Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Մահվան դառը իրողությունը

Մահվան դառը իրողությունը

ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ մի հայտնի անձնավորության, օրինակ, քո սիրած հռչակավոր երաժշտի մասին տեսանյութ ես դիտում։ Պատմությունը սկսվում է նրա մանկության դրվագներով, երաժշտության դասընթացներով ու անխոնջ պարապմունքներով։ Հետո տեսնում ես, թե նա ինչպես է համերգներ տալիս, ճամփորդում հեռավոր վայրեր և դառնում աշխարհահռչակ։ Բայց ահա հաջորդում են նրա ալևորության տարիների դրվագները, և շուտով տեսանյութն ավարտվում է՝ նա մահանում է։

Սա անիրական պատմություն չէ, այլ թռուցիկ ակնարկ մի մարդու ապրած կյանքին, ով արդեն չկա։ Անկախ նրանից, թե ով է այդ անձնավորությունը՝ երաժիշտ, գիտնական, մարզիկ, թե ուրիշ հայտնի մարդ, պատմությունն ընդհանուր առմամբ նույնն է լինում։ Այդ անհատը գուցե շատ բաների է հասել, բայց որքան ավելին նա կարող էր անել, եթե չլիներ ծերության ու մահվան դառը իրողությունը։

Ցավալի է, բայց բոլորիս նույն վախճանն է սպասում (Ժողովող 9։5)։ Որքան էլ ջանք թափենք, չենք կարող խուսափել ծերությունից ու մահից։ Էլ չենք խոսում այն մասին, որ մեր կյանքը կարող է անսպասելիորեն ընդհատվել դժբախտ պատահարի կամ ծանր հիվանդության պատճառով։ Ինչպես Աստվածաշունչն է նկարագրում, մենք նման ենք առավոտյան մշուշի, «որը մի կարճ ժամանակով հայտնվում է, ապա անհետանում» (Հակոբոս 4։14

Ոմանց համար կյանքն այնքան անորոշ ու անիմաստ է, որ նրանք ապրում են հետևյալ կարգախոսով՝ «եկեք ուտենք ու խմենք, որովհետև վաղը մեռնելու ենք» (1 Կորնթացիներ 15։32)։ Բայց մի՞թե այդպիսի ապրելակերպը, ըստ էության, չի խոսում այն մասին, որ մարդը պարզապես համակերպվել է մահվան դառը իրողության հետ։ Վաղ թե ուշ մարդու կյանքում գալիս է մի պահ, հատկապես երբ ծանր դժվարության միջով է անցնում, որ նա ակամայից մտածում է. «Մի՞թե սա է ամբողջ կյանքը»։ Որտե՞ղ կարելի է գտնել այս հարցի պատասխանը։

Շատերը կարծում են, որ այդ հարցին կարող է պատասխանել գիտությունը։ Գիտության և բժշկության նվաճումների շնորհիվ կյանքի տևողությունը որոշ չափով երկարել է։ Եվ որոշ գիտնականներ փորձում են էլ ավելի երկարացնել մարդու կյանքը։ Սակայն, անկախ այն բանից, թե ինչ արդյունքներ կբերեն նրանց ջանքերը, որոշ հարցեր են առաջանում։ Ինչո՞ւ ենք ծերանում ու մահանում։ Հնարավո՞ր է հաղթել մեր անգութ թշնամուն՝ մահին։ Հաջորդ հոդվածներում կխոսվի այդ մասին, նաև կտրվի հետևյալ հարցի պատասխանը՝ «Մի՞թե սա է ամբողջ կյանքը»։