ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԱՍՏԾՈՒ ՏՎԱԾ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՆՎԵՐԸ
Աստծու տված մեծագույն նվերը. ինչո՞ւ է այդքան արժեքավոր
Ո՞ր դեպքում ենք նվերը հատկապես արժեքավոր համարում։ Այս հարցում սովորաբար դեր են խաղում չորս հիմնական գործոններ. 1) ով է տվել նվերը, 2) ինչ մղումով է տրվել այն, 3) ինչ զոհողություններ են արվել այն տալու համար, և 4) արդյոք այդ նվերի կարիքն իսկապես ունեինք։ Եթե Աստծու տված մեծագույն նվերի՝ փրկանքի մասին խորհրդածենք՝ հաշվի առնելով այս գործոնները, դրա հանդեպ մեր գնահատանքը ավելի կմեծանա։
Ո՞Վ է ՏՎԵԼ ԱՅՆ
Որոշ նվերներ արժեքավոր են մեզ համար հատկապես այն պատճառով, որ դրանք ստացել ենք հեղինակավոր մարդկանցից, կամ նրանցից, ում հանդեպ խորին հարգանք ենք տածում։ Որոշ նվերներ էլ, թեև գուցե բարձր գին չունեն, բայց մեզ համար շատ թանկ են, քանի որ դրանք մեզ նվիրել են մեր սիրելի հարազատները կամ մտերիմ ընկերները։ Այդպես էր, օրինակ, Ջորդանի դեպքում, որի մասին խոսվեց նախորդ հոդվածում։ Ինչպե՞ս է այս հանգամանքը դեր խաղում նաև փրկանքն արժևորելու հարցում։
Նախ՝ Աստվածաշնչում ասվում է, որ «[Աստված] իր միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի նրա միջոցով կյանք ստանանք» (1 Հովհաննես 4։9)։ Այս փաստը ինքնին անչափ արժեքավոր է դարձնում այդ նվերը։ Չէ՞ որ չկա մեկը, ով ավելի բարձր իշխանություն և հեղինակություն ունենա, քան Աստված։ Աստվածաշնչում նրա մասին ասվում է. «Դո՛ւ, ում անունը Եհովա է, դու միակ Բարձրյալն ես ամբողջ երկրի վրա» (Սաղմոս 83։18)։ Այո՛, փրկանքը մի նվեր է, որը տվել է տիեզերքի ամենահեղինակավոր անձնավորությունը։
Երկրորդ՝ Աստված «մեր Հայրն է» (Եսայիա 63։16)։ Նա է մեզ կյանք տվել։ Բացի այդ, նա, սիրառատ հոր պես, հոգ է տանում մեր մասին։ Աստված, հնում ապրող իր ժողովրդին անվանելով Եփրեմ, ասաց. «Մի՞թե Եփրեմը թանկագին որդի չէ ինձ համար կամ սիրված զավակ.... Աղիքներս գալարվում են նրա համար։ Անպատճառ պիտի խղճամ նրան» (Երեմիա 31։20)։ Աստված նույնպիսի վերաբերմունք ունի նաև այսօր ապրող իր ծառաների հանդեպ։ Նա ոչ միայն մեր ամենազոր Արարիչն է, այլև մեր հոգատար հայրն ու հավատարիմ ընկերը։ Հետևաբար նրա տված ցանկացած նվեր շատ թանկ կլինի մեզ համար։
Ի՞ՆՉ ՄՂՈՒՄՈՎ Է ՏՐՎԵԼ
Մեզ համար որոշ նվերներ թանկ են նաև այն պատճառով, որ տրվել են՝ ոչ թե զուտ պարտավորությունից ելնելով, այլ սիրուց մղված։ Անկեղծ մղումներով նվեր տվող անհատը երբեք իր արածի դիմաց փոխհատուցում չի ակնկալում։
Աստված իր որդուն զոհեց, քանի որ սիրում է մեզ։ Աստվածաշունչն ասում է. «Աստված իր սերը նրանով դրսևորեց մեր հանդեպ, որ իր միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի նրա միջոցով կյանք ստանանք» (1 Հովհաննես 4։9)։ Արդյոք Աստված պարտավո՞ր էր անել դա։ Ամենևի՛ն։ «Քրիստոս Հիսուսի վճարած փրկանքը» Աստծու «անզուգական բարության» դրսևորումն է մեր հանդեպ (Հռոմեացիներ 3։24)։
Իսկ ինչո՞ւ է Աստծու տված այդ նվերը «անզուգական բարության» դրսևորում։ Աստվածաշնչում կարդում ենք. «Աստված իր սերն է դրսևորում մեր հանդեպ նրանով, որ Քրիստոսը մահացավ մեզ համար, երբ մենք դեռ մեղավորներ էինք» (Հռոմեացիներ 5։8)։ Անկեղծ սերն է մղել Աստծուն, որ քայլեր ձեռնարկի մեղավոր, թշվառ ու անօգնական մարդկությանը օգնելու համար։ Մենք ոչ մի կերպ չենք արժանացել այդ սիրուն, ոչ էլ երբևիցե կարող ենք փոխհատուցել Աստծու արածի դիմաց։ Նրա տված այդ նվերը սիրո մեծագույն դրսևորումն է ողջ պատմության մեջ։
Ի՞ՆՉ ԶՈՀՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԱՐՎԵԼ
Հաճախ նվերը արժեքավոր է նաև այն առումով, որ նվիրողը մեծ զոհողություններ է արել այն տալու համար։ Իսկապես, երբ անհատը պատրաստակամորեն մեզ տալիս է իր համար անչափ թանկ մի բան, մենք ավելի շատ ենք գնահատում այդ նվերը։
Աստված հանուն մեզ տվեց «իր միածին Որդուն»՝ իր համար ամենաթանկ անձնավորությանը (Հովհաննես 3։16)։ Միլիարդավոր տարիներ շարունակ, մինչ Աստված արարում էր տիեզերքը, Հիսուսը սերտորեն համագործակցում էր նրա հետ, և Աստված «ամեն օր ուրախանում էր» նրանով (Առակներ 8։30)։ Հիսուսը «անտեսանելի Աստծու պատկերն է» և նրա «սիրելի Որդին» (Կողոսացիներ 1։13–15)։ Այս երկու բանական էակների միջև այնպիսի մտերիմ ու ջերմ փոխհարաբերություններ էին հաստատվել, որ պատկերացնել անգամ չենք կարող։
Այդուհանդերձ, Եհովան «նույնիսկ իր սեփական Որդուն չխնայեց» մեզ համար (Հռոմեացիներ 8։32)։ Նա տվեց իր լավագույնը։ Դա նրա կողմից երբևիցե արված ամենամեծ զոհողությունն էր։
ՆՎԵՐ, ՈՐԻ ԿԱՐԻՔԸ ՇԱՏ ՈՒՆԵԻՆՔ
Նվերը հաճախ արժեքավոր է համարվում այն առումով, որ բավարարում է որևիցե կարիք, հատկապես խիստ հրատապ կարիք։ Օրինակ՝ պատկերացրեք, թե որքան երախտապարտ կլինեիք այն անձնավորությանը, ով իր նախաձեռնությամբ կվճարեր ձեր բուժման համար, որի հնարավորությունը չունեիք, և այդպիսով կփրկեր ձեր կյանքը։ Անկասկած, դա անգին նվեր կլիներ ձեզ համար։
«Ինչպես Ադամով բոլորը մահանում են, այնպես էլ Քրիստոսով բոլորը կկենդանանան» (1 Կորնթացիներ 15։22)։ Լինելով Ադամի սերունդները՝ բոլորս էլ «մահանում» ենք. մեզանից ոչ ոք չի կարող խուսափել հիվանդություններից ու մահից, ոչ էլ կարող է հաշտվել Աստծու հետ և անմեղ համարվել նրա աչքում։ Մենք պարզապես անկատար մարդիկ ենք, ուստիև չենք կարող «կենդանացնել», այսինքն՝ կյանք տալ ինքներս մեզ, կամ ուրիշ որևէ մեկի։ Աստվածաշնչում հստակ ասվում է. «Նրանցից և ոչ մեկը չի կարող փրկագնով ազատել իր եղբորը և ոչ էլ փրկանք տալ Աստծուն նրա համար (այնքան բարձր է նրանց հոգու փրկագինը, որ դարերով մնում է չվճարված)» (Սաղմոս 49։7, 8)։ Մենք օգնության կարիք շատ ունենք, քանի որ ի վիճակի չենք վճարելու մեր կյանքի փրկագինը։ Առանց Աստծու օգնության մենք անելանելի վիճակում կլինեինք։
Մեր հանդեպ խոր սիրուց մղված՝ Եհովան պատրաստակամորեն վճարեց մեր կյանքի փրկության համար անհրաժեշտ «բուժման գինը»՝ մեզ համար զոհելով իր Որդու՝ Հիսուսի կյանքը։ Ուստի Հիսուսի միջոցով «բոլորը կկենդանանան»։ Ինչպե՞ս է փրկանքի շնորհիվ նման 1 Հովհաննես 1։7; 5։13)։ Փրկանքը կարող է օգուտ բերել նաև նրանց, ովքեր մահացել են։ «Ինչպես որ մահն է մարդու [Ադամի] միջոցով, այնպես էլ մահացածների հարությունն է մարդու [Հիսուսի] միջոցով» (1 Կորնթացիներ 15։21)։ *
հեռանկար բացվում մեր առջև։ Աստվածաշունչն ասում է, որ Աստծու Որդու՝ «Հիսուսի արյունը մաքրում է մեզ ամեն մեղքից»։ Այո՛, Հիսուսի թափած արյանը հավատ ընծայելով՝ կարող ենք մեղքերի ներում ստանալ և հավիտենական կյանքի հույս ունենալ (Չկա ուրիշ մի նվեր, որը տրված լինի ավելի հեղինակավոր անձնավորության կողմից և ավելի մեծ սիրուց մղված, քան Հիսուսի զոհը։ Ոչ ոք երբևիցե այնքան մեծ զոհողություն չի արել մեզ համար, որքան Եհովա Աստված։ Ուրիշ ոչ մի նվերի կարիք այնքան շատ չենք ունեցել, որքան փրկանքի, քանի որ այն կարող է ազատել մեզ մեղքից ու մահից։ Այո՛, ոչ մի նվեր չի կարող համեմատվել մեծագույն նվերի՝ փրկանքի հետ։
^ պարբ. 19 Մահացածներին հարություն տալու հետ կապված Աստծու նպատակի մասին ավելի շատ տեղեկություններ կարող եք գտնել «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 7-րդ գլխում։ Գիրքը հրատարակվել է Եհովայի վկաների կողմից և առկա է www.pr418.com/hy կայքում։