Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 7

ԵՐԳ 15 Գովաբանի՛ր Եհովայի Առաջնեկին

Ի՞նչ օգուտներ է բերում քեզ Եհովայի ներողամտությունը

Ի՞նչ օգուտներ է բերում քեզ Եհովայի ներողամտությունը

«Դու իսկապես ներում ես մարդկանց» (ՍԱՂ. 130։4

ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ

Աստվածաշնչում օգտագործված մի շարք պատկերավոր արտահայտությունների շուրջ խորհրդածելը կխորացնի մեր երախտագիտությունը Եհովայի հանդեպ, ով իսկապես ներում է յուրաքանչյուրիս։

1. Ինչո՞ւ է դժվար հասկանալ, թե ինչ նկատի ունեն մարդիկ, երբ ասում են, որ ներում են։

 «ՆԵՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ». այս խոսքերը կարող են մեծ թեթևացում լինել մեզ համար, հատկապես եթե դրանք լսում ենք մեկից, ում ցավ ենք պատճառել։ Բայց ի՞նչ են դրանք նշանակում իրականում։ Գուցե «ներում եմ քեզ» ասողը նկատի ունի, որ դուք կշարունակեք առաջվա պես մտերիմ լինել, կամ էլ պարզապես ուզում է ասել, որ այլևս չի ցանկանում այդ հարցի շուրջ խոսել։ Այո՛, երբ մարդիկ ասում են, որ ներում են, երբեմն դժվար է հասկանալ, թե ինչ նկատի ունեն։

2. Ինչպե՞ս է Աստվածաշունչը նկարագրում Եհովայի ներողամտությունը (տես նաև ծանոթագրությունը)։

2 Սաղմոսերգուն Եհովայի մասին հետևյալն է ասել. «Դու իսկապես ներում ես մարդկանց, և դա քո հանդեպ ակնածանք է ներշնչում նրանց» (Սաղ. 130։4 a Այո՛, Եհովայի ներողամտությունը բացառիկ է։ Այն, թե ինչպես է Եհովան ներում անկատար մարդկանց, մեծապես տարբերվում է նրանից, թե մարդիկ ինչպես են ներում միմյանց։ Եհովայի ներողամտությունը իսկական ներողամտություն է, և նա է սահմանում, թե ինչ է դա։ Աստվածաշունչը գրողները Եհովայի ներողամտությունը նկարագրելիս որոշ դեպքերում եբրայերեն այնպիսի բառ են օգտագործել, որը չի կիրառվում մարդկանց ներողամտությունը նկարագրելու համար։

3. Ինչո՞վ է Եհովայի ներողամտությունը տարբերվում մեր ներողամտությունից (Եսայիա 55։6, 7

3 Երբ Եհովան ներում է ինչ-որ մեկին, վերջինիս մեղքը ջնջվում է։ Նրանց վնասված հարաբերությունները լիովին վերականգնվում են։ Եհովան ներում է ամբողջությամբ և առատաձեռնորեն, ինչը շատ տպավորիչ է (կարդա Եսայիա 55։6, 7

4. Ինչպե՞ս է Եհովան օգնում մեզ հասկանալ, թե ինչ է իսկական ներողամտությունը։

4 Ինչպես տեսանք, Եհովայի ներողամտությունը տարբերվում է մարդկանց ներողամտությունից։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող ենք մենք, անկատար լինելով հանդերձ, հասկանալ, թե ինչ է իսկական ներողամտությունը։ Եհովան Աստվածաշնչում պատկերավոր խոսքի միջոցով նկարագրել է, թե ինչ է այն։ Հոդվածում կքննենք այդ նկարագրություններից մի քանիսը և կիմանանք, թե ինչպես է Եհովան հեռացնում մեր մեղքերը և վերականգնում դրանց հետևանքով վնասված փոխհարաբերությունները։ Այդպես ավելի խոր գնահատանք կունենանք մեր բարի և գթառատ Հոր հանդեպ, ով բազմաթիվ կերպերով ներողամտություն է դրսևորում։

