ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 34
Սովորենք աստվածաշնչյան մարգարեություններից
«Հասկացողություն ունեցողները կհասկանան» (ԴԱՆ. 12։10)։
ԵՐԳ 98 Ամբողջ Գիրքը Աստծու ներշնչմամբ է գրված
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a
1. Ի՞նչը կարող է օգնել մեզ, որ հաճույքով ուսումնասիրենք աստվածաշնչյան մարգարեությունները։
ԲԵՆ անունով մի երիտասարդ եղբայր ասում է. «Սիրում եմ ուսումնասիրել աստվածաշնչյան մարգարեությունները»։ Դու է՞լ ես սիրում, թե՞ կարծում ես, որ դրանք հասկանալը դժվար է։ Հնարավոր է՝ անգամ մտածում ես, որ մարգարեությունները ուսումնասիրելը ձանձրալի է։ Բայց երբ հասկանաս, թե ինչու է Եհովան դրանք գրել տվել իր Խոսքում, գուցե կարծիքդ փոխվի։
2. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։
2 Հոդվածից կիմանանք, թե ինչու պետք է ուսումնասիրենք աստվածաշնչյան մարգարեությունները և թե ինչպես կարող ենք դա անել։ «Դանիել» գրքից կուսումնասիրենք երկու մարգարեություն և կտեսնենք, թե դրանք հասկանալը ինչպես կարող է օգնել մեզ։
ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՆՔ
3. Ի՞նչ պետք է անենք աստվածաշնչյան մարգարեությունները հասկանալու համար։
3 Աստվածաշնչյան մարգարեությունները հասկանալու համար մենք օգնության կարիք ունենք։ Պատկերացրու՝ այցելել ես մի վայր, որն անծանոթ է քեզ, բայց քեզ հետ ճամփորդող ընկերդ լավ ծանոթ է այդ տեղանքին։ Նա կոնկրետ գիտի ձեր գտնվելու վայրը, և թե որ ճանապարհը ուր է տանում։ Անկասկած, դու շատ ուրախ ես, որ ընկերդ համաձայնվել է գալ քեզ հետ։ Նմանապես Եհովան կոնկրետ գիտի, թե մենք պատմության որ ժամանակահատվածում ենք գտնվում, և թե մեզ ինչ է սպասում առջևում։ Ուստի աստվածաշնչյան մարգարեությունները հասկանալու համար մենք պետք է խոնարհաբար Եհովայից օգնություն խնդրենք (Դան. 2։28; 2 Պետ. 1։19, 20)։
4. Եհովան ինչո՞ւ է իր Խոսքում մարգարեություններ գրել տվել (Երեմիա 29։11; տես նաև նկարը)։
4 Լավ ծնողի պես Եհովան ուզում է, որ իր զավակները երջանիկ ապագա ունենան (կարդա Երեմիա 29։11)։ Բայց ի տարբերություն մեր ծնողների՝ Եհովան կարող է ճշգրտությամբ գուշակել ապագան։ Նա իր Խոսքում մարգարեություններ է գրել տվել, որպեսզի մենք նախապես իմանանք, թե ինչ կարևոր իրադարձություններ են մեզ սպասում (Ես. 46։10)։ Ինչ խոսք, աստվածաշնչյան մարգարեությունները թանկ պարգևներ են մեր երկնային Հորից։ Բայց ինչպե՞ս կարող ենք համոզված լինել, որ այն, ինչ կանխագուշակում է Աստվածաշունչը, իսկապես իրականություն կդառնա։
5. Ի՞նչ կարող են պատանիները սովորել Մաքսի օրինակից։
5 Դպրոցում մեր պատանիները հաճախ շրջապատված են այնպիսի մարդկանցով, ովքեր Աստվածաշնչի հանդեպ քիչ հարգանք ունեն կամ ընդհանրապես չունեն։ Նրանց խոսքերն ու վարքը կարող են մեր երիտասարդ Վկաների մտքում կասկածներ սերմանել։ Քննենք Մաքս անունով մի եղբոր օրինակը։ Նա ասում է. «Պատանեկան տարիքում սկսեցի կասկածել, որ ծնողներս ճիշտ կրոնն են սովորեցնում, և որ Աստվածաշունչը Աստծու ներշնչումով է գրվել»։ Ի՞նչ արեցին Մաքսի ծնողները։ Նա պատմում է. «Նրանք հանգիստ արձագանքեցին, թեև գիտեի, որ մտահոգված են ինձանով»։ Մաքսի ծնողները Աստվածաշնչով պատասխանում էին նրա հարցերին, բայց Մաքսն էլ իր հերթին էր ինչ-որ բան անում։ Նա ասում է. «Ես ինքնուրույն ուսումնասիրում էի աստվածաշնչյան մարգարեությունները և սովորածս քննարկում ժողովի այլ երիտասարդների հետ»։ Ի՞նչ եղավ արդյունքում։ Եղբայրը ասում է. «Ես համոզվեցի, որ Աստվածաշունչը Աստծու ներշնչմամբ է գրվել»։
