ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 6
ԵՐԳ 18 Երախտապարտ ենք փրկանքի համար
Ինչո՞ւ ես թանկ համարում Եհովայի ներողամտությունը
«Աստված այնքան շատ սիրեց աշխարհը,որ իր միածին Որդուն տվեց» (ՀՈՎՀ. 3։16)։
ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ
Եհովայի ներողամտության խորությունը ըմբռնելու և այն գնահատելու համար անհրաժեշտ է հասկանալ, թե ինչի հիման վրա է նա ներում։
1-2. Ի՞նչ առումով է մարդկության իրավիճակը նման առաջին պարբերության մեջ նշված երիտասարդի իրավիճակին։
ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ հետևյալ իրավիճակը։ Մի երիտասարդ, ով մեծացել է հարուստ ընտանիքում, ողբերգական պատահարի հետևանքով կորցնում է ծնողներին։ Ինչ խոսք, այդ լուրը անասելի վիշտ է պատճառում նրան։ Շուտով նա նաև իմանում է, որ իր ծնողները վատնել են իրենց ողջ ունեցվածքը։ Ավելին՝ նրանք հսկայական պարտքեր են կուտակել։ Փաստորեն, հարստություն ժառանգելու փոխարեն երիտասարդը պարտքեր է «ժառանգում», պարտատերերն էլ պահանջում են անհապաղ վճարել դրանք։ Բայց պարտքի չափն այնքան մեծ է, որ նա երբեք չի կարողանա այն մարել։
2 Ինչ-որ առումով մեր իրավիճակը նման է այս երիտասարդի իրավիճակին։ Մեր նախածնողները՝ Ադամն ու Եվան, կատարյալ էին և ապրում էին գեղեցիկ դրախտում (Ծննդ. 1։27; 2։7-9)։ Նրանք երջանիկ ու անվերջ կյանքով ապրելու հեռանկար ունեին։ Բայց մի օր ամեն ինչ փոխվեց։ Նրանք զրկվեցին իրենց դրախտային բնակավայրից և կորցրին հավիտյան ապրելու հեռանկարը։ Իսկ ի՞նչ ժառանգություն թողեցին իրենց սերունդներին։ Աստվածաշունչն ասում է. «Մեկ մարդու [Ադամի] միջոցով աշխարհ մտավ մեղքը, մեղքի միջոցով էլ՝ մահը, և քանի որ բոլոր մարդիկ մեղավոր դարձան, մահը տարածվեց բոլորի վրա» (Հռոմ. 5։12)։ Ադամը որպես ժառանգություն թողեց մեղքը, որի հետևանքը մահն է։ Մեր ժառանգած մեղքը նման է հսկայական պարտքի, որը մարդկանցից ոչ ոք չի կարող վճարել (Սաղ. 49։8)։
3. Ի՞նչ առումով են մեր մեղքերը նման «պարտքերի»։
3 Հիսուսը մեղքերը նմանեցրեց «պարտքերի» (Մատթ. 6։12; Ղուկ. 11։4, ծնթ.)։ Երբ մեղք ենք գործում, ասես պարտք ենք կուտակում, որը Եհովայի՛ն պետք է վճարենք։ Եթե այն մնար չվճարված, կչեղարկվեր միայն մեր մահով (Հռոմ. 6։7, 23)։
4. ա) Եթե Եհովան քայլեր չձեռնարկեր, ի՞նչ կլիներ բոլոր մեղավորներին (Սաղմոս 49։7-9)։ բ) Ի՞նչ նշանակություն ունի «մեղք» բառը Աստվածաշնչում (տես « Մեղք» շրջանակը)։
4 Իսկ հնարավո՞ր է Ադամի ու Եվայի կորցրածը վերադարձնել։ Հնարավոր է, բայց ոչ մեր ուժերով (կարդա Սաղմոս 49։7-9)։ Առանց օգնության մենք հավիտենական կյանքի կամ հարության հույս չէինք ունենա, և մահով ամեն բան կավարտվեր, ինչպես կենդանիների պարագայում է (Ժող. 3։19; 2 Պետ. 2։12)։
