Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 35

ԵՐԳ 123 Հավատարմորեն հնազանդվենք աստվածապետությանը

Օգնություն ժողովից հեռացվածներին

Օգնություն ժողովից հեռացվածներին

«Երկնքում մեկ զղջացող մեղսագործի համար ավելի մեծ ուրախություն կլինի, քան 99 արդարների համար, որոնք զղջալու կարիք չունեն» (ՂՈՒԿ. 15։7

ՀՈԴՎԱԾԻՑ ԿԻՄԱՆԱՆՔ

Ինչո՞ւ են ոմանք հեռացվում ժողովից, և երեցներն ինչպե՞ս կարող են օգնել նրանց զղջալ և կրկին արժանանալ Եհովայի հավանությանը։

1-2. ա) Ի՞նչ վերաբերմունք ունի Եհովան միտումնավոր մեղք գործողների հանդեպ։ բ) Ի՞նչ հույս ունի Եհովան մեղք գործածների առնչությամբ։

 ԵՀՈՎԱՆ ամենաթող Աստված չէ. նա ատում է մեղքը (Սաղ. 5։4-6)։ Նա պահանջում է, որ հարգենք իր արդար չափանիշները, որոնք գրել է տվել իր Խոսքում։ Ինչ խոսք, Եհովան անկատար մարդկանցից կատարելություն չի ակնկալում (Սաղ. 130։3, 4)։ Բայց միևնույն ժամանակ չի հանդուրժում «աստվածավախություն չունեցող մարդկանց, որոնք օգտվում են [իր] անզուգական բարությունից՝ իրենց լկտի վարքը արդարացնելու համար» (Հուդա 4)։ Աստվածաշնչում ասվում է, որ «անարդար մարդիկ կկործանվեն» Աստծու պատերազմի՝ Արմագեդոնի ժամանակ (2 Պետ. 3։7; Հայտն. 16։16

2 Այդուհանդերձ, Եհովան չի ցանկանում, որ որևէ մեկը կործանվի։ Ինչպես տեսանք այս հոդվածաշարի նախորդ հոդվածներից, Աստվածաշունչը հստակ ցույց է տալիս, որ նա «ցանկանում է, որ բոլորը զղջան» (2 Պետ. 3։9)։ Եհովային ընդօրինակելով՝ երեցները համբերատար կերպով փորձում են օգնել լուրջ մեղք գործած անհատներին փոխվել և վերագտնել Աստծու հավանությունը։ Սակայն ոչ բոլորն են դրականորեն արձագանքում (Ես. 6։9)։ Ոմանք չեն թողնում են իրենց սխալ ընթացքը՝ չնայած այն բանին, որ երեցները շարունակաբար փորձում են օգնել նրանց զղջալ։ Տեսնենք, թե ինչ է հարկավոր անել նման իրավիճակում։

«ՀԵՌԱՑՐԵՔ ՉԱՐ ՄԱՐԴՈՒՆ»

3. ա) Ըստ Աստվածաշնչի՝ ի՞նչ է հարկավոր անել, երբ անհատը չի զղջում։ բ) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ ժողովից հեռացվելը մեղք գործած մարդու ընտրությունն է։

3 Եթե քրիստոնյան չի զղջում, երեցներին մնում է միայն վարվել 1 Կորնթացիներ 5։13-ում գրված հետևյալ առաջնորդության համաձայն. «Հեռացրեք չար մարդուն ձեր միջից»։ Կարելի է ասել, որ սա տվյալ մարդու ընտրությունն է. նա հնձում է այն, ինչ ինքն է ցանել (Գաղ. 6։7)։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Քանի որ երեցները բազմիցս փորձել են օգնել նրան զղջալ, բայց նա դրականորեն չի արձագանքել (2 Թագ. 17։12-15)։ Նրա գործերը ցույց են տալիս, որ նա որոշել է չհնազանդվել Եհովայի չափանիշներին (2 Օրենք 30։19, 20