6. Ի՞նչ պետք է անես, եթե կասկածներ ունես, և ինչո՞ւ։
6 Եթե Մաքսի պես դու էլ մի օր կասկածներ ունենաս, մի՛ մեղադրիր ինքդ քեզ, այլ որոշակի քայլեր ձեռնարկիր։ Կասկածը նման է ժանգի. եթե ոչինչ չանես, այն աստիճանաբար կարող է քայքայել մի բան, ինչը թանկ է քեզ համար։ Հավատդ ժանգից մաքրելու համար ինքդ քեզ հարցրու. «Հավատո՞ւմ եմ ապագայի վերաբերյալ Աստվածաշնչի խոսքերին»։ Եթե կասկածներ ունես, ուսումնասիրիր աստվածաշնչյան այն մարգարեությունները, որոնք արդեն իրականացել են։ Տեսնենք, թե ինչպես կարող ես դա անել։
ԻՆՉՊԵ՞Ս ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ
7. Մարգարեությունները ուսումնասիրելու հարցում ի՞նչ օրինակ է թողել Դանիելը (Դանիել 12։10; տես նաև նկարը)։
7 Դանիելը լավ օրինակ է այն հարցում, թե ինչպես պետք է ուսումնասիրենք մարգարեությունները։ Նա դա անում էր ճիշտ մղումով, այսինքն՝ ուզում էր իմանալ ճշմարտությունը։ Բացի այդ՝ Դանիելը խոնարհ էր։ Նա գիտակցում էր, որ Եհովան հասկացողություն է տալիս նրանց, ովքեր ճանաչում և հնազանդվում են իրեն (Դան. 2։27, 28; կարդա Դանիել 12։10)։ Դանիելը փաստեց, որ խոնարհ է, երբ օգնության համար դիմեց Եհովային (Դան. 2։18)։ Նա նաև խոր ուսումնասիրություններ էր անում և մանրամասնորեն քննում էր Աստծու ներշնչմամբ գրված այն գրությունները, որոնք առկա էին իր ժամանակներում (Երեմ. 25։11, 12; Դան. 9։2)։ Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Դանիելին։
8. Ի՞նչ մղումով են ոմանք ուսումնասիրում աստվածաշնչյան մարգարեությունները, բայց մենք ի՞նչ պետք է անենք։
8 Քննիր մղումներդ։ Արդյո՞ք աստվածաշնչյան մարգարեություններն ուսումնասիրելու քո մղումը ճիշտն իմանալու մեծ ցանկությունն է։ Եթե այո, ապա Եհովան կօգնի քեզ (Հովհ. 4։23, 24; 14։16, 17)։ Ոմանք այլ մղումով են ուսումնասիրում մարգարեությունները։ Նրանք ցանկանում են գտնել ապացույցներ՝ փաստելու համար, որ Աստվածաշունչը Աստծու ներշնչումով չի գրվել։ Նրանք կարծում են, որ այդ դեպքում կարող են ճշտի և սխալի վերաբերյալ իրենց սեփական չափանիշները սահմանել ու ապրել դրանց համաձայն։ Բայց մենք պետք է ճիշտ մղում ունենանք։ Աստվածաշնչյան մարգարեությունները հասկանալու համար մեզ նաև մի շատ կարևոր հատկություն է պետք։
9. Ի՞նչ հատկություն պետք է ունենանք աստվածաշնչյան մարգարեությունները հասկանալու համար։ Բացատրիր։
9 Եղիր խոնարհ։ Եհովան խոստանում է օգնել խոնարհներին (Հակ. 4։6)։ Ուստի պետք է խնդրենք նրան, որ օգնի մեզ հասկանալ աստվածաշնչյան մարգարեությունները։ Մենք պետք է նաև ընդունենք, որ հավատարիմ ծառայի օգնության կարիքն ունենք, որի միջոցով Եհովան ճիշտ ժամանակին մեզ հոգևոր սնունդ է տալիս (Ղուկ. 12։42)։ Եհովան կարգուկանոնի Աստված է, ուստի տրամաբանական է եզրակացնել, որ նա ընդամենը մեկ միջոց է օգտագործում, որպեսզի օգնի մեզ հասկանալ իր Խոսքում գրված ճշմարտությունները (1 Կորնթ. 14։33; Եփես. 4։4-6)։
