Ինչպես իսկական ընկեր լինել
ԵՐԲԵՎԷ այնպիսի զգացում ունեցե՞լ ես, որ մեն-մենակ կանգնած ես բազմաթիվ խնդիրների առաջ։ Մենք ապրում ենք «չափազանց դժվար ժամանակներում», այդ պատճառով կարող ենք մեզ վհատված ու միայնակ զգալ (2 Տիմոթ. 3։1)։ Սակայն մենք ստիպված չենք դրանց դեմ մենակ պայքարել։ Աստվածաշունչն ընդգծում է, թե որքան կարևոր է իսկական ընկերներ ունենալ, որոնք «նեղ օրվա համար [են] ծնված» (Առակ. 17։17)։
ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ Է ԻՍԿԱԿԱՆ ԸՆԿԵՐԸ ՕԳՆԵԼ
Պողոս առաքյալը միսիոներական շրջագայությունների ժամանակ ճամփորդում էր ընկերների հետ, որոնք իրեն շատ էին օգնում (Կող. 4։7-11)։ Երբ առաքյալը բանտարկված էր Հռոմում, նրա ընկերներն անում էին գործեր, որոնք նա անել չէր կարող։ Այդպիսի ընկերներ էին Տյուքիկոսը, որը Պողոսի գրած նամակները տանում էր տարբեր ժողովների, նաև Եպաֆրոդիտոսը, ով Պողոսին փոխանցեց Փիլիպպեի եղբայրների ու քույրերի ուղարկած իրերը, որոնք անհրաժեշտ էին նրան (Փիլիպ. 4։18; Կող. 4։7)։ Իր ընկերների աջակցության շնորհիվ առաքյալը շարունակում էր քաջալերել ժողովներին անգամ տնային կալանքի տակ կամ բանտում եղած ժամանակ։ Իսկ դո՞ւ ինչպես կարող ես լավ ընկեր լինել։
Ժամանակակից օրինակները օգնում են տեսնել իսկական ընկերոջ արժեքը։ Իսպանիայում ապրող մի ռահվիրա քույր՝ Էլիզաբեթը, պատմում է, թե ինչպես է մի քույր օգնել իրեն դժվարությունների ժամանակ։ Երբ Էլիզաբեթի մորը քաղցկեղ էին ախտորոշել, որը բուժել այլևս հնարավոր չէր, քույրը սկսել էր աստվածաշնչյան մտքեր պարունակող բազմաթիվ նամակներ ուղարկել նրան։ «Այդ նամակները,– պատմում է Էլիզաբեթը,– զորացնում էին ինձ, որ փորձության առաջ կանգնած՝ միայնության զգացումով չլցվեմ» (Առակ. 18։24)։
Մենք կարող ենք ամրացնել հավատակիցների հետ մեր ընկերությունը՝ հոգևոր գործերում նրանց աջակցելով։ Կարո՞ղ ես, օրինակ, տարեց հավատակցիդ մեքենայով ժողով կամ ծառայության տանել։ Այդ ժամանակ, թերևս, փոխադարձ քաջալերություն կստանաք (Հռոմ. 1։12)։ Որոշ քրիստոնյաներ, սակայն, ի վիճակի չեն տնից դուրս գալու։ Ինչպե՞ս կարող ես իսկական ընկեր լինել նրանց համար։
ԻՍԿԱԿԱՆ ԸՆԿԵՐ ԵՂԻՐ ՆՐԱ ՀԱՄԱՐ, ՈՎ Ի ՎԻՃԱԿԻ ՉԷ ՏՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ
Մեր հավատակիցներից ոմանք հիվանդության կամ այլ հանգամանքների պատճառով ի վիճակի չեն ժողով գնալու։ Դեյվիդ անունով մի եղբոր ավշաուռուցք ախտորոշեցին։ Ավելի քան վեց ամիս նա քիմիաթերապիա էր ստանում ու այդ ողջ ընթացքում իր կնոջ՝ Լիդիայի հետ տնից էր միանում հանդիպումներին։
Եղբայրներն ու քույրերը ինչպե՞ս օգնեցին նրանց։ Յուրաքանչյուր հանդիպումից հետո Թագավորության սրահում գտնվողներից ոմանք ջանում էին տեսակապով
