Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Երբեք մենակ չեմ եղել»

«Երբեք մենակ չեմ եղել»

ԿՅԱՆՔՈՒՄ շատ բաներ կարող են ստիպել, որ միայնակ զգանք՝ սիրելի մարդու կորուստը, անծանոթ միջավայրը և մենակ մնալը։ Այս ամենի միջով անցել եմ։ Սակայն երբ հետադարձ հայացք եմ նետում, հասկանում եմ, որ իրականում երբեք մենակ չեմ եղել։ Պատմեմ, թե ինչպես եմ եկել այս եզրահանգմանը։

ԾՆՈՂՆԵՐԻՍ ՕՐԻՆԱԿԸ

Հայրս ու մայրս նվիրյալ կաթոլիկ էին։ Սակայն երբ Աստվածաշնչից իմացան, որ Աստծու անունը Եհովա է, եռանդուն Վկաներ դարձան։ Հայրս, ով ատաղձագործ էր, դադարեց Հիսուսի պատկերները փորագրել։ Նա իր հմտությունները գործի դրեց, որ մեր տան առաջին հարկը Թագավորության սրահ դարձնի, որը Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի արվարձան Սան Խուան դել Մոնտեի առաջին սրահը դարձավ։

Ծնողներիս ու ընտանիքիս մյուս անդամների հետ

Ծնվել եմ 1952-ին։ Երբ դեռ փոքր էի, ծնողներս սկսեցին սովորեցնել ինձ Եհովայի մասին, ինչպես որ սովորեցնում էին չորս ավագ եղբայրներիս և երեք քույրերիս։ Հայրս ինձ հետ ուսումնասիրություն է անցկացրել մեր կազմակերպության տարբեր հրատարակությունների միջոցով։ Բացի այդ՝ նա միշտ հորդորում էր ամեն օր Աստվածաշնչից մի գլուխ կարդալ։ Ժամանակ առ ժամանակ ծնողներս հյուրընկալում էին շրջանային վերակացուներին ու մասնաճյուղի ներկայացուցիչներին։ Մենք ընտանիքով շատ էինք ուրախանում ու քաջալերվում այս եղբայրների պատմություններից։ Դրանք մղեցին մեզ ծառայությունը կյանքում առաջին տեղում դնելու։

Ծնողներիս ամուր հավատի օրինակից շատ բան եմ սովորել։ Այն բանից հետո, երբ թանկագին մայրս հիվանդության պատճառով մահացավ, ես ու հայրս 1971-ին սկսեցինք ռահվիրա ծառայել։ Ցավոք, 1973-ին, երբ 20 տարեկան էի, հայրս էլ մահացավ։ Երկու ծնողներիս կորցնելը ինձ դատարկության ու մենակության զգացումով լցրեց։ Սակայն Աստվածաշնչի տված հույսը, որն ասես «թե՛ հուսալի, թե՛ անխախտ» խարիսխ լինի, օգնեց ինձ չկոտրվել և զգացապես ու հոգևոր առումով կայուն մնալ (Եբր. 6։19)։ Հորս մահից կարճ ժամանակ անց հատուկ ռահվիրա նշանակվեցի Պալավան գավառի Կորոն մեկուսի կղզում։

ՄԵՆԱԿ՝ ԴԺՎԱՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ

21 տարեկան էի, երբ գնացի Կորոն։ Քանի որ քաղաքում էի մեծացել, շատ զարմացա, երբ տեսա, որ այդ կղզում էլեկտրականության, հոսող ջրի և տրանսպորտի խնդիր կա։ Թեև այնտեղ մի քանի եղբայրներ կային, բայց ռահվիրա ծառայակից չունեի ու երբեմն ստիպված էի մենակ քարոզել։ Առաջին ամիսը ծանր էր, քանի որ շատ էի կարոտում ընտանիքիս ու ընկերներիս։ Գիշերը նայում էի աստղազարդ երկնքին ու արտասվում։ Ուզում էի հրաժարվել նշանակումիցս ու վերադառնալ տուն։

