ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 36
Կրիր անհրաժեշտ բեռը, ազատվիր ավելորդ ծանրությունից
«Եկեք մենք էլ մեր վրայից հանենք ամեն ծանրություն.... և եկեք տոկունությամբ վազենք այն մրցավազքում, որ դրված է մեր առաջ» (ԵԲՐ. 12։1)։
ԵՐԳ 33 Քո բեռը Եհովայի վրա գցիր
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a
1. Եբրայեցիներ 12։1-ի համաձայն՝ ի՞նչ պետք է անենք, որ հասնենք վերջնագծին։
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ քրիստոնյայի կյանքը համեմատում է մրցավազքի հետ։ Վերջնագծին հասնողները պարգևատրվում են հավիտենական կյանքով (2 Տիմոթ. 4։7, 8)։ Ուստի մենք պետք է ամեն ջանք թափենք, որ շարունակենք վազել, հատկապես հիմա, երբ վերջնագիծը շատ մոտ է։ Պողոս առաքյալը, ով հաջողությամբ ավարտել է իր կյանքի մրցավազքը, նշել է, թե վերջնագծին հասնելու համար ինչ պետք է անենք։ Նա գրել է, որ «մեր վրայից հանենք ամեն ծանրություն» և «տոկունությամբ վազենք այն մրցավազքում, որ դրված է մեր առաջ» (կարդա Եբրայեցիներ 12։1)։
2. Ի՞նչ է նշանակում «հանել ամեն ծանրություն»։
2 Արդյո՞ք ասելով «հանենք ամեն ծանրություն»՝ Պողոսը նկատի ուներ, որ քրիստոնյան ոչ մի ծանրություն չպետք է կրի։ Ո՛չ։ Նա ուզում էր ասել, որ մենք պետք է ազատվենք ավելորդ ծանրությունից, ինչը կարող է դանդաղեցնել մեր ընթացքը և ուժասպառ անել մեզ։ Տոկունությամբ վազելու համար մենք պետք է շուտ նկատենք, թե ինչն է դանդաղեցնում մեր ընթացքը, և անմիջապես ազատվենք ավելորդ ծանրությունից։ Միևնույն ժամանակ մենք չենք ցանկանում մեր վրայից հանել այն բեռը, որը պետք է կրենք։ Հակառակ դեպքում՝ գուցե որակազրկվենք որպես վազորդներ և դուրս մնանք մրցավազքից (2 Տիմոթ. 2։5)։ Տեսնենք, թե ինչի մասին է խոսքը։
3. ա) Գաղատացիներ 6։5-ի համաձայն՝ ի՞նչ պետք է կրենք։ բ) Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում և ինչո՞ւ։
3 Կարդա Գաղատացիներ 6։5։ Պողոսը գրեց, որ «յուրաքանչյուր մարդ իր բեռն է կրելու», այսինքն՝ որոշակի բեռ մենք պե՛տք է կրենք։ Առաքյալը նկատի ուներ Աստծու առաջ ունեցած մեր պարտականությունները, որոնք ոչ ոք մեր փոխարեն չի կարող կրել։ Հոդվածից կիմանանք, թե որն է «մեր բեռը», և ինչպես կարող ենք այն կրել։ Բացի այդ՝ կիմանանք, թե որոնք են ավելորդ ծանրությունները, որ թերևս կրում ենք, և թե ինչպես կարող ենք ազատվել դրանցից։ Մեր բեռը կրելը և ավելորդ ծանրությունից ազատվելը կօգնի մեզ հաջողությամբ վազել կյանքի մրցավազքում և հասնել վերջնագծին։
Ո՞Ր ԲԵՌՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԿՐԵՆՔ
4. Ինչո՞ւ ենք ասում, որ մեր նվիրման երդումը բեռ չէ մեզ համար (տես նաև նկարը)։
4 Մեր նվիրման երդումը։ Երբ նվիրվեցինք Եհովային, մենք խոստացանք պաշտել նրան և կատարել նրա կամքը։ Մենք պետք է պահենք մեր երդումը։ Թեև նվիրման համաձայն ապրելը լուրջ պատասխանատվություն է, բայց չափազանց դժվար չէ մեզ համար. չէ՞ որ մեր գոյության նպատակը Եհովայի կամքը կատարելն է (Հայտն. 4։11)։ Նա մեզ ստեղծել է իր պատկերով և իրեն ճանաչելու ու պաշտելու կարիքով։ Դրա համար էլ մենք կարողանում ենք մտերմանալ նրա հետ և բավականություն ենք ստանում նրա կամքը կատարելուց (Սաղ. 40։8)։ Դեռ ավելին՝ Աստծու կամքը կատարելով և նրա Որդու օրինակին հետևելով՝ մենք «թարմություն ենք գտնում [մեր] հոգիների համար» (Մատթ. 11։28-30)։
