Մարդիկ ի՞նչ են ասում աղոթելու վերաբերյալ
«Երբ աղոթում եմ, զգում եմ Աստծու ներկայությունը։ Նա կարծես բռնում է ձեռքս և ճիշտ ճանապարհ է ցույց տալիս, երբ խնդիրներիցս ելք չեմ տեսնում»։ (ՄԱՐԻԱ)
«Կինս 13 տարի քաղցկեղի դեմ պայքարելուց հետո մահացավ։ Հիշում եմ, թե ինչպես էի ամեն օր աղոթում Աստծուն, և զգում էի, որ Նա լսում է աղոթքներս։ Երբ վիշտը խեղդում էր ինձ, նա սիրտս խաղաղությամբ էր լցնում»։ (ՌԱՈՒԼ)
«Աղոթքը Աստծուց հրաշալի պարգև է մարդկանց»։ (ԱՌՆԵ)
Մարիան, Ռաուլը, Առնեն և շատ այլ մարդիկ աղոթքը յուրահատուկ պարգև են համարում։ Նրանք ասում են, որ աղոթքի միջոցով կարողանում են զրուցել Աստծու հետ, շնորհակալություն հայտնել նրան և օգնություն խնդրել նրանից։ Այս մարդիկ վստահ են, որ այն, ինչ Աստվածաշնչում գրված է աղոթքի մասին, բացարձակ ճշմարտություն է։ Օրինակ՝ այնտեղ ասվում է. «Ահա թե ինչ վստահություն ունենք, երբ դիմում ենք նրան. ինչ էլ որ մենք խնդրում ենք նրա կամքի համաձայն, լսում է մեզ» (1 Հովհաննես 5։14)։
Բայց կան շատ մարդիկ էլ, որոնք դժվարանում են հավատալ այն ամենին, ինչ Աստվածաշնչում ասվում է աղոթքի վերաբերյալ։ Ստիվը պատմում է. «Երբ 17 տարեկան էի, ընկերներիցս երեքը մահացան, մեկը՝ ավտովթարից, իսկ երկուսը խեղդվեցին ծովում։ Ես աղոթեցի Աստծուն ու հարցրի, թե ինչու այդ ամենը պատահեց։ Բայց պատասխան չստացա։
Ուստի ինքս ինձ ասացի. «Աղոթելը ժամանակի վատնում է»»։ Ստիվի պես՝ շատերը, կարծելով, թե իրենց աղոթքները անպատասխան են մնում, եզրակացրել են, որ իմաստ չունի աղոթել։Այլ պատճառներ էլ կան, թե մարդիկ ինչու են թերագնահատում աղոթելու կարևորությունը։ Ոմանք ասում են, որ Աստված, միևնույն է, ամեն բան գիտի։ Նրանք այսպես են տրամաբանում. «Նա տեղյակ է, թե ինչ կարիքներ կամ խնդիրներ ունենք, էլ ի՞նչ իմաստ ունի պատմել նրան այդ ամենի մասին»։
Ուրիշներն էլ կարծում են, թե Աստված չի ուզում լսել իրենց աղոթքները, որովհետև իրենք կյանքում շատ սխալներ են արել։ Ջենի անունով մի կին ասում է. «Իմ ամենամեծ խնդիրն այն էր, որ ես ինձ անչափ անարժեք էի զգում։ Կյանքում արել էի բաներ, որոնց համար շատ ափսոսում էի, ուստի ինքս ինձ ասում էի, թե արժանի չեմ, որ Աստված լսի ինձ»։
Իսկ դո՞ւք ինչ եք մտածում աղոթելու վերաբերյալ։ Եթե երբևէ նմանատիպ մտքեր կամ կասկածներ եք ունեցել, հնարավոր է՝ մխիթարություն գտնեք՝ իմանալով, որ Աստվածաշունչը սպառիչ պատասխաններ է տալիս աղոթքին առնչվող հարցերին։ Մենք կարող ենք լիովին վստահել այն ամենին, ինչ ասվում է այդ Գրքում։ * Այնտեղ կարող եք գտնել հետևյալ հարցերի պատասխանները։
-
Աստված իրականում լսո՞ւմ է մարդկանց աղոթքները։
-
Ինչո՞ւ են որոշ աղոթքներ անպատասխան մնում։
-
Ինչպե՞ս է հարկավոր աղոթել, որ Աստված լսի։
-
Աղոթքը ինչպե՞ս կարող է օգնել։
^ պարբ. 9 Սուրբ Գրքում բազմաթիվ աղոթքներ կան գրված, որոնք Աստծուն են ուղղել նրա վաղեմի ծառաները և Հիսուս Քրիստոսը։ Եբրայերեն Գրությունները, որոնք հաճախ կոչում են Հին Կտակարան, ավելի քան 150 աղոթքներ են պարունակում։