4. Ինչո՞ւ է հայտարարություն արվում այն մասին, որ անհատը այլևս Եհովայի վկա չէ։

4 Երբ չզղջացող անհատը հեռացվում է ժողովից, հայտարարություն է արվում, որով տեղեկացվում է ժողովին, որ նա այլևս Եհովայի վկա չէ։ a Հայտարարության նպատակը նրան նվաստացնելը չէ։ Դա արվում է, որպեսզի ժողովը կարողանա հետևել հեռացված անհատի հետ «որևէ շփում չունենալու» և «նույնիսկ հաց չուտելու» վերաբերյալ սուրբգրային պատվերին (1 Կորնթ. 5։9-11)։ Իզուր չէ, որ Եհովան նման պատվեր է տվել։ Պողոս առաքյալը գրել է. «Մի փոքր թթխմորը խմորում է ողջ զանգվածը» (1 Կորնթ. 5։6)։ Չզղջացող մեղսագործները կարող են թուլացնել այն քրիստոնյաների վճռականությունը, ովքեր ձգտում են ապրել Եհովայի արդար չափանիշներով (Առակ. 13։20; 1 Կորնթ. 15։33

5. Ի՞նչ վերաբերմունք պետք է ունենանք ժողովից հեռացված անհատի հանդեպ և ինչո՞ւ։

5 Իսկ ի՞նչ վերաբերմունք պետք է ունենանք ժողովից հեռացված հավատակցի հանդեպ։ Ճիշտ է, մենք չենք շփվում նման անհատի հետ, բայց մեր հույսը չենք կտրում նրանից։ Նա մեզ համար ոչ թե կործանված մարդ է, այլ կորած գառնուկ, որը կարող է վերադառնալ։ Հիշենք, որ այդ անհատը ժամանակին իր կյանքը նվիրել է Եհովային։ Այժմ, ցավոք, նա չի ապրում իր նվիրման համաձայն, ինչի պատճառով կարող է կորցնել հավիտյան ապրելու հեռանկարը (Եզեկ. 18։31)։ Այնուամենայնիվ, քանի դեռ նա կարող է օգտվել Եհովայի ողորմածությունից, մենք հույս ունենք, որ նա կվերադառնա։ Այս ամենը հաշվի առնելով՝ երեցները ինչպե՞ս կարող են օգնել այն մարդկանց, ովքեր հեռացվել են ժողովից։

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԵՐԵՑՆԵՐԸ ՕԳՆՈՒՄ

6. Ի՞նչ քայլեր կձեռնարկեն երեցները՝ ժողովից հեռացված անհատին օգնելու համար։

6 Արդյո՞ք ժողովից հեռացված անհատը լքված վիճակում է, այսինքն՝ նա միայնակ պետք է փորձի վերադառնալ Եհովայի մոտ։ Ամենևի՛ն։ Երբ երեցներից կազմված կոմիտեն նրան տեղեկացնի, որ նա հեռացվել է ժողովից, նաև կբացատրի, թե ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել ժողով վերադառնալու համար։ Բայց երեցները այդքանով չեն սահմանափակվի։ Բացառությամբ որոշ դեպքերի՝ նրանք մեղք գործած անհատին կասեն, որ կուզեն մի քանի ամսից կրկին հանդիպել նրա հետ՝ տեսնելու համար, թե արդյոք նա փոխել է իր սրտի վիճակը։ Եթե վերջինս համաձայնվի, երեցները հաջորդ հանդիպման ժամանակ ջերմորեն կհորդորեն նրան զղջալ և վերադառնալ։ Նույնիսկ եթե այդ ժամանակ նրա սրտի վիճակը փոխված չլինի, երեցները պարբերաբար կփորձեն նորից կապ հաստատել նրա հետ։

7. Ինչպե՞ս են երեցները ընդօրինակում Եհովայի կարեկցանքը (Երեմիա 3։12

7 Ընդօրինակելով Եհովային՝ երեցները կարեկցանք են դրսևորում ժողովից հեռացված անհատի հանդեպ։ Հիշենք, թե ինչպես էր Եհովան անցյալում վարվում անհավատարիմ Իսրայել ազգի հետ։ Նա չէր սպասում, որ իսրայելացիները անեին առաջին քայլը, և հետո միայն օգներ նրանց։ Եհովան ինքն էր նախաձեռնություն վերցնում, նույնիսկ երբ իր ժողովուրդը զղջման նշույլ անգամ չէր ցուցաբերում։ Եհովայի կարեկցանքի մեկ այլ դրսևորման մասին խոսվեց այս հոդվածաշարի երկրորդ ուսումնասիրության հոդվածում։ Եհովան ցույց տվեց, թե որքան կարեկից է, երբ Օսեե մարգարեին ասաց, որ հաշտվի իր կնոջ հետ, որը շարունակում էր լուրջ մեղք գործել (Օս. 3։1; Մաղ. 3։7)։ Մեր երկնային Հորը ընդօրինակելով՝ երեցները իսկապես ուզում են, որ ժողովից հեռացված անհատը վերադառնա, և չեն բարդացնում նրա հետդարձի ճանապարհը (կարդա Երեմիա 3։12

