Ապագան կանխագուշակելու փորձեր
Երբևէ մտածե՞լ եք՝ ինչ է խոստանում ապագան ձեզ ու ձեր ընտանիքին։ Հարստություն ու սե՞ր, թե՞ անհաջողություններ ու միայնություն։ Արդյոք կունենաք երկար տարիների կյա՞նք, թե՞ վաղաժամ կհեռանաք կյանքից։ Մարդկանց միշտ հետաքրքրել են այս հարցերը։
Այսօր մասնագետներն ուսումնասիրում են համաշխարհային տենդենցները և ապագայի վերաբերյալ կանխատեսումներ են անում։ Թեև այդ կանխատեսումներից շատերն իրականություն են դարձել, բայց մի քանիսն էլ ձախողվել են, որոշ դեպքերում՝ նույնիսկ խայտառակ ձևով։ Օրինակ՝ 1912 թ.-ին Գուլիելմո Մարկոնին՝ անթել հեռագրի գյուտի հեղինակը, հետևյալը կանխատեսեց. «Գալիք անթել հաղորդագրության դարաշրջանում պատերազմներ այլևս չեն լինի»։ Իսկ «Դեկա Ռեկորդս» ընկերության ղեկավարներից մեկը, ով 1962 թ.-ին հրաժարվեց համագործակցել Բիթլզ խմբի հետ, համոզված էր, որ կիթառ նվագող խմբերն արդեն իրենց դարն ապրել են։
Շատ մարդիկ ապագան իմանալու համար դիմում են տարբեր արտասովոր մեթոդների։ Օրինակ՝ ոմանք դիմում են աստղագուշակների։ Հորոսկոպն այսօր դարձել է շատ ամսագրերի ու թերթերի անբաժանելի մասը։ Ուրիշներն էլ գնում են բախտագուշակների կամ ոգեհարցների մոտ, որոնք ասում են, թե կարողանում են «տեսնել» ապագան տարո քարտերի, թվերի կամ ձեռնագուշակության միջոցով։
Հին աշխարհում ապագան իմանալու համար որոշ մարդիկ դիմում էին պատգամախոսների. դրանք քրմեր կամ քրմուհիներ էին, որոնք պնդում էին, թե իրենք տեղեկություններ են փոխանցում այն աստծուց, ում իբրև թե ներկայացնում էին։ Այդպիսի մի օրինակ գտնում ենք մի հին լեգենդում. Լիդիայի թագավոր Կրեսոսը շատ թանկ նվերներ է ուղարկում Հունաստանի Դելփիք քաղաքի պատգամախոսին՝ խնդրելով, որ նա հայտնի իրեն, թե ինչ կլինի, եթե ինքը պատերազմի դուրս գա պարսից արքա Կյուրոսի դեմ։ Գուշակն ասում է, որ Կրեսոսը «մի մեծ կայսրություն» կկործանի, եթե պատերազմի Կյուրոսի դեմ։ Համոզված լինելով սեփական հաղթանակի մեջ՝ Կրեսոսը գնում է այդ քայլին, բայց արդյունքում ի՛ր մեծ կայսրությունն է կործանվում։
Պատգամախոսի կանխատեսումը ոչ մի արժեք չուներ, քանի որ անորոշ ու երկիմաստ էր. նրա ասածը կարող էր ճիշտ համարվել ցանկացած կողմի հաղթանակի դեպքում։ Կրեսոսը շատ թանկ վճարեց՝ հավատալով այդ սխալ տեղեկությանը։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր օրերում տարածում գտած գուշակության մեթոդների մասին։ Արդյոք դրանց դիմողները զե՞րծ են մնում հիասթափություններից։