5. Ի՞նչը կօգնի քեզ նվիրմանդ համաձայն ապրել (1 Հովհաննես 5։3)։
5 Ինչպե՞ս կարող ես կրել այն։ Հետևյալ երկու քայլերը կօգնեն քեզ։ Նախ՝ շարունակիր խորացնել սերդ Եհովայի հանդեպ՝ խորհրդածելով այն բոլոր լավ բաների մասին, որ նա արել է քեզ համար, և այն օրհնությունների մասին, որոնք նա տալու է քեզ ապագայում։ Այդ դեպքում նրան հնազանդվելը դժվար չի լինի (կարդա 1 Հովհաննես 5։3)։ Երկրորդ՝ ընդօրինակիր Հիսուսին։ Նա կարողացավ կատարել Աստծու կամքը, քանի որ օգնության համար աղոթում էր Եհովային և կենտրոնացած էր մնում վարձատրության վրա (Եբր. 5։7; 12։2)։ Հիսուսի պես՝ խնդրիր Եհովային, որ զորացնի քեզ, և քո մտքում վառ պահիր հավիտենական կյանքի հույսդ։ Աստծու հանդեպ սերդ խորացնելով և ընդօրինակելով նրա Որդուն՝ կկարողանաս ապրել նվիրմանդ համաձայն։
6. Ինչո՞ւ պետք է կատարենք մեր ընտանեկան պարտականությունները (տես նաև նկարը)։
6 Մեր ընտանեկան պարտականությունները։ Կյանքի մրցավազքում մենք պետք է Եհովային ու Հիսուսին ավելի շատ սիրենք, քան մեր հարազատներին (Մատթ. 10։37)։ Սակայն դա չի նշանակում, որ պետք է անտեսենք մեր ընտանեկան պարտականությունները, ասես դրանք խանգարում են մեզ, որ հաճեցնենք Աստծուն ու Քրիստոսին։ Ընդհակառակը՝ Աստծու և Քրիստոսի հավանությանն արժանանալու համար մենք պետք է կատարենք ընտանիքում ունեցած մեր դերը (1 Տիմոթ. 5։4, 8)։ Այդ դեպքում մենք ավելի երջանիկ կլինենք։ Չէ՞ որ Եհովան այնպես է ստեղծել ընտանեկան կառույցը, որ երջանիկ լինելու համար ամուսինն ու կինը պետք է հարգեն ու սիրեն միմյանց, ծնողները՝ սիրեն ու դաստիարակեն իրենց երեխաներին, իսկ երեխաները՝ հնազանդվեն իրենց ծնողներին (Եփես. 5։33; 6։1, 4)։
7. Ինչպե՞ս կարող ես կատարել ընտանիքում ունեցած քո դերը։
7 Ինչպե՞ս կարող ես կրել այն։ Ընտանիքում ունեցած քո դերը ճիշտ կատարելու համար առաջնորդվիր ոչ թե զուտ զգացմունքներով, ձեր մշակույթում ընդունված տեսակետներով կամ, այսպես կոչված, մասնագետների խորհուրդներով, այլ աստվածաշնչյան իմաստությամբ (Առակ. 24։3, 4)։ Լիարժեքորեն օգտվիր Աստվածաշնչի վրա հիմնված մեր հրատարակություններից, որոնք աստվածաշնչյան սկզբունքները կիրառելու վերաբերյալ գործնական խորհուրդներ են պարունակում։ Օրինակ՝ «Աջակցություն ընտանիքին» հոդվածաշարում օգտակար տեղեկություններ կան այն մասին, թե ինչպես կարելի է հաղթահարել այն խնդիրները, որոնց այսօր բախվում են ամուսնական զույգերը, ծնողներն ու պատանիները։ b Վճռիր կիրառել այն, ինչ սովորեցնում է Աստվածաշունչը, նույնիսկ եթե ընտանիքիդ մյուս անդամները այդպես չեն վարվում։ Այդ դեպքում ընտանիքդ օգուտներ կքաղի, և Եհովան կօրհնի քեզ (1 Պետ. 3։1, 2)։
8. Մեր կայացրած որոշումները ինչպե՞ս կարող են ազդել մեզ վրա։
