոր» բաները՝ այն ամենը, ինչ կապ ունի Եհովային պաշտելու հետ (Փիլիպ. 1։10

4. Ինչպե՞ս Պողոսն ու Տիմոթեոսը օգնեցին իրենց հավատակիցներին դիմանալ հալածանքին։

4 Թեսաղոնիկեի ժողովի կազմավորումից շատ չանցած՝ եղբայրներն ու քույրերը բախվեցին ուժեղ հակառակության։ Երբ թշնամիների կատաղի ամբոխը չկարողացավ գտնել Պողոսին ու Շիղային, նրանք «մի քանի եղբայրների քարշ տվեցին քաղաքի իշխանների մոտ ու բղավեցին. «Այս մարդիկ.... կայսրի հրահանգներին հակառակ են վարվում»» (Գործ. 17։6, 7)։ Կարելի է պատկերացնել, թե որքան էին վախեցել այդ նորահավատ քրիստոնյաները՝ տեսնելով, որ մարդիկ իրենց դեմ են դուրս եկել։ Դա կարող էր պատճառ դառնալ, որ ծառայության հանդեպ նրանց եռանդը թուլանար, բայց Պողոսը չէր ցանկանում, որ նման բան լիներ։ Թեև նա և Շիղան ստիպված էին հեռանալ քաղաքից, սակայն քայլեր ձեռնարկեցին, որ ինչ-որ մեկը հոգ տանի այդ նորաստեղծ ժողովի մասին։ Դա իմանում ենք Պողոսի՝ թեսաղոնիկեցիներին գրած հետևյալ խոսքերից. «Տիմոթեոսին՝ մեր եղբորը.... ուղարկեցինք, որպեսզի նա հաստատի ու մխիթարի ձեզ հօգուտ ձեր հավատի, որ ոչ մեկի հավատը չսասանվի այս նեղություններից» (1 Թեսաղ. 3։2, 3)։ Շատ հավանական է, որ Տիմոթեոսն էլ հալածանքների էր բախվել իր ծննդավայրում՝ Լյուստրայում, և ականատես էր եղել, թե ինչպես է Պողոսը զորացնում այնտեղի եղբայրներին։ Տիմոթեոսը տեսել էր, թե ինչպես է Եհովան աջակցում իր ծառաներին, ուստի կարող էր հավաստիացնել իր նորահավատ եղբայրներին ու քույրերին, որ նրանց հետ էլ ամեն բան լավ կլինի (Գործ. 14։8, 19-22; Եբր. 12։2

5. Երեցներից մեկի ցուցաբերած օգնությունը ի՞նչ ազդեցություն ունեցավ Բրայենտի վրա։

5 Ուրիշ ինչպե՞ս Պողոսը զորացրեց իր հավատակիցներին։ Երբ նա ու Բառնաբասը վերադարձան Լյուստրա, Իկոնիոն և Անտիոք, «յուրաքանչյուր ժողովում երեցներ նշանակեցին» (Գործ. 14։21-23)։ Այս նշանակված եղբայրները, անկասկած, մեծ մխիթարություն եղան ժողովների համար։ Այսօր երեցները նույնպես մեծ մխիթարության աղբյուր են։ Տեսնենք, թե ինչ է ասում Բրայենտ անունով մի եղբայր. «Երբ 15 տարեկան էի, հայրս լքեց մեզ, իսկ մայրս զրկվեց ընկերակցությունից։ Ես վհատված էի ու ինձ լքված էի զգում»։ Ի՞նչն օգնեց Բրայենտին դիմանալ։ Նա ասում է. «Մեր երեցներից մեկը՝ Թոնին, հանդիպումներից առաջ կամ հետո, ինչպես նաև այլ առիթներով զրուցում էր ինձ հետ։ Նա ինձ պատմում էր այնպիսի հավատակիցների մասին, ովքեր բախվել են դժվարությունների և չեն կորցրել իրենց ուրախությունը։ Այդ եղբայրը ինձ միշտ հիշեցնում էր Սաղմոս 27։10-ը և հաճախ էր պատմում Եզեկիայի մասին, ով հավատարմորեն ծառայեց Եհովային, թեև նրա հայրը լավ օրինակ չէր իր համար»։ Այս գործնական քայլերը ի՞նչ ազդեցություն թողեցին Բրայենտի վրա։ Եղբայրն ասում է. «Թոնիի սիրո և հոգատարության շնորհիվ ես ի վերջո լիաժամ ծառայություն սկսեցի։ Դա մեծ բավականություն է պատճառում ինձ»։ Սիրելի՛ երեցներ, դուք կարող եք օգնել նրանց, ովքեր Բրայենտի պես՝ քաջալերանքի և «բարի խոսքի» կարիք ունեն (Առակ. 12։25