ԵՀՈՎԱՆ ՀԵՌԱՑՆՈՒՄ Է ՄԵՐ ՄԵՂՔԵՐԸ

5. Ի՞նչ է լինում, երբ Եհովան ներում է մեր մեղքերը։

5 Աստվածաշնչում մեղքը հաճախ նմանեցվում է ծանր բեռի։ Դավիթ թագավորը իր մեղքերի մասին հետևյալն ասաց. «Մեղքերս կիտվել են իմ գլխավերևում, այնպիսի ծանր բեռ են դարձել, որ կրել չեմ կարողանում» (Սաղ. 38։4)։ Բայց մխիթարական է իմանալ, որ Եհովան ներում է բոլոր այն մարդկանց մեղքերը, ովքեր զղջում են (Սաղ. 25։18; 32։5)։ «Ներել» թարգմանված եբրայերեն արտահայտությունը հիմնականում նշանակում է «բարձրացնել» կամ «տանել»։ Երբ Եհովան ներում է մեզ, ասես զորեղ մարդու պես մեր ուսերից վերցնում է մեղքի ծանր բեռը և այն հեռու տանում։

«Ներեցիր» (Սաղ. 32։5)


6. Որքա՞ն հեռու է Եհովան տանում մեր մեղքերը։

6 Մեկ այլ պատկերավոր խոսք քննելով՝ իմանում ենք, թե որքան հեռու է Եհովան տանում մեր մեղքերը։ Սաղմոս 103։12-ում կարդում ենք. «Որքան հեռու է արևելքը արևմուտքից, այնքան նա հեռացրել է մեր հանցանքները մեզնից»։ Արևելքը արևմուտքից անչափ հեռու է. այս երկու կողմերը երբեք չեն հատվում։ Այլ կերպ ասած՝ Եհովան այնքան է հեռացնում մեր մեղքերը, որ այդ հեռավորությունը հազիվ թե կարողանանք պատկերացնել։ Սա իսկապես մխիթարական է։

«Որքան հեռու է արևելքը արևմուտքից» (Սաղ. 103։12)


7. Ըստ Աստվածաշնչի՝ ինչպե՞ս է Եհովան վարվում մեր մեղքերի հետ (Միքիա 7։18, 19

7 Իսկ Եհովան մեր մեղքերը մեզանից, այսպես ասած, հեռացնելուց հետո դրանք պահո՞ւմ է իր մտքում։ Ո՛չ։ Եզեկիա թագավորը Եհովայի մասին գրել է. «Իմ բոլոր մեղքերը մեջքիդ հետևը գցեցիր», կամ ինչպես ծանոթագրության մեջ է ասվում, «իմ բոլոր մեղքերը հեռացրիր աչքիդ առաջից» (Ես. 38։9, 17, ծնթ.)։ Այստեղից երևում է, որ Եհովան զղջացող մարդկանց մեղքերը հեռացնում է իր տեսադաշտից։ Եզեկիայի խոսքերը կարելի է նաև այսպես ձևակերպել. «Դու այնպես ես արել, որ [իմ մեղքերը] ասես չեն էլ եղել»։ Միքիա 7։18, 19 համարներում մեկ այլ պատկերավոր խոսքի ենք հանդիպում, որը նույնպես ընդգծում է այս միտքը (կարդա)։ Այստեղից էլ տեսնում ենք, որ Եհովան մեր մեղքերը նետում է ծովի խորքերը։ Իսկ հին ժամանակներում ծովի խորքից որևէ բան դուրս բերելը պարզապես անհնար էր։

«Իմ բոլոր մեղքերը մեջքիդ հետևը գցեցիր» (Ես. 38։17)

«Ծովի խորքերը կնետես մեր բոլոր մեղքերը» (Միք. 7։19)


8. Ի՞նչ իմացանք՝ քննելով Աստվածաշնչում տեղ գտած որոշ պատկերավոր խոսքեր։

8 Աստվածաշնչում տեղ գտած այս պատկերավոր խոսքերը քննելով՝ իմացանք, որ երբ Եհովան ներում է, ազատում է մեզ մեր մեղքերի ծանրությունից։ Իրոք որ ճշմարիտ են Դավթի հետևյալ խոսքերը. «Երջանիկ են նրանք, ում անօրեն գործերը ներվել են, ում մեղքերը ջնջվել են։ Երջանիկ է այն մարդը, ում մեղքը Եհովան բնավ չի պահի իր մտքում» (Հռոմ. 4։7, 8)։ Ահա այսպիսին է իսկական ներողամտությունը։

