Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Պատանինե՛ր, ինչպե՞ս կարող եք պատրաստվել մկրտվելուն

Պատանինե՛ր, ինչպե՞ս կարող եք պատրաստվել մկրտվելուն

«Քո կամքը կատարելու մեջ ես ուրախություն գտա, ո՛վ իմ Աստված» (ՍԱՂ. 40։8

ԵՐԳ 51, 58

1, 2. ա) Բացատրիր, թե ինչու է մկրտությունը կարևոր քայլ։ բ) Ի՞նչ պետք է անի անհատը նախքան մկրտվելը և ինչո՞ւ։

ՍԻՐԵԼԻ՛ պատանի, ցանկանո՞ւմ ես մկրտվել։ Եթե այո, ապա հիշիր, որ մկրտությունը ամենամեծ առանձնաշնորհումն է, որ մարդը երբևէ կարող է ունենալ։ Ինչպես իմացանք նախորդ հոդվածից, մկրտությունը նաև լուրջ քայլ է։ Այն խորհրդանշում է քո նվիրումը՝ քո խոստումը Եհովային, որ հավիտյան ծառայելու ես նրան՝ կյանքում առաջնային համարելով նրա կամքը կատարելը։ Հասկանալի է, որ կմկրտվես միայն այն ժամանակ, երբ հասկանաս մկրտության նշանակությունը և պատրաստ լինես անձամբ կայացնելու այդ որոշումը։

2 Իսկ ի՞նչ կարող ես անել, եթե վստահ չես, որ պատրաստ ես մկրտվելու, կամ էլ ուզում ես մկրտվել, բայց ծնողներդ կարծում են, որ պետք է մի քիչ էլ մեծանաս։ Ինչպիսին էլ լինի պարագան, մի՛ վհատվիր։ Հոգևորապես առաջադիմիր, և շատ հավանական է, որ երկար չսպասես։ Սա ի մտի ունենալով՝ քննենք, թե ինչ կարող ես ձեռնարկել 1) համոզմունքներդ ամրապնդելու, 2) աստվածահաճո ապրելակերպ ունենալու և 3) երախտագիտությունդ ավելացնելու համար։

ՔՈ ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆԵՐԸ

3, 4. Ի՞նչ կարող են պատանիները սովորել Տիմոթեոսից։

3 Մտածիր, թե ինչպես կպատասխանես հետևյալ հարցերին։ Ի՞նչ հիմքեր ունեմ Աստծու գոյությանը հավատալու համար։ Ի՞նչն է ինձ համոզում, որ Աստվածաշունչը Աստծու Խոսքն է։ Ինչո՞ւ եմ կարծում, որ ավելի լավ է ապրել Աստծու բարոյական չափանիշներով, քան ընդօրինակել այս աշխարհի ապրելակերպը։ Այս հարցերի նպատակը քո մեջ կասկածներ արթնացնելը չէ։ Հակառակը՝ դրանք կարող են օգնել քեզ հետևելու Պողոսի հորդորին. «Հավաստիացեք, թե որն է Աստծու բարի, ընդունելի և կատարյալ կամքը» (Հռոմ. 12։2)։ Իսկ ինչո՞ւ Հռոմի քրիստոնյաները կարիք ունեին հավաստիանալու այն բաներում, որոնց արդեն հավատում էին։

4 Աստվածաշնչից քննենք Տիմոթեոսի օրինակը։ Նա լավ գիտեր սուրբ գրքերը։ Նրան «վաղ մանկությունից» սովորեցրել էին մայրն ու տատիկը։ Այնուհանդերձ, Պողոսը հորդորեց Տիմոթեոսին. «Հարատևիր այն բաներում, որ սովորեցիր և որոնցում հաստատ համոզվեցիր» (2 Տիմոթ. 3։14, 15)։ Մի աշխատության համաձայն՝ «հաստատ համոզվել» թարգմանված բնագիր բառը ունի «ինչ-որ բանի ճշմարտացիության մեջ վստահ լինելու» իմաստ։ Տիմոթեոսը ճշմարտությունն իրենն էր դարձրել։ Նա ընդունել էր այն ոչ թե այն բանի համար, որ մայրն ու տատիկն էին ասել, որ այդպես անի, այլ որ խորհրդածել և հաստատ համոզվել էր դրանում (կարդա Հռոմեացիներ 12։1