6. Ինչպե՞ս էր Պողոսը Եհովայի հավատարիմ ծառաների օրինակով քաջալերում իր եղբայրներին ու քույրերին։

6 Պողոսը հիշեցրեց իր հավատակիցներին, որ Եհովայի զորությամբ «վկաների [մի] մեծ բազմություն» կարողացել էր հաղթահարել դժվարությունները (Եբր. 12։1)։ Նա գիտեր, որ անցյալում ապրած այն մարդկանց օրինակները, ովքեր դիմացել էին տարբեր փորձությունների, կարող էին իր եղբայրներին ու քույրերին քաջությամբ լցնել և օգնել, որ իրենց ուշադրությունը կենտրոնացած պահեին «կենդանի Աստծու քաղաքի» վրա (Եբր. 12։22)։ Այսօր մենք նույնպես զորանում ենք՝ կարդալով այն մասին, թե ինչպես է Եհովան օգնել Գեդեոնին, Բարակին, Դավթին, Սամուելին և շատ ուրիշների (Եբր. 11։32-35)։ Մեր ժամանակներում էլ կան մեծ հավատի տեր մարդիկ, ովքեր ընդօրինակման են արժանի։ Գլխավոր վարչությունը հաճախ է նամակներ ստանում այն եղբայրներից ու քույրերից, ում հավատը զորացել է, երբ կարդացել են Եհովայի ժամանակակից ծառաների կենսագրությունները։

ՑՈՒՅՑ ԷՐ ՏԱԼԻՍ՝ ԻՆՉՊԵՍ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ

7. Ի՞նչ ենք սովորում Պողոսի խորհրդից՝ արձանագրված Հռոմեացիներ 14։19-21 համարներում։

7 Մենք «կերտում» ենք մեր եղբայրներին ու քույրերին, երբ ակտիվորեն նպաստում ենք ժողովի խաղաղությանը։ Մենք թույլ չենք տալիս, որ կարծիքների տարբերությունը բաժանումներ մտցնի մեր մեջ, և ամեն գնով առաջ չենք տանում մեր իրավունքները, եթե չի խախտվում սուրբգրային որևէ սկզբունք։ Քննենք մի օրինակ։ Հռոմում գտնվող ժողովը բաղկացած էր հրեա և այլազգի քրիստոնյաներից։ Երբ վերջ դրվեց Մովսիսական օրենքին, որոշ ուտելիքների վրա դրված սահմանափակումները հանվեցին (Մարկ. 7։19)։ Դրանից հետո որոշ հրեա քրիստոնյաներ հանգիստ օգտվում էին ամեն տեսակ ուտելիքներից։ Սակայն մյուս հրեա քրիստոնյաների խիղճը թույլ չէր տալիս այդպես վարվել։ Այդ տարակարծության պատճառով ժողովը պառակտվեց։ Պողոս առաքյալը ընդգծեց խաղաղությունը պահպանելու կարևորությունը՝ ասելով. «Լավ է միս չուտել, գինի չխմել և չանել մի այնպիսի բան, որի պատճառով քո եղբայրը գայթակղվում է» (կարդա Հռոմեացիներ 14։19-21)։ Այդպիսով Պողոսն օգնեց իր հավատակիցներին տեսնել, թե որքան վնասակար են նման վիճաբանությունները թե՛ առանձին քրիստոնյաների և թե՛ ողջ ժողովի համար։ Նա նաև պատրաստ էր փոխելու իր վարվելակերպը, որպեսզի ուրիշների համար գայթակղություն չլիներ (1 Կորնթ. 9։19-22)։ Նմանապես մենք կարող ենք «կերտել» ուրիշներին և պահպանել խաղաղությունը, եթե չվիճենք անձնական նախընտրությանը թողնված հարցերի շուրջ։