ԵՀՈՎԱՆ ՋՆՋՈՒՄ Է ՄԵՂՔԸ

9. Ի՞նչ պատկերավոր խոսքով է Եհովան նկարագրում իր ներողամտության չափը։

9 Մեկ այլ պատկերավոր խոսքով Եհովան օգնում է մեզ պատկերացնել, թե նա ինչպես է քավիչ զոհի միջոցով ջնջում զղջացող մարդկանց մեղքերը։ Աստված ասես լվանում է դրանք, ինչի արդյունքում մեղք գործած անհատը մաքրվում է (Սաղ. 51։7; Ես. 4։4; Երեմ. 33։8)։ Եհովան դա հետևյալ կերպ է նկարագրում. «Նույնիսկ եթե ձեր մեղքերը ալ կարմիր լինեն, ձյան պես սպիտակ կդառնան, նույնիսկ եթե մուգ կարմիր կտորի պես լինեն, բրդի պես ճերմակ կդառնան» (Ես. 1։18)։ Ալ կամ մուգ կարմիր բծերը հագուստի վրայից մաքրելը չափազանց դժվար է։ Բայց այս նկարագրության միջոցով Եհովան մեզ հավաստիացնում է, որ մեր մեղքերը կարող են այնպես մաքրվել, որ դրանց հետքն անգամ չմնա։

«Նույնիսկ եթե ձեր մեղքերը ալ կարմիր լինեն, ձյան պես սպիտակ կդառնան» (Ես. 1։18)


10. Ո՞ր համեմատության միջոցով է Եհովան ցույց տալիս իր ներողամտության մեծությունը։

10 Ինչպես տեսանք նախորդ հոդվածից, մեղքերը կարելի է նմանեցնել նաև պարտքերի (Մատթ. 6։12; Ղուկ. 11։4)։ Ուստի ամեն անգամ Եհովայի դեմ մեղք գործելով՝ մենք ասես ավելի ու ավելի ենք խրվում պարտքերի մեջ։ Իրականում մեր պարտքը շատ մեծ է, բայց երբ Եհովան ներում է մեզ, չեղարկում է այն։ Հակառակ դեպքում այդ պարտքը մեզանից պետք է գանձեր։ Նա չի պահանջում, որ հատուցենք այն մեղքերի դիմաց, որոնք արդեն ներել է։ Այս միտքը հիանալի կերպով նկարագրում է այն թեթևության զգացումը, որն ունենում ենք, երբ Եհովան ներում է մեզ։

«Ներիր մեզ մեր պարտքերը» (Մատթ. 6։12)


11. Ի՞նչ իմաստով է Աստվածաշնչում ասվում, որ մեր մեղքերը ջնջվում են (Գործեր 3։19

11 Եհովան ոչ թե պարզապես չեղարկում է մեր պարտքերը, կամ՝ մեղքերը, այլ ջնջում է դրանք (կարդա Գործեր 3։19)։ Պատկերացրու մի թուղթ, որի վրա նշված է քո պարտքի չափը։ Եթե այդ պարտքը չեղարկվի, խաչ կքաշվի թվի վրա, բայց այն կշարունակի երևալ։ Ջնջելը, սակայն, այլ բան է նշանակում։ Որպեսզի հասկանանք այս միտքը, հիշենք, թե հին ժամանակներում ինչ բաղադրություն ուներ թանաքը։ Այն մրի, խեժի և ջրի խառնուրդ էր, և դրանով գրվածը հեշտությամբ կարելի էր ջնջել թաց սպունգով։ Ուստի երբ պարտքերը չեղարկում էին, դրանք ամբողջությամբ ջնջում էին, և գրվածն այլևս չէր երևում, ասես պարտքը գոյություն չէր էլ ունեցել։ Մի՞թե սիրտդ չի ջերմանում այն մտքից, որ Եհովան ոչ միայն չեղարկում է մեր մեղքերը, այլև անհետք ջնջում է դրանք (Սաղ. 51։9

«Որ ձեր մեղքերը ջնջվեն» (Գործ. 3։19)


12. Ի՞նչ ենք սովորում մեղքերը խիտ մշուշով պատելու վերաբերյալ արձանագրությունից։

12 Եհովան մեկ ուրիշ կերպով էլ է նկարագրում, թե ինչպես է ջնջում մեր մեղքերը։ Նա ասում է. «Ես կջնջեմ քո օրինազանցությունները, դրանք ամպով կծածկեմ, քո մեղքերը խիտ մշուշով կպատեմ» (Ես. 44։22)։ Երբ Եհովան ներում է մեզ, ասես խիտ մշուշով ծածկում է մեր սխալ արարքները, որպեսզի ո՛չ ինքը տեսնի դրանք, ո՛չ էլ՝ մենք։

