Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Նախազգուշացմանը հետևելը կարող է փրկել ձեր կյանքը

Նախազգուշացմանը հետևելը կարող է փրկել ձեր կյանքը

ԻՆԴՈՆԵԶԻԱՅԻ Սումատրա կղզուց դեպի հյուսիս-արևմուտք ընկած Սիմյոլուե կղզին 2004թ. դեկտեմբերի 26-ին ցնցվեց 9,1 բալ ուժգնության երկրաշարժից։ Բոլորը իրենց հայացքներն ուղղեցին դեպի ծովը։ Ջրերը անսովոր արագությամբ հետ էին քաշվում։ Մարդիկ անմիջապես սկսեցին վազել դեպի բլուրները՝ բղավելով՝ «սմո՜նգ, սմո՜նգ», ինչը տեղի լեզվով նշանակում է «ցունամի»։ Մոտ 30 րոպե անց հզոր ալիքները ողողեցին ողջ ափը՝ ավերելով գրեթե բոլոր տներն ու գյուղերը։

Այդ ավերիչ ցունամին առաջինը հարվածեց Սիմյոլուե կղզուն։ 78000 բնակիչներից մահացան ընդամենը 7-ը։ Ինչի՞ շնորհիվ կղզում կորուստներն այդքան քիչ եղան։ * Տեղաբնակների մեջ ընդունված է ասել. «Երբ ուժեղ ցնցում է լինում, և ծովը արագ հետ է քաշվում, անմիջապես փախիր դեպի բլուրները, քանի որ շուտով ծովի ջրերը կհեղեղեն ափը»։ Սիմյոլուե կղզու բնակիչները անցյալի փորձից արդեն գիտեին, որ ծովում տեղի ունեցող որոշ փոփոխություններ վերահաս ցունամիի նշան են։ Այդ նախանշաններին ուշադրություն դարձնելը փրկեց նրանց կյանքը։

Աստվածաշնչում նշվում է մոտեցող մի մեծ աղետի մասին՝ «մեծ նեղության.... որի նմանը չի եղել աշխարհի սկզբից մինչև հիմա և ոչ էլ երբևէ կլինի» (Մատթեոս 24։21)։ Սակայն դա չի նշանակում, թե Երկիր մոլորակը կոչնչանա մարդկանց անբարեխիղճ գործունեության կամ բնական որևէ աղետի հետևանքով, քանի որ Աստծու նպատակն է, որ երկիրը հավիտյան մնա (Ժողովող 1։4)։ Այդ սպասվող նեղությունը Աստծու կողմից է լինելու, ինչի միջոցով նա «կկործանի նրանց, ովքեր կործանում են երկիրը»։ Այդ ժամանակ կվերանան չարությունն ու տառապանքը (Հայտնություն 11։18; Առակներ 2։22)։ Ինչպիսի՜ օրհնություն դա կլինի։

Ի տարբերություն ցունամիների, երկրաշարժերի և հրաբխային ժայթքումների՝ գալիք նեղության ժամանակ անմեղ մարդիկ չեն մահանա։ Աստվածաշունչն ասում է, որ «Աստված սեր է», և որ Աստված, ում անունը Եհովա է, խոստանում է, որ «արդարները կժառանգեն երկիրը և հավիտյան կբնակվեն նրա վրա» (1 Հովհաննես 4։8; Սաղմոս 37։29)։ Իսկ ինչպե՞ս կարող եք փրկվել այդ մեծ նեղությունից և վայելել խոստացված օրհնությունները։ Անհրաժեշտ է հետևել նախազգուշացմանը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐԵՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Մենք չենք կարող իմանալ, թե կոնկրետ երբ են վերջ գտնելու չարությունն ու տառապանքը, քանի որ Հիսուսն ասել է. «Այդ օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտի, ո՛չ երկնքի հրեշտակները, ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը»։ Այդուհանդերձ, Հիսուսը հորդորեց «արթուն լինել» (Մատթեոս 24։36; 25։13)։ Ինչո՞ւ։ Աստվածաշունչը նկարագրում է, թե ինչ պայմաններ կտիրեն աշխարհում, նախքան Աստված կբերի կործանումը։ Ինչպես որ ծովի անսպասելի փոփոխությունը մոտեցող ցունամիի մասին նախազգուշացում եղավ Սիմյոլուե կղզու բնակիչների համար, այնպես էլ աշխարհի իրադարձությունների մի շարք փոփոխություններն են մեզ համար նախազգուշացում, որ վերջը մոտենում է։ Այս հոդվածի շրջանակում նշված են այն փոփոխություններից մի քանիսը, որոնց մասին խոսվում է Աստվածաշնչում։

Ինչ խոսք, շրջանակում նշված իրադարձություններից մի քանիսը առանձին-առանձին տեղի են ունեցել անցյալում որոշակի մասշտաբով։ Բայց, ինչպես Հիսուսն ասաց, «այս բոլոր բաները» տեսնելով՝ մենք կիմանանք, որ վերջը շատ մոտ է (Մատթեոս 24։33)։ Կարող ենք հարցնել ինքներս մեզ. «Պատմության ընթացքում ե՞րբ են այդ բոլոր նկարագրված բաները 1) տեղի ունեցել համաշխարհային մասշտաբով, 2) տեղի ունեցել միաժամանակ և 3) հասել աննախադեպ չափերի»։ Ակնհայտ է, որ այս ամենը վերաբերում է ներկայիս ժամանակաշրջանին։