8. Ինչպե՞ս արձագանքեց Պողոսը, երբ ժողովի խաղաղությանը սպառնացող լուրջ հարց ծագեց։

8 Պողոսը կարողացավ խաղաղություն պահպանել նաև նրանց հետ, ովքեր լուրջ հարցերում համաձայնության չէին գալիս, ինչով և լավ օրինակ թողեց մեզ համար։ Առաջին դարի ժողովում ոմանք պնդում էին, որ քրիստոնեությունն ընդունած այլազգիները պետք է թլփատվեն։ Հնարավոր է՝ նրանք այդպիսով ցանկանում էին խուսափել մարդկանց քննադատությունից (Գաղ. 6։12)։ Թեև Պողոսը այդ հարցի վերաբերյալ բոլորովին այլ տեսակետ ուներ, սակայն իր կարծիքը պարտադրելու փոխարեն խոնարհաբար այն ներկայացրեց Երուսաղեմում գտնվող առաքյալներին ու երեցներին (Գործ. 15։1, 2)։ Շնորհիվ այն բանի, որ Պողոսը այդպիսի լուծում տվեց խնդրին, ժողովը պահպանեց ուրախությունն ու խաղաղությունը (Գործ. 15։30, 31

9. Ինչպե՞ս կարող ենք հետևել Պողոս առաքյալի օրինակին։

9 Մենք նույնպես կնպաստենք խաղաղությանը, եթե որևէ հարցի վերաբերյալ լուրջ վիճաբանության դեպքում առաջնորդության համար դիմենք նրանց, ում Եհովան նշանակել է, որ հոգ տանեն ժողովի մասին։ Հաճախ սուրբգրային առաջնորդություն կարելի է գտնել մեր հրատարակություններում կամ կազմակերպության տրամադրած հրահանգներում և ուղեցույցներում։ Եթե մեր անձնական տեսակետը առաջ տանելու փոխարեն հետևենք տրված առաջնորդությանը, կնպաստենք ժողովի խաղաղությանը։

10. Ուրիշ ինչպե՞ս էր Պողոսը նպաստում ժողովի խաղաղությանը։

10 Պողոսը նպաստում էր խաղաղությանը՝ ընդգծելով հավատակիցների ոչ թե բացասական, այլ դրական հատկությունները։ Օրինակ՝ հռոմեացիներին ուղղված իր նամակում նա անուն առ անուն հիշատակում է շատ մարդկանց և գրեթե բոլորի վերաբերյալ մի լավ հատկություն կամ մեկ այլ դրական բան է նշում։ Մենք կընդօրինակենք Պողոսին, եթե խոսենք մեր եղբայրների ու քույրերի լավ հատկությունների մասին։ Արդյունքում կմտերմանանք միմյանց հետ և կամրացնենք մեր միջև եղած սիրո կապերը։

11. Ինչպե՞ս կարող ենք վերականգնել խաղաղությունը, երբ տարաձայնություններ են առաջանում։