Երբ միայնության զգացումը համակում էր ինձ, սիրտս բացում էի Եհովայի առաջ։ Աստվածաշնչից ու մեր հրատարակություններից քաջալերական մտքեր էի հիշում։ Հաճախ միտքս էր գալիս Սաղմոս 19։14-ը։ Ես հասկացա, որ Եհովան «իմ Ժայռը և իմ Փրկիչը» կլինի, եթե նրան հաճելի բաների շուրջ մտածեմ, օրինակ՝ նրա հատկությունների և արած գործերի մասին։ Ինձ նաև շատ օգնեց «Դիտարանի»՝ «Դու երբեք մենակ չես» a վերնագրով հոդվածը։ Նորից ու նորից կարդում էի այն։ Իրականում այդպիսի պահերին Եհովայի հետ էի, ինչը ինձ աղոթելու, ուսումնասիրելու և խորհրդածելու լավ հնարավորություն էր տալիս։

Կորոն տեղափոխվելուց շատ չանցած՝ երեց նշանակվեցի։ Քանի որ ժողովի միակ երեցն էի, Աստվածապետական ծառայության դպրոցը, Ծառայողական հանդիպումը, Ժողովի՝ գրքի ուսումնասիրությունը և «Դիտարանի» ուսումնասիրությունը ես էի անցկացնում։ Բացի այդ՝ ամեն շաբաթ հանրային ելույթ էի ներկայացնում։ Մի խոսքով՝ այլևս ինձ միայնակ զգալու ժամանակ չունեի։

Կորոնում ծառայությունս շատ արդյունավետ էր։ Ոմանք, ում հետ Աստվածաշունչ էի ուսումնասիրում, ի վերջո մկրտվեցին։ Բայց նաև կային դժվարություններ։ Երբեմն ստիպված էի կես օր քայլել տարածք հասնելու համար՝ չիմանալով, թե այդ օրը որտեղ եմ գիշերելու։ Ժողովի քարոզչական տարածքը բազմաթիվ փոքր կղզիներ էր ընդգրկում։ Հաճախ այնտեղ հասնելու համար ստիպված էի լինում մոտորանավակով անցնել փոթորկված ծովով, չնայած որ լողալ չգիտեի։ Այս բոլոր դժվարությունների ժամանակ Եհովան պաշտպանել ու աջակցել է ինձ։ Հետագայում հասկացա, որ Եհովան ինձ ավելի մեծ դժվարությունների էր պատրաստում։

ՊԱՊՈՒԱ ՆՈՐ ԳՎԻՆԵԱ

1978-ին նշանակվեցի ծառայելու Պապուա Նոր Գվինեայում, որը գտնվում է Ավստրալիայից դեպի հյուսիս։ Պապուա Նոր Գվինեան լեռնային երկիր է, և դրա տարածքը գրեթե Իսպանիայի չափ է։ Շատ զարմացա, երբ իմացա, որ այնտեղի երեք միլիոն բնակչությունը ավելի քան 800 լեզուներով է խոսում։ Ուրախալի էր իմանալ, որ մարդկանց մեծ մասը կարողանում էր խոսել մելանեզյան պիջին լեզվով, որը հայտնի է տոկ փիսին անունով։

Ինձ ժամանակավորապես նշանակեցին ծառայելու մայրաքաղաք Փորտ Մորսբիի անգլիախոս ժողովում։ Բայց հետո տեղափոխվեցի տոկ փիսինով խոսող ժողով և լեզվի դասեր անցա։ Այն, ինչ սովորում էի, կիրառում էի քարոզչական գործում։ Դա ինձ օգնեց ավելի արագ յուրացնել լեզուն։ Կարճ ժամանակ անց կարողացա հանրային ելույթ ներկայացնել տոկ փիսինով։ Չեք պատկերացնի, թե որքան էի զարմացել, երբ Պապուա Նոր Գվինեա տեղափոխվելուց մեկ տարի էլ չանցած՝ մի քանի մեծ մարզերում գտնվող տոկ փիսինով խոսող ժողովների շրջանային վերակացու նշանակվեցի։