5. Մեր սիրառատ երկնային Հայրը ինչպե՞ս է վճարում մեր «պարտքը» (տես նկարը)։
5 Ի՞նչ կզգար պարտքի տակ ընկած երիտասարդը, եթե մի հարուստ մարդ առաջարկեր փակել նրա բոլոր պարտքերը։ Անկասկած, նա անչափ երախտապարտ կլիներ այդ մարդուն և կընդուներ առատաձեռնորեն տրված նրա նվերը։ Նմանապես՝ մեր սիրառատ Հայրը՝ Եհովան, մեզ մի նվեր է տվել, որով վճարվում է մեր պարտքը՝ ներվում է Ադամից ժառանգած մեղքը։ Դրա վերաբերյալ Հիսուսը հետևյալն ասաց. «Աստված այնքան շատ սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհ. 3։16)։ Բացի այդ՝ դրա շնորհիվ մենք Եհովայի հետ լավ հարաբերություններ զարգացնելու հնարավորություն ունենք։
6. Աստվածաշնչյան ո՞ր տերմինների նշանակությունն ենք քննելու և ինչո՞ւ։
6 Ի՞նչ կարող ենք անել, որ օգուտներ քաղենք Եհովայի տված հրաշալի նվերից, և որ մեր մեղքերը, կամ՝ «պարտքերը», ներվեն։ Այս հարցի պատասխանը գտնելու համար տեսնենք, թե ինչ նշանակություն ունեն աստվածաշնչյան հետևյալ տերմինները՝ հաշտություն, քավություն, փրկագին, ազատագրում և արդար հայտարարվել։ Խորհրդածելով այն մասին, թե ինչ քայլեր է Եհովան ձեռնարկել մեզ ներելու համար՝ ավելի մեծ երախտագիտությամբ կլցվենք նրա հանդեպ։
ՆՊԱՏԱԿԸ՝ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ
7. ա) Ուրիշ ի՞նչ են կորցրել Ադամն ու Եվան։ բ) Որպես Ադամի ու Եվայի սերունդներ՝ ինչի՞ կարիքն ունենք (Հռոմեացիներ 5։10, 11)։
7 Հավիտենական կյանքի հեռանկարը կորցնելուց բացի՝ Ադամն ու Եվան կորցրին նաև իրենց Հոր՝ Եհովայի հետ թանկ մտերմությունը։ Սկզբում Ադամն ու Եվան Եհովայի ընտանիքի անդամներ էին (Ղուկ. 3։38)։ Բայց երբ նրանք չհնազանդվեցին Աստծուն, հեռացվեցին նրա ընտանիքից։ Նախքան մեղք գործելը նրանք երեխաներ չունեին (Ծննդ. 3։23, 24; 4։1)։ Ուստի մենք, լինելով նրանց անկատար սերունդները, կարիք ունենք հաշտվելու Եհովայի հետ, այլ կերպ ասած՝ նրա հետ լավ հարաբերություններ զարգացնելու (կարդա Հռոմեացիներ 5։10, 11)։ Ըստ մի աշխատության՝ «հաշտվել» թարգմանված հունարեն բառը կարող է նշանակել «թշնամուն ընկեր դարձնել»։ Ուշագրավ է, որ Եհովան է նախաձեռնություն վերցրել, որպեսզի մեզ իր հետ հաշտվելու հնարավորություն տա։ Տեսնենք, թե ինչպես։
ՄԻՋՈՑԸ՝ ՔԱՎՈՒԹՅՈՒՆ
8. Ի՞նչ է քավությունը։
8 Քավությունը Եհովայի ձեռնարկած միջոցն է, որով նա մեղավոր մարդկանց հնարավորություն է տվել նորից մտերիմ լինելու իր հետ։ Քավություն անելու համար հարկավոր է մի բանը փոխարինել համարժեք մեկ այլ բանով։ Այդպես կարելի է կորածը նորից ձեռք բերել կամ վնասվածը փոխարինել։ Հունարեն Գրվածքներում օգտագործված է մի բառ, որը իմաստով նման է «քավություն» բառին և վերաբերում է այն գործողությանը, որը մարդկանց հնարավորություն է տալիս Եհովայի հետ խաղաղ հարաբերություններ ունենալու (Հռոմ. 3։25)։