11 Անգամ հոգևորապես հասուն քրիստոնյաների միջև կարող է տարաձայնություն կամ վիճաբանություն ծագել։ Նման բան տեղի ունեցավ Պողոսի և նրա մտերիմ ընկերոջ՝ Բառնաբասի հետ։ Նրանք լուրջ տարակարծություն ունեին այն մասին, թե արդյոք հաջորդ միսիոներական շրջագայության ժամանակ արժե վերցնել Մարկոսին։ Նրանց միջև «բարկության ուժեղ պոռթկում եղավ», և նրանք բաժանվեցին իրարից (Գործ. 15։37-39)։ Սակայն Պողոսը, Բառնաբասը և Մարկոսը վերականգնեցին իրենց փոխհարաբերությունները՝ փաստելով, որ իրենց համար թանկ է ժողովի խաղաղությունն ու միասնությունը։ Հետագայում Պողոսը դրականորեն արտահայտվեց Բառնաբասի ու Մարկոսի մասին (1 Կորնթ. 9։6; Կող. 4։10)։ Մենք նույնպես պետք է հարթենք ցանկացած տարաձայնություն, որ գուցե ունենանք մեր հավատակիցների հետ, և պետք է ձգտենք կենտրոնանալ նրանց լավ հատկությունների վրա։ Այդպիսով կնպաստենք ժողովի խաղաղությանն ու միասնությանը (Եփես. 4։3

ԱՄՐԱՑՆՈՒՄ ԷՐ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՈՒ ՔՈՒՅՐԵՐԻ ՀԱՎԱՏԸ

12. Ի՞նչ դժվարությունների են բախվում մեր եղբայրներն ու քույրերը։

12 Մենք «կերտում» ենք մեր եղբայրներին ու քույրերին, երբ ամրացնում ենք Եհովայի հանդեպ նրանց հավատը։ Մեր հավատակիցներից ոմանք ծաղրանքի են ենթարկվում իրենց հավատը չընդունող ընտանիքի անդամների, աշխատակիցների կամ համադասարանցիների կողմից։ Ոմանք էլ պայքարում են լուրջ առողջական խնդրի դեմ կամ չեն կարողանում մոռանալ վիրավորանքը։ Ուրիշներն էլ երկար ժամանակ է, ինչ մկրտված են, և տարիներ շարունակ սպասում են այս չար աշխարհի վախճանին։ Այս բոլոր իրավիճակները կարող են փորձել քրիստոնյայի հավատը։ Առաջին դարի քրիստոնյաները նույնպես բախվում էին նմանատիպ դժվարությունների։ Իսկ ի՞նչ էր անում Պողոսը, որպեսզի զորացներ նրանց։

Ընդօրինակելով Պողոս առաքյալին՝ ինչպե՞ս կարող ենք «կերտել» ուրիշներին (տես պարբերություն 13) *

13. Պողոսն ինչպե՞ս օգնեց նրանց, ովքեր ծաղրանքի էին ենթարկվում։

13 Պողոսը Սուրբ Գրքերի միջոցով ամրացնում էր իր եղբայրների ու քույրերի հավատը։ Օրինակ՝ հրեա քրիստոնյաները դժվարանում էին պատասխանել իրենց հավատը չկիսող ընտանիքի անդամների քննադատությանը, ովքեր պնդում էին, թե հուդայականությունը գերադաս է քրիստոնեությունից։ Անկասկած, Պողոսի նամակը անչափ զորացրեց եբրայեցի քրիստոնյաներին (Եբր. 1։5, 6; 2։2, 3; 9։24, 25)։ Նրա բերած տրամաբանական փաստարկների շնորհիվ նրանք կարող էին լռեցնել իրենց հակառակվողներին։ Այսօր Աստվածաշնչի վրա հիմնված հրատարակությունների միջոցով մենք կարող ենք օգնել, որ մեր այն հավատակիցները, ովքեր ծաղրանքի են ենթարկվում, կարողանան բացատրել իրենց հավատալիքները։ Իսկ եթե մեր պատանիներին ծաղրում են արարչագործությանը հավատալու համար, կարող ենք օգնել նրանց, որ տեղեկություններ գտնեն «Ինչպե՞ս է կյանքն առաջացել» և «Կյանքի ծագումը. հինգ հարց, որ արժե քննել» գրքույկներում և փաստեն, թե ինչու են հավատում, որ կյանքը ստեղծագործության արդյունք է։