Քանի որ ժողովները իրարից բավականին հեռու էին, շատ էի շրջագայում և բազմաթիվ շրջանային համաժողովներ էի կազմակերպում։ Սկզբում անծանոթ միջավայրի, նոր երկրի, լեզվի և նոր սովորույթների պատճառով ինձ միայնակ էի զգում։ Ժողովներ այցելելիս լեռների ու խորդուբորդ տարածքի պատճառով չէի կարող ցամաքով տեղաշարժվել, ուստի գրեթե ամեն շաբաթ ստիպված էի լինում ինքնաթիռ նստել։ Երբեմն այդ փոքրիկ, խարխուլ ինքնաթիռի միակ ուղևորն էի։ Ամեն անգամ այդ ճանապարհներն անցնելիս ունենում էի այն նույն անհանգստությունն ու վախը, ինչ մոտորանավակով գնալիս։

Շատ քչերը հեռախոս ունեին, այդ պատճառով ժողովների հետ նամակագրության միջոցով էի կապ հաստատում։ Սակայն հաճախ նամակներիցս շուտ էի տեղ հասնում, ուստի ստիպված տեղացիներին էի հարցուփորձ անում, որպեսզի գտնեմ Վկաներին։ Չնայած այդ դժվարություններին՝ ամեն անգամ, երբ գտնում էի հավատակիցներիս, նրանք ինձ այնպիսի ջերմությամբ ու երախտագիտությամբ էին ընդունում, որ հասկանում էի՝ ջանքերս զուր չեն։ Եհովայի օգնությունը տարբեր կերպերով եմ զգացել, և դա ինձ շատ է մտերմացրել նրա հետ։

Երբ Բուգենվիլ կղզում առաջին անգամ ժողով այցելեցի, մի զույգ, լայն ժպտալով, մոտեցավ ինձ ու հարցրեց. «Հիշո՞ւմ ես մեզ»։ Հիշեցի, որ նրանց քարոզել էի, երբ դեռ նոր էի նշանակվել Փորտ Մորսբիում ծառայելու։ Աստվածաշնչի ուսումնասիրություն էի սկսել նրանց հետ, բայց հետո տեղի եղբայրներից մեկին էի խնդրել շարունակել ուսումնասիրությունը։ Այժմ նրանք երկուսն էլ մկրտված էին։ Սա մեկն է այն օրհնություններից, որ ստացել եմ Պապուա Նոր Գվինեայում երեք տարվա ծառայությանս ընթացքում։

ՀՈԳԵՎՈՐԱՊԵՍ ԱԿՏԻՎ ՓՈՔՐԻԿ ԸՆՏԱՆԻՔ

Ադելի հետ

1978-ին Կորոնից հեռանալուց առաջ ծանոթացել էի մի գեղեցիկ, անձնազոհ քրոջ՝ Ադելի հետ։ Նա ռահվիրա էր ծառայում և մեծացնում էր իր երկու երեխաներին՝ Սեմյուելին և Շիրլիին։ Միևնույն ժամանակ նա հոգ էր տանում իր տարեց մոր մասին։ 1981-ի մայիսին վերադարձա Ֆիլիպիններ, որ ամուսնանանք Ադելի հետ։ Ամուսնանալուց հետո միասին էինք ռահվիրա ծառայում և հոգ տանում ընտանիքի համար։

Ադելի, մեր երեխաների՝ Սեմյուելի և Շիրլիի հետ ծառայում ենք Պալավանում

Չնայած արդեն ընտանիք ունեի, բայց 1983-ին նորից հատուկ ռահվիրա նշանակվեցի՝ ծառայելու Պալավան գավառի Լինապական կղզում։ Ամբողջ ընտանիքով տեղափոխվեցինք այս մեկուսի վայր, որտեղ Վկաներ չկային։ Մեկ տարի անց Ադելի մայրը մահացավ։ Սակայն մենք շարունակեցինք մեր ծառայությունը, ինչն օգնեց փարատել մեր վիշտը։ Լինապականում այնքան առաջադիմող ուսումնասիրություններ ունեինք, որ կարճ ժամանակ անց Թագավորության սրահի կարիք առաջացավ։ Ուստի մեր ուժերով փոքրիկ սրահ կառուցեցինք։ Մեր գալուց ընդամենը երեք տարի անց Հիշատակի երեկոյին 110 հոգի ներկա եղավ. հետագայում շատերը մկրտվեցին։ Մեր ուրախությանը չափ չկար։