ԱՍՏԾՈՒ ՍԻՐՈ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ

Միացյալ Նահանգների նախկին նախագահներից մեկը ասել է. «Վաղ ահազանգման համակարգերը.... կյանքեր են փրկում»։ 2004-ի ցունամիից հետո աղետից տուժած տարածքներում տեղադրվեց ահազանգման համակարգ՝ ապագա նմանատիպ աղետներից մարդկանց փրկելու համար։ Նմանապես, Աստված հոգ է տարել, որ մարդկանց նախազգուշացում տրվի, նախքան կգա վերջը։ Աստվածաշնչում կարդում ենք. «Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար, և այդ ժամանակ կգա վերջը» (Մատթեոս 24։14

Միայն անցած տարի Եհովայի վկաները ավելի քան 1,9 միլիարդ ժամ են տրամադրել 240 երկրներում 700-ից ավելի լեզուներով բարի լուրը քարոզելու համար։ Մեր օրերում տեղի ունեցող այս համաշխարհային գործունեությունը զորեղ ապացույց է այն բանի, որ վերջը մոտ է։ Եհովայի վկաները, դրացու հանդեպ սիրուց մղված, ջանք չեն խնայում՝ նախազգուշացնելու մարդկանց Աստծու մոտալուտ դատաստանի մասին (Մատթեոս 22։39)։ Այն, որ դուք էլ եք ստանում այս նախազգուշացումը, ցույց է տալիս, որ Եհովան սիրում է ձեզ։ Հիշեք՝ «[Աստված] չի ցանկանում, որ որևէ մեկը կործանվի, այլ որ բոլորը զղջան» (2 Պետրոս 3։9)։ Կարձագանքե՞ք Աստծու սիրուն և կհետևե՞ք այդ նախազգուշացմանը։

ՓԱԽԵՔ ԱՊԱՀՈՎ ՎԱՅՐ

Երբ Սիմյոլուեի ափամերձ գյուղերի բնակիչները տեսան, որ ծովի ջրերը հետ են քաշվում, անմիջապես փախան բարձր, ապահով տեղեր։ Նրանք չսպասեցին, մինչև ալիքները հետ գային։ Այդ վճռական քայլը նրանց համար փրկություն եղավ։ Մոտեցող նեղությունից փրկվելու համար դուք նույնպես պետք է փոխաբերական իմաստով փախչեք «բարձր տեղ», քանի դեռ շատ ուշ չէ։ Սակայն ինչպե՞ս կարող եք դա անել։ Եսայիա մարգարեն Աստծու ներշնչմամբ գրել է մի կարևոր հրավերի մասին, որը տրվում է «վերջին օրերում»՝ այն ժամանակահատվածում, որում հիմա ապրում ենք։ Նա գրել է. «Եկե՛ք, վե՛ր գնանք Եհովայի լեռը.... Նա կսովորեցնի մեզ իր ճանապարհները, և մենք կքայլենք նրա ուղիներով» (Եսայիա 2։2, 3

Երբ մարդը փախչում է բարձր տեղ, այնտեղից կարողանում է տեսնել ամբողջական տեսարանը և ապահով է լինում։ Նույն ձևով էլ Աստվածաշնչի ուսումնասիրության միջոցով Աստծու կամքը և նրա նպատակները իմանալն է օգնել միլիոնավոր մարդկանց դրական փոփոխություններ անելու իրենց կյանքում (2 Տիմոթեոս 3։16, 17)։ Այդպես նրանք սկսել են «քայլել [Աստծու] ուղիներով» և վայելել նրա հավանությունն ու պաշտպանությունը։

Կընդունե՞ք այս հրավերը և կօգտվե՞ք Աստծու տված պաշտպանությունից այս վճռորոշ ժամանակներում։ Հորդորում ենք ուշադրությամբ քննել շրջանակում բերված աստվածաշնչյան փաստերը, որոնք ցույց են տալիս, որ ապրում ենք «վերջին օրերում»։ Ձեր տարածքում ապրող Եհովայի վկաները ուրախ կլինեն օգնել ձեզ, որ հասկանաք նշված աստվածաշնչյան խոսքերը և իմանաք, թե ինչպես կարող եք օգուտներ քաղել այդ տեղեկությունից։ Կամ կարող եք գտնել ձեր հարցերի պատասխանները՝ այցելելով մեր վեբ կայք՝ www.pr418.com (տես ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՈՒՍՄՈՒՆՔՆԵՐ > ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՐՑԵՐ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

^ պարբ. 3 2004թ. այս ցունամին՝ պատմության մեջ ամենաավերիչ ցունամիներից մեկը, ավելի քան 220000 մարդու կյանք խլեց։