Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Երբ կողակիցդ պոռնկագրություն է դիտում

Երբ կողակիցդ պոռնկագրություն է դիտում
  • «Ամուսինս ասես կրկին ու կրկին դավաճանում էր ինձ»։

  • «Ես ինձ նվաստացած էի զգում։ Ինձ թվում էր՝ անհրապույր եմ և ոչ մի արժեք չունեմ»։

  • «Ոչ ոքի հետ չէի կարողանում խոսել այդ մասին։ Լուռ տառապում էի»։

  • «Ինձ թվում էր՝ Եհովան հոգ չի տանում իմ մասին»։

Վերոնշյալ խոսքերը ցույց են տալիս, թե որքան է կինը տառապում, երբ ամուսինը պոռնկագրություն է դիտում։ Իսկ եթե նա գաղտնի է անում դա ու անգամ ամիսներ կամ տարիներ շարունակ, կինը գուցե կորցնի նրա հանդեպ ունեցած վստահությունը։ Մի կին հետևյալն է ասում. «Մտածում էի՝ «Մի՞թե սա իմ ամուսինն է։ Տեսնես՝ ուրիշ ինչե՞ր է թաքցնում ինձանից»»։

Այս հոդվածը գրվել է այն կանանց համար, որոնց ամուսինները պոռնկագրություն են դիտում։ a Այստեղ քննարկվում են աստվածաշնչյան սկզբունքներ, որոնք մխիթարում են այդ կանանց և հավաստիացնում նրանց Եհովայի սիրո և աջակցության մեջ։ Դրանք օգնում են նաև վերագտնել հոգևոր և էմոցիոնալ հավասարակշռությունը։ b

Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԱՆԵԼ ԱՆՄԵՂ ԿՈՂԱԿԻՑԸ

Ճիշտ է, դու չես կարող վերահսկել ամուսնուդ յուրաքանչյուր քայլը, բայց կարող ես մեղմել տառապանքդ և մտքի խաղաղություն ձեռք բերել։ Տեսնենք, թե ինչպես։

Քեզ մի՛ մեղադրիր։ Կինը գուցե մտածի, թե ինչ-որ չափով իր մեղավորությունն է, որ ամուսինը պոռնկագրություն է դիտում։ Էլիսը c կարծում էր, որ ինքը գրավիչ կին չէ։ Հակառակ դեպքում՝ ինչո՞ւ պետք է իր ամուսինը ուրիշ կանանց նայեր։ Որոշ կանայք էլ մտածում են, որ իրենց արձագանքի պատճառով իրավիճակը ավելի է բարդանում, և մեղադրում են իրենց դրա համար։ Դանիելան ասում է. «Իմ աչքին ես մի չարացած կին էի, ով քրիստոնյային ոչ վայել իր բարկությամբ քանդում էր մեր ընտանիքը»։

Եթե դու էլ նմանատիպ զգացումներ ունես, իմացիր, որ Եհովան ամուսնուդ արարքների համար քեզ չի մեղադրում։ Հակոբոս 1։14-ում ասվում է. «Ամեն մեկը փորձվում է, քանի որ տարվում և հրապուրվում է իր ցանկություններով» (Հռոմ. 14։12; Փիլիպ. 2։12)։ Եհովան ոչ միայն չի մեղադրում քեզ, այլ նաև թանկ է համարում քո նվիրվածությունը (2 Տար. 16։9

Հիշիր, որ եթե ամուսինդ պոռնկագրություն է դիտում, դա չի նշանակում, որ դու գրավիչ կին չես։ Մասնագետներն ասում են, որ պոռնկագրությունը սեռական անհագ ցանկություններ է առաջացնում, որոնք ոչ մի կին չի կարող բավարարել։