10. Ի՞նչ ես սովորում Էսթերի օրինակից։
10 Խորությամբ ուսումնասիրիր։ Ընտրիր քեզ հետաքրքրող որևէ մարգարեություն և դրանից սկսիր։ Հենց այդպես վարվեց Էսթեր անունով մի քույր։ Նրան հետաքրքրում էին Մեսիայի գալստյան հետ կապված մարգարեությունները։ Էսթերը պատմում է. «Երբ 15 տարեկան էի, սկսեցի փաստեր փնտրել, որ այդ մարգարեությունները իսկապես գրվել են Հիսուսի ժամանակներից առաջ»։ Կարդալով Մեռյալ ծովի ձեռագրերի մասին՝ նա համոզվեց դրանում։ Էսթերն ասում է. «Այդ ձեռագրերից մի քանիսը գրվել էին նախքան Հիսուսի ժամանակները, ուստի դրանցում գրված մարգարեությունները պետք է որ Աստծուց լինեին»։ Քույրը խոստովանում է, որ հեշտ չէր հասկանալ այդ նյութերը. նա ստիպված էր մի բանը մի քանի անգամ կարդալ։ Բայց Էսթերն ուրախ է, որ ջանքեր է թափել։ Մի շարք մարգարեություններ խորությամբ ուսումնասիրելուց հետո Էսթերը եկել է հետևյալ եզրահանգման. «Ես միանգամայն համոզված եմ, որ այն, ինչ գրված է Աստվածաշնչում, ճիշտ է»։
11. Ի՞նչ օգուտներ ենք քաղում, երբ համոզվում ենք, որ այն, ինչ գրված է Աստվածաշնչում, ճիշտ է։
11 Երբ տեսնում ենք, թե ինչպես են Աստվածաշնչում գրված մարգարեություններից մի քանիսը արդեն կատարվել, ամուր վստահությամբ ենք լցվում Եհովայի և նրա տված առաջնորդության հանդեպ։ Բացի այդ՝ աստվածաշնչյան մարգարեությունները օգնում են մեզ, որ ապագային լավատեսորեն նայենք՝ անկախ նրանից, թե ինչ փորձությունների ենք բախվում այսօր։ Եկեք կարճ քննարկենք Դանիելի մարգարեություններից երկուսը, որոնք այժմ կատարվում են։ Դրանք հասկանալը կօգնի, որ իմաստուն որոշումներ կայացնենք։
ԵՐԿԱԹԻՑ ՈՒ ԿԱՎԻՑ ՈՏՆԱԹԱԹԵՐ
12. Ի՞նչ են ներկայացնում արձանի ոտնաթաթերը, որոնք երկաթից ու թաց կավից են (Դան. 2։41-43)։
12 Կարդա Դանիել 2։41-43։ Նաբուգոդոնոսոր թագավորի երազում արձանի ոտնաթաթերը երկաթից ու թաց կավից էին։ Համեմատելով այս մարգարեությունը «Դանիել» և «Հայտնություն» գրքերի այլ մարգարեությունների հետ՝ կարող ենք եզրակացնել, որ այդ ոտնաթաթերը ներկայացնում են անգլո-ամերիկյան դաշինքը, որն այսօր աշխարհակալ ուժ է։ Դանիելն ասում է, որ այդ «թագավորությունը մասամբ հզոր է լինելու, մասամբ՝ դյուրաբեկ»։ Այդ թագավորությունը մասամբ դյուրաբեկ է, քանի որ հասարակ ժողովուրդը, որը թաց կավով է ներկայացված, թույլ չի տալիս, որ այն գործի երկաթանման զորությամբ։ b
13. Ի՞նչ կարևոր ճշմարտություններ կարող ենք իմանալ՝ հասկանալով այս մարգարեության նշանակությունը։
13 Մենք մի շարք կարևոր ճշմարտություններ ենք իմանում՝ քննելով Նաբուգոդոնոսորի տեսած արձանի, հատկապես դրա ոտնաթաթերի վերաբերյալ Դանիելի նկարագրությունը։ Նախ՝ իմանում ենք, որ անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժը տարբեր կերպերով ցույց է տվել իր հզորությունը։ Օրինակ՝ այն առանցքային դեր է ունեցել Առաջին և Երկրորդ աշխարհամարտերում հաղթանակ տանելու հարցում։ Սակայն այս աշխարհակալ ուժը թուլացել է և կշարունակի թուլանալ, քանի որ իր քաղաքացիները պայքարում են միմյանց և կառավարության դեմ։ Բացի