Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

3 Օգնում է դիմանալ, երբ խնդիրն անլուծելի է

3 Օգնում է դիմանալ, երբ խնդիրն անլուծելի է

Կան խնդիրներ, որոնք այսօր անլուծելի են, և դրանցից հնարավոր չէ խուսափել։ Օրինակ՝ եթե մահացել է ձեր հարազատը, կամ եթե տառապում եք քրոնիկական հիվանդությամբ, միակ բանը, որ կարող եք անել այն է, որ կերպեր փնտրեք ցավին դիմանալու համար։ Իսկ Աստվածաշունչը կարո՞ղ է օգնել նման ծանր իրավիճակներում։

ՔՐՈՆԻԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

Ռոուզն ասում է. «Ես գենետիկական խանգարում ունեմ, որի պատճառով մշտապես անտանելի ցավեր եմ ունենում։ Իմ կյանքի որակը և ինքնազգացողությունը կտրուկ վատացել են»։ Ռոուզին ամենից շատ անհանգստացնում էր այն, որ երբեմն պարզապես ի վիճակի չէր լինում իր միտքը կենտրոնացնել Աստվածաշնչի ուսումնասիրության և հոգևոր բաների վրա։ Բայց նրան մեծապես օգնեցին Հիսուսի խոսքերը, որոնք արձանագրված են Մատթեոս 19։26-ում. «Աստծու համար ամեն բան հնարավոր է»։ Ռոուզը հասկացավ, որ Աստվածաշունչը կարելի է ուսումնասիրել ոչ միայն կարդալով, այլև ուրիշ կերպերով։ Քանի որ նա ցավերի պատճառով երբեմն չի կարողանում կարդալ, Աստվածաշնչի և դրա վրա հիմնված գրականության ձայնագրություններ է լսում։ * Նա ասում է. «Եթե այդ տարբերակները չլինեին, չգիտեմ՝ ինչպես կկարողանայի մտերիմ փոխհարաբերություններ պահպանել Աստծու հետ»։

Երբ Ռոուզը վհատվում է, որ այլևս չի կարողանում անել այն, ինչ նախկինում էր անում, մխիթարություն է գտնում 2 Կորնթացիներ 8։12-ի խոսքերում, որտեղ գրված է. «Եթե կա տալու պատրաստակամություն, ապա տվածը հաճելի է Աստծուն, եթե այն համապատասխան է մարդու ունեցածին, ոչ թե չունեցածին»։ Այս խոսքերը Ռոուզին հիշեցնում են, որ Աստծուն հաճելի է այն ամենը, ինչ նա անում է, քանի որ իր հնարավորության սահմաններում լավագույնն է անում։

ՀԱՐԱԶԱՏԻ ԿՈՐՈՒՍՏ

Սոֆին, որի մասին խոսվեց նախորդ հոդվածներում, պատմում է. «Երբ 18-ամյա աղջիկս մահացավ, կորստի ցավն այնքան մեծ էր, որ ինձ թվում էր՝ այլևս չեմ կարող ապրել։ Գիտակցում էի, որ ոչինչ չի կարող առաջվա պես լինել»։ Սոֆիին շատ մխիթարեցին Սաղմոս 94։19 համարի խոսքերը, որտեղ գրված է. «Երբ ինձ անհանգստացնող մտքերը շատացան իմ ներսում, քո մխիթարությունները սկսեցին փաղաքշել հոգիս»։ Նա ասում է. «Ես աղոթում էի Եհովային, որ օգնի ինձ զբաղվել այնպիսի բաներով, որոնք կամոքեն ցավս»։

Սոֆին խորամուխ եղավ բավականություն պատճառող կամավոր աշխատանքի մեջ։ Ժամանակի ընթացքում նա փոխեց իր մտավիճակը և սկսեց ինքն իրեն համեմատել յուղամատիտի հետ, որն անգամ կոտրված վիճակում պիտանի է գունավորման համար. ճիշտ է, նա իրեն կոտրված էր զգում, բայց, միևնույնն է, կարող էր պիտանի լինել ուրիշներին։ Սոֆին պատմում է. «Մի օր հասկացա, որ երբ աստվածաշնչյան սկզբունքների և ճշմարտությունների միջոցով մխիթարում եմ մարդկանց, հենց դրանով է Եհովան փարատում վիշտս ու մխիթարում ինձ»։ Սոֆին մի ցուցակ կազմեց, որում ընդգրկեց աստվածաշնչյան կերպարների, ովքեր իրենց կյանքում մեծ վիշտ են ապրել։ Նա նկատեց, որ «այդ բոլոր մարդիկ, առանց բացառության, մեծ տեղ են տվել աղոթքին», նաև հասկացավ, որ «երբեք չես ստանա աղոթքիդ պատասխանը, եթե Աստվածաշունչդ փակ է»։

Աստվածաշունչն ուսումնասիրելով՝ Սոֆին մեկ այլ բան էլ սովորեց. կենտրոնանալ ապագայի վրա, ոչ թե անցյալի։ Նրան շատ են մխիթարում Գործեր 24։15-ում գրված խոսքերը. «Թե՛ արդարների և թե՛ անարդարների հարություն պիտի լինի»։ Իսկ որքանո՞վ է նա համոզված, որ Եհովան հարություն կտա իր աղջկան։ Սոֆին ասում է. «Նայելով ապագային՝ ես տեսնում եմ իմ աղջկան։ Մեր հանդիպման օրն արդեն որոշված է, այն նշված է իմ Հոր օրացույցում։ Ես պատկերացնում եմ ինձ ու աղջկաս մեր այգում, և դա այնքան իրական է ինձ համար, որքան այն օրը, երբ նա ծնվեց, և ես առաջին անգամ գիրկս առա նրան»։

^ պարբ. 4 Այդպիսի շատ ձայնագրություններ առկա են jw.org/hy կայքում։

Աստվածաշնչի օգնությամբ դուք կարող եք մխիթարություն գտնել նույնիսկ ամենածանր ժամանակներում