Չափից շատ մի՛ մտահոգվիր։ Քեթրին անունով մի կին ասում է, որ իր ողջ կյանքը պտտվում էր այն մտքի շուրջ, որ իր ամուսինը պոռնկագրություն է դիտում։ Իսկ Ֆրենսիսը ասում է. «Երբ չեմ իմանում՝ ամուսինս ուր է, տեղս չեմ գտնում։ Ամբողջ օրը սարսափելի լարված եմ լինում»։ Որոշ կանայք էլ ասում են, որ շատ անհարմար են զգում այն հավատակիցների ներկայությամբ, ովքեր թերևս գիտեն իրենց ամուսնու խնդրի մասին։ Ոմանք էլ խոստովանում են, որ իրենց ահավոր միայնակ են զգում, քանի որ կարծում են, թե ոչ ոք չի հասկանում իրենց իրավիճակը։

Ինչ խոսք, նման զգացումներ ունենալը բնական է, բայց եթե շարունակ մտածես դրանց մասին, ավելի ծանր ապրումներ կունենաս։ Փորձիր կենտրոնանալ Եհովայի հետ ունեցած քո փոխհարաբերությունների վրա։ Այդպես վարվելը քեզ ուժ կտա, որ դիմանաս (Սաղ. 62։2; Եփես. 6։10

Կարող ես Աստվածաշնչում կարդալ և խորհել այն կանանց մասին, ովքեր սթրեսային իրավիճակում մխիթարվել են՝ աղոթելով Եհովային։ Միշտ չէ, որ Եհովան փոխել է նրանց հանգամանքները, բայց նա միշտ նրանց մտքի խաղաղություն է տվել։ Օրինակ՝ Աննան իր իրավիճակի պատճառով խիստ տրտմել էր, սակայն Եհովային «երկար աղոթելուց» հետո խաղաղությամբ լցվեց, թեև դեռ չգիտեր, թե իր հանգամանքները ինչպես էին փոխվելու (1 Սամ. 1։10, 12, 18; 2 Կորնթ. 1։3, 4

Թե՛ կինը, թե՛ ամուսինը գուցե կարիք ունենան դիմել երեցների օգնությանը

Նաև օգնություն խնդրիր ժողովի երեցներից։ Նրանք քեզ համար «քամու դեմ եղող պատսպարանի պես կլինեն և փոթորկի դեմ եղող թաքստոցի պես» (Ես. 32։2)։ Հնարավոր է նաև՝ երեցները առաջարկեն խոսել մի վստահելի քրոջ հետ, ով կարող է մխիթարել քեզ (Առակ. 17։17

ԿԱՐՈ՞Ղ ԵՍ ՕԳՆԵԼ ՆՐԱՆ

Իսկ դու կարո՞ղ ես օգնել ամուսնուդ, որ ձերբազատվի պոռնկագրություն դիտելու սովորությունից։ Միգուցե։ Աստվածաշնչում ասվում է, որ որևէ խնդրի կամ հզոր թշնամու դեմ պայքարում «երկուսով ավելի լավ է, քան մենակ» (Ժող. 4։9-12)։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երբ կողակիցները միասին են ջանքեր թափում, հաճախ ամուսինը կարողանում է ձերբազատվել պոռնկագրություն դիտելու կախվածությունից, իսկ կինը վերականգնում է վստահությունը նրա հանդեպ։

Իհարկե, շատ բան կախված է այն հանգամանքից, թե արդյոք ամուսինդ վճռական է տրամադրված և անկեղծորեն ուզում է ձերբազատվել այդ վատ սովորությունից։ Արդյո՞ք նա աղաչում է Եհովային, որ ուժ տա իրեն, և դիմո՞ւմ է երեցների օգնությանը (2 Կորնթ. 4։7; Հակ. 5։14, 15)։ Արդյո՞ք նա որոշել է, թե կոնկրետ ինչպես է խուսափելու գայթակղությունից։ Օրինակ՝ էլեկտրոնային սարքերից օգտվելու հետ կապված որոշ սահմանափակումներ դրե՞լ է և խուսափո՞ւմ է այնպիսի իրավիճակներից, երբ գայթակղությանը տրվելու հավանականությունը շատ մեծ է (Առակ. 27։12)։ Պատրա՞ստ է ընդունել քո օգնությունը և լիովին անկեղծ լինել քեզ հետ։ Եթե այո, ուրեմն դու կարող ես օգնել նրան։ Ինչպե՞ս։