8. Կորած որդու մասին Հիսուսի առակը ինչպե՞ս է օգնում մեզ ավելի լավ հասկանալ, թե որքան կարեկից ու գթառատ է Եհովան (Ղուկաս 15։7

8 Հիշենք նաև կորած որդու մասին Հիսուսի պատմած առակը, որը քննարկեցինք այս թողարկման երկրորդ ուսումնասիրության հոդվածում։ Տուն վերադարձող որդուն տեսնելով՝ հայրը «վազեց [նրան] ընդառաջ, գրկեց նրան ու համբուրեց» (Ղուկ. 15։20)։ Նկատի առնենք, որ հայրը չսպասեց՝ որդին ներում խնդրի, այլ ինքը քայլ արեց, ինչպես որ կվարվեր ցանկացած սիրող հայր։ Երեցները ձգտում են նմանատիպ վերաբերմունք ցուցաբերել նրանց հանդեպ, ովքեր թողել են Եհովային։ Նրանք ուզում են, որ այդ մոլորված գառնուկները «տուն» վերադառնան (Ղուկ. 15։22-24, 32)։ Երբ նրանցից մեկը վերադառնում է, Եհովան, Հիսուսը և ողջ ժողովը շատ են ուրախանում (կարդա Ղուկաս 15։7

9. Ի՞նչ ջերմ հորդոր է Եհովան ուղղում լուրջ մեղք գործած մարդկանց։

9 Ինչպես տեսանք, Եհովան թույլ չի տալիս, որ չզղջացող մեղսագործները մնան ժողովում։ Այնուամենայնիվ, նա երես չի թեքում նման մարդկանցից և փորձում է օգնել, որ վերադառնան։ Զղջացող մարդկանց հանդեպ Եհովայի զգացումները արտահայտված են Օսեե 14։4-ում։ Այնտեղ կարդում ենք. «Իսրայելի անհավատարմությունը ես կբուժեմ, ի սրտե կսիրեմ նրան, որովհետև այլևս բարկացած չեմ նրա վրա»։ Այս խոսքերը լուրջ դրդապատճառ են երեցների համար, որ նկատեն զղջման ցանկացած նշույլ, որ անհատը սկսում է ցուցաբերել։ Դրանք նաև լուրջ դրդապատճառ են ճշմարտությունը թողած մարդկանց համար, որ առանց հետաձգելու վերադառնան Եհովայի մոտ։

10-11. Երեցներն ինչպե՞ս կփորձեն օգնել նրանց, ովքեր անցյալում են հեռացվել ժողովից։

10 Իսկ ի՞նչ կարելի է ասել այն մարդկանց մասին, ովքեր անցյալում են հեռացվել ժողովից, գուցե շատ տարիներ առաջ։ Հնարավոր է՝ նրանք դադարել են գործել այն մեղքը, որի պատճառով հեռացվել էին։ Որոշ դեպքերում նրանք թերևս անգամ չհիշեն, թե ինչու էին հեռացվել ժողովից։ Որն էլ լինի պարագան, երեցները կփորձեն գտնել ու այցելել նրանց։ Նման այցելությունների ժամանակ երեցները կառաջարկեն աղոթել հեռացված անհատի հետ և ջերմորեն կհորդորեն նրան վերադառնալ ժողով։ Ինչ խոսք, եթե անհատը զգալի ժամանակ է, ինչ ժողովում չէ, անկասկած, նա շատ թույլ հոգևոր վիճակում կլինի։ Ուստի եթե նա ասում է, որ ժողով վերադառնալու ցանկություն ունի, երեցները կարող են կազմակերպել, որ անգամ մինչև նրա վերականգնվելը որևէ մեկը Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնի նրա հետ։ Բոլոր դեպքերում երեցներն են որոշում՝ նման ուսումնասիրություն անցկացվի, թե ոչ, և ով անցկացնի այն։