«Ես կջնջեմ քո օրինազանցությունները, դրանք ամպով կծածկեմ» (Ես. 44։22)


13. Ի՞նչ ենք զգում, երբ Եհովան ներում է մեր մեղքերը։

13 Ի՞նչ ենք սովորում վերոնշյալ պատկերավոր խոսքերից։ Երբ Եհովան ներում է մեր մեղքերը, մենք այլևս չպետք է մեզ մեղավոր զգանք։ Հիսուս Քրիստոսի արյան միջոցով մեր «պարտքերը» ամբողջությամբ չեղարկվում են, և ջնջվում է անգամ դրանց վերաբերյալ արձանագրությունը։ Ահա այսպիսին է իսկական ներողամտությունը, որը Եհովան դրսևորում է նրանց հանդեպ, ովքեր զղջում են իրենց մեղքերի համար։

ԵՀՈՎԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ Է ՎՆԱՍՎԱԾ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեր երկնային Հոր ներողամտության շնորհիվ մենք կարող ենք նրա հետ լավ հարաբերություններ ունենալ (տես պարբերություն 14)


14. Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ Եհովան իսկապես ներում է մեզ (տես նաև նկարները)։

14 Մենք կարող ենք համոզված լինել, որ երբ Եհովան ներում է, նորից մեզ հետ լավ հարաբերություններ է ունենում։ Այս բանի գիտակցումը օգնում է, որ շարունակ մեղավորության զգացում չունենանք։ Կարիք չկա վախենալու, որ Եհովան ոխ կպահի և հարմար առիթի դեպքում կպատժի մեզ։ Նա երբեք այդպես չի վարվի։ Իսկ երբ Եհովան ասում է, որ ներում է մեզ, ինչո՞ւ կարող ենք վստահել նրա այդ խոսքերին։ Նա Երեմիա մարգարեին հետևյալն էր ասել. «Ես կներեմ նրանց անօրենությունը և նրանց մեղքն այլևս չեմ հիշի» (Երեմ. 31։34)։ Պողոսը մեջբերել է այս խոսքերը՝ գրելով. «Ես.... այլևս չեմ հիշի նրանց մեղքերը» (Եբր. 8։12)։ Ի՞նչ են այս խոսքերը նշանակում։

«Նրանց մեղքն այլևս չեմ հիշի» (Երեմ. 31։34)


15. Ի՞նչ իմաստով է Եհովան ասում, որ այլևս չի հիշելու մեր մեղքերը։

15 Աստվածաշնչում միշտ չէ, որ «հիշել» բառը օգտագործվում է անցյալում տեղի ունեցած որևէ բան մտաբերելու կամ դրա շուրջ մտածելու իմաստով։ Այն կարող է ունենալ նաև որևէ բան անելու իմաստ։ Օրինակ՝ Հիսուսի կողքին իր մահապատիժը կրող հանցագործը խնդրեց նրան՝ ասելով. «Հիսո՛ւս, հիշիր ինձ, երբ թագավոր դառնաս» (Ղուկ. 23։42, 43)։ Այս մարդը չէր խնդրում, որ Հիսուսը ապագայում պարզապես մտածեր իր մասին։ Հիսուսի պատասխանից տեսնում ենք, որ նա պատրաստվում էր որոշակի գործողություն անել՝ հարություն տալ այդ հանցագործին։ Ուստի երբ Եհովան ասում է, որ այլևս չի հիշելու մեր մեղքերը, նկատի ունի, որ որևէ քայլ չի ձեռնարկելու մեր դեմ։ Ապագայում նա չի պատժելու մեզ այն մեղքերի համար, որոնք արդեն ներել է։

16. Ինչպե՞ս է Աստվածաշունչը նկարագրում այն ազատությունը, որը ստանում ենք իսկական ներողամտության արդյունքում։