Քննենք մի օրինակ։ Ֆելիշան ամուսնացած է Իթընի հետ, ով փոքր տարիքից պոռնկագրություն դիտելու կախվածություն է ձեռք բերել։ Ֆելիշան այնպիսի մթնոլորտ է ստեղծել, որ ամեն անգամ, երբ Իթընը պոռնկագրություն դիտելու ցանկություն ունենա, անկաշկանդ խոսի իր հետ։ Իթընը ասում է. «Ես անկեղծորեն խոսում եմ կնոջս հետ այդ մասին։ Նա սիրով օգնում է ինձ, որ խուսափեմ գայթակղությունից, և կանոնավորաբար հետաքրքրվում է, թե արդյոք ինձ հաջողվում է դա անել։ Բացի այդ՝ կինս օգնում է, որ շատ զգույշ լինեմ այն հարցում, թե որքան եմ օգտվում ինտերնետից և որտեղից եմ դա անում»։ Բնական է, որ Իթընի խնդիրը ցավ է պատճառում Ֆելիշային, բայց նա ասում է. «Իմ զայրույթն ու տառապանքը ոչ մի կերպ չեն օգնի Իթընին հեռու մնալ այդ չարիքից։ Բայց երբ միասին խոսում ենք նրա խնդրի մասին, նա ավելի վճռական է լինում հեռու մնալու այն ամենից, ինչը ցավ է պատճառում ինձ»։

Նման քննարկումները կարող են օգնել ոչ միայն ամուսնուն, որ հեռու մնա պոռնկագրությունից, այլև կնոջը, որ կրկին վստահի նրան։ Ամուսինը կնոջը կասկածի առիթ չի տա, եթե չթաքցնի, թե ինչ հակումներ ունի, ինչով է զբաղվում օրվա ընթացքում և թե որտեղ է գտնվում։

Եթե կարծում ես, որ կարող ես օգնել ամուսնուդ, լավ կլինի՝ միասին կարդաք ու քննարկեք այս հոդվածը։ Ամուսինդ պետք է ձգտի այլևս չդիտել պոռնկագրություն և ամեն ինչ անի, որ կրկին վստահես իրեն։ Նյարդայնանալու փոխարեն նա պետք է փորձի հասկանալ, թե դու ինչու նման մտահոգություններ ունես, և թե ինչպես է այդ խնդիրը ազդում քեզ վրա։ Իսկ դու պետք է ձգտես աջակցել նրան իր պայքարում և հնարավորություն տաս, որ կրկին շահի քո վստահությունը։ Կարևոր է, որ երկուսդ էլ իմանաք, թե սովորաբար մարդիկ ինչու են ընկնում պոռնկագրության ծուղակը, և թե ինչպես կարելի է հաղթահարել այդ խնդիրը։ d

Եթե մտավախություն ունես, որ ձեր զրույցը կվերածվի թեժ վիճաբանության, լավ կլինի՝ դիմես մի երեցի, ում հետ երկուսդ էլ կարող եք անկաշկանդ խոսել այդ թեմայով։ Խնդրիր նրան, որ մի որոշ ժամանակ ներկա լինի ձեր զրույցներին։ Հիշիր, որ նույնիսկ այն բանից հետո, երբ ամուսինդ հաղթահարի պոռնկագրություն դիտելու սովորությունը, գուցե բավականաչափ ժամանակ պահանջվի, որ կրկին վստահես նրան։ Բայց մի՛ հանձնվիր։ Ուրախացիր անգամ փոքր ձեռքբերումներով և շարունակիր հուսալ, որ, եթե երկուսդ էլ համբերատար լինեք, ժամանակի ընթացքում ձեր ամուսնությունը կրկին կամրանա (Ժող. 7։8; 1 Կորնթ. 13։4