Ընդօրինակելով Պողոս առաքյալին՝ ինչպե՞ս կարող ենք «կերտել» ուրիշներին (տես պարբերություն 14) *

14. Ի՞նչ էր անում Պողոսը, չնայած որ զբաղված էր քարոզելու և ուսուցանելու գործով։

14 Պողոսը հորդորում էր հավատակիցներին իրենց սերը փաստել «բարի գործերով» (Եբր. 10։24)։ Նա օգնում էր իր եղբայրներին ու քույրերին ոչ միայն խոսքով, այլև գործով։ Օրինակ, երբ Հրեաստանում սով սկսվեց, Պողոսը կազմակերպեց, որ հավատակիցներին օգնություն ուղարկվի (Գործ. 11։27-30)։ Թեև առաքյալը զբաղված էր քարոզելու և ուսուցանելու գործով, նա միշտ առիթներ էր փնտրում աջակցելու նրանց, ովքեր նյութական օգնության կարիք ունեին (Գաղ. 2։10)։ Այդպիսով նա ամրացնում էր իր հավատակիցների վստահությունը այն բանում, որ Եհովան միշտ հոգ կտանի նրանց մասին։ Այսօր մենք նույնպես կերտում ենք մեր եղբայրների ու քույրերի հավատը, երբ մեր ժամանակը, ուժերն ու հմտությունները տրամադրում ենք աղետից տուժածներին օգնելու համար։ Դա անելու կերպերից է նաև համաշխարհային գործի համար կանոնավորաբար նվիրատվություններ անելը։ Այս և այլ կերպերով մենք օգնում ենք մեր հավատակիցներին համոզված լինել, որ Եհովան երբեք չի լքի իրենց։

Ընդօրինակելով Պողոս առաքյալին՝ ինչպե՞ս կարող ենք «կերտել» ուրիշներին (տես պարբերություն 15-16) *

15-16. Ինչպե՞ս պետք է վերաբերվենք նրանց, ում հավատը թուլացել է։

15 Պողոսը հույսը չէր կտրում այն եղբայրներից ու քույրերից, ում հավատը թուլացել էր։ Նա կարեկցում էր իր հավատակիցներին և նրանց հետ խոսում էր ջերմորեն ու լավատեսորեն (Եբր. 6։9; 10։39)։ Օրինակ՝ եբրայեցիներին ուղղված իր նամակում նա հաճախ է օգտագործում «մենք» և «մեզ» բառերը՝ ցույց տալով, որ ինքն էլ կարիք ունի հետևելու այն խորհրդին, որ տալիս է (Եբր. 2։1, 3)։ Պողոսի նման մենք մեր հույսը չենք կտրում այն եղբայրներից ու քույրերից, ում հավատը թուլացել է։ Փոխարենը՝ «կերտում» ենք նրանց՝ անկեղծ հետաքրքրություն ցուցաբերելով։ Այդպիսով հավաստիացնում ենք, որ նրանք թանկ են մեզ համար։ Եթե խոսենք մեղմ ու ջերմ տոնով, մեր ասածը ավելի ազդեցիկ ու քաջալերական կլինի։

16 Պողոսը վստահեցնում էր իր հավատակիցներին, որ Եհովան տեղյակ է, թե հավատարմության ու սիրո ինչ գործեր են արել նրանք (Եբր. 10։32-34)։ Մենք էլ կարող ենք այդպես վարվել, երբ փորձում ենք օգնել մեր այն հավատակցին, ում հավատը թուլացել է։ Կարող ենք խնդրել նրան, որ պատմի, թե ինչպես է իմացել ճշմարտությունը կամ հիշի այն դեպքերը, երբ իր կյանքում տեսել է Եհովայի ձեռքը։ Առիթն օգտագործելով՝ կարող ենք հավաստիացնել նրան, որ Եհովան չի մոռացել նախկինում արած նրա լավ գործերը ու երբեք չի լքի նրան (Եբր. 6։10; 13։5, 6)։ Նման զրույցները կարող են մեր սիրելի հավատակիցների մեջ կրկին ցանկություն արթնացնել, որ շարունակեն ծառայել Եհովային։

