Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 33

Սովորենք Դանիելից

Սովորենք Դանիելից

«Դու թանկագին մարդ ես» (ԴԱՆ. 9։23

ԵՐԳ 73 Համարձակություն տուր մեզ

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a

1. Ինչո՞վ էին տպավորվել բաբելոնացիները։

 ԴԱՆԻԵԼԸ բավականին երիտասարդ էր, երբ բաբելոնացիները գերեվարեցին նրան և տարան Բաբելոն, որը Երուսաղեմից շատ հեռու էր։ Չնայած նրա տարիքին՝ բաբելոնացի պաշտոնյաները տպավորվել էին նրանով։ Նրանք տեսնում էին «իր[ենց] աչքի տեսածը», այն, որ Դանիելը «ոչ մի արատ չուներ, տեսքով գեղեցիկ էր» և ազնվական ծագում ուներ (1 Սամ. 16։7)։ Դրա համար բաբելոնացիները կրթեցին նրան, որ դառնա իրենց հասարակության բարձր խավի անդամ (Դան. 1։3, 4, 6

2. Ի՞նչ վերաբերմունք ուներ Եհովան Դանիելի հանդեպ (Եզեկիել 14։14

2 Եհովան Դանիելին սիրում էր ոչ թե նրա արտաքին տեսքի կամ հասարակության մեջ ունեցած դիրքի համար, այլ այն բանի, որ այդ երիտասարդը որոշել էր նվիրված լինել իրեն։ Թերևս Դանիելը մոտ 20 տարեկան էր, երբ Եհովան նրան հիշատակեց Նոյի և Հոբի հետ, ովքեր տասնամյակներ շարունակ լավ անուն էին ստեղծել իր մոտ (Ծննդ. 5։32; 6։9, 10; Հոբ 42։16, 17; կարդա Եզեկիել 14։14)։ Դանիելը ապրեց երկար և ուշագրավ իրադարձություններով լի կյանքով, և այդ ողջ ընթացքում Եհովան շարունակում էր սիրել նրան (Դան. 10։11, 19

3. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

3 Այս հոդվածում կքննենք Դանիելի հատկություններից երկուսը, որոնք նրան թանկագին էին դարձրել Եհովայի աչքում։ Նախ՝ կտեսնենք, թե որ իրավիճակներում է Դանիելը դրսևորել այդ հատկությունները, այնուհետև՝ կիմանանք, թե ինչն է օգնել նրան, որ զարգացնի դրանք։ Հետո՝ կիմանանք, թե ինչպես կարող ենք ընդօրինակել Դանիելին։ Ու թեև այս հոդվածը հիմնականում պատանիներին է ուղղված, բայց բոլորս էլ կարող ենք սովորել Դանիելի օրինակից։

ԸՆԴՕՐԻՆԱԿԻՐ ԴԱՆԻԵԼԻ ՔԱՋՈՒԹՅՈՒՆԸ

4. Դանիելն ինչպե՞ս քաջություն դրսևորեց։ Բեր օրինակ։

4 Քաջ մարդիկ էլ գուցե վախ զգան, բայց նրանք թույլ չեն տալիս, որ վախը հետ պահի իրենց ճիշտն անելուց։ Դանիելը քաջ երիտասարդ էր։ Քննենք երկու իրավիճակ, երբ նա քաջություն է դրսևորել։ Առաջին դեպքը հավանաբար տեղի է ունեցել Երուսաղեմի կործանումից մոտ երկու տարի հետո։ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը մի հսկա արձանի մասին երազ է տեսնում, որը նրան գցում է մտատանջությունների մեջ։ Նա սպառնում է սպանել իր ենթակայության տակ եղող բոլոր իմաստուններին, այդ թվում՝ Դանիելին, եթե նրանք չկարողանան պատմել իր տեսած երազը և տալ դրա մեկնությունը (Դան. 2։3-5)։ Դանիելը պետք է արագ գործեր, հակառակ դեպքում՝ շատերը կկորցնեին իրենց կյանքը։ Նա «մտնում է թագավորի մոտ ու խնդրում, որ իրեն ժամանակ տա մեկնությունը հայտնելու համար» (Դան. 2։16)։ Այդպես վարվելու համար քաջություն ու հավատ էր պետք։ Ոչ մի արձանագրություն չկա այն մասին, որ մինչ այդ Դանիելը երազներ է մեկնել։ Նա խնդրում է իր երեք ընկերներին, որոնց բաբելոնական անուններն էին՝ Սեդրաք, Միսաք և Աբեդնագով, որ «գաղտնիքի վերաբերյալ.... երկնքի Աստծուց ողորմություն խնդրեն» (Դան. 2։18)։ Եհովան պատասխանում է նրանց աղոթքներին։ Աստծու օգնությամբ Դանիելը մեկնում է Նաբուգոդոնոսորի երազը, և Դանիելի ու նրա ընկերների կյանքը փրկվում է։

