Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչո՞ւ ենք ծերանում ու մահանում

Ինչո՞ւ ենք ծերանում ու մահանում

ԱՍՏԾՈՒ նպատակը չէր, որ մարդիկ մահանային։ Մեր նախածնողները՝ Ադամն ու Եվան, ստեղծվել էին կատարյալ մտքով ու մարմնով, նրանք կարող էին կենդանի լինել մինչ օրս։ Այդպես կարելի է եզրակացնել այն խոսքերից, որ Աստված ասել էր Ադամին Եդեմի պարտեզում աճող մի ծառի վերաբերյալ։

Աստված ասել էր Ադամին. «Այն օրը, երբ [այդ ծառից] ուտես, անշուշտ, պիտի մեռնես» (Ծննդոց 2։17)։ Այդ նախազգուշացումն իմաստ չէր ունենա, եթե Ադամը այսպես թե այնպես ծերանալու էր ու մահանար։ Ադամը գիտեր, որ եթե այդ ծառի պտղից չուտեր, չէր մահանա։

ԱՍՏԾՈՒ ՆՊԱՏԱԿԸ ՉԷՐ, ՈՐ ՄԱՐԴԻԿ ՄԱՀԱՆԱՅԻՆ

Այնպես չէր, որ Ադամն ու Եվան բացի այդ ծառի պտղից ուրիշ ուտելու բան չունեին։ Պարտեզում բազմաթիվ պտղատու ծառեր կային, որոնցից նրանք կարող էին օգտվել (Ծննդոց 2։9)։ Չուտելով այդ ծառի պտղից՝ Ադամն ու Եվան հնազանդություն կդրսևորեին այն Անձնավորության հանդեպ, ով իրենց կյանք էր տվել։ Նաև այդպես ցույց կտային, որ ընդունում են, որ Աստված իրավունք ունի ուղղություն տալու իրենց։

ԻՆՉՈՒ ԱԴԱՄՆ ՈՒ ԵՎԱՆ ՄԱՀԱՑԱՆ

Հասկանալու համար, թե Ադամն ու Եվան ինչու մահացան, նկատի առնենք մի զրույց, որը վերջին հաշվով ազդեցություն թողեց բոլորիս վրա։ Բանսարկու Սատանան չարամիտ ծրագիր իրականացրեց՝ դրա համար օգտագործելով մի օձի։ Աստվածաշնչում կարդում ենք. «Օձը ամենազգույշն էր դաշտի բոլոր գազաններից, որ Եհովա Աստված ստեղծել էր։ Նա խոսեց կնոջ հետ ու ասաց. «Իսկապե՞ս Աստված ասաց, որ պարտեզի ոչ մի ծառից չպետք է ուտեք»» (Ծննդոց 3։1

Եվան պատասխանեց. «Պարտեզի ծառերի պտղից կարող ենք ուտել։ Բայց պարտեզի մեջտեղի ծառի պտղի համար Աստված ասաց. «Դրանից չուտեք և դրան չդիպչեք, որ չմեռնեք»»։ Այդ ժամանակ օձը նրան նենգաբար մի սուտ ասաց. «Դուք, անշուշտ, չեք մեռնի, քանի որ Աստված գիտի, որ հենց այն օրը, երբ ուտեք դրանից, ձեր աչքերը կբացվեն, և դուք Աստծու պես կլինեք՝ բարին ու չարը իմացող»։ Փաստորեն, Սատանան այնպիսի միտք ներշնչեց, թե Եհովան ստախոս է և մեր նախածնողներից մի լավ բան է թաքցնում (Ծննդոց 3։2–5

Եվան հավատաց իր լսածին։ Նա նայեց ծառին։ Նրա աչքին այն անչափ դուրեկան ու ցանկալի թվաց։ Նա ձեռքը մեկնեց, քաղեց պտուղը ու կերավ այն։ Աստվածաշնչում ասվում է. «Իսկ հետո, երբ ամուսինն իր հետ էր, նրան էլ տվեց պտղից, և նա կերավ» (Ծննդոց 3։6

Աստված ասաց Ադամին. «Այն օրը, երբ դրանից ուտես, անշուշտ, պիտի մեռնես» (ԾՆՆԴՈՑ 2։17)

Որքան խոր ցավ զգաց Եհովա Աստված՝ տեսնելով, որ իր սիրելի զավակները գիտակցաբար չհնազանդվեցին իրեն։ Ի՞նչ արեց նա։ Նա Ադամին ասաց. «Հետ դառնաս դեպի հողը, քանի որ այնտեղից վերցվեցիր, որովհետև հողի փոշի ես և դեպի հողը պիտի դառնաս» (Ծննդոց 3։17–19)։ Այդպես էլ եղավ, «Ադամն ապրեց ինը հարյուր երեսուն տարի և մահացավ» (Ծննդոց 5։5)։ Ադամը չգնաց երկինք կամ չփոխադրվեց ինչ-որ ոգեղեն ոլորտ։ Նախքան Աստված նրան կստեղծեր հողի փոշուց, նա գոյություն չուներ։ Հետևաբար, երբ նա մահացավ, դադարեց գոյություն ունենալուց, կրկին դարձավ անկենդան հող։

ԻՆՉՈՒ ԿԱՏԱՐՅԱԼ ՉԵՆՔ

Գիտակցաբար չհնազանդվելով Աստծուն՝ Ադամն ու Եվան կորցրին իրենց կատարելությունն ու հավիտյան ապրելու հեռանկարը։ Նրանց մարմինը ենթարկվեց ֆիզիկական փոփոխությունների, նրանք դարձան անկատար ու մեղավոր։ Սակայն միայն նրանք չէ, որ կրեցին իրենց գործած մեղքի՝ անհնազանդության հետևանքները։ Նրանց բոլոր սերունդները ծնվեցին մեղավոր ու անկատար։ Հռոմեացիներ 5։12-ում գրված է. «Մեկ մարդու [Ադամի] միջոցով մեղքը մտավ աշխարհ, և մեղքով էլ մահը, և այդպիսով մահը տարածվեց բոլոր մարդկանց վրա, որովհետև բոլորն էլ մեղք գործեցին»։

Աստվածաշնչում մեղքն ու մահը նկարագրվում են որպես «ծածկոց, որը ծածկում է բոլոր ժողովուրդներին, նաև պաստառ, որը բոլոր ազգերի վրա է» (Եսայիա 25։7)։ Թունավոր մշուշի պես այդ ծածկոցը պարուրել է մարդկությանը, և դրանից ոչ ոք չի կարողանում դուրս գալ։ Իսկապես որ, «Ադամով բոլորը մահանում են» (1 Կորնթացիներ 15։22)։ Ուստի հարց է առաջանում, հարց, որը տվեց նաև Պողոս առաքյալը. «Ո՞վ կազատի ինձ մահվան ենթակա այս մարմնից» (Հռոմեացիներ 7։24)։ Դա իսկապես հնարավո՞ր է։