Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Պարզ, բայց արդյունավետ հարց

Պարզ, բայց արդյունավետ հարց

Մերին և նրա ամուսինը՝ Ջոնը, a ապրում են մի տարածքում, որտեղ Ֆիլիպիններից շատ մարդիկ են գալիս աշխատելու։ Զույգը սիրով քարոզում է այդ մարդկանց։ COVID-19 համավարակի ընթացքում Մերին Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեց ոչ միայն իր երկրում, այլև ուրիշ երկրներում ապրող մարդկանց հետ։ Տեսնենք, թե ինչպես։

Այն մարդկանց, ում Մերին Աստվածաշունչ էր ուսուցանում, հարցնում էր. «Ճանաչո՞ւմ ես մեկին, ով կուզենա Աստվածաշունչ ուսումնասիրել»։ Եթե նրանց պատասխանը դրական էր լինում, նա խնդրում էր, որ իրեն ծանոթացնեն այդ մարդու հետ։ Այս պարզ հարցը կարող է դրական արդյունքներ բերել։ Պատճառն այն է, որ Աստծու Խոսքը գնահատող մարդիկ հաճախ ցանկանում են իրենց սովորածի մասին պատմել ընտանիքի անդամներին և ընկերներին։ Իսկ ի՞նչ արդյունքներ բերեց Մերիի կիրառած այս մեթոդը։

Ուսումնասիրողներից մեկը՝ Ժասմինը, Մերիին ծանոթացրեց չորս հոգու հետ, որոնք նույնպես ցանկանում էին ուսումնասիրել Աստվածաշունչը։ Նրանցից մեկը Քրիստինն էր։ Նրան այնքան էր դուր գալիս ուսումնասիրությունը, որ նա խնդրեց Մերիին շաբաթական երկու անգամ անցկացնել այն։ Երբ Մերին հարցրեց, թե արդյոք նա ճանաչում է որևէ մեկին, ով ցանկանում է ուսումնասիրել Աստվածաշունչը, Քրիստինը պատասխանեց. «Այո՛, քեզ կծանոթացնեմ ընկերներիս հետ»։ Մի քանի շաբաթվա ընթացքում Քրիստինը Մերիին ծանոթացրեց իր չորս ընկերների հետ, որոնք ցանկանում էին ուսումնասիրություն սկսել։ Հետագայում Քրիստինը նրան ևս մի քանի ընկերների հետ ծանոթացրեց, և այդ շղթան շարունակվեց։

Քրիստինը ցանկանում էր, որ Ֆիլիպիններում ապրող իր ընտանիքը նույնպես սովորի աստվածաշնչյան ճշմարտությունը։ Նա խոսեց իր աղջկա՝ Անդրեայի հետ։ Սկզբում Անդրեան կարծում էր, թե Եհովայի վկաները աղանդ են, նրանք չեն հավատում Հիսուսին և միայն Հին Կտակարանից են օգտվում։ Սակայն մեկ ուսումնասիրությունից հետո նրա կարծիքը լրիվ փոխվեց։ Ուսումնասիրությունների ժամանակ նա այս արտահայտությունն էր անում. «Եթե Աստվածաշունչն է ասում, ուրեմն այդպես է»։

Ժամանակի ընթացքում Անդրեան Մերիին ծանոթացրեց իր երկու ընկերուհիների և աշխատակցուհիներից մեկի հետ, որոնք նույնպես սկսեցին ուսումնասիրել։ Բացի այդ՝ Մերին չգիտեր, որ Անդրեայի հորաքույրը՝ Անջելան, որը կույր էր, ուսումնասիրության ժամանակ լսում էր նրանց։ Ու մի օր Անջելան խնդրեց Անդրեային, որ իրեն ծանոթացնի Մերիի հետ, և ինքն էլ Աստվածաշունչ ուսումնասիրի։ Անջելան հաճույքով էր լսում աստվածաշնչյան ճշմարտությունները։ Մեկ ամսվա ընթացքում նա սուրբգրային բազմաթիվ համարներ էր մտապահել և ուզում էր, որ իր հետ ուսումնասիրություն անցկացվի շաբաթական չորս անգամ։ Անդրեայի օգնությամբ նա սկսեց տեսակապով կանոնավոր միանալ ժողովներին։

Երբ Մերին իմացավ, որ Քրիստինի ամուսինը՝ Ջոշուան, Քրիստինի ուսումնասիրության ժամանակ սենյակում է լինում, հարցրեց նրան, թե արդյոք չի ցանկանա միանալ իրենց։ Ջոշուան պատասխանեց. «Ես պարզապես կլսեմ, բայց ինձ հարցեր մի՛ տվեք։ Եթե տաք, դուրս կգամ»։ Ուսումնասիրության առաջին հինգ րոպեների ընթացքում նա ավելի շատ հարցեր տվեց, քան Քրիստինը, և ցանկացավ շարունակել աստվածաշնչյան թեմաներով քննարկումները։

Մերիի պարզ հարցը Աստվածաշնչի բազմաթիվ ուսումնասիրությունների համար դուռ բացեց։ Այդ ուսումնասիրողներից մի քանիսի հետ նա պայմանավորվեց, որ նրանց հետ ուրիշ Վկաներ ուսումնասիրություն անցկացնեն։ Մերին ընդհանուր հաշվով 28 ուսումնասիրություն սկսեց չորս երկրներում ապրող մարդկանց հետ։

Ժասմինը՝ առաջին ուսումնասիրողը, մկրտվեց 2021թ. ապրիլին։ Քրիստինը մկրտվեց 2022-ի մայիսին և վերադարձավ Ֆիլիպիններ իր ընտանիքի մոտ։ Մյուս երկու ուսումնասիրողները, ում Քրիստինն էր ծանոթացրել Մերիի հետ, նույնպես մկրտվեցին։ Անջելան մկրտվեց մի քանի ամիս անց և այժմ ռահվիրա է ծառայում։ Քրիստինի ամուսինը՝ Ջոշուան, և աղջիկը՝ Անդրեան, ինչպես նաև մի քանի այլ ուսումնասիրողներ հոգևորապես առաջադիմում են։

Առաջին դարում լավ լուրերը արագ տարածվում էին ընտանիքի անդամների և ընկերների շրջանում (Հովհ. 1։41, 42ա; Գործ. 10։24, 27, 48; 16։25-33)։ Մի՞թե չարժե Աստվածաշունչ ուսումնասիրողներին և ճշմարտությամբ հետաքրքրվող այլ անձանց հարցնել. «Ճանաչո՞ւմ ես մեկին, ով կցանկանա Աստվածաշունչ ուսումնասիրել»։ Ո՞վ գիտի՝ քանի ուսումնասիրություն կարող է սկսվել այս պարզ հարցով, որը կարող է տալ մեզնից յուրաքանչյուրը։

a Անունները փոխված են։