5. Դանիելի քաջությունը ուրիշ ինչպե՞ս է փորձվում։

5 Որոշ ժամանակ անց Նաբուգոդոնոսոր թագավորը ևս մի անհանգստացնող երազ է տեսնում, այս անգամ՝ մի վիթխարի ծառի մասին, և Դանիելի քաջությունը կրկին փորձության է ենթարկվում։ Բայց նա, համարձակություն դրսևորելով, Նաբուգոդոնոսորին հայտնում է երազի նշանակությունը։ Նա ասում է, որ թագավորը խելագարվելու է և մի որոշ ժամանակով կորցնելու է գահը (Դան. 4։25)։ Վտանգ կար, որ թագավորը Դանիելի խոսքերը կընկալեր որպես ըմբոստություն և մահվան կմատներ նրան։ Այնուամենայնիվ, Դանիելը քաջաբար պատմում է երազի նշանակությունը։

6. Թերևս ի՞նչն է օգնել Դանիելին քաջ լինել։

6 Թերևս ի՞նչն է օգնել Դանիելին, որ իր ողջ կյանքի ընթացքում քաջ լինի։ Անշուշտ, նրա համար լավ օրինակ են եղել իր ծնողները, որոնք անկասկած հնազանդվել են իսրայելացի ծնողներին տրված հրահանգներին և իրենց երեխային սովորեցրել են Աստծու Օրենքը (2 Օրենք 6։6-9)։ Դանիելը ոչ միայն գիտեր Օրենքի հիմնական տարրերը, որոնցից են տասը պատվիրանները, այլև Օրենքի մանրամասները։ Օրինակ՝ նա գիտեր, թե իսրայելացիների համար որ կերակուրներն էին արգելված, որոնք՝ ոչ (Ղևտ. 11։4-8; Դան. 1։8, 11-13 b Բացի այդ՝ Դանիելը գիտեր Աստծու ժողովրդի պատմությունը և տեղյակ էր, թե ինչ հետևանքներ են եղել, երբ իսրայելացիները չեն հետևել Եհովայի տված չափանիշներին (Դան. 9։10, 11)։ Դանիելը իր կյանքի փորձով էր համոզվել, որ Եհովան ու նրա զորեղ հրեշտակները միշտ կաջակցեն իրեն (Դան. 2։19-24; 10։12, 18, 19

Դանիելը քաջություն զարգացրեց ուսումնասիրության, աղոթքի և Եհովային վստահելու շնորհիվ (տես պարբերություն 7)

7. Ուրիշ ի՞նչն է օգնել Դանիելին քաջ լինել (տես նաև նկարը)։

7 Դանիելը ուսումնասիրում էր մարգարեությունները, այդ թվում՝ Երեմիա մարգարեի գրածները։ Դրա շնորհիվ նա հետագայում հասկացավ, որ երկար տարիներ տևած բաբելոնյան գերությունը շուտով կավարտվի (Դան. 9։2)։ Տեսնելով, որ աստվածաշնչյան մարգարեությունը իրականություն է դառնում՝ Դանիելը ավելի մեծ վստահությամբ լցվեց Եհովայի հանդեպ։ Իսկ ինչպես գիտենք, Աստծու հանդեպ ամուր վստահություն ունեցողները արտասովոր քաջություն են դրսևորում (համեմատիր Հռոմեացիներ 8։31, 32, 37-39)։ Եվ ամենակարևորն այն է, որ Դանիելը հաճախ աղոթում էր իր երկնային Հորը (Դան. 6։10)։ Նա խոստովանում էր Եհովային իր մեղքերը, պատմում նրան իր զգացումների մասին և օգնություն խնդրում նրանից (Դան. 9։4, 5, 19)։ Դանիելը մեզ պես մարդ էր, նա քաջ չէր ծնվել։ Նա այդ հատկությունը զարգացրել էր ուսումասիրության, աղոթքի և Եհովային ապավինելու շնորհիվ։

