1 Օգնում է խուսափել խնդիրներից
Աստվածաշնչում ասվում է, որ այնտեղ գրված խորհուրդները Աստծուց են ներշնչված և օգտակար են սովորեցնելու, հանդիմանելու և ուղղելու համար (2 Տիմոթեոս 3։16)։ Դա իրո՞ք այդպես է։ Նկատի առնենք, թե Աստվածաշնչի իմաստուն խորհուրդները ինչպես են օգնել մարդկանց հաղթահարել վնասակար սովորությունները, նախքան դրանք կարմատավորվեին իրենց մեջ։
ԱԼԿՈՀՈԼԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ
Սոֆին, որի մասին խոսվում էր նախորդ հոդվածում, նկատեց, որ իր մտահոգությունների պատճառով սկսել է չարաշահել ալկոհոլը։ Աստվածաշունչը չի արգելում ալկոհոլի չափավոր գործածությունը, բայց այնտեղ ասվում է. «Մի՛ եղիր գինով հարբողների մեջ» (Առակներ 23։20)։ Ալկոհոլը չարաշահելու հետևանքով մարդիկ առողջական լուրջ խնդիրներ են ունենում, դրա պատճառով խարխլվում կամ խզվում են մարդկային փոխհարաբերությունները, ինչպես նաև ամեն տարի միլիոնավոր մարդիկ են վաղաժամ մահանում։ Այս խնդիրների մեծ մասից հնարավոր կլիներ խուսափել, եթե մարդիկ հետևեին Աստվածաշնչում նշված իմաստուն խորհուրդներին։
Սոֆին այդպես էլ արեց։ Նա ասում է. «Հասկացա, որ ալկոհոլը չի օգնում ինձ ազատվել մտահոգություններից։ Ուստի որոշեցի կիրառել Փիլիպպեցիներ 4։6, 7 համարներում նշված իմաստուն խորհուրդը, որտեղ ասվում է. «Ոչ մի բանի մասին մի՛ մտահոգվեք, այլ.... թող ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն»։ Գիշերները, երբ զգում էի, որ տանջող մտքերն ու անհանգստությունները հանգիստ չեն տալիս ինձ, սկսում էի աղոթել Եհովային։ Ամենայն մանրամասնությամբ պատմում էի զգացումներիս մասին։ Ասում էի, որ բարկացած եմ, վիրավորված, հուսահատված և աղերսում էի, որ օգնի ինձ տեսնել, թե ինչպես կարող եմ դրական տրամադրվածություն ձեռք բերել։ Իսկ առավոտյան ամեն ջանք թափում էի, որ դրական մտածելակերպ պահպանեի և թույլ չտայի, որ բացասական զգացումները վերադառնային։ Աղոթելու այդ սովորությունը ինձ օգնում էր, որ կենտրոնանայի ոչ թե այն ամենի վրա, ինչ կորցրել էի, այլ այն ամենի վրա, ինչ ունեի։ Որոշեցի էլ երբեք ալկոհոլ չխմել, որովհետև խաղաղությունը, որ գտել էի, այնքան թանկ էր ինձ համար, որ ոչ մի դեպքում չէի ուզում կորցնել այն»։
ԱՆԲԱՐՈՅՈՒԹՅՈՒՆ
Անբարոյությունը այն խնդիրներից է, որոնք անասելի ցավ ու տառապանք են պատճառում։ Բայց աստվածաշնչյան սկզբունքները կարող են պաշտպանել մեզ դրանցից, քանի որ այդ սկզբունքներն օգնում են խուսափել այն հիմնական սխալներից, որոնք ի վերջո հանգեցնում են անբարոյության։ Այդպիսի սխալներից են, օրինակ՝ ֆլիրտը և պոռնկագրությունը։ Սամուել անունով մի երիտասարդ ասում է. «Ֆլիրտ անելը շատ հեշտ էր։ Երբեմն պատահում էր, որ աղջիկը ինձ այդքան էլ դուր չէր գալիս, բայց զգում էի, որ նա ինձ հավանել է։ Այդպիսի դեպքերում զուտ զվարճանալու համար սկսում էի ֆլիրտ անել»։ Սամուելը նկատեց, որ իրեն սկսել են շատ հաճախ մեղադրել ֆլիրտ անելու մեջ։ Նրան մեղադրում էին նույնիսկ այն դեպքերում, երբ նա ֆլիրտ անելու միտում չէր ունեցել։ Ու նա որոշեց այդուհետ դիտավորյալ ֆլիրտ անել։ Բայց այդ սովորությունը սկսեց անհանգստացնել նրան։ Նա ասում է. «Ֆլիրտը կործանարար է, որովհետ մարդու մեջ եսասիրական հակումներ է զարգացնում»։
