Ընթերցողների հարցերը
Ինչպե՞ս է «Դիտարանի» 2020 թ. հունիսի համարում տպագրված «Թող սրբացվի քո անունը» հոդվածը հստակեցնում Եհովայի անվան և նրա գերիշխանության վերաբերյալ մեր հավատալիքը։
Վերոնշյալ հոդվածից իմացանք, որ բոլոր բանական արարածները իրականում կանգնած են միայն մեկ կարևոր հարցի առաջ, այն է՝ Եհովայի մեծ անվան սրբացումը։ Իսկ գերիշխանության հարցը, այսինքն՝ այն, թե Եհովայի իշխելու կերպը լավագույնն է, թե ոչ, այդ կարևոր հարցի մի կողմն է միայն։ Եհովայի անվան սրբացումը ներառում է նաև մարդկանց անարատության հարցը։
Սակայն ինչո՞ւ ենք ասում, որ ամենակարևորը Եհովայի անունն է ու դրա սրբացումը։ Քննենք երեք պատճառ։
Առաջին՝ Եդեմի պարտեզում Սատանան հարձակում է գործել Եհովայի անվան, կամ՝ համբավի վրա։ Եվային ուղղած իր խորամանկ հարցով Սատանան ակնարկեց, որ Եհովան ժլատ Աստված է և անխոհեմ սահմանափակումներ է դրել իր հպատակների վրա։ Այնուհետև Սատանան Եհովային ստախոս ներկայացրեց՝ պնդելով նրա ասածների ճիշտ հակառակը։ Այդպիսով նա զրպարտեց Եհովային՝ արատավորելով նրա անունը, և դարձավ «Բանսարկու», որը նշանակում է «զրպարտիչ» (Հովհ. 8։44)։ Հավատալով Սատանայի ստերին՝ Եվան չհնազանդվեց Աստծուն և ըմբոստացավ նրա գերիշխանության դեմ (Ծննդ. 3։1-6)։ Մինչ օրս Սատանան արատավորում է Աստծու անունը՝ նրա վերաբերյալ ստեր տարածելով։ Նրանք, ովքեր հավատում են նման ստերի, ավելի հավանական է, որ անհնազանդ կլինեն Եհովային։ Այդ պատճառով Աստծու ժողովրդի համար Եհովայի սուրբ անվան դեմ ուղղված ցանկացած զրպարտություն մեծագույն անարդարություն է։ Հենց դա է աշխարհում տիրող ողջ չարության ու տառապանքի պատճառը։
Երկրորդ՝ հօգուտ ողջ ստեղծագործության՝ Եհովան վճռել է սրբացնել իր անունը՝ մաքրելով այն ամեն նախատինքից։ Դա անելը առաջնային է Եհովայի համար, այդ իսկ պատճառով նա ասում է. «Ես կսրբացնեմ իմ մեծ անունը» (Եզեկ. 36։23)։ Իսկ Հիսուսը, խոսելով այն մասին, թե Եհովայի բոլոր հավատարիմ ծառաները աղոթելիս ինչին պետք է առաջնային կարևորություն տան, հետևյալն է ասել. «Թող սրբացվի քո անունը» (Մատթ. 6։9)։ Աստվածաշունչը բազմիցս ընդգծում է Եհովայի անունը փառաբանելու կարևորությունը։ Ահա մի քանի օրինակ. «Տվե՛ք Եհովային իր անվան փառքը» (1 Տար. 16։29; Սաղ. 96։8)։ «Սաղմո՛ս երգեք նրա անվան փառքին» (Սաղ. 66։2)։ «Ես կփառաբանեմ քո անունը հավիտյան» (Սաղ. 86։12)։ Իսկ մի անգամ, երբ Հիսուսը Երուսաղեմի տաճարի մոտ դիմեց իր Հորը ասելով՝ «Հա՛յր, փառավորի՛ր քո անունը», Եհովան երկնքից անձամբ պատասխանեց նրան, ասելով՝ «Փառավորեցի և դարձյալ կփառավորեմ» (Հովհ. 12։28)։ a