5, 6. Ինչո՞ւ է կարևոր, որ գործի դնես «բանականությունդ» հնարավորինս փոքր տարիքից։

5 Իսկ ի՞նչ կարելի է ասել քո մասին։ Հնարավոր է՝ երկար ժամանակ է, ինչ գիտես աստվածաշնչյան ճշմարտությունը։ Եթե այդպես է, ապա նպատակ դիր ավելի խորությամբ քննելու, թե ինչ հիմքեր ունեն քո հավատալիքները։ Դրա շնորհիվ համոզվածությունդ ավելի կամրանա և դու չես «տարուբերվի» հասակակիցներիդ ճնշումների, այս աշխարհի պրոպագանդայի և անգամ քո զգացմունքների պատճառով։

6 Սովորիր փոքր հասակից գործի դնել «բանականությունդ», որ կարողանաս տրամաբանական պատասխաններ տալ հասակակիցներիդ հարցերին, երբ նրանք ասեն. «Ի՞նչ գիտես, որ Աստված կա։ Եթե Աստված սիրում է մարդկանց, ինչի՞ չարությունը չի վերացնում։ Որտեղի՞ց գիտես, որ Աստված միշտ եղել է»։ Եթե պատրաստված լինես նման հարցերին պատասխանելու, դրանք չեն թուլացնի հավատդ, ընդհակառակը՝ կմղեն, որ ավելի խորությամբ անձնական ուսումնասիրություն անես։

7–9. Բացատրիր, թե «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» հավաքածուի օնլայն նյութերը ինչպես կարող են օգնել քեզ, որ ամրապնդես համոզմունքներդ։

7 Խոր անձնական ուսումնասիրությունը կօգնի քեզ պատասխանել հարցերին, փարատել կասկածներդ և ամրապնդել համոզմունքներդ (Գործ. 17։11)։ Բազմաթիվ միջոցներ կան, որոնք կօգնեն քեզ։ Շատերի համար օգտակար են եղել «Կյանքի ծագումը. հինգ հարց, որ արժե քննել» գրքույկը և «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» գիրքը։ Բացի այդ, շատ պատանիներ օգուտներ են քաղել «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» հավաքածուի օնլայն նյութերից։ Ուսումնասիրության այս էջերը կարելի է գտնել jw.org կայքում՝ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՈՒՍՄՈՒՆՔՆԵՐ > ՊԱՏԱՆԻՆԵՐ բաժնում։ Դրանց նպատակն է օգնել քեզ ամրապնդել համոզվածությունդ աստվածաշնչյան որևէ թեմայի հետ կապված։

8 Դու արդեն ծանոթ ես Աստվածաշնչին, ուստի հավանաբար կարող ես միանգամից պատասխանել այդ նյութերում գրված որոշ հարցերի։ Բայց ի՞նչն է քեզ համոզել, որ պատասխանը հենց դա է։ Այդ նյութերը մղում են քեզ տրամաբանել բազմաթիվ աստվածաշնչյան համարների շուրջ, որից հետո դու գրի ես առնում քո կարծիքը դրանց վերաբերյալ։ Դրանք նաև կարող են օգնել քեզ, որ մտածես ինչպես բացատրել քո հավատալիքները ուրիշներին։ «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» հավաքածուի օնլայն նյութերը օգնել են բազմաթիվ պատանիների ամրապնդել իրենց համոզմունքները։ Եթե հնարավորություն ունես օգտվելու այդ նյութերից, ապա անձնական ուսումնասիրության ժամանակ լրացրու այդ էջերը։