8. Ինչպե՞ս կարող ենք քաջություն զարգացնել։

8 Ի՞նչ պետք է անենք քաջություն զարգացնելու համար։ Մեր ծնողները գուցե հորդորեն մեզ քաջ լինել, բայց նրանք չեն կարող ժառանգաբար փոխանցել մեզ այդ հատկությունը։ Քաջություն զարգացնելը նման է նոր հմտություն սովորելուն։ Սովորաբար նոր բան սովորելու համար մենք ուշադիր հետևում ենք մեզ ուսուցանողի գործողություններին և ընդօրինակում ենք նրան։ Նմանապես մենք կարող ենք սովորել քաջ լինել, եթե ուշադրություն դարձնենք, թե ինչպես են ուրիշները դրսևորում այդ հատկությունը, և ընդօրինակենք նրանց։ Տեսնենք, թե ինչպես կարող ենք ընդօրինակել Դանիելին։ Նախ՝ նրա պես պետք է լավ իմանանք Աստծու Խոսքը։ Բացի այդ՝ պետք է մտերմանանք Եհովայի հետ՝ հաճախակի և անկաշկանդ պատմելով նրան մեր զգացմունքների մասին։ Պետք է նաև վստահենք Եհովային՝ համոզված լինելով, որ նա միշտ կօգնի մեզ։ Այդ դեպքում հավատի փորձության ենթարկվելիս մենք քաջ կլինենք։

9. Քաջ լինելը ի՞նչ օգուտներ է բերում։

9 Քաջ լինելը բազմաթիվ օգուտներ է բերում։ Քննենք Բենի օրինակը, ով դպրոց է հաճախել Գերմանիայում։ Նրա համադասարանցիներն ու ուսուցիչները հավատում էին էվոլյուցիոն տեսությանը և կարծում էին, որ արարչագործության վերաբերյալ Աստվածաշնչի արձանագրությունը առասպել է։ Մի օր Բենին հնարավորություն տրվեց ամբողջ դասարանի առաջ բացատրելու, թե ինչու է հավատում, որ կյանքը ստեղծագործության արդյունք է, և նա քաջաբար խոսեց իր համոզմունքների մասին։ Ի՞նչ եղավ արդյունքում։ Բենն ասում է. «Ուսուցիչս ուշադրությամբ լսեց ինձ, և պատճենեց ու բոլոր դասընկերներիս տվեց այն նյութերը, որոնցից օգտվել էի փաստարկներ ներկայացնելիս»։ Ինչպե՞ս արձագանքեցին Բենի դասընկերները։ Բենն ասում է. «Նրանցից շատերը լայնախոհ էին և ասացին, որ հիանում են ինձնով»։ Ինչպես երևում է Բենի օրինակից, քաջ մարդիկ արժանանում են ուրիշների հարգանքին։ Բացի այդ՝ նրանք օգնում են ազնվասիրտ մարդկանց, որ ճանաչեն Եհովային։ Անկասկած, մենք քաջություն զարգացնելու հիմնավոր պատճառներ ունենք։

ԸՆԴՕՐԻՆԱԿԻՐ ԴԱՆԻԵԼԻ ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

10. Ի՞նչ է նվիրվածությունը։

10 Աստվածաշնչում «նվիրվածություն» կամ «նվիրված սեր» թարգմանված եբրայերեն բառը փոխանցում է ջերմ ու խոր կապվածության իմաստ, որով սովորաբար նկարագրվում է այն սերը, որ Աստված տածում է իր ծառաների հանդեպ։ Նույն բառն է օգտագործվում նաև նկարագրելու համար այն սերը, որ Աստծու ծառաները ունեն իրար հանդեպ (2 Սամ. 9։6, 7)։ Հատկանշական է, որ նվիրվածությունը կարող է ժամանակի ընթացքում խորանալ։ Տեսնենք, թե Դանիելի օրինակը ինչպես է փաստում դա։

Եհովան վարձատրում է Դանիելին իր նվիրվածության համար՝ հրեշտակ ուղարկելով և փակելով առյուծների երախը (տես պարբերություն 11)