ԵԹԵ ԽՆԴԻՐԸ ՉԻ ԼՈՒԾՎՈՒՄ

Եթե ամուսինդ որոշ ժամանակ հետո կրկին սայթաքում է, արդյո՞ք դա նշանակում է, որ նա չի զղջում իր արածի համար, և որ իրավիճակը անհույս է։ Պարտադիր չէ։ Հատկապես, եթե նա կախվածություն է ձեռք բերել, գուցե ստիպված լինի պայքարել այդ խնդրի դեմ ողջ կյանքի ընթացքում։ Անգամ տարիներ անց նա կարող է կրկին սայթաքել։ Դրանից խուսափելու համար նա պետք է շատ ավելի զգոն լինի՝ թերևս շարունակելով խստորեն հետևել իր առջև դրված սահմանափակումներին, նույնիսկ այն բանից հետո, երբ թվում է, թե խնդիրը հաղթահարված է (Առակ. 28։14; Մատթ. 5։29; 1 Կորնթ. 10։12)։ Նա պետք է «փոխի [իր] միտքը խթանող ուժը» և սովորի «ատել չարությունը», օրինակ՝ պոռնկագրությունը, ինչպես նաև մյուս անմաքուր բաները, ինչպիսին է ձեռնաշարժությունը (Եփես. 4։23; Սաղ. 97։10; Հռոմ. 12։9)։ Արդյո՞ք նա պատրաստ է անելու այս քայլերը։ Եթե այո, ապա իրավիճակը անհույս չէ։ e

Կենտրոնացիր Եհովայի հետ ունեցած քո փոխհարաբերությունների վրա

Բայց ի՞նչ կարելի է անել, եթե կողակիցդ չի ցանկանում վերջ տալ այդ սովորությանը։ Բնական է, որ դրա պատճառով գուցե շարունակ հիասթափության, բարկության և դավաճանված լինելու զգացում ունենաս։ Ձգտիր մտքի խաղաղություն ձեռք բերել՝ քո բեռը գցելով Եհովայի վրա (1 Պետ. 5։7)։ Շարունակիր մտերմանալ Աստծու հետ՝ ուսումնասիրելով նրա Խոսքը, աղոթելով և խորհրդածելով։ Այդ դեպքում կարող ես համոզված լինել, որ նա էլ կմտերմանա քեզ հետ։ Ինչպես գրված է Եսայիա 57։15-ում, նա բնակվում է «փշրվածների ու ոգով խոնարհների հետ, որպեսզի կենդանացնի [նրանց] ոգին»։ Շարունակիր հավատարմորեն ծառայել Եհովային, դիմիր երեցների օգնությանը և մի՛ կորցրու հույսդ, որ մի օր ամուսինդ փոփոխություններ կանի (Հռոմ. 2։4; 2 Պետ. 3։9

a Հոդվածը գրվել է այն տեսանկյունից, որ պոռնկագրություն դիտողը ամուսինն է, սակայն դրանում քննարկվող սկզբունքներից շատերը օգտակար են նաև այն ամուսինների համար, որոնց կանայք են պոռնկագրություն դիտում։

b Պոռնկագրություն դիտելը սուրբգրային հիմքով ամուսնալուծվելու հիմք չի հանդիսանում (Մատթ. 19։9

c Այս հոդվածում անունները փոխված են։

d Օգտակար տեղեկություններ կարելի է գտնել jw.org կայքում և մեր հրատարակություններում։ Օրինակ՝ տես «Պոռնկագրությունը կարող է քայքայել ձեր ամուսնությունը» հոդվածը jw.org կայքում, «Դու կարո՛ղ ես դիմադրել գայթակղությանը» հոդվածը «Դիտարանի» 2014 թ. ապրիլի 1-ի համարում (էջ 10-12) և «Պոռնկագրություն. անվնաս զբաղմո՞ւնք...» հոդվածը «Դիտարանի» 2013 թ. օգոստոսի 1-ի համարում (էջ 3-7)։

e Հաշվի առնելով այն, որ պոռնկագրությունը կարող է կախվածություն առաջացնել՝ որոշ ամուսնական զույգեր, երեցներից հոգևոր օգնություն ստանալուց բացի, որոշել են դիմել նաև մասնագիտական օգնության։