9 Համոզմունքներդ ամրապնդելով՝ դու կարևոր քայլ ես անում դեպի մկրտություն։ Մի երիտասարդ քույր ասում է. «Նախքան մկրտվելը անձամբ ուսումնասիրեցի Աստվածաշունչը և համոզվեցի, որ սա ճշմարտությունն է։ Ամեն օր համոզվածությունս ավելի է ամրանում»։

ՔՈ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԸ

10. Ինչո՞ւ է ակնկալվում, որ մկրտված քրիստոնյան հավատին համապատասխան գործեր անի։

10 Աստվածաշունչն ասում է. «Եթե հավատը գործեր չունի, ինքնըստինքյան մեռած է» (Հակ. 2։17)։ Ուրեմն տրամաբանական է ակնկալել, որ ամուր համոզվածությունդ կդրսևորվի քո ապրելակերպում։ Իսկ ինչպե՞ս է դրսևորվում այդ ապրելակերպը։ Սուրբ Գիրքն ասում է «սուրբ վարքին բնորոշ արարքներով և աստվածանվեր գործերով» (կարդա 2 Պետրոս 3։11

11. Ի՞նչ է նշանակում ունենալ «սուրբ վարքին բնորոշ» ապրելակերպ։

11 «Սուրբ վարքին բնորոշ» ապրելակերպ ունենալու համար դու պետք է բարոյապես մաքուր լինես։ Օրինակ՝ մտածիր, թե ինչպիսին է եղել քո վարքը անցած վեց ամիսների ընթացքում։ Ինչպե՞ս ես ցույց տվել, որ «ըմբռնողականությունդ» մարզված է ճիշտն ու սխալը զանազանելու համար (Եբր. 5։14)։ Կարո՞ղ ես հիշել կոնկրետ իրավիճակ, երբ դիմադրել ես փորձությանը կամ հասակակիցներիդ ճնշմանը։ Քրիստոնեավայել վարք դրսևորո՞ւմ ես դպրոցում։ Պաշտպանո՞ւմ ես հավատդ, թե՞ փորձում ես նմանվել դասընկերներիդ, որ հանկարծ չծաղրեն քեզ (1 Պետ. 4։3, 4)։ Ճիշտ է, ոչ ոք կատարյալ չէ։ Նույնիսկ Եհովայի՝ երկար տարիների ծառան երբեմն կարող է վախենալ մարդկանց առաջ իր հավատը պաշտպանելուց։ Բայցևայնպես, Եհովային նվիրված անհատը հպարտությամբ է կրում Աստծու անունը և դա ցույց է տալիս իր վարքով։

12. Որո՞նք են «աստվածանվեր գործերից» մի քանիսը, և ինչպե՞ս պետք է վերաբերվես դրանց։

12 Իսկ ի՞նչ կարելի է ասել «աստվածանվեր գործերի» մասին։ Դրանց մեջ մտնում են ժողովի հետ կապված գործերը, ինչպիսիք են՝ հանդիպումներին ներկա լինելը և ծառայությանը մասնակցելը։ Դրանք ներառում են նաև բաներ, որ ուրիշները չեն տեսնում, օրինակ՝ անձնական աղոթքներդ և ուսումնասիրությունդ։ Եհովային նվիրված անհատը դրանք չի անում պարտավորության զգացումից ելնելով, հակառակը՝ դրսևորում է Դավիթ թագավորի վերաբերմունքը. «Քո կամքը կատարելու մեջ ես ուրախություն գտա, ո՛վ իմ Աստված, և քո օրենքը իմ սրտում է» (Սաղ. 40։8

13, 14. Ո՞ր հրատարակությունը կարող է օգնել քեզ, որ «աստվածանվեր գործեր» անես, և ինչպե՞ս են որոշ պատանիներ օգտվել դրանից։