8 Մեր որոշումների հետևանքները։ Եհովան օժտել է մեզ ազատ կամքով և ցանկանում է, որ ճիշտ որոշումներ կայացնենք ու վայելենք դրանց արդյունքները։ Բայց նա մեզ չի պաշտպանում մեր սխալ որոշումների դառը հետևանքներից (Գաղ. 6։7, 8)։ Ուստի մենք պատասխանատու ենք մեր սխալ ընտրության, անմտածված խոսքերի և գործերի համար։ Երբեմն մեր արածների պատճառով գուցե մեղավորության զգացում ունենանք։ Սակայն այն բանի գիտակցումը, որ մենք պատասխանատու ենք մեր կայացրած որոշումների համար, մղում է մեզ, որ խոստովանենք մեր մեղքերը, շտկենք մեր սխալները և խուսափենք դրանք կրկնելուց։ Այս քայլերն անելը կօգնի մեզ մնալ կյանքի մրցավազքում։
9. Ի՞նչ կարող ես անել, եթե սխալ որոշում ես կայացրել (տես նաև նկարը)։
9 Ինչպե՞ս կարող ես կրել այն։ Եթե սխալ որոշում ես կայացրել և այլևս չես կարող ոչինչ փոխել, հարմարվիր քո նոր իրավիճակին։ Ընդունիր այն փաստը, որ անցյալը չես կարող փոխել։ Էմոցիոնալ և մտային ուժերդ մի՛ վատնիր ինքդ քեզ արդարացնելու կամ սխալ որոշմանդ համար քեզ կամ ուրիշներին մեղադրելու վրա։ Եթե խիղճդ տանջում է, խոնարհաբար դիմիր Եհովային, ընդունիր սխալդ և նրանից ներում խնդրիր (Սաղ. 25։11; 51։3, 4)։ Ներողություն խնդրիր նաև նրանցից, ովքեր տուժել են քո որոշման պատճառով, և անհրաժեշտության դեպքում դիմիր երեցների օգնությանը (Հակ. 5։14, 15)։ Դասեր քաղիր քո սխալներից ու փորձիր այլևս չկրկնել դրանք։ Այդ դեպքում կարող ես համոզված լինել, որ Եհովան գթառատ կլինի քո հանդեպ և կօգնի քեզ (Սաղ. 103։8-13)։
ԱՎԵԼՈՐԴ ԾԱՆՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
10. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ անիրական ակնկալիքները ավելորդ ծանրություն են մեզ համար (Գաղատացիներ 6։4)։
10 Անիրական ակնկալիքներ։ Երբ մեզ համեմատում ենք ուրիշների հետ, անիրական ակնկալիքներ ենք ունենում ինքներս մեզանից (կարդա Գաղատացիներ 6։4)։ Շարունակ համեմատվելը մեր մեջ գուցե նախանձ ու մրցակցության ոգի առաջացնի (Գաղ. 5։26)։ Թերևս ուրիշներին նայելով՝ ձգտենք անել մի բան, ինչ նրանց է հաջողվում։ Բայց այդպես, հնարավոր է, սկսենք այնպիսի նպատակներ դնել մեր առաջ, որոնց հասնելը վեր է մեր ուժերից։ Եվ եթե հաշվի առնենք այն, որ «ձգձգվող ակնկալիքը հիվանդացնում է սիրտը», ապա որքան խոր հիասթափություն կապրենք, եթե ակնկալենք մի բան, ինչը երբեք չի իրականանա (Առակ. 13։12)։ Այդպես վարվելը կարող է քամել մեր ուժերը և դանդաղեցնել մեր ընթացքը կյանքի մրցավազքում (Առակ. 24։10)։
11. Ի՞նչը կօգնի, որ խուսափես անիրական ակնկալիքներից։
11 Ինչպե՞ս կարող ես ազատվել այդ ծանրությունից։ Քեզանից մի՛ ակնկալիր ավելին, քան Եհովան է պահանջում։ Նա երբեք չի ակնկալում, որ տաս մի բան, ինչը չունես (2 Կորնթ. 8։12)։ Համոզված եղիր, որ Եհովան քեզ ուրիշների հետ չի համեմատում (Մատթ. 25։20-23)։ Նրա համար թանկ է քո բոլորանվեր ծառայությունը, քո հավատարմությունը և քո տոկունությունը։ Համեստորեն ընդունիր, որ տարիքը, առողջությունը և հանգամանքները կարող են սահմանափակել քո կարողությունները։ Բերզելիի նման՝ պատրաստ եղիր հրաժարվելու այն հանձնարարությունից, որը տարիքի կամ առողջության պատճառով դժվարանում ես անել (2 Սամ. 19։35, 36)։ Բացի այդ՝ Մովսեսի պես՝ ընդունիր ուրիշների օգնությունը և, երբ տեղին է, քո պատասխանատվությունների մի մասը նրանց փոխանցիր (Ելք 18։21, 22)։ Համեստ լինելը կօգնի, որ չունենաս անիրական ակնկալիքներ, որոնք կարող են ուժասպառ անել քեզ կյանքի մրցավազքում։