jw.org. կայքում երիտասարդներին ուղղված մի հոդված կարդալուց հետո Սամուելը սկսեց խորհել Առակներ 20։11-ում գրված խոսքերի շուրջ, որտեղ ասվում է. «Տղայի արարքներից անգամ կարելի է իմանալ՝ նրա գործերը մաքուր ու ազնիվ են, թե ոչ»։ Այդ խոսքերը ինչո՞վ օգնեցին նրան։ Սամուելը հասկացավ, որ ֆլիրտ անելու սովորությունը ո՛չ մաքուր է, ո՛չ էլ ազնիվ։ Նա ասում է. «Նաև հասկացա, որ այն երիտասարդները, ովքեր ֆլիրտ անելու սովորություն ունեն, իրենց մեջ այնպիսի հատկություններ են զարգացնում, որոնց պատճառով հետագայում դառնում են վատ կողակից։ Ես սկսեցի մտածել, թե ինչպես կզգա իմ ապագա կինը, երբ տեսնի, որ մեկ ուրիշ կնոջ հետ ֆլիրտ եմ անում։ Հասկացա, որ այդ սովորությունը չի կարող անվնաս լինել։ Այն, որ ֆլիրտ անելը հեշտ է, դեռ չի նշանակում, որ այդպես վարվելը ճիշտ է»։ Եվ Սամուելը վերջ տվեց այդ սովորությանը։ Դա նրան օգնեց նաև խուսափել անբարոյությունից։
Անտոնիոն անբարոյության տանող ավելի մեծ խնդրի առաջ էր կանգնած. նա տարվել էր պոռնկագրությամբ։ Թեև Անտոնիոն ամուսնացած էր և շատ էր սիրում իր կնոջը, սակայն չէր կարողանում ձերբազատվել այդ սովորությունից։ Նա ասում է, որ իրեն օգնեցին 1 Պետրոս 5։8 համարի խոսքերը։ Այնտեղ գրված է. «Պահպանեք ձեր զգոնությունը, արթուն եղեք։ Ձեր հակառակորդը՝ Բանսարկուն, մռնչող առյուծի պես ման է գալիս՝ փնտրելով, թե ում կուլ տա»։ Անտոնիոն ասում է. «Մեզ շրջապատող աշխարհը ողողված է պոռնկագրական պատկերներով, որոնք կարող են դաջվել մարդու մտքում։ Աստվածաշնչյան այս համարն օգնեց ինձ տեսնել, որ այդ գայթակղության հետևում Սատանան է կանգնած։ Հասկացա, որ անպարկեշտ պատկերներ տեսնելիս պետք է իսկույն ինքս ինձ հիշեցնեմ, թե ով է դրանց հեղինակը։ Այժմ գիտեմ, որ միայն Եհովան կարող է օգնել ինձ «պահպանել զգոնությունս և արթուն լինել», որպեսզի կարողանամ հետ մղել այդ հարձակումները, որ ուղղված են մտքիս, սրտիս և ամուսնությանս դեմ»։ Անհրաժեշտ օգնությունը ստանալուց հետո Անտոնիոյին վերջապես հաջողվեց ձերբազատվել իր վատ սովորությունից, ինչն էլ իր հերթին նրան հեռու պահեց ավելի լուրջ խնդիրներից։
Հստակ է, որ Աստվածաշունչը գործնական խորհուրդներ է պարունակում, որոնց օգնությամբ կարող ենք խուսափել լուրջ խնդիրներից։ Իսկ ի՞նչ կարելի է ասել այն սովորությունների մասին, որոնք արդեն արմատավորվել են մեր մեջ։ Եկեք տեսնենք, թե Աստծու Խոսքը ինչպես կարող է օգնել, որ հաղթահարենք դրանք։
Աստվածաշնչյան գործնական խորհուրդները կարող են օգնել, որ խուսափենք շատ խնդիրներից