11 Եհովայի պես կարեկցանք դրսևորելով՝ երեցները փորձում են գտնել ժողովից հեռացված հնարավորինս շատ մարդկանց և հորդորել նրանց վերադառնալ։ Եթե մեղք գործած անհատը զղջում է և թողնում իր սխալ ընթացքը, ապա նա կարող է վերականգնվել առանց հետաձգման (2 Կորնթ. 2։6-8

12. ա) Ո՞ր իրավիճակներում երեցները պետք է հատուկ զգուշություն ցուցաբերեն։ բ) Ինչո՞ւ չպետք է մտածենք, որ որոշ մեղքերի դեպքում անհատը երբեք չի կարող արժանանալ Եհովայի գթասրտությանը (տես նաև ծանոթագրությունը)։

12 Որոշ դեպքերում երեցները նախքան անհատին վերականգնելը պետք է հատուկ զգուշություն ցուցաբերեն։ Օրինակ՝ եթե վերջինս ժողովից հեռացվել է երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի, հավատուրացության և ամուսնությանը խորամանկորեն վերջ դնելու պատճառով, երեցները պետք է համոզվեն, որ նա իսկապես զղջում է (Մաղ. 2։14; 2 Տիմոթ. 3։6)։ Նրանք պետք է պաշտպանեն հոտի մյուս գառներին։ Բայց չպետք է մոռանանք, որ անկախ մարդու գործած մեղքից՝ Եհովան նրան հետ է ընդունում, եթե նա անկեղծ զղջում է ցուցաբերում և թողնում է իր սխալ վարքը։ Ուստի թեև երեցները տեղին զգուշություն են ցուցաբերում նրանց հանդեպ, ովքեր ուրիշների հետ նենգաբար են վարվել, նրանք չպետք է մտածեն, որ որոշ մեղքերի դեպքում անհատը երբեք չի կարող արժանանալ Եհովայի գթասրտությանը (1 Պետ. 2։10 b

Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԱՆԵԼ ԺՈՂՈՎԸ

13. Ինչպե՞ս ենք վերաբերվում ժողովից հեռացված անհատներին, և դա ինչո՞վ է տարբերվում երեցների կողմից նկատողություն ստացածների հանդեպ մեր վերաբերմունքից։

13 Ինչպես քննարկեցինք նախորդ հոդվածում, երբեմն հայտարարվում է, որ անհատը նկատողություն է ստացել։ Այդ դեպքում մենք շարունակում ենք շփվել նրա հետ՝ իմանալով, որ վերջինս զղջացել է և թողել է իր սխալ ընթացքը (1 Տիմոթ. 5։20)։ Նա շարունակում է մնալ ժողովի մի մասը և հավատակիցների քաջալերության կարիքն ունի (Եբր. 10։24, 25)։ Սակայն պարագան լիովին այլ է ժողովից հեռացված անհատի դեպքում։ Մենք «այլևս որևէ շփում չենք ունենում.... նույնիսկ հաց չենք ուտում» նման մարդու հետ (1 Կորնթ. 5։11

14. Աստվածաշնչով մարզված իր խղճի հիման վրա ի՞նչ որոշում գուցե կայացնի քրիստոնյան ժողովից հեռացված անհատի առնչությամբ (տես նաև նկարը)։

14 Արդյո՞ք 1 Կորնթացիներ 5։11-ում նշված պատվերը նշանակում է, որ մենք պետք է լիովին անտեսենք ժողովից հեռացված անհատին։ Ո՛չ։ Անկասկած, մենք չենք շփվի նրա հետ։ Բայց քրիստոնյաները կարող են Աստվածաշնչով մարզված իրենց խղճի հիման վրա որոշել ժողովի հանդիպման հրավիրել նրան։ Ժողովից հեռացվածը կարող է լինել նրանց ազգականը կամ մեկը, ում հետ նրանք մտերիմ են եղել։ Իսկ ինչպե՞ս է հարկավոր վերաբերվել նրան, եթե նա ժողով գա։ Նախկինում մենք չէինք ողջունում նման անհատի։ Սակայն այս դեպքում նույնպես յուրաքանչյուր քրիստոնյա պետք է վարվի Աստվածաշնչով մարզված իր խղճի համաձայն։ Ոմանց խիղճը գուցե թույլ տա բարևել կամ ողջույնի խոսքեր ասել նրան, սակայն մենք ծավալուն զրույցներ չենք ունենա և չենք շփվի այդ անհատի հետ։