Երրորդ՝ Եհովայի նպատակն է, որ իր սուրբ անունը միշտ փառաբանվի։ Մտածենք հետևյալի մասին։ Ի՞նչ է լինելու Քրիստոսի Հազարամյա Իշխանության վերջում՝ վերջնական փորձությունից հետո։ Արդյո՞ք բանական արարածները շարունակելու են տարակարծիք լինել կարևորագույն հարցի՝ Եհովայի անվան սրբացման հետ կապված։ Այս հարցի պատասխանը գտնելու համար եկեք մտածենք կարևորագույն հարցի մեջ մտնող հետևյալ երկու հարցերի
մասին՝ մարդկանց անարատության և գերիշխանության։ Արդյո՞ք իրենց հավատարմությունը փաստած մարդկանց համար անարատություն պահելը դժվար է լինելու։ Ո՛չ, նրանք կատարյալ կլինեն և ամբողջովին փորձված։ Այդ ժամանակ նրանք ստացած կլինեն հավիտենական կյանքի պարգևը։ Իսկ արդյո՞ք գերիշխանության հարցը շարունակելու է քննարկման կամ տարակարծությունների առարկա լինել բանական արարածների շրջանում։ Ո՛չ, Եհովայի իշխանության գերակայությունն ու արդարությունը հաստատվելու է հավիտյան։ Իսկ ի՞նչ կարելի է ասել նրա անվան մասին։Այդ ժամանակ Եհովայի անունը ամբողջովին սրբացված և մաքրված է լինելու նախատինքից։ Բայց նրան հավատարիմ բոլոր բանական արարածների համար այն շարունակելու է ամենակարևոր բանը լինել երկնքում և երկրի վրա։ Ինչո՞ւ։ Քանի որ Եհովան շարունակելու է զարմանահրաշ գործեր անել։ Նկատի առնենք հետևյալը։ Երբ Հիսուսը խոնարհաբար ողջ իշխանությունը վերադարձնի իր Հորը, Եհովան «կլինի ամեն ինչ ամենքի համար» (1 Կորնթ. 15։28)։ Դրանից հետո երկրի վրա ապրող մարդիկ կվայելեն «Աստծու զավակների փառահեղ ազատությունը» (Հռոմ. 8։21)։ Եվ Եհովան վերջնականապես կիրականացնի երկնքում և երկրի վրա եղող բոլոր բանական էակներին որպես մեկ միասնական մեծ ընտանիք միավորելու իր նպատակը (Եփես. 1։10)։
Իսկ ինչպե՞ս այս ամենը կանդրադառնա երկնքում և երկրի վրա եղող Եհովայի ընտանիքի վրա։ Անկասկած, այդ ժամանակ էլ մենք Եհովայի գեղեցիկ անունը փառաբանելու մեծ ցանկություն կունենանք։ Սաղմոսերգու Դավիթը, Աստծուց ներշնչված, հետևյալն է գրել. «Օրհնյալ լինի Եհովա Աստվածը.... հավիտյան օրհնյալ լինի նրա փառավոր անունը» (Սաղ. 72։18, 19)։ Ողջ հավիտենության ընթացքում մենք Եհովայի անունը փառաբանելու նորանոր պատճառներ կունենանք։
Հիշենք, որ Եհովայի անունը նրա մասին ամեն ինչ ասում է։ Երբ մտածում ենք այդ անվան շուրջ, մեր միտքն է գալիս Եհովայի սերը (1 Հովհ. 4։8)։ Մենք միշտ կհիշենք, որ Եհովան մեզ ստեղծել է սիրուց մղված, մեզ փրկագնել է սիրուց մղված, և իր արդար իշխանությունը գործի է դնում նույնպես սիրուց մղված։ Ողջ հավիտենության ընթացքում էլ կշարունակենք տեսնել, թե Եհովան ինչպես է իր ստեղծագործությանը պարուրում սիրով, և կմղվենք ավելի մտերմանալու մեր Հոր հետ ու երգերով գովաբանելու նրա փառահեղ անունը (Սաղ. 73։28)։