ԻՆՉՊԵՍ ԿՈՏՐԵԼ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՇՂԹԱՆ
3 | Փոխեք ձեր մտածելակերպը
Աստվածաշնչյան սկզբունք.
«Վերափոխվեք՝ նորոգելով ձեր միտքը, որպեսզի հավաստիանաք, թե որն է Աստծու բարի, ընդունելի և կատարյալ կամքը» (ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐ 12։2)։
Ինչ է դա նշանակում
Աստծու համար կարևոր է, թե ինչ ենք մտածում (Երեմիա 17։10)։ Չար խոսքերից ու գործերից զերծ մնալը դեռ բավարար չէ, քանի որ ատելությունը ծնվում է մարդու մտքում և սրտում։ Հետևաբար պետք է արմատախիլ անենք ատելության ծիլերը։ Միայն այդ ժամանակ կարող ենք իրապես «վերափոխվել» և կոտրել ատելության շղթան։
Ինչ կարող եք անել
Անկեղծորեն ինքնաքննություն արեք և պարզեք, թե ինչ եք զգում ուրիշների նկատմամբ, հատկապես նրանց, ովքեր ուրիշ ռասայից կամ ազգությունից են։ Հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ եմ մտածում նրանց մասին։ Այդպես եմ մտածում, որովհետև անձա՞մբ եմ ճանաչում նրանց, թե՞ կարծիքս հիմնված է նախապաշարումների վրա»։ Մի՛ դիտեք ու մի՛ լսեք այնպիսի նյութեր, որոնք ատելություն և բռնություն են հրահրում։
Աստծու Խոսքը կարող է օգնել մեզ ազատվել խորապես արմատացած ատելության զգացումից
Երբեմն գուցե դժվար լինի օբյեկտիվորեն վերլուծել մեր մտքերն ու զգացմունքները։ Բայց Աստծու Խոսքը կարող է օգնել, որ քննենք մեր «սրտի մտքերն ու մտադրությունները» (Եբրայեցիներ 4։12)։ Ուստի շարունակեք քննել Աստվածաշունչը։ Ստուգեք, թե ձեր մտածելակերպը ներդաշնակ է այնտեղ գրված սկզբունքներին, և ամեն ջանք ներդրեք, որ ձեր մտածելակերպը հաճելի լինի Աստծուն։ Աստվածաշնչի օգնությամբ մենք կարող ենք «ցանկացած ամրություն քանդել»։ Հետևաբար այն կարող է օգնել մեզ, որ ազատվենք խորապես արմատավորված ատելության զգացումից (2 Կորնթացիներ 10։4, 5)։