13 Իսկ ի՞նչ քայլեր կարող ես ձեռնարկել «աստվածանվեր գործեր» անելու համար։ Քեզ կարող է օգնել «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գրքի 2-րդ հատորի 308–309 էջերում տեղ գտած շրջանակը։ Այստեղ կան հարցեր, որոնց պետք է պատասխանես։ Ահա դրանցից մի քանիսը։ «Աղոթո՞ւմ ես կոնկրետ բաների մասին։ Քո աղոթքներից երևո՞ւմ է, որ սիրում ես Եհովային։ Ի՞նչ ես ընդգրկում քո անձնական ուսումնասիրության մեջ։ Գնո՞ւմ ես ծառայության, նույնիսկ եթե ծնողներդ չեն գնում»։ Շրջանակում կա նաև հատկացված տեղ՝ գրելու համար, թե աղոթքների, անձնական ուսումնասիրության և ծառայության հետ կապված ինչ նպատակներ կուզեիր դնել։

14 Այս շրջանակը մկրտվել ցանկացող շատ պատանիների է օգնել։ Թիլդա անունով մի քույր ասում է. «Ես այնտեղ գրեցի իմ նպատակները, ապա հերթով հասա դրանց։ Մի տարի հետո պատրաստ էի մկրտվել»։ Իսկ Պատրիկ անունով մի եղբայր ասում է. «Ես իմ առաջ արդեն ունեի նպատակներ։ Բայց երբ գրի առա դրանք, սկսեցի ավելի մեծ եռանդով աշխատել դրանց հասնելու համար»։

Կշարունակե՞ս ծառայել Եհովային, եթե ծնողներդ թողնեն ճշմարտությունը (տես պարբերություն 15)

15. Ինչո՞ւ մկրտությունը պետք է քո անձնական որոշումը լինի։

15 Այս շրջանակի՝ մտածելու տեղիք տվող հարցերից մեկը հետևյալն է. «Կծառայե՞ս Եհովային, նույնիսկ եթե ծնողդ կամ ընկերդ թողնի ճշմարտությունը»։ Հիշիր, որ որպես նվիրված և մկրտված քրիստոնյա՝ դու անձամբ ես պատասխան տալու Եհովային քո որոշումների համար։ Նրան մատուցվող քո ծառայությունը չպետք է կախված լինի ուրիշներից, անգամ քո ծնողներից։ Սուրբ վարքին բնորոշ ապրելակերպդ և աստվածանվեր գործերդ պետք է վկայեն, որ դու ճշմարտությունը քոնն ես դարձրել, առաջադիմում ես և պատրաստվում ես մկրտվել։

ՔՈ ԳՆԱՀԱՏԱՆՔԸ

16, 17. ա) Ի՞նչը պետք է մղի անհատին դառնալու քրիստոնյա։ բ) Ինչպե՞ս է գնահատանքդ ավելանում, երբ մտածում ես փրկանքի մասին։ Բացատրիր օրինակով։

16 Մովսիսական օրենքից լավատեղյակ մի մարդ Հիսուսին հարցրեց. «Ո՞րն է մեծագույն պատվիրանը»։ Նա պատասխանեց. «Սիրի՛ր քո Աստված Եհովային քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով» (Մատթ. 22։35–37)։ Այս խոսքերով Հիսուսն ընդգծեց, թե ինչը պետք է լինի քրիստոնյայի գործերի, ինչպես նաև մկրտության հիմքում ընկած մղիչ ուժը. նա ամբողջ սրտով պետք է սիրի Եհովային։ Իսկ այդ սերը զորացնելու լավագույն կերպը Եհովայի մեծագույն պարգևի՝ իր Որդու փրկանքի շուրջ խորհրդածելն է (կարդա 2 Կորնթացիներ 5։14, 15; 1 Հովհաննես 4։9, 19)։ Եթե մտածես փրկանքի մասին և թե ինչ է այն նշանակում քեզ համար, գնահատանքով կլցվես Եհովայի հանդեպ։