«ՇԱՐՈՒՆԱԿԵՔ ՄԽԻԹԱՐԵԼ.... ՄԻՄՅԱՆՑ»

17. Ինչի՞ վրա կարող ենք շարունակ աշխատել։

17 Ինչպես շինարարն է ժամանակի ընթացքում բարելավում իր հմտությունները, այնպես էլ մենք կարող ենք բարելավվել միմյանց «կերտելու» հարցում։ Եթե մեր հավատակիցներին պատմենք Աստծու այն ծառաների մասին, ովքեր հավատարմորեն դիմացել են փորձություններին, կօգնենք, որ իրենց դժվարությունները հաղթահարելու ուժ ունենան։ Մենք կարող ենք նպաստել խաղաղությանը, եթե խոսենք ուրիշների լավ հատկությունների մասին, չասենք և չանենք բաներ, որոնք կխաթարեն մեր խաղաղությունը, և հարթենք մեր միջև եղած տարաձայնությունները։ Բացի այդ՝ կարող ենք շարունակել ամրացնել մեր եղբայրների ու քույրերի հավատը՝ նրանց հետ խոսելով սուրբգրային կարևոր ճշմարտությունների մասին, տրամադրելով գործնական օգնություն և աջակցելով նրանց, ովքեր հոգևորապես թուլացել են։

18. Ի՞նչ ես վճռել անել։

18 Աստվածապետական շինարարական նախագծերին մասնակցողները մեծ ուրախություն և բավարարվածություն են ստանում։ Մենք էլ մեծ ուրախության և բավարարվածության զգացում կունենանք, եթե օգնենք մեր եղբայրներին ու քույրերին կերտել իրենց հավատը։ Ի տարբերություն բառացի շինությունների, որոնք ի վերջո կքանդվեն՝ մեր աշխատանքի արդյունքները կարող են մնալ հավիտյան։ Ուրեմն եկեք «շարունակենք մխիթարել և կերտել միմյանց» (1 Թեսաղ. 5։11

ԵՐԳ 100 Հյուրասիրությամբ ընդունենք նրանց

^ Կյանքն այս աշխարհում հեշտ չէ։ Մեր հավատակիցները տարբեր ճնշումների են ենթարկվում։ Եթե մեր եղբայրներին ու քույրերին մխիթարելու կերպեր փնտրենք, իսկական օրհնություն կլինենք նրանց համար։ Այս առնչությամբ շատ բան կարող ենք սովորել՝ քննելով Պողոս առաքյալի օրինակը։

^ ՆԿԱՐ։ Հայրը աղջկան ցույց է տալիս, թե մեր հրատարակություններում նշված առաջարկները ինչպես կարող են օգնել նրան դիմադրել Սուրբ Ծնունդը նշելու ճնշմանը։

^ ՆԿԱՐ։ Ամուսնական զույգը իրենց երկրում գնացել է մի տարածք, որտեղ աղետ է եղել, և օգնում է տուժածներին։

^ ՆԿԱՐ։ Երեցը այցելել է մի եղբոր, ում հավատը թուլացել է։ Նա եղբորը ցույց է տալիս Ռահվիրայական ծառայության դպրոցի նկարը, որին տարիներ առաջ նրանք մասնակցել են։ Այդ նկարը նրանց մեջ լավ հուշեր է արթնացնում։ Եղբայրը, ում հավատը թուլացել էր, կրկին ցանկանում է զգալ այն ուրախությունը, որ բերում է Եհովային ծառայելը։ Ժամանակի ընթացքում նա վերադառնում է ժողով։