11. Ինչպե՞ս փորձվեց տարեց Դանիելի նվիրվածությունը (տես ամսագրի շապիկի նկարը)։

11 Եհովայի հանդեպ Դանիելի նվիրվածությունը իր կյանքի ընթացքում բազմիցս փորձվել էր։ Բայց ամենածանր փորձություններին նա բախվեց, երբ 90-ն անց էր։ Այդ ժամանակ մարերն ու պարսիկները գրավել էին Բաբելոնը, և այնտեղ իշխում էր Դարեհ թագավորը։ Արքունիքում ծառայող պալատականները չէին սիրում Դանիելին և հարգանք չունեին նրա Աստծու հանդեպ, ուստի նենգ ծրագիր մշակեցին, որ սպանել տան նրան։ Նրանք այնպես արեցին, որ թագավորը հրամանագիր արձակի, որով կբացահայտվեր, թե ում է նվիրված Դանիելը՝ Աստծո՞ւն, թե՞ թագավորին։ Թագավորի հանդեպ իր նվիրվածությունը ցույց տալու և մնացածից չառանձնանալու համար Դանիելից ընդամենը մի բան էր պահանջվում. 30 օր չաղոթել իր Աստծուն։ Բայց Դանիելը փոխզիջման չգնաց, և նրան նետեցին առյուծների գուբը։ Եհովան վարձատրեց Դանիելին նրա նվիրվածության համար՝ ազատելով նրան առյուծների երախից (Դան. 6։12-15, 20-22)։ Ինչպե՞ս կարող ենք Դանիելի պես՝ անկոտրում նվիրվածություն զարգացնել Եհովայի հանդեպ։

12. Ինչպե՞ս էր Դանիելը անսասան նվիրվածություն զարգացրել Եհովայի հանդեպ։

12 Ինչպես արդեն նշեցինք, նվիրվածության հիմքում ընկած է ամուր սերը։ Եհովայի հանդեպ ունեցած Դանիելի նվիրվածությունը անսասան էր, քանի որ նա ջերմորեն սիրում էր իր երկնային Հորը։ Անկասկած, Դանիելը նման սեր էր զարգացրել՝ խորհելով Եհովայի հատկությունների, ինչպես նաև այն մասին, թե ինչ կերպերով է նա դրսևորում դրանք (Դան. 9։4)։ Բացի այդ՝ Դանիելը խորհրդածում էր այն բոլոր լավ բաների շուրջ, որ Եհովան արել էր իր և մյուս իսրայելացիների համար, ու անչափ երախտապարտ էր նրան (Դան. 2։20-23; 9։15, 16

Դանիելի պես դու կարող ես անսասան նվիրվածություն զարգացնել Եհովայի հանդեպ, եթե ջերմորեն սիրես նրան (տես պարբերություն 13)

13. ա) Ինչպե՞ս է փորձվում մեր երիտասարդների նվիրվածությունը։ Բեր օրինակ (տես նաև նկարը)։ բ) Հաշվի առնելով տեսանյութը՝ ի՞նչ կարող ես ասել, երբ քեզ հարցնում են, թե արդյոք Եհովայի վկաները սատարում են համասեռամոլներին։

13 Մեր երիտասարդները Դանիելի պես շրջապատված են այնպիսի մարդկանցով, որոնք հարգանք չունեն Եհովայի ու նրա չափանիշների հանդեպ։ Նման մարդիկ գուցե հակակրանքով վերաբերվեն նրանց, ովքեր սիրում են Աստծուն։ Ոմանք նույնիսկ փորձում են կոտրել մեր երիտասարդների նվիրվածությունը Եհովայի հանդեպ։ Նկատի առնենք Ավստրալիայում ապրող Գրեյմ անունով մի երիտասարդի օրինակը։ Ավագ դպրոցում սովորելիս Գրեյմը դժվար իրավիճակում էր հայտնվել։ Մի օր ուսուցչուհին ողջ դասարանին հարցրեց, թե նրանք ինչպես կարձագանքեն, եթե իրենց ընկերն ասի, որ համասեռամոլ է։ Հետո ասաց, որ նրանք, ովքեր հավանություն կտան իրենց ընկերոջ ապրելակերպին, թող կանգնեն դասասենյակի մի կողմում, իսկ նրանք, ովքեր հավանություն չեն տա՝ մյուս կողմում։ Գրեյմն ասում է. «Ամբողջ դասարանը, բացի ինձանից ու մեկ այլ Վկա եղբորից, կանգնեց այն կողմում, որտեղ պետք է կանգնեին համասեռամոլների ապրելակերպին թիկունք կանգնողները»։ Այն, ինչ տեղի ունեցավ հետո, Եհովայի հանդեպ նվիրվածությունը փաստելու իսկական փորձություն էր Գրեյմի համար։ Նա պատմում է. «Մեկ ժամ տևողությամբ այդ դասի մնացած հատվածում մյուս աշակերտներն ու անգամ ուսուցչուհին ծաղրում և վիրավորում էին մեզ։ Ես ամեն ինչ անում էի, որ հանդարտ ու ողջամիտ կերպով պաշտպանեմ հավատս, բայց նրանք մի բառ անգամ չէին լսում»։ Ինչպե՞ս այս փորձությունը անդրադարձավ Գրեյմի վրա։ Նա ասում է. «Ինչ խոսք, տհաճ էր նման վիրավորանքներ լսել իմ հասցեին, բայց անչափ ուրախ էի, որ առանց փոխզիջումներ անելու կարողացա պաշտպանել հավատս»։ c