այդ՝ անգլո-ամերիկյան դաշինքը կլինի վերջին աշխարհակալ ուժը, նախքան Աստծու Թագավորությունը վերջ կդնի բոլոր մարդկային թագավորություններին։ Թեև երբեմն մյուս ազգերը մարտահրավեր են նետում անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժին, սակայն դրանք չեն փոխարինի նրան։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Քանի որ «քարը», որը ներկայացնում է Աստծու Թագավորությունը, ջարդուփշուր է անելու արձանի ոտնաթաթերը, որոնք ներկայացնում են անգլո-ամերիկյան դաշինքը (Դան. 2։34, 35, 44, 45)։
14. Ոտնաթաթերի վերաբերյալ մարգարեությունը հասկանալը ինչպե՞ս կարող է օգնել մեզ, որ իմաստուն որոշումներ կայացնենք։
14 Համոզվա՞ծ ես, որ երկաթե ու կավե ոտնաթաթերի մասին Դանիելի մարգարեությունը արժանահավատ է։ Եթե այո, ապա այն կազդի քո ապրելակերպի վրա։ Դու նյութական ապահովություն չես փնտրի մի աշխարհում, որը շուտով ոչնչացվելու է (Ղուկ. 12։16-21; 1 Հովհ. 2։15-17)։ Այս մարգարեությունը հասկանալը նաև կօգնի քեզ, որ գիտակցես քարոզելու և ուսուցանելու գործի կարևորությունը (Մատթ. 6։33; 28։18-20)։ Մարգարեությունը քննելուց հետո ինքդ քեզ հարցրու. «Արդյո՞ք իմ կայացրած որոշումները ցույց տալիս են, որ համոզված եմ, որ Աստծու Թագավորությունը շուտով վերջ է դնելու բոլոր մարդկային կառավարություններին»։
«ՀՅՈՒՍԻՍԻ ԹԱԳԱՎՈՐՆ» ՈՒ «ՀԱՐԱՎԻ ԹԱԳԱՎՈՐԸ»
15. Ո՞ւմ են ներկայացնում«հյուսիսի թագավորը» և «հարավի թագավորը» այսօր (Դանիել 11։40)։
15 Կարդա Դանիել 11։40։ Դանիել 11-րդ գլխում խոսվում է երկու թագավորների, կամ՝ քաղաքական ուժերի մասին, որոնք պայքարում են միմյանց դեմ աշխարհում գերիշխող դիրք ունենալու համար։ Այս մարգարեությունը համեմատելով Աստվածաշնչի այլ մարգարեությունների հետ՝ գալիս ենք այն եզրահանգման, որ «հյուսիսի թագավորը» Ռուսաստանն ու իր դաշնակիցներն են, իսկ «հարավի թագավորը»՝ անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժը։ c
16. «Հյուսիսի թագավորի» իշխանության ներքո ապրող մեր հավատակիցները ի՞նչ դժվարությունների են բախվում։
16 «Հյուսիսի թագավորի» իշխանության ներքո ապրող Աստծու ծառաները հալածանքի են ենթարկվում այս թագավորի կողմից։ Որոշ Վկաների ծեծի են ենթարկում և բանտարկում իրենց հավատի համար։ Սակայն «հյուսիսի թագավորի» գործողությունները ոչ թե վախեցնում են մեր եղբայրներին, այլ ամրացնում են նրանց հավատը։ Ինչո՞ւ։ Քանի որ նրանք գիտեն, որ այդպիսով կատարվում է Դանիելի մարգարեությունը (Դան. 11։41)։ d Այդ բանի գիտակցումը կարող է օգնել մեզ, որ ամուր պահենք մեր հույսը և հավատարիմ մնանք Եհովային։
17. Ի՞նչ դժվարությունների է բախվել Աստծու ժողովուրդը «հարավի թագավորի» իշխանության ներքո։
17 Անցյալում «հարավի թագավորը» նույնպես հալածանքի է ենթարկել Եհովայի ժողովրդին։ Օրինակ՝ 20-րդ դարի առաջին կեսերին իրենց քրիստոնեական չեզոքությունը պահելու համար շատ եղբայրներ ազատազրկվել են, իսկ որոշ երեխաներ հեռացվել են դպրոցից։ Վերջին տասնամյակներին այդ թագավորի իշխանության ներքո ապրող մեր հավատակիցների նվիրվածությունը աննկատ կերպով է փորձվում։ Օրինակ՝ ընտրարշավների ժամանակ գուցե գայթակղություն առաջանա աջակցել որևէ քաղաքական կուսակցության կամ թեկնածուի։ Քրիստոնյան գուցե չգնա ընտրության, բայց իր մտքում ու սրտում որևէ մեկի կողմը բռնի։ Ուստի լիարժեքորեն չեզոք լինելու համար շատ կարևոր է, որ զգույշ լինենք ոչ միայն այն հարցում, թե ինչ ենք անում, այլև ինչ ենք մտածում և զգում (Հովհ. 15։18, 19; 18։36)։