զրուցել Դեյվիդի ու Լիդիայի հետ։ Բացի այդ՝ հավատակիցները հանդիպումից հետո քաջալերական հաղորդագրություններ էին ուղարկում նրանց՝ նշելով, որ շատ հաճելի էր լսել նրանց մեկնաբանությունները։ Դրա շնորհիվ Դեյվիդն ու Լիդիան սիրված էին զգում իրենց։Կարո՞ղ ես ծառայության հրավիրել այն մարդկանց, ովքեր ի վիճակի չեն դուրս գալու տնից։ Մեր առօրյայում չնչին փոփոխություններ անելով՝ ցույց կտանք, որ չենք մոռացել այդպիսի սահմանափակումներ ունեցող հավատակիցներին (Առակ. 3։27)։ Թերևս կարողանաս ժամանակ տրամադրել և նրանց հետ նամակագրության միջոցով կամ հեռախոսով ծառայության մասնակցել։ Նաև գուցե ժամանակ առ ժամանակ հավատակցի տուն գնաս այն անհատի հետ, ում օգնում ես Աստվածաշունչ ուսումնասիրել, և ուսումնասիրությունն այնտեղ անցկացնեք։ Երեցները կարող են կազմակերպել, որ այդպիսի սահմանափակումներ ունեցող հավատակիցները տեսակապով միանան քարոզչական հանդիպումներին։ Դեյվիդն ու Լիդիան շատ երախտապարտ են, որ իրենց ժողովում այդպիսի բան է կազմակերպվել։ Դեյվիդը պատմում է. «Մեր խմբի հետ մի փոքր քննարկման մասնակցելը և միասին աղոթելը անչափ քաջալերական էր»։
Երբ ժամանակ ենք անցկացնում վերոնշյալ սահմանափակումներն ունեցող հավատակիցների հետ և տեսնում նրանց գեղեցիկ հատկությունները, մտերմանում ենք նրանց հետ։ Միասին համագործակցելով՝ տեսնում ենք, թե նրանք ինչպես են հմտորեն օգտվում Աստծու Խոսքից, որ հասնեն մարդու սրտին, և հիանում ենք նրանցով։ Հոգևոր գործերում հավատակիցներիդ աջակցելով՝ դու կարող ես ընդլայնել ընկերներիդ շրջանակը (2 Կորնթ. 6։13)։
Պողոս առաքյալին շատ էր մխիթարում նրա ընկեր Տիտոսը (2 Կորնթ. 7։5-7)։ Նրանց մասին արձանագրությունը հիշեցնում է, որ բացի խոսքով քաջալերելուց՝ կարևոր է նաև կարիքի մեջ եղող հավատակցի կողքին լինել և օգնել նրան ինչով կարող ենք (1 Հովհ. 3։18)։
ԻՍԿԱԿԱՆ ԸՆԿԵՐ ԵՂԻՐ, ԵՐԲ ԸՆԿԵՐԴ ՀԱԼԱԾՎՈՒՄ Է
Ռուսաստանի մեր եղբայրներն ու քույրերը միմյանց աջակցելու հոյակապ օրինակ են։ Սերգեի ու նրա կնոջ՝ Տատյանայի տունը խուզարկելուց հետո ոստիկանները նրանց տարան հարցաքննության։ Առաջինը Տատյանային ազատ արձակեցին։ Սերգեյը պատմում է. «Երբ [Տատյանան] տուն հասավ, մեր ժողովի խիզախ քույրերից մեկը այցելեց նրան։ Հետո եկան մեր մյուս ընկերները, որ օգնեն մեզ խուզարկությունից հետո կարգի բերել տունը»։
Սերգեյը ավելացնում է. «Ինձ միշտ տպավորել է Առակներ 17։17-ը։ Այնտեղ ասվում է. «Իսկական ընկերը սիրում է ամեն ժամանակ. նա եղբայր է՝ նեղ օրվա համար ծնված»։ Հալածանքի ընթացքում, որը ես չէի կարող մենակ հաղթահարել, այս խոսքերը ավելի մեծ նշանակություն ունեցան ինձ համար։ Եհովան ինձ տվել է անվախ ընկերներ, որոնք իմ կողքին են»։ a
Քանի որ մեր դժվարությունները գնալով շատանում են, ընկերների օգնության կարիքն ավելի շատ ենք զգում։ Մեծ նեղության ժամանակ նրանց կարիքը էլ ավելի շատ կզգանք։ Ուստի հարկավոր է ամեն բան անել, որ այսօր իսկ լավ ընկեր լինենք (1 Պետ. 4։7, 8)։
a jw.org կայքում տես «Եհովան պարգևել է անվախ ընկերներ, որոնք միշտ իմ կողքին են» հոդվածը։