14. Ինչպե՞ս կարող ենք անսասան նվիրվածություն զարգացնել Եհովայի հանդեպ։

14 Մենք կարող ենք անսասան նվիրվածություն զարգացնել Եհովայի հանդեպ, եթե Դանիելի պես՝ սիրենք նրան։ Նման խոր սեր կարող ենք զարգացնել՝ սովորելով Եհովայի հատկությունների մասին։ Օրինակ՝ կարող ենք ուսումնասիրել նրա ձեռքի գործերը (Հռոմ. 1։20)։ Եհովայի հանդեպ սերդ ու հարգանքդ խորացնելու համար կարող ես ընթերցել «Արդյոք պատահականությո՞ւն է» խորագրի հոդվածները կամ դիտել նույն խորագրի տակ գտնվող տեսանյութերը։ Կարող ես նաև աչքի անցկացնել «Ինչպե՞ս է կյանքն առաջացել» և «Կյանքի ծագումը. հինգ հարց, որ արժե քննել» գրքույկները։ Ուշադրություն դարձնենք, թե Էսթեր անունով դանիացի մի քույր ինչ է ասում այս հրատարակությունների մասին. «Գրքույկներում բերված տրամաբանությունն ուղղակի ապշեցնող է։ Դրանք քեզ չեն ասում, թե ինչին հավատաս, պարզապես ներկայացնում են փաստեր և թույլ տալիս, որ ինքդ որոշում կայացնես»։ Իսկ Բենը, ում մասին արդեն խոսեցինք, ասում է. «Դրանցում զետեղված տեղեկությունը հավատ զորացնող է։ Այն օգնել է ինձ համոզվել, որ Աստված է արարել կյանքը»։ Ուսումնասիրելով այս նյութերը՝ թերևս կհամաձայնես Աստվածաշնչում գրված հետևյալ խոսքերի հետ. «Արժանի՛ ես, Եհո՛վա, Աստվա՛ծ մեր, առնելու փառքը, պատիվը և զորությունը, որովհետև դո՛ւ ստեղծեցիր բոլոր բաները» (Հայտն. 4։11 d

15. Ուրիշ ինչպե՞ս կարող ենք ամրացնել Եհովայի հանդեպ մեր սերը։

15 Եհովայի հանդեպ մեր սերը ամրացնելու կերպերից մեկն էլ նրա Որդու՝ Հիսուսի կյանքը խորությամբ ուսումնասիրելն է։ Սամիրա անունով մի երիտասարդ քույր, ով ապրում է Գերմանիայում, հենց այդպես է վարվել։ Նա ասում է. «Ես Եհովային սկսել եմ ավելի լավ ճանաչել Հիսուսի միջոցով»։ Փոքր ժամանակ Սամիրան չէր կարողանում պատկերացնել, որ Եհովան զգացմունքներ ունի, բայց Հիսուսի դեպքում կարողանում էր։ Նա պատմում է. «Ես սիրում էի Հիսուսին, քանի որ գիտեի՝ նա անմիջական է և սիրում է երեխաներին»։ Որքան շատ էր Սամիրան սովորում Հիսուսի մասին, այնքան ավելի էր մտերմանում Եհովայի հետ։ Ինչո՞ւ։ Նա ասում է. «Ժամանակի ընթացքում հասկացա, որ Հիսուսը կատարելապես ընդօրինակում է իր Հորը, և որ նրանք շատ նման են։ Նաև հասկացա, որ պատճառներից մեկը, թե ինչու Եհովան Հիսուսին ուղարկեց երկիր, այն էր, որ նրա միջոցով մարդիկ ավելի լավ ճանաչեն իրեն» (Հովհ. 14։9)։ Եթե ցանկանում ես ավելի մտերմանալ Եհովայի հետ, ժամանակ հատկացրու, որ հնարավորինս շատ բան սովորես Հիսուսի մասին։ Այդ դեպքում Եհովայի հանդեպ ունեցած քո սերն ու նվիրվածությունը ավելի կամրանան։