Քրիստոնյաները Աստվածաշնչով մարզված իրենց խղճի հիման վրա կարող են որոշել՝ ժողովից հեռացված անհատին հրավիրել հանդիպման, թե ոչ, և եթե նա գա, ողջույնի պարզ խոսքեր ասել, թե ոչ (տես պարբերություն 14)


15. Ո՞ւմ մասին է խոսվում 2 Հովհաննես 9-11 համարներում (տես նաև « Ի՞նչ տարբերություն կար Հովհաննեսի ու Պողոսի նշած իրավիճակների միջև» շրջանակը)։

15 Ոմանք գուցե ասեն. «Մի՞թե Աստվածաշնչում չի ասվում, որ ժողովից հեռացված անհատին բարևելով՝ մասնակից ենք դառնում նրա չար գործերին» (կարդա 2 Հովհաննես 9-11)։ Այս համարների համատեքստը ցույց է տալիս, որ խոսքը հավատուրացների և նրանց մասին է, ովքեր ակտիվորեն սխալ վարք են խրախուսում (Հայտն. 2։20)։ Հետևաբար, եթե անհատը ակտիվորեն հավատուրացական գաղափարներ է տարածում կամ սխալ վարք է խրախուսում, երեցները նրա հետ չեն հանդիպի։ Ինչ խոսք, հույս կա, որ մի օր նա կզղջա։ Բայց մինչ այդ մենք ո՛չ բարև կտանք նման մարդու, ո՛չ էլ կհրավիրենք նրան ժողովի հանդիպման։

ԸՆԴՕՐԻՆԱԿԵՆՔ ԵՀՈՎԱՅԻ ԿԱՐԵԿՑԱՆՔՆ ՈՒ ԳԹԱՍՐՏՈՒԹՅՈՒՆԸ

16-17. ա) Ի՞նչ է ուզում Եհովան, որ մեղսագործներն անեն (Եզեկիել 18։32)։ բ) Մեղք գործածին օգնելիս երեցները ինչպե՞ս կարող են ցույց տալ, որ Եհովայի համագործակիցներն են։

16 Ի՞նչ սովորեցինք հինգ մասից բաղկացած այս հոդվածաշարից։ Եհովան չի ցանկանում, որ որևէ մեկը կործանվի (կարդա Եզեկիել 18։32)։ Նա ուզում է, որ մեղսագործները հաշտվեն իր հետ (2 Կորնթ. 5։20)։ Դա է պատճառը, որ մարդկության պատմության ողջ ընթացքում Եհովան ճիշտ ուղուց շեղված իր ժողովրդին, ինչպես նաև առանձին անհատների բազմիցս հորդորել է զղջալ և վերադառնալ իր մոտ։ Երեցները պատիվ ունեն համագործակցելու Եհովայի հետ՝ օգնելով լուրջ մեղք գործած անհատներին, որ զղջան (Հռոմ. 2։4; 1 Կորնթ. 3։9

17 Պատկերացրու՝ ինչ մեծ ուրախություն է տիրում երկնքում, երբ մեղսագործները զղջում են։ Յուրաքանչյուր կորած գառնուկի վերադարձը մեծ ուրախություն է պատճառում մեր երկնային Հորը՝ Եհովային։ Նրա հանդեպ մեր սերը շարունակում է աճել, երբ խորհրդածում ենք նրա կարեկցանքի, գթասրտության և անզուգական բարության մասին (Ղուկ. 1։78

ԵՐԳ 111 Մեր ուրախության պատճառները

a Նման անհատներին մենք այլևս չենք կոչում ընկերակցությունից զրկվածներ։ Հիմնվելով 1 Կորնթացիներ 5։13-ում գրված Պողոսի խոսքերի վրա՝ մենք նրանց անվանում ենք ժողովից հեռացված անհատներ։

b Ըստ Աստվածաշնչի՝ աններելի մեղքը ոչ թե ինչ-որ կոնկրետ մեղք է, այլ կարծրացած սրտով գործված մեղք այն անհատի կողմից, ով մշտապես հակառակվում է Աստծուն։ Մենք չենք որոշողը՝ անհատի գործած մեղքը աններելի է, թե ոչ (Մարկ. 3։29; Եբր. 10։26, 27