18. Ինչպե՞ս պետք է արձագանքենք՝ տեսնելով «հյուսիսի թագավորի» և «հարավի թագավորի» միջև պայքարը (տես նաև նկարը)։
18 Նրանք, ովքեր չեն հավատում աստվածաշնչյան մարգարեություններին, գուցե չափազանց անհանգստանան՝ տեսնելով, որ «հարավի թագավորն» ու «հյուսիսի թագավորը» իրար են «զարկվում» (Դան. 11։40)։ Երկու թագավորներն էլ բավականին միջուկային զենք ունեն, որպեսզի ոչնչացնեն կյանքը երկրի վրայից։ Բայց մենք գիտենք, որ Եհովան նման բան թույլ չի տա (Ես. 45։18)։ Ուստի «հյուսիսի թագավորի» ու «հարավի թագավորի» միջև թշնամությունը ոչ թե պետք է անհանգստացնի մեզ, այլ պետք է ամրացնի մեր հավատը։ Չէ՞ որ դա փաստում է, որ այս համակարգի վերջը մոտ է։
ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵԼ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
19. Աստվածաշնչյան մարգարեությունների վերաբերյալ ո՞ր փաստը պետք է ընդունենք։
19 Մենք չգիտենք, թե աստվածաշնչյան որոշ մարգարեություններ ինչպես են իրականանալու։ Նույնիսկ Դանիել մարգարեն ամբողջությամբ չէր հասկանում իր գրածների նշանակությունը (Դան. 12։8, 9)։ Բայց այն, որ մենք հստակ չգիտենք, թե ինչպես է կատարվելու մարգարեությունը, չի նշանակում, թե այն չի իրականանալու։ Մենք կարող ենք համոզված լինել, որ ճիշտ ժամանակին Եհովան կբացահայտի այն ամենը, ինչ պետք է իմանանք, ինչպես որ դա արել է անցյալում (Ամոս 3։7)։
20. Աստվածաշնչյան ի՞նչ ոգևորիչ մարգարեություններ շուտով կիրականանան, և ի՞նչ պետք է շարունակենք անել։
20 Մենք գիտենք, որ նախ՝ կհնչի «խաղաղություն և անվտանգություն» հայտարարությունը (1 Թեսաղ. 5։3)։ Այնուհետև՝ աշխարհի քաղաքական ուժերը կհարձակվեն կեղծ կրոնի վրա և կոչնչացնեն այն (Հայտն. 17։16, 17)։ Դրանից հետո նրանք կհարձակվեն Աստծու ժողովրդի վրա (Եզեկ. 38։18, 19)։ Այս իրադարձությունները ուղղակիորեն կհանգեցնեն Արմագեդոն պատերազմին (Հայտն. 16։14, 16)։ Կարող ենք վստահ լինել, որ վերոնշյալ իրադարձությունները տեղի կունենան շուտով։ Բայց մինչ այդ թող որ շարունակենք երախտագիտություն դրսևորել մեր սիրառատ երկնային Հոր հանդեպ՝ ուշադրություն դարձնելով աստվածաշնչյան մարգարեություններին և օգնելով ուրիշներին, որ նրանք էլ նույնն անեն։
ԵՐԳ 95 Լույսն ավելի է պայծառանում
a Անկախ նրանից, թե որքան կվատանա այս աշխարհի վիճակը, մենք համոզված ենք, որ մեզ երջանիկ ապագա է սպասում։ Մենք նման համոզվածություն ունենք, քանի որ գիտենք աստվածաշնչյան մարգարեությունները։ Այս հոդվածից կիմանանք, թե ինչու պետք է ուսումնասիրենք դրանք։ Նաև կարճ կքննարկենք Դանիելի մարգարեություններից երկուսը և կտեսնենք, թե անձամբ մենք ինչ օգուտներ կքաղենք, եթե հասկանանք դրանց նշանակությունը։
b Տես «Եհովան հայտնում է, թե շուտով ինչ «պետք է տեղի ունենա»» հոդվածը «Դիտարանի» 2012 թ. հունիսի 15-ի համարում (պրբ. 7-9)։