Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 34

«Շարունակիր ճշմարտության մեջ քայլել»

«Շարունակիր ճշմարտության մեջ քայլել»

«Երախտագետ լինելու ավելի մեծ պատճառ չունեմ, քան այն, երբ լսում եմ, որ իմ զավակները շարունակում են ճշմարտության մեջ քայլել» (3 ՀՈՎՀ. 4

ԵՐԳ 111 Մեր ուրախության պատճառները

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Ի՞նչ օգուտներ ենք ստանում՝ պատմելով, թե ինչպես ենք իմացել «ճշմարտությունը»։

 «ԻՆՉՊԵ՞Ս ես իմացել ճշմարտությունը»։ Անկասկած, քեզ շատ են տվել այս հարցը։ Սա այն առաջին հարցերից է, որ տալիս ենք մեր հավատակիցներին, երբ ծանոթանում ենք միմյանց հետ։ Մենք ցանկանում ենք իմանալ, թե ինչպես են մեր եղբայրներն ու քույրերը ճանաչել ու սիրել Եհովային, և ինքներս էլ հաճույքով պատմում ենք նրանց, թե ինչու ենք սիրում ճշմարտությունը (Հռոմ. 1։11)։ Նման զրույցները մեզ հիշեցնում են, թե որքան թանկ է ճշմարտությունը մեզ համար։ Բացի այդ՝ մենք ավելի մեծ վճռականությամբ ենք լցվում, որ «շարունակենք ճշմարտության մեջ քայլել», այսինքն՝ շարունակենք ապրել այնպես, որ արժանանանք Եհովայի հավանությանն ու օրհնությանը (3 Հովհ. 4

2. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

2 Հոդվածում կքննենք մի քանի պատճառ, թե ինչու ենք սիրում ճշմարտությունը։ Այնուհետև կիմանանք, թե ինչպես կարող ենք շարունակել արտահայտել մեր սերը այդ թանկ պարգևի հանդեպ։ Հոդվածը նաև կօգնի խորացնել մեր գնահատանքը այն ամենի հանդեպ, ինչ Եհովան արել է, որ ձգի մեզ դեպի ճշմարտությունը (Հովհ. 6։44)։ Բացի այդ՝ այն կբոցավառի ճշմարտությունը ուրիշներին պատմելու մեր ցանկությունը։

ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ՍԻՐՈՒՄ «ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ»

3. Ո՞րն է ամենակարևոր պատճառը, թե ինչու ենք սիրում ճշմարտությունը։

3 Կան մի շարք պատճառներ, թե ինչու ենք սիրում ճշմարտությունը։ Դրանցից ամենակարևորն այն է, որ սիրում ենք ճշմարտության Աղբյուրին՝ Եհովա Աստծուն։ Նրա Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով մենք իմացել ենք, որ նա ոչ միայն երկնքի ու երկրի ամենազոր Արարիչն է, այլև մեր սիրառատ երկնային Հայրը, ով քնքշորեն հոգ է տանում մեր մասին (1 Պետ. 5։7)։ Մենք գիտենք, որ Եհովան «ողորմած ու գթառատ Աստված [է], բարկանալու մեջ դանդաղ և սիրառատ բարությամբ ու ճշմարտությամբ լի» (Ելք 34։6)։ Նա նաև արդարություն է սիրում (Ես. 61։8)։ Եհովան ցավ է ապրում՝ տեսնելով մեր տառապանքը, և մեծ ցանկություն ունի նշանակված ժամանակին վերացնելու այն (Երեմ. 29։11)։ Մենք նույնպես անհամբերությամբ սպասում ենք այդ ժամանակին։ Զարմանալի չէ, որ Եհովային այդքան շատ ենք սիրում։

Ճշմարտությունը նման է խարսխի

Ինչպես խարիսխն է հաստատուն պահում նավը, այնպես էլ Աստվածաշնչի տված հույսն է օգնում մեզ, որ հանդարտ և հաստատուն մնանք փորձությունների ժամանակ։ Բացի այդ՝ ճշմարտությունը մղում է մեզ, որ ապագայի մեր հույսի մասին պատմենք ուրիշներին (տես պարբերություն 4-7)

