Աստղագուշակություն և բախտագուշակություն
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆ
Աստղագուշակությունը գուշակության մի ձև է, որը հիմնված է այն համոզմունքի վրա, թե աստղերը, լուսինը և մոլորակները շատ մեծ ազդեցություն ունեն մարդկանց կյանքի վրա։ Աստղագուշակները պնդում են, թե անհատի ծնվելու ժամանակ երկնային մարմինների դիրքով է պայմանավորված, թե նա ինչպիսի անձնավորություն կլինի և ինչպիսի ապագա կունենա։
Թեև աստղագուշակությունը ծագել է դեռևս դարեր առաջ՝ Հին Բաբելոնում, բայց այն մինչ օրս էլ մեծ ժողովրդականություն է վայելում։ 2012 թ.-ին Միացյալ Նահանգներում անցկացված մի հարցման ժամանակ հարցվողների մեկ երրորդն ասաց, որ աստղագուշակությունը «որոշ չափով գիտական հիմքեր ունի», իսկ տասը տոկոսը համարում էր, որ այն «գրեթե ամբողջությամբ հիմնված է գիտական փաստերի վրա»։ Արդյոք այս տեսակետները ճի՞շտ են։ Կարող ենք հստակ ասել՝ ո՛չ։ Ահա մի քանի պատճառներ։
-
Մոլորակներն ու աստղերը ոչ մի արտասովոր ազդեցություն չունեն մարդկանց կյանքի վրա, թեև աստղագուշակները հակառակն են պնդում։
-
Հաճախ կանխատեսումներն այնքան վերացական ու ընդհանրական են լինում, որ կարող են համապատասխանել ցանկացած մարդու։
-
Աստղագուշակների հաշվարկման մեթոդները հիմնված են հնում տարածված այն համոզմունքի վրա, թե մոլորակները պտտվում են երկրագնդի շուրջը։ Իրականում, սակայն, մոլորակները Արեգակի շուրջն են պտտվում։
-
Նույն անձնավորության վերաբերյալ տարբեր աստղագուշակների կատարած կանխատեսումները չեն համապատասխանում մեկը մյուսին։
-
Աստղագուշակության մեջ ընդունված է մարդկանց դասակարգել ըստ 12 կատեգորիաների՝ կենդանակերպի նշանների՝ կախված իրենց ծննդյան ամսաթվից։ Քանի որ դարերի ընթացքում համաստեղությունների նկատմամբ Երկրի դիրքը փոխվել է, կենդանակերպի նշանների ամսաթվերը այլևս չեն համապատասխանում այն ժամանակին, երբ Արեգակն անցնում է համանուն համաստեղություններով։
Համարվում է, որ կենդանակերպի նշանները կարող են հուշել, թե ինչպիսին է տվյալ նշանի տակ ծնված մարդու բնավորությունը։ Իրականում, սակայն, միևնույն օրը ծնված մարդիկ չունեն բնավորության միևնույն գծերը։ Մարդու ծննդյան ամսաթիվը ոչ մի տեղեկություն էլ չի հայտնում այն մասին, թե ինչպիսի անձնավորություն է նա։ Փոխանակ ձգտելու տեսնել՝ ինչպիսին են մարդիկ իրականում՝ աստղագուշակները նրանց վարքի և բնավորության մասին դատողություններ են անում՝ հիմնվելով մի շարք ենթադրությունների վրա։ Մի՞թե դա կանխատրամադրվածության դրսևորում չէ։
ԲԱԽՏԱԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆ
Հնուց ի վեր մարդիկ դիմել են բախտագուշակների։ Այդ գործով զբաղվողները գուշակություններ են արել տարբեր բաների, օրինակ՝ մարդկանց և կենդանիների ներքին օրգանների միջոցով, կամ նայելով, թե ինչպես է աքաղաղը կտցում իր կերը։ Գուշակության ձևեր են նաև թեյի տերևներով կամ սուրճի նստվածքով ապագան կանխատեսելը։ Ներկայումս սկսել են լայնորեն օգտագործվել տարո քարտեր, բյուրեղյա գունդ, զառեր և բազում այլ միջոցներ։ Բայց արդյո՞ք բախտագուշակությունը ապագան կանխատեսելու հուսալի միջոց է։ Ո՛չ։ Տեսնենք, թե ինչու։
Նկատի առնենք համապատասխանության հարցը։ Տարբեր միջոցներով արված գուշակությունները հաճախ հակասում են մեկը մյուսին։ Անգամ երբ նույն միջոցն է օգտագործվում, կանխատեսումները, միևնույնն է, տարբեր են լինում։ Օրինակ՝ եթե մարդը նույն քարտերով գուշակություն անող երկու տարբեր բախտագուշակների նույն հարցը տա, տրամաբանական է ակնկալել, որ պատասխանը պետք է նույնը լինի։ Բայց հաճախ այդպես չի լինում։
Բացի այդ, կասկածի տեղիք են տալիս բախտագուշակների կիրառած մեթոդներն ու նրանց մղումները։ Քննադատներն ասում են, որ քարտերը կամ բյուրեղյա գնդերը ոչ մի նշանակություն էլ չունեն, այլ պարզապես տպավորություն գործելու համար են։ Բախտագուշակները ավելի շուտ մարդու արձագանքների հիման վրա են եզրակացություններ անում, ոչ թե այդ իրերի։ Հմուտ բախտագուշակը սովորաբար մի քանի ընդհանուր հարց է տալիս, ապա ուշադիր հետևում հաճախորդի խոսքերին և ոչ խոսքային նշաններին, որոնք կարող են ինչ-որ բան հայտնել նրա մասին։ Այնուհետև նա այնպիսի տպավորություն է ստեղծում, թե ինքը տեղյակ էր այն փաստերին ու իրավիճակներին, որոնց մասին քիչ առաջ հաճախորդն էր ակամայից հայտնել։ Հաճախորդների վստահությունը շահելով՝ որոշ բախտագուշակներ մեծ գումարներ են կորզել նրանցից։
ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ
Աստղագուշակությունը և բախտագուշակությունը ենթադրում են, որ մեր ապագան կանխորոշված է։ Բայց արդյոք դա ճի՞շտ է։ Աստվածաշունչն ասում է, որ մենք ունակ ենք ինքնուրույն որոշելու ինչին հավատալ և ինչ անել, և որ մեր որոշումները ազդում են մեր ապագայի վրա (Հեսու 24։15)։
Աստծուն երկրպագողները ավելի լուրջ պատճառ ունեն մերժելու աստղագուշակությունն ու բախտագուշակությունը. բանն այն է, որ Աստված դատապարտում է գուշակության բոլոր ձևերը։ Աստվածաշնչում կարդում ենք. «Ձեր մեջ չպետք է լինի.... գուշակություն անող, մոգությամբ զբաղվող, նախանշաններ մեկնող, կախարդ, ուրիշներին հմայող, ոգեհարցի կամ գուշակի հետ խորհրդակցող կամ էլ մեռելներին հարցուփորձ անող, որովհետև բոլոր նրանք, ովքեր անում են այս բաները, գարշելի են Եհովայի համար» a (2 Օրենք 18։10–12)։
a «Բարձրյալի» անունը (Սաղմոս 83։18)։