Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Խոստումներ, որ կիրականանան

Խոստումներ, որ կիրականանան

Ինչպես որ Հիսուսը մարգարեացել էր, Աստծու Թագավորության մասին բարի լուրը այսօր քարոզվում է ամբողջ երկրագնդով մեկ (Մատթեոս 24։14)։ Աստվածաշնչի «Դանիել» գրքում ասվում է, որ այդ Թագավորությունը Աստծու կողմից հաստատված մի կառավարություն է։ Այդ գրքի 2-րդ գլխում կա մի մարգարեություն, որում նկարագրվում է, թե ինչպես են իրար հաջորդում մի քանի մարդկային աշխարհակալ կառավարություններ, կամ՝ թագավորություններ՝ սկսած հին Բաբելոնից մինչև մեր օրերը։ 44-րդ համարում ասվում է, թե ինչ է լինելու հետո։

«Երկնքի Աստվածը մի թագավորություն է հաստատելու, որը երբեք չի ավերվելու։ Այդ թագավորությունը ուրիշ ժողովրդի չի տրվելու։ Այն փշրելու է և վերջ է դնելու այս բոլոր թագավորություններին, իսկ ինքը մնալու է հավիտյան»։

Այս և աստվածաշնչյան այլ մարգարեություններ կանխագուշակում են, որ Աստծու Թագավորությունը փոխարինելու է մարդկային բոլոր կառավարություններին և երկրի վրա հաստատելու է կարգուկանոն և ապահովություն։ Ինչպիսի՞ն կլինի մարդկանց կյանքը այդ Թագավորության իշխանության ներքո։ Ահա մի քանի հրաշալի խոստումներ, որոնք շուտով իրականանալու են։

  • ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ

    Սաղմոս 46։9. «[Աստված] դադարեցնում է պատերազմները մինչև երկրի ծայրերը. փշրում է աղեղը և կոտրատում նիզակը, կառքերը այրում է կրակով»։

    Միայն պատկերացրեք, թե ինչպիսին կլիներ աշխարհը, եթե այն ողջ միջոցներն ու գիտելիքները, որ այսօր օգտագործվում են զենքեր ստեղծելու համար, ներդրվեին այնպիսի ոլորտներում, որոնք օգուտ կբերեին մարդկանց, ոչ թե կոչնչացնեին։ Աստծու Թագավորության ներքո վերոհիշյալ խոստումը իրականություն կդառնա։

  • ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ

    Եսայիա 33։24. «Ոչ մի բնակիչ չի ասի. «Ես հիվանդ եմ»»։

    Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ ոչ ոք չի տառապի սրտի հիվանդությունների, քաղցկեղի, մալարիայի կամ որևէ այլ հիվանդության պատճառով։ Հիվանդանոցների ու դեղերի կարիք այլևս չի լինի։ Ապագայում մարդիկ կատարյալ առողջություն կվայելեն։

  • ՍՆՆԴԻ ՊԱԿԱՍ ՉԻ ԼԻՆԻ

    Սաղմոս 72։16. «Ցորենի առատություն կլինի երկրի վրա, նույնիսկ սարերի գլուխների վրա»։

    Երկիրը առատ բերք կտա, և բոլորը բավականաչափ սնունդ կունենան։ Այլևս ոչ ոք չի տառապի սովից կամ թերսնումից։

  • ՑԱՎ, ՏԱՌԱՊԱՆՔ ՈՒ ՄԱՀ ԱՅԼԵՎՍ ՉԵՆ ԼԻՆԻ

    Հայտնություն 21։4. «[Աստված] կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի։ Նախկին բաները անցան»։

    Մարդիկ կլինեն կատարյալ և անվերջ կապրեն դրախտային երկրի վրա։ Մեր սիրառատ Ստեղծիչը՝ Եհովա Աստված, հենց դա է խոստացել մեզ։

«ԱՍՏՎԱԾ, ՈՐԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՍՏԵԼ»

Գուցե այս ամենը լոկ երազանք թվա ձեզ։ Թեև շատերը կցանկանային ապրել Աստվածաշնչում խոստացված կյանքով, բայց ինչ-ինչ պատճառներով նրանց համար դժվար է ընդունել հավիտյան ապրելու գաղափարը։ Եվ դա բնական է, քանի որ ոչ մի մարդ երբևիցե հավիտյան չի ապրել։

Մարդկությունը մեղքի ու մահվան ստրկության մեջ է, և այնքան երկար ժամանակ է, ինչ մարդիկ ապրում են ցավով, տառապանքով ու դժբախտություններով լի կյանքով, որ շատերը սկսել են բնական համարել այդպիսի կյանքը։ Բայց սա բոլորովին այն չէ, ինչ մեր Ստեղծիչը՝ Եհովա Աստված, նախատեսել էր մարդկության համար։

Որպեսզի վստահ լինենք, որ Աստծու բոլոր խոստումները կիրականանան, նա իր ասած խոսքի վերաբերյալ հետևյալ հավաստիացումն է տվել. «Այն անարդյունք չի վերադառնա ինձ մոտ, այլ կկատարի այն, ինչ կամենում եմ, և կիրագործի այն, ինչի համար ուղարկել եմ նրան» (Եսայիա 55։11

Աստվածաշնչում Եհովան նկարագրվում է որպես «Աստված, որը չի կարող ստել» (Տիտոս 1։2)։ Քանի որ նա ապագայի վերաբերյալ հրաշալի խոստումներ է տվել, տրամաբանական է, որ մեզ կհետաքրքրեն հետևյալ հարցերը։ Իսկապե՞ս հնարավոր է, որ մարդիկ հավիտյան ապրեն խոստացված դրախտային երկրում։ Ի՞նչ պետք է անենք, որ տեսնենք Աստծու տված խոստումների իրականացումը։ Հաջորդ էջերում կգտնեք այս հարցերի պատասխանները։