4-5. Ինչո՞ւ Պողոս առաքյալը հույսը համեմատեց խարսխի հետ։

4 Ուրիշ ի՞նչ պատճառով ենք սիրում ճշմարտությունը։ Այն մեծ օգուտներ է բերում մեզ։ Դրանցից մեկը ապագայի մեր հույսն է, որը աստվածաշնչյան ճշմարտության մաս է կազմում։ Պողոս առաքյալը դրա արժեքը ցույց տալու համար գրեց. «Այս հույսը խարսխի նման է մեր հոգու համար. այն թե՛ հուսալի է, թե՛ հաստատ» (Եբր. 6։19)։ Ինչպես խարիսխն է հաստատուն կանգնեցնում նավը, այնպես էլ Աստվածաշնչի տված հույսն է օգնում մեզ, որ հանդարտ ու հաստատուն մնանք փորձությունների ժամանակ։

5 Համատեքստում Պողոսը խոսում էր օծյալ քրիստոնյաների ունեցած երկնային հույսի մասին։ Բայց նրա խոսքերը վերաբերում են նաև այն քրիստոնյաներին, ովքեր հույս ունեն հավիտյան ապրելու դրախտ-երկրի վրա (Հովհ. 3։16)։ Անկասկած, հավիտյան ապրելու հույսի մասին իմանալը մեր կյանքը իմաստով է լցրել։

6-7. Ապագայի մասին ճշմարտությունն իմանալը ի՞նչ օգուտներ է բերել Իվոնին։

6 Քննենք Իվոն անունով մի քրոջ օրինակը։ Նա ճշմարտության մեջ չի մեծացել և փոքր ժամանակ միշտ վախեցել է մահից։ Իվոնը հիշում է, որ մի օր գիրք կարդալիս իրեն շատ տպավորեց հետևյալ արտահայտությունը. «Մի օր վաղը չի լինի»։ Նա ասում է. «Այս խոսքերը չէին թողնում, որ քնեմ. գիշերները մտածում էի ապագայի մասին. «Կյանքը հաստատ այսքանով չի սահմանափակվում։ Բայց ո՞րն է իմ կյանքի իմաստը»։ Ես չէի ուզում մեռնել»։

7 Պատանեկան տարիքում Իվոնը հանդիպեց Եհովայի վկաներին։ Նա ասում է. «Ես հույսով ու հավատով լցվեցի, որ կարող եմ հավիտյան ապրել դրախտ-երկրի վրա»։ Ճշմարտությունն իմանալը ի՞նչ օգուտներ է բերել Իվոնին։ Նա շարունակում է. «Այլևս անքուն գիշերներ չեմ անցկացնում՝ անհանգստանալով, թե ինչպիսին կլինի իմ ապագան, կամ մտածելով մահվան մասին»։ Ինչպես երևում է, ճշմարտությունը շատ թանկ է Իվոնի համար։ Նա մեծ բավականություն է ստանում՝ ապագայի իր հույսի մասին պատմելով ուրիշներին (1 Տիմոթ. 4։16

Ճշմարտությունը նման է գանձի

Այսօր Եհովային ծառայելը, ինչպես նաև նրա Թագավորության ներքո հավիտյան դա անելու հեռանկարը նման են գանձի։ Դրա համար արժե անել ցանկացած զոհողություն (տես պարբերություն 8-11)

8-9. ա) Հիսուսի պատմած առակում նշված մարդու համար որքա՞ն թանկ էր նրա գտած գանձը։ բ) Որքա՞ն թանկ է ճշմարտությունը քեզ համար։

