Մերժիր մերօրյա աշխարհի եսասիրության ոգին
ՆԿԱՏԵ՞Լ ես, որ աշխարհում շատ մարդիկ մտածում են, թե մյուսներն իրենց հանդեպ պետք է հատուկ վերաբերմունք դրսևորեն, և թե իրենք առանձնահատուկ իրավունքներ ու արտոնություններ ունեն։ Նույնիսկ երբ նրանց հանդեպ հատուկ վերաբերմունք է դրսևորվում, նրանք, միևնույն է, կարծում են, որ ավելիին են արժանի։ Նման մտածելակերպը արմատացած է եսասեր և երախտամոռ մարդկանց մեջ, ինչը վերջին օրերի նշան է (2 Տիմոթ. 3։2)։
Իհարկե, եսասիրությունը նոր բան չէ։ Ադամն ու Եվան որոշեցին, որ կարող են իրենք ընտրել, թե ինչն է լավ և ինչը՝ վատ։ Դա աղետալի հետևանքներ ունեցավ։ Իսկ դարեր անց Հուդայի թագավոր Օզիան մտածեց, որ իրավունք ունի տաճարում խունկ ծխեցնելու, սակայն չարաչար սխալվում էր (2 Տար. 26։18, 19)։ Նմանապես՝ փարիսեցիներն ու սադուկեցիները համոզված էին, որ արժանի են Աստծու առանձնահատուկ վերաբերմունքին, քանի որ Աբրահամի սերնդից էին (Մատթ. 3։9)։
Այսօր մեզ շրջապատում են եսասեր ու ինքնահավան մարդիկ, և նրանց մտածելակերպը կարող է ազդել մեզ վրա (Գաղ. 5։26)։ Գուցե սկսենք մտածել, որ արժանի ենք հատուկ վերաբերմունքի կամ արտոնությունների։ Ինչպե՞ս կարող ենք խուսափել այդպիսի մտածելակերպից։ Նախ պետք է իմանանք, թե սրա մասին ինչ է մտածում Եհովան։ Այդ հարցում մեզ կօգնեն աստվածաշնչյան երկու սկզբունքներ։
Եհովան է որոշում՝ ինչի ենք արժանի։ Տեսնենք մի քանի օրինակ։
-
Ընտանիքում ամուսինը պետք է զգա իր կնոջ հարգանքը, իսկ կինը՝ նրա սերը (Եփես. 5։33)։ Կողակիցները պետք է ռոմանտիկ սեր ցուցաբերեն միմիայն իրար հանդեպ (1 Կորնթ. 7։3)։ Ծնողները իրենց երեխաներից իրավունք ունեն պահանջելու հնազանդություն, իսկ երեխաները ծնողներից պետք է բավարար չափով սեր և աջակցություն ստանան (2 Կորնթ. 12։14; Եփես. 6։2)։
-
Ժողովում ջանասեր երեցները արժանի են մեր հարգանքին (1 Թեսաղ. 5։12)։ Սակայն նրանք իրավունք չունեն իշխելու իրենց եղբայրների ու քույրերի վրա (1 Պետ. 5։2, 3)։
-
Աստված մարդկային կառավարություններին իրավունք է տվել իրենց հպատակներից հարկեր և պատիվ պահանջելու (Հռոմ. 13։1, 6, 7)։
Եհովան, սիրուց մղված, մեզ ավելին է տալիս, քան մենք արժանի ենք։ Մեր մեղավոր էության պատճառով մենք արժանի ենք միայն մահվան (Հռոմ. 6։23)։ Սակայն Եհովան, մեր հանդեպ իր հավատարիմ սիրուց մղված, բազմաթիվ օրհնություններ է պարգևում մեզ (Սաղ. 103։10, 11)։ Յուրաքանչյուր օրհնություն կամ հանձնարարություն, որ ստանում ենք նրանից, նրա անզուգական բարության շնորհիվ ենք ստանում (Հռոմ. 12։6-8; Եփես. 2։8)։
ԻՆՉՊԵՍ ՉԼԻՆԵԼ ԵՍԱՍԵՐ ՈՒ ԻՆՔՆԱՀԱՎԱՆ
Զգուշացիր աշխարհում տարածված մտածելակերպից։ Մենք գուցե անգիտակցաբար սկսենք մտածել, թե ավելիին ենք արժանի, քան ուրիշները։ Հիսուսը աշխատողների մասին մի առակ պատմելով՝ ցույց տվեց, թե մարդ որքան հեշտությամբ կարող է նման մտածելակերպ որդեգրել։ Որոշ աշխատողներ իրենց գործը սկսեցին վաղ առավոտյան և ողջ օրը կիզիչ արևի տակ աշխատեցին, մինչդեռ մյուսները ընդամենը մեկ ժամ աշխատեցին։ Առաջին խումբը կարծում էր, որ արժանի է ավելի շատ աշխատավարձ ստանալու իր արած գործի համար (Մատթ. 20։1-16)։ Սակայն այս առակով Հիսուսը ցույց տվեց, որ իր հետևորդները պետք է բավարարվեն այն ամենով, ինչ Աստված կամենում է տալ նրանց։
Երախտագետ եղիր, ոչ թե պահանջկոտ (1 Թեսաղ. 5։18)։ Ընդօրինակիր Պողոս առաքյալին, ով Կորնթոսում ապրող իր եղբայրներից նյութական աջակցություն չէր խնդրում, թեև իրավունք ուներ դա անելու (1 Կորնթ. 9։11-14)։ Մենք պետք է շնորհակալ լինենք ամեն մի օրհնության համար և չլինենք պահանջկոտ։
Խոնարհություն զարգացրու։ Երբ ինչ-որ մեկը չափազանց մեծ կարծիք ունի իր մասին, հաճախ սկսում է մտածել, թե իրավունք ունի իր ունեցածից ավելին ստանալու։ Նման թունավոր մտածելակերպի հակաթույնը խոնարհությունն է։
Խոնարհության լավ օրինակ է Դանիել մարգարեն։ Նրա ծագումը, բարետես լինելը, մտային և մյուս ունակությունները կարող էին պատճառ դառնալ, որ նա մտածեր, թե արժանի է հատուկ վերաբերմունքի և արտոնությունների (Դան. 1։3, 4, 19, 20)։ Բայց Դանիելը խոնարհ մնաց, և այդ հատկությունը իրեն թանկագին դարձրեց Եհովայի աչքում (Դան. 2։30; 10։11, 12)։
Այսպիսով՝ եկեք չլինենք եսասեր և ինքնահավան՝ ինչն այդքան տարածված է մերօրյա աշխարհում։ Փոխարենը եկեք շարունակենք ուրախանալ յուրաքանչյուր օրհնության համար, որ Եհովան տալիս է մեզ իր անզուգական բարությամբ։