16. Ի՞նչ օգուտներ է բերում նվիրվածությունը (Սաղմոս 18։25; 37։28

16 Նվիրված մարդիկ սովորաբար մտերիմ ընկերներ են ունենում, և նրանց ընկերությունը հարատև է լինում (Հռութ 1։14-17)։ Բացի այդ՝ նրանք, ովքեր նվիրված են Եհովային, ներքին խաղաղություն են վայելում, քանի որ Եհովան խոստանում է նվիրված լինել նրանց, ովքեր նվիրված են իրեն (կարդա Սաղմոս 18։25; 37։28)։ Միայն պատկերացրու՝ ամենակարող Արարիչը ցանկանում է մտերմանալ մեզ հետ և ամուր կապվածություն ունենալ մեր հանդեպ։ Եվ երբ նա մտերմանում է մեզ հետ, ոչ մի փորձություն, ոչ մի հակառակորդ և անգամ մահը չեն կարող վերջ դնել մեր ընկերությանը (Դան. 12։13; Ղուկ. 20։37, 38; Հռոմ. 8։38, 39)։ Ուրեմն որքա՜ն կարևոր է, որ ընդօրինակելով Դանիելին՝ նվիրված մնանք Եհովային։

ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ՍՈՎՈՐԵԼ ԴԱՆԻԵԼԻՑ

17-18. Ուրիշ ի՞նչ կարող ենք սովորել Դանիելից։

17 Այս հոդվածում քննեցինք Դանիելի հատկություններից երկուսը, բայց դեռ շատ բան կարող ենք սովորել նրանից։ Եհովան Դանիելին մի շարք երազներ ու տեսիլքներ էր տվել, ինչպես նաև օժտել էր մարգարեություններ մեկնելու կարողությամբ։ «Դանիել» գրքի մարգարեություններից շատերը արդեն կատարվել են, իսկ մյուսները ապագա իրադարձությունների վերաբերյալ մանրամասներ են պարունակում, որոնք անդրադառնալու են երկրի վրա ապրող յուրաքանչյուր մարդու վրա։

18 Հաջորդ հոդվածում կուսումնասիրենք այդ մարգարեություններից երկուսը։ Դրանք հասկանալը կօգնի, որ բոլորս՝ լինենք երիտասարդ, թե տարեց, իմաստուն որոշումներ կայացնենք։ Այդ մարգարեությունները կարող են ամրացնել նաև մեր քաջությունն ու նվիրվածությունը, որպեսզի պատրաստ լինենք դիմագրավելու առջևում սպասվող փորձությունները։

ԵՐԳ 119 Մենք պետք է հավատ ունենանք

a Այսօր Եհովայի պատանի ծառաները տարբեր դժվարությունների են բախվում, որոնց ժամանակ փորձվում են նրանց քաջությունն ու Եհովայի հանդեպ նվիրվածությունը։ Երբեմն համադասարանցիները ծաղրում են նրանց արարչագործությանը հավատալու համար կամ նվաստացնում են այն բանի համար, որ վերջիններս ծառայում են Աստծուն և ապրում նրա չափանիշներով։ Բայց ինչպես կտեսնենք այս հոդվածից, նրանք, ովքեր, ընդօրինակելով Դանիել մարգարեին, քաջաբար ու նվիրվածությամբ ծառայում են Եհովային, իսկապես իմաստուն են։

b Դանիելը երեք հավանական պատճառ ուներ բաբելոնական ուտելիքները անմաքուր համարելու։ Հնարավոր է՝ 1) դրանց մեջ օգտագործված լիներ այնպիսի կենդանիների միս, որոնք Օրենքն արգելում էր ուտել (2 Օրենք 14։7, 8), 2) մորթված կենդանու արյունը, ինչպես հարկն է, թափված չլիներ (Ղևտ. 17։10-12), և 3) այդ կերակուրները ուտելը դիտվեր որպես կեղծ աստվածներին մատուցվող երկրպագություն (համեմատիր Ղևտական 7։15 և 1 Կորնթացիներ 10։18, 21, 22

d Եհովայի հանդեպ ունեցած սերդ ամրացնելու համար կարող ես նաև ուսումնասիրել «Մոտեցիր Եհովային» գիրքը, որտեղ մանրամասնորեն քննարկվում է, թե ինչպիսի անձնավորություն է Եհովան։