9. Ի՞նչ ժամանակավոր միջոց էր ձեռնարկել Եհովան, որպեսզի իսրայելացիների մեղքերը ներվեին։
9 Անցյալում Եհովան մի ժամանակավոր միջոց էր ձեռնարկել, որպեսզի իսրայելացիների մեղքերը ներվեին, և նրանք կարողանային լավ հարաբերություններ ունենալ իր հետ։ Իսրայելացիները պետք է ամեն տարի մի հատուկ տոն նշեին, որը կոչվում էր Քավության օր։ Այդ օրը քահանայապետը կենդանական զոհեր էր մատուցում ժողովրդի անունից։ Ինչ խոսք, կենդանական զոհերը չէին կարող ամբողջությամբ քավել մարդկանց մեղքերը, քանի որ կենդանիները ստորադաս են մարդկանցից։ Բայց քանի դեռ զղջացող իսրայելացիները մատուցում էին Եհովայի պահանջած կենդանական զոհերը, նա պատրաստ էր ներելու նրանց (Եբր. 10։1-4)։ Բացի այդ՝ Քավության օրը և մյուս օրերին պարբերաբար մատուցվող մեղքի զոհերը իսրայելացիներին հիշեցնում էին իրենց մեղավոր վիճակի և դրանից վերջնականապես ազատվելու անհրաժեշտության մասին։
10. Ի՞նչ միջոց ձեռնարկեց Եհովան, որ մեկընդմիշտ ների մարդկության մեղքերը։
10 Իսկ ի՞նչ է արել Եհովան, որպեսզի մարդկության մեղքերը մեկընդմիշտ ներվեն։ Աստված ուղարկել է իր սիրելի Որդուն, և նա «ինքն իրեն զոհաբերել է մեկ անգամ և ընդմիշտ» (Եբր. 9։28)։ Հիսուսը «իր կյանքը որպես փրկագին է տվել շատերի համար» (Մատթ. 20։28)։ Այժմ տեսնենք, թե ինչ է փրկագինը։
ՎՃԱՐՎԱԾ ԳԻՆԸ՝ ՓՐԿԱԳԻՆ
11. ա) Ըստ Աստվածաշնչի՝ ի՞նչ է փրկագինը։ բ) Ո՞վ կարող էր վճարել փրկագինը։
11 Աստվածաշնչից իմանում ենք, որ փրկագինը այն գինն է, որը վճարվել է քավության և հաշտության համար։ a Եհովայի տեսանկյունից՝ փրկագինը Ադամի կորցրածը վերականգնելու հիմք է տալիս։ Հիշենք, որ Ադամն ու Եվան կորցրին իրենց կատարյալ կյանքը, ինչպես նաև հավիտյան ապրելու հեռանկարը։ Ուստի փրկագինը պետք է համարժեք լիներ նրանց կորցրածին (1 Տիմոթ. 2։6)։ Այն կարող էր տրվել միայն չափահաս մարդու կողմից, ով 1) կլիներ կատարյալ, 2) կարող էր երկրի վրա հավիտյան ապրել և 3) պատրաստ կլիներ իր կյանքը տալու մեզ համար։ Միայն այդ դեպքում նրա կյանքը կփոխարիներ Ադամի կորցրած կյանքին կամ համարժեք հատուցում կլիներ դրա դիմաց։
12. Ինչո՞ւ ենք ասում, որ Հիսուսը համապատասխանում էր փրկագինը տալու պահանջներին։