1986-ին նշանակվեցի Կուլիոն կղզում ծառայելու, որտեղ բորոտությամբ հիվանդ մարդկանց համայնք կար։ Դրանից հետո Ադելը նույնպես հատուկ ռահվիրա նշանակվեց։ Սկզբում շատ էինք լարվում արտասովոր տեսք ունեցող այդ մարդկանց քարոզելիս։ Սակայն տեղի քարոզիչները հավաստիացրին մեզ, որ այդ մարդիկ բուժում են ստացել և վարակվելու հավանականությունը շատ քիչ է։ Այդ մարդկանցից ոմանք մասնակցում էին մեր հանդիպումներին, որոնք քույրերից մեկի տանն էին անցկացվում։ Շուտով մենք հարմարվեցինք և զգացինք, թե ինչ մեծ ուրախություն է աստվածաշնչյան հույսի մասին այնպիսի մարդկանց հետ խոսելը, ովքեր իրենց մերժված են զգում Աստծու և մարդկանց կողմից։ Անչափ հաճելի էր տեսնել, թե որքան են նրանք ուրախանում՝ իմանալով, որ մի օր կատարյալ առողջ կլինեն (Ղուկ. 5։12, 13

Կարճ պատմեմ, թե մեր երեխաներն ինչպես հարմարվեցին Կուլիոնի կյանքին։ Ես ու Ադելը Կորոնից 2 երիտասարդ քույրերի հրավիրեցինք մեզ մոտ, որպեսզի երեխաները լավ ընկերներ ունենան։ Սեմյուելը, Շիրլին և այս երկու երիտասարդ քույրերը ակտիվ ծառայում էին և ուսումնասիրում էին շատ երեխաների հետ, որոնց ծնողների հետ ես ու Ադելն էինք ուսումնասիրում։ Շատ չանցած՝ մենք արդեն ուսումնասիրում էինք տասնմեկ ընտանիքների հետ։ Շուտով առաջադիմող ուսումնասիրողներն այնքան շատ էին, որ նոր ժողով հիմնեցինք։

Սկզբում այդ տարածքում ես միակ երեցն էի։ Ուստի մասնաճյուղը խնդրեց, որ Կուլիոնի ութ քարոզիչների համար շաբաթական հանդիպումներ անցկացնեմ և նույնն անեմ նաև Մարիլի կոչվող գյուղի ինը քարոզիչների համար, ուր նավով հնարավոր էր հասնել երեք ժամում։ Հանդիպումներից հետո ընտանիքով ժամեր շարունակ քայլում էինք լեռնային տարածքով, որ Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնեինք Հալսի կոչվող գյուղում։

Ի վերջո Մարիլիում և Հալսիում այնքան շատ մարդ ընդունեց ճշմարտությունը, որ այդ երկու տարածքներում էլ Թագավորության սրահներ կառուցեցինք։ Ինչպես Լինապականում, այնպես էլ այստեղ, հիմնականում մեր եղբայրներն ու հետաքրքրվողներն էին աշխատում, և շինանյութերի մեծ մասն էլ նրանք էին տրամադրում։ Մարիլիի սրահը նախատեսված էր 200 հոգու համար, բայց այն հնարավոր էր ավելի ընդարձակ դարձնել, ինչի շնորհիվ այնտեղ նաև համաժողովներ էինք անցկացնում։

ՎԻՇՏ, ՄԻԱՅՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՐԿԻՆ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ

1993-ին, երբ երեխաներն արդեն մեծ էին, ես ու Ադելը շրջանային ծառայություն սկսեցինք Ֆիլիպիններում։ 2000թ.-ին Ծառայության կատարելագործման դպրոցում դասավանդելու ուսուցում ստացա։ Կարծում էի՝ չեմ համապատասխանում այդ նշանակմանը, բայց Ադելը շարունակ թև էր տալիս ինձ։ Նա հիշեցրեց, որ Եհովան ինձ ուժ կտա նոր հանձնարարությունս կատարելու համար (Փիլիպ. 4։13)։ Ադելը իր փորձով էր համոզվել դրանում, քանի որ չնայած առողջական խնդիրներին՝ շարունակում էր իր ծառայությունն անել։