8 Աստվածաշնչյան ճշմարտության մաս է կազմում նաև Աստծու Թագավորության մասին բարի լուրը։ Հիսուսը այդ Թագավորության մասին ճշմարտությունը համեմատեց թաքցրած գանձի հետ։ Նա ասաց. «Երկնքի թագավորությունը նման է արտում թաքցրած գանձի, որը մի մարդ գտնում է ու նորից թաքցնում։ Նա ուրախությունից գնում, վաճառում է իր ողջ ունեցվածքը և առնում է այդ արտը» (Մատթ. 13։44)։ Նկատի առնենք, որ այդ մարդը գանձ չէր փնտրում, բայց երբ գտավ, մեծ զոհողություններ արեց, որպեսզի ձեռք բերի այն։ Նա վաճառեց իր ողջ ունեցվածքը, քանի որ գիտեր, թե որքան արժեքավոր էր այդ գանձը. այն իր արած ցանկացած զոհողությունից ավելի թանկ էր։

9 Իսկ դու նման վերաբերմունք ունե՞ս ճշմարտության հանդեպ։ Անկասկած, ունես։ Մենք գիտենք, որ այս աշխարհի առաջարկած և ոչ մի բան չի կարող համեմատվել այն ուրախության հետ, որ այսօր ստանում ենք Եհովային ծառայելուց, ինչպես նաև այն հույսի հետ, որ ապագայում հավիտյան ապրելու ենք Աստծու Թագավորության ներքո։ Եհովայի հետ մտերիմ փոխհարաբերությունները ցանկացած զոհողությունից ավելին արժեն։ Մեզ համար ամենամեծ ուրախությունը Եհովային «լիովին հաճեցնելն» է (Կող. 1։10

10-11. Ի՞նչը մղեց Մայքլին փոխելու իր կյանքը։

10 Մեզանից շատերը մեծ զոհողություններ են արել, որպեսզի արժանանան Եհովայի հավանությանը։ Ոմանք թողել են իրենց լավ կարիերան, ոմանք էլ դադարել են ձգտել հարստության, իսկ մյուսները, իմանալով Եհովայի մասին, ամբողջությամբ փոխել են իրենց կյանքը։ Այդպես է վարվել նաև Մայքլը, ով ճշմարտության մեջ չի մեծացել։ Երիտասարդ տարիքում նա սկսեց զբաղվել մարտարվեստով։ Մայքլն ասում է. «Ես հպարտ էի իմ մարզական տեսքով։ Պահեր էին լինում, որ ինձ անպարտելի էի զգում»։ Բայց երբ Մայքլը սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել, իմացավ, որ Եհովան ատում է բռնությունը (Սաղ. 11։5)։ Իրեն Աստվածաշունչ ուսուցանող Վկա զույգի մասին նա ասում է. «Նրանք երբեք չէին ասում, որ պետք է թողնեմ մարտարվեստը. պարզապես շարունակում էին սովորեցնել ինձ աստվածաշնչյան ճշմարտությունը»։

11 Որքան շատ էր Մայքլը սովորում Եհովայի մասին, այնքան ավելի էր սիրում նրան։ Մայքլին հատկապես տպավորում էր այն, թե որքան կարեկից է Եհովան իր ծառաների հանդեպ։ Ժամանակի ընթացքում նա հասկացավ, որ պետք է կայացնի մի որոշում, որը լիովին փոխելու էր իր կյանքը։ Նա ասում է. «Գիտեի, որ կարատեից հրաժարվելը ամենադժվար բանն է լինելու ինձ համար։ Բայց նաև գիտեի, որ դա հաճելի է լինելու Եհովային, և համոզված էի, որ նրան ծառայելու համար արժե ամեն զոհողություն անել»։ Մայքլը հասկանում էր ճշմարտության արժեքը, և դա մղեց նրան իր կյանքում մեծ փոփոխություններ անելու (Հակ. 1։25

Ճշմարտությունը նման է ճրագի

Վառ ճրագը օգնում է մթության մեջ գտնել ճանապարհը։ Նույն ձևով էլ Աստծու Խոսքն է Սատանայի մութ աշխարհում լուսավորում մեր ճանապարհը (տես պարբերություն 12-13)