12 Իսկ ինչո՞ւ ենք ասում, որ Հիսուսը համապատասխանում էր փրկագինը տալու պահանջներին։ 1) Նա կատարյալ էր և «ոչ մի մեղք չգործեց» (1 Պետ. 2։22)։ 2) Դրա շնորհիվ նա կարող էր երկրի վրա հավիտյան ապրել։ 3) Նա պատրաստ էր իր կյանքը տալու մեզ համար (Եբր. 10։9, 10)։ Քանի որ Հիսուսը կատարյալ էր, նրա կյանքը համարժեք էր առաջին մարդու՝ Ադամի կյանքին նախքան վերջինիս մեղք գործելը (1 Կորնթ. 15։45)։ Ուստի իր մահով Հիսուսը կարողացավ քավել Ադամի մեղքը, այսինքն՝ փոխհատուցել Ադամի կորցրածը (Հռոմ. 5։19)։ Այդպիսով նա դարձավ «վերջին Ադամը»։ Հետևաբար կարիք չկա, որ մեկ ուրիշ կատարյալ մարդ գա ու նույնն անի։ Հիսուսն արեց դա «մեկ անգամ և ընդմիշտ» (Եբր. 7։27; 10։12)։
13. Ո՞րն է քավության և փրկագնի տարբերությունը։
13 Ո՞րն է քավության և փրկագնի տարբերությունը։ Քավությունը այն քայլն է, որը Եհովան ձեռնարկել է, որպեսզի վերականգնի իր լավ հարաբերությունները մարդկության հետ։ Իսկ փրկագինը այն գինն է, որը վճարվել է մարդկության մեղքերի քավությունը հնարավոր դարձնելու համար։ Այդ գինը Հիսուսի թանկ արյունն է, որը թափվել է հանուն մեզ (Եփես. 1։7; Եբր. 9։14)։
ԱՐԴՅՈՒՆՔԸ՝ ՓՐԿԱԳՆՎՈՒՄ ԵՎ ԱՐԴԱՐ ԵՆՔ ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ
14. Ի՞նչ ենք քննելու և ինչո՞ւ։
14 Աստվածաշնչյան որոշ արտահայտություններից պարզ է դառնում, թե որոնք են քավության բերած օգուտները։ Թեև այդ արտահայտությունների նշանակությունները ինչ-որ առումով համընկնում են, սակայն դրանցից յուրաքանչյուրը ուրույն կերպով է ընդգծում, թե քավությունը ինչպես է Եհովայի ներողամտությունից օգտվելու դուռ բացում մեր առջև։ Դրանք ուսումնասիրելիս կտեսնենք, թե անձամբ մենք ինչ օգուտներ ենք քաղում։
15-16. ա) Աստվածաշնչում ի՞նչ իմաստով է օգտագործվում «փրկագնվել» բառը։ բ) Մեղքի ու մահվան ստրկությունից ազատագրվելը ի՞նչ զգացումներ է արթնացնում մեր մեջ։
15 Աստվածաշնչում փրկագնվել բառը օգտագործվում է փրկագինը վճարելու արդյունքում ազատագրվելու և արդար հայտարարվելու իմաստով։ Դրա վերաբերյալ Պետրոս առաքյալը հետևյալն ասաց. «Դուք գիտեք, որ ձեր նախահայրերից ժառանգած անիմաստ ապրելակերպից ազատվեցիք [բռց.՝ «փրկագնվեցիք»] ոչ թե ապականվող բաներով՝ արծաթով կամ ոսկով, այլ Քրիստոսի թանկագին արյունով, որը նման է մի անարատ ու անբիծ գառան արյան» (1 Պետ. 1։18, 19; ծնթ.)։
16 Փրկագնի շնորհիվ մենք կարող ենք ազատագրվել մեղքի ու մահվան ստրկությունից (Հռոմ. 5։21)։ Հիսուսի թանկ արյան, կամ՝ կյանքի գնով ազատագրվելու հնարավորությունը նվեր է, որի մասին խորհելն անկասկած մեր սիրտը խոր երախտագիտության զգացումով է լցնում նրա ու Եհովայի հանդեպ (1 Կորնթ. 15։22)։
17-18. ա) Ի՞նչ է նշանակում արդար հայտարարվել։ բ) Ինչպե՞ս է դա անդրադառնում մեզ վրա։
