Երբ աղետ է լինում
ԵԹԵ երբևէ դուք էլ եք տուժել աղետից, թերևս կհասկանաք, թե ինչ զգացումներ են ունենում աղետից վերապրած մարդիկ. հոգեկան ցնցում, իրականության մերժում, շփոթմունք, տագնապ և մղձավանջներ։ Շատերն այնքան վհատված և հյուծված են լինում, որ ապրելու ոչ մի ցանկություն չեն ունենում։
Եթե ձեր կյանքը խաթարվել է աղետի պատճառով, ապա գուցե դուք էլ եք զգում, որ այլևս չեք կարող դիմանալ։ Հնարավոր է՝ անգամ մտածում եք, որ այլևս անիմաստ է ապրել։ Սակայն Աստվածաշունչը օգնում է հասկանալ, որ արժե ապրել, և որ դուք կարող եք հիանալի ապագայի հիմնավոր հույս ունենալ։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՄՈՒՐ ՀՈՒՅՍ Է ՏԱԼԻՍ
Ժողովող 7։8-ում ասվում է. «Գործի վերջը ավելի լավ է, քան սկիզբը»։ Երբ նոր-նոր եք սկսում ուշքի գալ աղետից հետո, կյանքը մռայլ ու անհույս է թվում։ Բայց եթե համբերատարությամբ ջանք թափեք ձեր կյանքի բնականոն ընթացքը վերականգնելու համար, շուտով ամեն բան իր հունի մեջ կընկնի։
Աստվածաշունչը խոստանում է, որ կգա ժամանակ, երբ այլևս «լացի ձայն և սրտաճմլիկ աղաղակ չի լսվի» (Եսայիա 65։19)։ Այս խոստումը կիրականանա, երբ Աստծու Թագավորության իշխանության ներքո երկիրը դրախտ դառնա (Սաղմոս 37։11, 29)։ Աղետներն անցյալի գիրկը կանցնեն։ Բոլոր ցավագին հիշողությունները, ծանր տևական տրավմաները ընդմիշտ կվերանան, քանի որ Ամենակարող Աստված խոստանում է. «Նախկին բաները չեն հիշվի և ոչ էլ սրտում կմնան» (Եսայիա 65։17)։
Միայն պատկերացրեք. մեր Ստեղծիչը նպատակադրել է մեզ տալ հիանալի «ապագա և հույս», խաղաղ կյանք իր Թագավորության իշխանության ներքո (Երեմիա 29։11)։ Այս ճշմարտությունն իմանալը կարո՞ղ է օգնել, որ վերագտնեք ապրելու ցանկությունը։ Սալին, ում խոսքերը մեջբերվեցին առաջին հոդվածում, ասում է. «Երբ ինքդ քեզ հիշեցնում ես, թե ապագայում ինչ հիանալի բաներ է անելու Աստծու Թագավորությունը, դա օգնում է հետևում թողնել անցյալը և հաղթահարել ներկայիս դժվարությունները»։
Դուք կարող եք ավելին իմանալ այն մասին, թե Աստծու Թագավորությունը շուտով ինչ է անելու մարդկության համար։ Եթե այդպես վարվեք, կհամոզվեք, որ չնայած աղետի պատճառած դժվարություններին՝ դուք կարող եք իմաստալից կյանքով ապրել՝ անձկագին սպասելով այն ժամանակին, երբ աղետներ այլևս չեն լինի։ Աստվածաշունչը նաև գործնական խորհուրդներ է տալիս, որոնք կարող են օգնել ձեզ հաղթահարելու աղետի բերած դժվարությունները։ Տեսնենք դրանցից մի քանիսը։