12-13. Աստվածաշնչյան ճշմարտությունն ինչպե՞ս լուսավորեց Մայլիի կյանքը։

12 Ճշմարտության արժեքն ընդգծելու համար Աստվածաշունչն այն համեմատում է մթության մեջ լույս տվող ճրագի հետ (Սաղ. 119։105; Եփես. 5։8)։ Մայլի անունով մի քույր, ով ապրում է Ադրբեջանում, խորապես գնահատում է այն օգնությունը, որ ստացել է Աստծու Խոսքից։ Նա մեծացել է կրոնապես բաժանված ընտանիքում։ Նրա հայրը մահմեդական էր, իսկ մայրը՝ հրեա։ Մայլին ասում է. «Թեև երբեք չեմ կասկածել Աստծու գոյությանը, բայց կային հարցեր, որ մտատանջում էին ինձ։ Ես մտածում էի. «Ինչո՞ւ է Աստված ստեղծել մարդկանց, և ի՞նչ օգուտ կա, որ մարդը տառապի իր ողջ կյանքում, իսկ հետո տանջանքների ենթարկվի դժոխքում»։ Մարդիկ ասում էին, որ ամեն բան, ինչ պատահում է, Աստծու կամքն է։ Ուստի մտածում էի. «Մի՞թե մարդիկ խաղատիկնիկներ են Աստծու ձեռքում, ով տառապանք է պատճառում նրանց և ուրախանում՝ տեսնելով, թե ինչպես են նրանք տառապում»»։

13 Մայլին շարունակ փնտրում էր իր հարցերի պատասխանները։ Ժամանակի ընթացքում նա սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել և դարձավ Եհովայի վկա։ Մայլին ասում է. «Աստվածաշնչի համոզիչ ու խելամիտ պատասխանները օգնել են ինձ, որ լավատեսորեն նայեմ կյանքին։ Աստծու Խոսքից ստացած վստահելի տեղեկությունների շնորհիվ ձեռք եմ բերել ներքին խաղաղություն»։ Մայլիի նման՝ մենք բոլորս մղվում ենք փառաբանելու Եհովային, նրան, «ով խավարից կանչեց [մեզ] իր սքանչելի լույսի մեջ» (1 Պետ. 2։9

14. Ինչպե՞ս կարող ենք խորացնել մեր սերը ճշմարտության հանդեպ (տես նաև « Այլ համեմատություններ» շրջանակը)։

14 Մենք քննեցինք ընդամենը մի քանի օրինակ, որոնք ցույց են տալիս, թե որքան թանկ է ճշմարտությունը։ Թերևս միտքդ այլ բաներ էլ են գալիս, որոնց հետ կարող ես համեմատել ճշմարտությունը։ Կարող ես նպատակ դնել, որ անձնական ուսումնասիրության ժամանակ ճշմարտությունը սիրելու այլ պատճառներ գտնես։ Որքան շատ սիրենք ճշմարտությունը, այնքան ավելի կմղվենք տարբեր կերպերով արտահայտելու մեր սերը դրա հանդեպ։

ԻՆՉՊԵ՞Ս ԱՐՏԱՀԱՅՏԵՆՔ ՄԵՐ ՍԵՐԸ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ

15. Ո՞րն է ճշմարտության հանդեպ մեր սերն արտահայտելու կերպերից մեկը։

15 Մենք կարող ենք արտահայտել մեր սերը ճշմարտության հանդեպ, եթե կանոնավորաբար ուսումնասիրենք Աստվածաշունչը և դրա վրա հիմնված հրատարակությունները։ Մենք միշտ սովորելու բան ունենք՝ անկախ նրանից, թե քանի տարի ենք ճշմարտության մեջ։ «Դիտարան» ամսագրի առաջին համարում հետևյալն է գրված. «Ճշմարտությունը նման է կյանքի անապատում աճող քնքուշ ծաղկի, որին շրջապատել և գրեթե խեղդում են կեղծիքի փարթամ մոլախոտերը։ Եթե ցանկանում եք գտնել այն, պետք է միշտ ուշադիր փնտրեք.... Եթե ուզում եք ունենալ այն, պետք է կռանաք, որ քաղեք։ Մի՛ բավարարվեք ճշմարտության մեկ ծաղկով.... Շարունակեք հավաքել, փնտրեք նորերը»։ Ինչպես տեսնում ենք, ուսումնասիրություն անելը այդքան էլ հեշտ չէ, սակայն արժե ջանքեր թափել։