17 Աստվածաշունչն ասում է, որ Եհովայի ծառաները արդար են հայտարարվում։ Սա նշանակում է, որ նա մեզանից չի պահանջում վճարել մեր գործած մեղքերի դիմաց։ Այդպես վարվելով՝ Եհովան չի ոտնահարում իր սահմանած արդարության չափանիշները։ Նա ներում է մեզ ոչ թե այն պատճառով, որ մատների արանքով է նայում մեր մեղքերին, կամ որ արժանացել ենք ներման, այլ քանի որ մեզ համար փրկագին է վճարել, և մենք հավատ ենք դրսևորել նրա տրամադրած միջոցի՝ քավության հանդեպ (Հռոմ. 3։24; Գաղ. 2։16)։
18 Ի՞նչ օգուտներ ենք քաղում այն բանից, որ Եհովան մեզ արդար է հայտարարում։ Նրանք, ովքեր ընտրվել են Հիսուսի հետ երկնքում թագավորելու համար, արդեն իսկ արդար են հայտարարվել որպես Աստծու զավակներ (Տիտոս 3։7; 1 Հովհ. 3։1)։ Նրանց մեղքերը ներվել են։ Այսպես ասած՝ նրանց դատվածությունը հանվել է, ինչի շնորհիվ նրանք համապատասխանում են Թագավորության մեջ լինելու պահանջներին (Հռոմ. 8։1, 2, 30)։ Իսկ նրանք, ովքեր երկրի վրա ապրելու հույս ունեն, արդար են հայտարարվել որպես Աստծու ընկերներ, և նրանց մեղքերը նույնպես ներվել են (Հակ. 2։21-23)։ Մեծ բազմության անդամները կփրկվեն Արմագեդոնից և հավիտյան ապրելու հեռանկար կունենան (Հովհ. 11։26)։ Իսկ «արդարներն» ու «անարդարները», ովքեր մահացել են, հարություն կառնեն (Գործ. 24։15; Հովհ. 5։28, 29)։ Ի վերջո Եհովայի՝ երկրի վրա եղող բոլոր հնազանդ ծառաները «վայելելու են այնպիսի փառահեղ ազատություն, ինչպիսին ունենում են Աստծու զավակները» (Հռոմ. 8։21)։ Այո՛, քավությունը մեր առջև հրաշալի օրհնության դուռ է բացում. մենք կարող ենք լիովին հաշտվել մեր Հոր՝ Եհովայի հետ։
19. Ինչպե՞ս է մեր իրավիճակը փոխվել (տես նաև « Եհովայի ներողամտությունը» շրջանակը)։
19 Այսպիսով՝ մեր իրավիճակն անհույս էր, ինչպես հոդվածի սկզբում նշված երիտասարդինը, ով կորցրեց ամեն ինչ և ժառանգեց հսկայական պարտքեր, որոնք երբեք չէր կարողանա մարել։ Բայց Եհովան մեզ մենակ չթողեց։ Նրա տրամադրած միջոցի՝ քավության և Հիսուսի վճարած փրկագնի շնորհիվ մեր իրավիճակը փոխվեց։ Քրիստոսի հանդեպ հավատ դրսևորելով՝ մենք փրկագնվելու, կամ՝ մեղքից ու մահից ազատվելու հնարավորություն ենք ստանում։ Բացի այդ՝ մեր մեղքերը կարող են չեղարկվել, իսկ մեր «դատվածությունը»՝ հանվել։ Եվ, որ ամենակարևորն է, մենք այսօր իսկ հնարավորություն ունենք մտերիմ լինելու մեր սիրառատ երկնային Հայր Եհովայի հետ։
20. Ի՞նչ ենք քննելու հաջորդ հոդվածում։
20 Երբ խորհրդածում ենք այն ամենի շուրջ, ինչ Եհովան ու Հիսուսը արել են մեզ համար, մեր սրտերը երախտագիտությամբ են լցվում (2 Կորնթ. 5։15)։ Առանց նրանց օգնության մենք անհույս վիճակում կլինեինք։ Իսկ ի՞նչ օգուտներ կարող է մեզնից յուրաքանչյուրն անձամբ քաղել Եհովայի ներողամտությունից։ Այս մասին կխոսենք հաջորդ հոդվածում։
ԵՐԳ 10 Գովերգե՛ք Եհովային՝ մեր Աստծուն
a «Փրկագին» բառը որոշ լեզուներում բառացի նշանակում է «կյանքի գին» կամ «կատարված վճարում»։