2006թ.-ին, երբ ես դասավանդող էի, Ադելին Պարկինսոնյան հիվանդություն ախտորոշեցին։ Դա մեծ հարված էր մեզ համար։ Երբ ես առաջարկեցի թողնել նշանակումը, որ նրա համար հոգ տանեմ, նա ասաց. «Խնդրում եմ, բժիշկ գտիր, ով կօգնի՝ դիմանամ այս հիվանդությանը։ Վստահ եմ՝ Եհովան կաջակցի մեզ, որ շարունակենք մեր ծառայությունը»։ Հաջորդ վեց տարիների ընթացքում Ադելը առանց տրտնջալու հավատարմորեն ծառայեց Եհովային։ Երբ նա չէր կարողանում քայլել, քարոզում էր՝ հաշմանդամի սայլակին նստած։ Իսկ երբ արդեն հազիվ էր խոսում, թեկուզ մեկ-երկու բառով, մեկնաբանություն էր անում ժողովների ժամանակ։ Մինչև իր մահը՝ 2013 թվականը, Ադելը հավատակիցներից կանոնավորաբար նամակներ էր ստանում, որոնցում նրանք գովում էին նրան դիմացկունության հրաշալի օրինակ լինելու համար։ Ես ավելի քան 30 տարի ապրեցի հավատարիմ ու սիրող ընկերոջ հետ, բայց նրա մահից հետո վշտի ու միայնության զգացումները նորից համակեցին ինձ։

Ադելն ուզում էր, որ շարունակեմ ծառայությունս, ուստի այդպես էլ արեցի։ Ես զբաղված էի մնում, ինչն էլ օգնում էր պայքարել միայնության զգացման դեմ։ Նոր նշանակում էի ստացել. 2014-2017թթ.-ին այցելում էի տագալոգ լեզվով խոսող ժողովներ այնպիսի երկրներում, որտեղ մեր գործունեությունը սահմանափակված էր։ Դրանից հետո այցելեցի տագալոգ լեզվով խոսող ժողովներ Թայվանում, Միացյալ նահանգներում և Կանադայում։ 2019թ.-ին Հնդկաստանում և Թաիլանդում Թագավորության քարոզիչների դպրոց անցկացրի անգլերենով։ Ինչ նշանակում էլ, որ ունեցել եմ, մեծ ուրախություն եմ ստացել։ Գերագույն երջանկություն եմ ապրում, երբ ողջ ուժերս ու ժամանակս տրամադրում եմ Եհովային ծառայելուն։

ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶԱՆԻՑ ՀԵՌՈՒ ՉԷ

Յուրաքանչյուր նոր նշանակման մեջ եղբայրներիս ու քույրերիս այնքան շատ եմ սիրել, որ հետո նրանցից դժվարությամբ եմ բաժանվել։ Սովորել եմ այդպիսի պահերին լիովին վստահել Եհովային։ Միշտ զգացել եմ նրա աջակցությունը, և դա օգնել է ինձ ողջ սրտով ընդունել ցանկացած փոփոխություն։ Այսօր ես հատուկ ռահվիրա եմ ծառայում Ֆիլիպիններում։ Շատ եմ սիրում իմ նոր ժողովը, որը հոգատար ու օգնության հասնող ընտանիք է դարձել ինձ համար։ Նաև հպարտանում եմ՝ տեսնելով, որ Սեմյուելն ու Շիրլին ընդօրինակում են իրենց մոր հավատը (3 Հովհ. 4

Ժողովը իմ հոգատար ընտանիքն է դարձել

Այո՛, կյանքում շատ դժվարությունների եմ բախվել, որոնց թվում սիրելի կնոջս տառապանքն ու մահը տեսնելն էր։ Նաև բազմիցս հարմարվել եմ նոր հանգամանքների։ Բայց տեսել եմ, որ Եհովան «յուրաքանչյուրիցս հեռու չէ» (Գործ. 17։27)։ Եհովայի «ձեռքը կարճ չէ, որ չկարողանա» աջակցել և ուժ տալ իր ծառաներին, նույնիսկ մեկուսի վայրերում (Ես. 59։1)։ Եհովան՝ իմ Ժայռը, ողջ կյանքիս ընթացքում ինձ հետ է եղել, և ես անչափ շնորհակալ եմ նրան։ Ես երբեք մենակ չեմ եղել։

a Տես «Դիտարանի» 1972թ. սեպտեմբերի 1-ի թողարկումը, էջ  521-527 (անգլ.)։