Ընթերցողների հարցերը
«Աչքի տակ առնելու» մասին առաջնորդությունը, որը գրված է 2 Թեսաղոնիկեցիներ 3։14 համարում, ո՞ւմ է ուղղված՝ ժողովի՞ն, թե՞ յուրաքանչյուր քրիստոնյայի
Պողոս առաքյալը Թեսաղոնիկեի քրիստոնյաներին գրեց. «Եթե որևէ մեկը չհնազանդվի այս նամակում մեր տված հրահանգներին, աչքի տակ առեք նրան» (2 Թեսաղ. 3։14)։ Նախկինում ասվում էր, որ այս առաջնորդությունը երեցներին է ուղղված։ Եթե ինչ-որ մեկը, չնայած բազմաթիվ խորհուրդներին, շարունակում էր անտեսել աստվածաշնչյան սկզբունքները, երեցները գուցե որոշեին նախազգուշական ելույթ ներկայացնել ժողովում։ Եվ դրանից հետո քարոզիչները, ժողովից ու ծառայությունից բացի, այլ առիթներով չէին ընկերակցում նրա հետ։
Սակայն այս հարցի հետ կապված փոփոխություն է եղել։ Պողոսի խորհուրդը ակներևաբար վերաբերում է այն քայլին, որ յուրաքանչյուր քրիստոնյա պետք է ձեռնարկի որոշակի հանգամանքներում։ Ուստի կարիք չկա, որ երեցները նախազգուշական ելույթ ներկայացնեն։ Այս փոփոխության պատճառը հասկանալու համար քննենք Պողոսի տված խորհրդի համատեքստը։
Պողոսը նշեց, որ ժողովում ոմանք «կարգազանց» էին։ Նրանք արհամարհում էին Աստծու ներշնչումով տրված խորհուրդները։ Իր նախորդ այցելության ժամանակ Պողոսը հետևյալ պատվերն էր տվել. «Եթե որևէ մեկը չի ուզում աշխատել, թող ոչ էլ ուտի»։ Սակայն անգամ դրանից հետո ոմանք չէին աշխատում իրենց կարիքները հոգալու համար, թեև ի վիճակի էին այդպես վարվել։ Բացի այդ՝ նրանք խառնվում էին իրենց չվերաբերող գործերին։ Ինչպե՞ս պետք է քրիստոնյաները վերաբերվեին կարգազանցներին (2 Թեսաղ. 3։6, 10-12)։
Պողոսն ասաց. «Աչքի տակ առեք նրան»։ Այստեղ գործածված հունարեն բառը նշանակում է զգուշանալ նման անհատի վատ ազդեցությունից։ Պողոսը այս հորդորը տվեց ամբողջ ժողովին, ոչ թե միայն երեցներին (2 Թեսաղ. 1։1; 3։6)։ Ուստի յուրաքանչյուր քրիստոնյա, ով նկատում էր, որ հավատակիցը չի հնազանդվում սուրբգրային խորհրդին, թերևս որոշեր «այլևս չընկերակցել» այդ կարգազանց անհատի հետ։
Արդյո՞ք սա նշանակում էր, որ այդ մարդուն պետք է վերաբերվեին այնպես, ինչպես ժողովից հեռացված անհատին։ Ո՛չ, քանի որ Պողոսը նաև ասաց. «Շարունակեք խորհուրդ տալ [նրան]՝ որպես ձեր եղբոր»։ Ուստի քրիստոնյան կշարունակեր շփվել նման անհատի հետ ժողովում և ծառայության ժամանակ, սակայն նրա հետ չէր մասնակցի ընկերական հավաքույթների կամ ժամանցի այլ ձևերի։ Պողոսն ասաց, որ սա արվում է այն նպատակով, որ անհատը «ամաչի»։ Այսպիսով՝ կարգազանց քրիստոնյային աչքի տակ առնելով՝ նրան օգնում էին, որ փոխի իր վարքը (2 Թեսաղ. 3։14, 15)։
Իսկ մենք ինչպե՞ս կարող ենք կիրառել այս խորհուրդը։ Նախ՝ պետք է հավաստիանանք, որ անհատի վարքը իսկապես «կարգազանց» է։ Կարգազանց ասելով՝ Պողոսը նկատի չուներ այն մարդկանց, որոնք խղճին և անձնական ընտրությանը թողնված հարցերում չեն մտածում այնպես, ինչպես մենք։ Նա նաև չէր խոսում նրանց մասին, ովքեր պարզապես վիրավորել են մեզ։ Պողոսը նկատի ուներ նրանց, ովքեր միտումնավոր չէին հետևում իրենց տրված սուրբգրային հստակ խորհրդին։
Այսպիսով՝ եթե նկատենք, որ մեր հավատակիցը անհնազանդ ոգի է դրսևորում, a մենք նրա հետ չենք մասնակցի ընկերական հավաքույթների և ժամանցի այլ ձևերի։ Քանի որ սա անձնական որոշման հարց է, մենք չպետք է այն քննարկենք նրանց հետ, ովքեր մեր ընտանիքի անմիջական անդամները չեն։ Մենք կշարունակենք շփվել այդ անհատի հետ ժողովում և ծառայության ժամանակ, իսկ երբ նա շտկի իր վարքը, կվերականգնենք նրա հետ մեր շփումը նաև այլ առիթներով։
a Օրինակ՝ հավատակիցը գուցե հրաժարվի աշխատել, թեև ի վիճակի է, շարունակի ժամադրվել ոչ Վկա անհատի հետ, պառակտիչ զրույցներ վարի կամ բամբասի (1 Կորնթ. 7։39; 2 Կորնթ. 6։14; 2 Թեսաղ. 3։11, 12; 1 Տիմոթ. 5։13)։ Բոլոր նրանք, ովքեր համառորեն նման վարք են դրսևորում, «կարգազանց» են։