12. Արդո՞ք մենք պատասխանատու ենք ուրիշների կայացրած սխալ որոշումների համար։ Բացատրիր։
12 Երբ քեզ պատասխանատու ես զգում ուրիշների կայացրած սխալ որոշումների համար։ Մենք չենք կարող ուրիշների փոխարեն որոշումներ կայացնել, ոչ էլ կարող ենք պաշտպանել նրանց իրենց որոշումների հետևանքներից։ Ճիշտ է, ծնողներն անասելի ցավ են զգում, երբ իրենց որդին կամ դուստրը որոշում է այլևս չծառայել Եհովային, բայց նրանք, ովքեր երեխաների սխալ որոշումների համար մեղավոր են զգում, չափազանց մեծ ծանրություն են վերցնում իրենց վրա։ Իրականում, Եհովան ծնողներից նման բան չի ակնկալում (Հռոմ. 14։12)։
13. Ծնողը թերևս ինչպե՞ս արձագանքի, երբ իր երեխան սխալ որոշում կայացնի։
13 Ինչպե՞ս կարող ես ազատվել այդ ծանրությունից։ Ընդունիր, որ Եհովան ազատ կամք է տվել բոլորին։ Նա թույլ է տալիս, որ յուրաքանչյուր ոք անի իր ընտրությունը. բացառություն չէ նաև իրեն ծառայել-չծառայելու հարցը։ Եհովան գիտի, որ որպես ծնող՝ դու անկատար ես։ Նա պարզապես ակնկալում է, որ քո լավագույնն անես, իսկ երեխայիդ ընտրությունը իր պատասխանատվությունն է, ոչ թե քո (Առակ. 20։11)։ Այնուամենայնիվ, գուցե շարունակ մտածես այն սխալների մասին, որ թույլ ես տվել որպես ծնող։ Այդ դեպքում պատմիր Եհովային քո զգացումների մասին և ներողություն խնդրիր։ Նա գիտի, որ անցյալը հետ չես բերի և չես կարող փոխել այն, ինչ արդեն եղել է։ Եհովան չի ակնկալում, որ պաշտպանես երեխայիդ իր արարքների հետևանքներից։ Միշտ հիշիր, որ եթե երեխադ Եհովայի մոտ վերադառնալու անկեղծ ջանքեր թափի, Եհովան գրկաբաց հետ կընդունի նրան (Ղուկ. 15։18-20)։
14. Շարունակ մեղավորության զգացում ունենալը ինչո՞ւ է ավելորդ ծանրություն, որից պետք է ազատվենք։
14 Շարունակ մեղավորության զգացում ունենալը։ Երբ մեղք ենք գործում, մեղավորության զգացում ունենալը տեղին է։ Սակայն երբ մեղավորության զգացումը չի անցնում, այն ավելորդ ծանրություն է դառնում, որը Եհովան չի ակնկալում, որ կրենք։ Մենք պետք է ազատվենք այդ ծանրությունից։ Իսկ ինչպե՞ս կողմնորոշվենք՝ մեղավորության զգացումը ավելորդ ծանրություն է, թե ոչ։ Եթե խոստովանել ենք մեր մեղքը, զղջացել ենք և քայլեր ենք ձեռնարկում, որ այլևս չկրկնենք այն, կարող ենք համոզված լինել, որ Եհովան ներել է մեզ (Գործ. 3։19)։ Եհովան չի ակնկալում, որ այդ քայլերը ձեռնարկելուց հետո շարունակենք մեղավորության զգացում ունենալ։ Նա գիտի, որ անընդհատ նման զգացում ունենալը կարող է վնասել մեզ (Սաղ. 31։10)։ Եթե համակվենք տխրությամբ, գուցե թևաթափ լինենք և դադարենք վազել կյանքի մրցավազքում (2 Կորնթ. 2։7)։
15. Ի՞նչը կօգնի քեզ, երբ շարունակ մեղավորության զգացում ես ունենում (1 Հովհաննես 3։19, 20; տես նաև նկարը)։