17 Բերենք մի օրինակ։ Պատկերացրու՝ մեկը փրկել է քեզ խեղդվելուց։ Մի՞թե կմոռանաս կատարվածը։ Երբե՛ք։ Դու կյանքով պարտական կլինես քեզ փրկողին։ Մենք էլ պարտական ենք Եհովային և Հիսուս Քրիստոսին, քանի որ առանց փրկանքի՝ մեզնից յուրաքանչյուրը «խեղդված» կլիներ մեղքի և մահվան ճահճում։ Բացի այդ, սիրո այդ մեծագույն դրսևորման շնորհիվ մենք դրախտային երկրի վրա հավիտյան ապրելու հրաշալի հեռանկար ունենք։

18, 19. ա) Ինչո՞ւ չպետք է վախենալ Եհովային նվիրվելուց։ բ) Եհովային ծառայելը ինչպե՞ս է կյանքդ ավելի լավը դարձնում։

18 Գնահատո՞ւմ ես այն ամենը, ինչ Եհովան արել է քեզ համար։ Ուրեմն տեղին կլինի, որ նվիրվես նրան և մկրտվես։ Հիշիր, նվիրումը երդում է, որ տալիս ես Աստծուն՝ խոստանալով, որ հավիտյան կկատարես նրա կամքը, ինչ էլ որ լինի։ Պե՞տք է վախենաս այս պատասխանատու քայլն անելուց։ Բոլորովի՛ն։ Մի՛ մոռացիր, որ Եհովան ամենալավն է կամենում քեզ և «վարձատրում է նրանց, ովքեր ջանադրաբար փնտրում են իրեն» (Եբր. 11։6)։ Նվիրումը և մկրտությունը կյանքդ չեն զրկի գույներից, ընդհակառակը՝ այն ավելի լավը կդառնա։ 24 տարեկան մի եղբայր, որը մկրտվել է փոքր տարիքում, ասում է. «Ճիշտ է, մեծ տարիքում գուցե ավելի լավ ես հասկանում մկրտության նշանակությունը, քան փոքր տարիքում։ Բայց այդ քայլը պաշտպանել է ինձ, որ չմխրճվեմ աշխարհի մեջ»։

19 Հակառակ Եհովային՝ Սատանան քեզնով հետաքրքրվում է զուտ եսասիրական նկատառումներից ելնելով։ Եվ այն, ինչ առաջարկում է Սատանան իր հետևից գնացողներին, չի կարող հարատև լինել։ Չէ՞ որ նրան ոչ մի լավ բան չի սպասում, և հույս էլ չունի։ Ինչպե՞ս նա կարող է քեզ տալ մի բան, որ չունի։ Սատանան կարող է առաջարկել քեզ միայն այն ապագան, որն իրեն է սպասում (Հայտն. 20։10

20. Ի՞նչ կարող են անել պատանիները առաջադիմելու և նվիրմանն ու մկրտությանը պատրաստ լինելու համար (տես նաև « Օգնություն հոգևորապես առաջադիմելու համար» շրջանակը)։

20 Հստակ է, որ Եհովային նվիրվելը ամենաճիշտ որոշումն է։ Պատրա՞ստ ես այդ քայլին։ Եթե այո, մի՛ վարանիր։ Բայց եթե կարծում ես, որ մի քիչ էլ պետք է ժամանակ անցնի, հետևիր այս հոդվածի առաջարկներին և շարունակիր առաջադիմել։ Պողոսը գրեց փիլիպպեցիներին. «Որ չափով որ առաջադիմեցինք, եկեք շարունակենք նույն այդ սահմանված կարգի համաձայն վարվել» (Փիլիպ. 3։16)։ Հետևիր այս խորհրդին, և Եհովային նվիրվելու ու մկրտվելու ցանկությունը քեզ երկար սպասել չի տա։