16 Մեկ այլ պատկերավոր խոսքի միջոցով Աստվածաշունչն օգնում է մեզ հասկանալ, որ իսկական ներողամտությունը մեզ ազատություն է տալիս։ Քանի որ անկատար ենք և հակված ենք սխալներ անելու, մենք «մեղքի ծառաներ» ենք։ Բայց Եհովայի ներողամտության շնորհիվ «ազատվել ենք մեղքից» (Հռոմ. 6։17, 18; Հայտն. 1։5)։ Այո՛, երբ գիտակցում ենք, որ Եհովան ներել է մեզ, ստրկությունից ազատված լինելու հրաշալի զգացումով ենք լցվում։

«[Դուք] ազատվեցիք մեղքից» (Հռոմ. 6։18)


17. Ինչպե՞ս է Եհովայի ներողամտությունը բուժում մեզ (Եսայիա 53։5

17 Կարդա Եսայիա 53։5։ Աստվածաշունչը մեզ նաև նմանեցնում է մի մարդու, ով մահացու հիվանդություն ունի։ Քավիչ զոհի շնորհիվ, որը Եհովան տվել է իր Որդու միջոցով, մենք, այսպես ասած, բուժվել ենք (1 Պետ. 2։24)։ Փրկագինը հնարավորություն է տալիս մեզ լիովին վերականգնելու Եհովայի հետ մեր հարաբերությունները, որոնք վնասվել են հոգևոր հիվանդության պատճառով։ Ինչպես լուրջ հիվանդությունից բուժված մարդն է մեծ ուրախություն ապրում, այնպես էլ մենք ենք ցնծում, երբ հոգևորապես բուժվում ենք և կրկին արժանանում Եհովայի հավանությանը։

«Նրա վերքերի շնորհիվ մենք բուժվեցինք» (Ես. 53։5)


Ի՞ՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ Է ԲԵՐՈՒՄ ԵՀՈՎԱՅԻ ՆԵՐՈՂԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ

18. Ի՞նչ սովորեցինք՝ քննելով Եհովայի ներողամտության վերաբերյալ աստվածաշնչյան տարբեր նկարագրություններ (տես նաև «Ինչպե՞ս է Եհովան ներում մեզ» շրջանակը)։

18 Այսպիսով՝ ի՞նչ սովորեցինք՝ քննելով Եհովայի ներողամտության վերաբերյալ աստվածաշնչյան տարբեր նկարագրություններ։ Եհովան ներում է ամբողջությամբ և ընդմիշտ։ Դրա շնորհիվ մենք լավ հարաբերություններ ունենք մեր երկնային Հոր հետ։ Բայց չպետք է մոռանանք, որ Եհովայի՝ մեր հանդեպ դրսևորած ներողամտությունը պարգև է։ Դրա հիմքում ընկած են նրա սերն ու անզուգական բարությունը, որ նա դրսևորում է մեղավոր մարդկության հանդեպ։ Մարդիկ չեն կարող պահանջելով ներողամտություն ստանալ (Հռոմ. 3։24

19. ա) Ինչի՞ համար պետք է երախտապարտ լինենք (Հռոմեացիներ 4։8)։ բ) Ի՞նչ ենք քննելու հաջորդ հոդվածում։

19 Կարդա Հռոմեացիներ 4։8։ Որքա՜ն երախտապարտ ենք Եհովային այն բանի համար, որ նա «իսկապես ներում» է մեզ (Սաղ. 130։4)։ Սակայն մեզանից մի կարևոր բան է պահանջվում։ Տեսնենք, թե ինչ ասաց Հիսուսը. «Եթե չներեք մարդկանց սխալները, ձեր Հայրն էլ ձեր սխալները չի ների» (Մատթ. 6։14, 15)։ Հետևաբար անչափ կարևոր է ընդօրինակել Եհովայի ներողամտությունը։ Հաջորդ հոդվածից կիմանանք, թե ինչպես կարող ենք դա անել։

ԵՐԳ 46 Շնորհակալ ենք, Եհո՛վա

a Այս համարի եբրայերեն բնագրային տեքստում «ներողամտություն» գոյականը որոշիչ հոդով է գործածված։ Դա ցույց է տալիս, որ խոսքը իսկական և բացառիկ ներողամտության մասին է, որը տարբերվում է ներողամտության մյուս դրսևորումներից։ Աստվածաշնչի շատ թարգմանություններ բաց են թողել այս կարևոր նրբությունը, բայց «Նոր աշխարհ» թարգմանության մեջ փոխանցված է իսկական ներողամտության իմաստը։