15 Ինչպե՞ս կարող ես ազատվել այդ ծանրությունից։ Եթե շարունակ մեղավորության զգացում ես ունենում, հիշիր, որ Աստված «իսկապես ներում է» (Սաղ. 130։4)։ Եհովան անկեղծորեն զղջացող մեղավորներին հետևյալ խոստումն է տալիս. «Նրանց մեղքն այլևս չեմ հիշի» (Երեմ. 31։34)։ Երբ Եհովան ներում է քեզ, նա այլևս երբեք չի անդրադառնում անցյալում գործած քո մեղքերին։ Դրանց հետևանքները կրելիս մի՛ մտածիր, թե Եհովան չի ներել քեզ։ Շարունակ մի՛ մեղադրիր ինքդ քեզ այն բանի համար, որ անցյալում գործած սխալներիդ պատճառով կորցրել ես ժողովում ունեցած պատասխանատվություններդ։ Եհովան չի հիշում քո մեղքերը, ուստի դու էլ չպետք է հիշես (կարդա 1 Հովհաննես 3։19, 20)։
ՎԱԶԻՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
16. Որպես վազորդներ՝ ի՞նչը պետք է կարողանանք տարանջատել։
16 Կյանքի մրցավազքում մենք պետք է «այնպես վազենք, որ ստանանք» մրցանակը (1 Կորնթ. 9։24)։ Մենք դա կարող ենք անել, եթե տարանջատենք անհրաժեշտ բեռները ավելորդ ծանրություններից։ Այս հոդվածում քննեցինք ընդամենը մի քանի օրինակ, թե որ բեռները պետք է կրենք և որ ծանրություններից պետք է ազատվենք։ Բայց սրանք բոլորը չեն։ Հիսուսն ասաց, որ մեր սրտերը կարող են «ծանրանալ շատակերությամբ, հարբեցողությամբ ու կյանքի հոգսերով» (Ղուկ. 21։34)։ Այս և այլ սուրբգրային համարներ կարող են օգնել քեզ կատարել անհրաժեշտ փոփոխությունները, մինչ վազում ես կյանքի մրցավազքում։
17. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ կհասնենք վերջնագծին։
17 Մենք կարող ենք վստահ լինել, որ կհասնենք վերջնագծին, քանի որ Եհովան կտա մեզ անհրաժեշտ զորությունը (Ես. 40։29-31)։ Ուստի մի՛ դանդաղեցրու ընթացքդ։ Ընդօրինակիր Պողոս առաքյալին, ով իր ողջ ուժերը ներդրեց, որպեսզի հասնի իր առջև դրված մրցանակին (Փիլիպ. 3։13, 14)։ Ոչ ոք քո փոխարեն չի կարող վազել այս մրցավազքում, բայց Եհովայի օգնությամբ դու կարող ես հաջողության հասնել։ Եհովան կօգնի քեզ կրել քո բեռը և ազատվել ավելորդ ծանրությունից (Սաղ. 68։19)։ Նրա աջակցությամբ դու կարող ես տոկունությամբ վազել կյանքի մրցավազքում և հասնել վերջնագծին։
ԵՐԳ 65 Միշտ առաջ
a Հոդվածում կքննենք օգտակար խորհուրդներ, որոնք կօգնեն մեզ վազել կյանքի մրցավազքում։ Որպես «վազորդներ»՝ մենք պարտավոր ենք որոշակի բեռ կրել։ Օրինակ՝ պետք է ապրենք Եհովային նվիրվելու մեր երդման համաձայն, կատարենք մեր ընտանեկան պարտականությունները և կրենք մեր որոշումների հետևանքները։ Միևնույն ժամանակ մենք պետք է ազատվենք ցանկացած ավելորդ ծանրությունից, որը կարող է դանդաղեցնել մեր ընթացքը։ Իսկ որո՞նք են դրանցից մի քանիսը։ Հոդվածից կիմանանք այս հարցի պատասխանը։
b «Աջակցություն ընտանիքին» հոդվածաշարը կարող ես գտնել jw.org կայքում։ Ամուսնական զույգերը կարող են կարդալ «Ինչպես հարգանք դրսևորել» և «Ինչպես գնահատանք ցույց տալ» հոդվածները, ծնողները կարող են օգտվել «Ինչպե՞ս սովորեցնեմ երեխայիս խելամտորեն օգտվել սմարթֆոնից» և «Ինչպես հաղորդակցվել պատանի երեխայիդ հետ» հոդվածներից, իսկ պատանիների համար օգտակար կլինեն «Ինչպես դիմադրել հասակակիցների ճնշմանը» և «Ինչպե՞ս հաղթահարել միայնության զգացումը» հոդվածները։