16. Աստվածաշունչն ուսումնասիրելու ի՞նչ արդյունավետ մեթոդ ես դու կիրառում (Առակներ 2։4-6

16 Ոչ բոլորս ենք սիրում կարդալ և ուսումնասիրություններ անել։ Բայց Եհովան հորդորում է մեզ, որ ճշմարտությունը ավելի խորությամբ հասկանալու համար շարունակ «փնտրենք» և «որոնենք» (կարդա Առակներ 2։4-6)։ Երբ նման ջանքեր ենք թափում, միշտ օգուտներ ենք քաղում։ Քորեյը պատմում է, որ Աստվածաշունչն ընթերցելիս ամեն անգամ կենտրոնանում է մեկ համարի վրա։ Նա ասում է. «Ես կարդում եմ բոլոր ծանոթագրությունները, բացում բոլոր զուգահեռ հղումները և հավելյալ փնտրտուքներ կատարում.... Ընթերցանության այս մեթոդի շնորհիվ այնքա՜ն նոր բաներ եմ սովորում»։ Անկախ նրանից, թե Աստվածաշունչն ուսումնասիրելիս ինչ մեթոդ ենք կիրառում, մենք արտահայտում ենք մեր գնահատանքը ճշմարտության հանդեպ, երբ ժամանակ ենք տրամադրում և ջանքեր թափում այն խորությամբ հասկանալու համար (Սաղ. 1։1-3

17. Ի՞նչ է նշանակում ապրել ճշմարտության համաձայն (Հակոբոս 1։25

17 Ինչ խոսք, մենք գիտենք, որ բավական չէ միայն ուսումնասիրել ճշմարտությունը։ Լիարժեք օգուտներ քաղելու համար մենք պետք է նաև ապրենք դրա համաձայն, այսինքն՝ մեր կյանքում կիրառենք այն, ինչ սովորում ենք։ Միայն այդպես վարվելուց հետո ճշմարտությունը մեզ իսկական ուրախություն կպարգևի (կարդա Հակոբոս 1։25)։ Իսկ ինչպե՞ս կարող ենք հավաստիանալ, որ ապրում ենք ճշմարտության համաձայն։ Մի եղբայր առաջարկում է ինքնաքննություն կատարել և պարզել, թե որոնք են մեր ուժեղ կողմերը, և թե որ ոլորտներում բարելավումներ անելու կարիք ունենք։ Պողոս առաքյալը դրա վերաբերյալ հետևյալն ասաց. «Որ չափով որ առաջադիմեցինք, եկեք շարունակենք նույն այդ սահմանված կարգի համաձայն վարվել» (Փիլիպ. 3։16

18. Ինչո՞ւ ենք ամեն ջանք թափում, որ «շարունակենք ճշմարտության մեջ քայլել»։

18 Մի պահ մտածիր այն օգուտների մասին, որ ստանում ենք, երբ ամեն ջանք թափում ենք, որպեսզի «շարունակենք ճշմարտության մեջ քայլել»։ Մենք ոչ միայն բարելավում ենք մեր կյանքը, այլև ուրախացնում ենք Եհովային և մեր հավատակիցներին (Առակ. 27։11; 3 Հովհ. 4)։ Մի՞թե ճշմարտությունը սիրելու և դրա համաձայն ապրելու ավելի կարևոր պատճառներ ունենք։

ԵՐԳ 144 Մրցանակն աչքիդ առաջ պահիր

^ Մենք հաճախ մեր հավատալիքներն ու ապրելակերպը անվանում ենք «ճշմարտություն»։ Անկախ նրանից՝ նոր ենք դարձել Եհովայի վկա, թե մեր ողջ կյանքը ճշմարտության մեջ ենք, մենք մեծ օգուտներ կքաղենք, եթե խորությամբ մտածենք այն մասին, թե ինչու ենք սիրում ճշմարտությունը։ Դա կօգնի, որ Եհովային հաճելի ձևով ապրելու ավելի մեծ վճռականությամբ լցվենք։