Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ստեղծված ենք հավիտյան ապրելու համար

Ստեղծված ենք հավիտյան ապրելու համար

ՄԵԶԱՆԻՑ ո՞վ չի ուզում ապրել երկար ու երջանիկ։ Եվ իսկապես, ի՜նչ հիանալի կլիներ, եթե կյանքը վերջ չունենար, ու բոլորս ունենայինք լավ առողջություն ու հարատև երջանկություն։ Կկարողանայինք ավելի շատ ժամանակ անցկացնել մեր սիրելիների հետ, ճանապարհորդել աշխարհով մեկ, ձեռք բերել նորանոր հմտություններ, զարգացնել մեր մտային ունակությունները և խորությամբ ուսումնասիրել մեզ հետաքրքրող ամեն բան, ինչքան մեր սիրտը ուզեր։

Այս ցանկությունն անբնակա՞ն է։ Ամենևի՛ն։ Աստվածաշունչն ասում է, որ Աստված է այդ ցանկությունը դրել մեր սրտում (Ժողովող 3։11)։ Այնտեղ նաև ասվում է, որ «Աստված սեր է» (1 Հովհաննես 4։8)։ Մի՞թե տրամաբանական է, որ սիրառատ Աստված մեզ ստեղծեր հավիտյան ապրելու ցանկությամբ, եթե դա անհնարին էր լինելու։

Անկասկած, մահը ոչ ոքի համար էլ ցանկալի հյուր չէ։ Ավելին, Աստվածաշունչը նրան անվանում է «թշնամի» (1 Կորնթացիներ 15։26)։ Ոմանց նա շուտ է այցի գալիս, ոմանց՝ ավելի ուշ, բայց անպայման գալիս է։ Շատերի համար դրա մասին մտածելն անգամ տհաճ է, նույնիսկ սահմռկեցուցիչ։ Այս թշնամին երբևէ կկործանվի՞։ Դա իսկապես հնարավո՞ր է։

ՀԱՎԻՏՅԱՆ ԱՊՐԵԼՈՒ ՀՈՒՅՍԸ ՀԻՄՆԱՎՈՐ Է

Գուցե զարմանաք, եթե իմանաք, որ Աստծու նպատակի մեջ երբեք չի եղել այն, որ մարդիկ մահանան։ Ինչպես հստակ ցույց է տալիս Աստվածաշնչի «Ծննդոց» գիրքը, նրա նպատակն էր, որ մարդիկ հավիտյան ապրեին երկրի վրա։ Եհովա Աստված ամենայն հոգատարությամբ երկիրը պատրաստել էր մարդկանց բնակության համար։ Հետո նա ստեղծեց առաջին մարդուն՝ Ադամին, և նրան որպես տուն տվեց Եդեմի պարտեզը՝ չքնաղ մի դրախտ։ Այնուհետև «Աստված նայեց իր ստեղծած բոլոր բաներին ու տեսավ, որ այդ ամենը շատ լավ է» (Ծննդոց 1։26, 31

Ադամը կատարյալ էր ստեղծված, Աստծու պատկերով (2 Օրենք 32։4)։ Ադամի կինը՝ Եվան, նույնպես անթերի էր ամեն առումով, ուներ կատարյալ միտք ու մարմին։ Եհովան ասաց նրանց. «Բազմացեք, շատացեք, լցրեք երկիրը և տիրեք նրան ու իշխեք ծովի ձկների, երկնքի թռչունների և երկրի բոլոր կենդանի արարածների վրա» (Ծննդոց 1։28

Երկիրն իրենց սերունդներով լցնելու համար նրանց ժամանակ էր հարկավոր։ Եվան երեխաներ կունենար, որոնք էլ իրենց հերթին կունենային երեխաներ և այդպես, մինչև ողջ երկիրը ամբողջությամբ բնակեցվեր մարդկանցով, ինչպես նպատակադրել էր Աստված (Եսայիա 45։18)։ Տրամաբանակա՞ն է մտածել, որ Եհովան Ադամին ու Եվային այդպիսի հանձնարարություն կտար, եթե նրանք ապրելու էին միայն այնքան, որ հասցնեին տեսնել իրենց երեխաներին, գուցե մեկ էլ իրենց թոռներին, բայց այդպես էլ չէին տեսնելու վերջնական արդյունքը։

Բացի այդ, մտածենք կենդանիների վրա իշխելու հանձնարարության մասին։ Ադամը նաև պետք է կենդանիներին անուններ տար, ինչը բավականին ժամանակ էր պահանջելու (Ծննդոց 2։19)։ Իսկ նրանց վրա իշխելու համար շատ ավելի երկար ժամանակ էր հարկավոր, քանի որ Ադամը պետք է ուսումնասիրեր նրանց և հասկանար՝ ինչպես պետք է հոգ տանի նրանց մասին։

Այսպիսով երկիրը լցնելու և կենդանիների վրա իշխելու վերաբերյալ Աստծու տված պատվերները ցույց են տալիս, որ առաջին մարդկային զույգը ստեղծված էր հավիտյան ապրելու համար։ Իրականում Ադամը բավականին երկար ապրեց։

ԱՍՏԾՈՒ ՆՊԱՏԱԿՆ Է, ՈՐ ՄԱՐԴԻԿ ՀԱՎԻՏՅԱՆ ԱՊՐԵՆ ԴՐԱԽՏ ԵՐԿՐՈՒՄ

ՆՐԱՆՔ ԵՐԿԱՐ ԱՊՐԵՑԻՆ

Ադամ՝ 930 տարի

Մաթուսաղա՝ 969 տարի

Նոյ՝ 950 տարի

ներկայիս մարդիկ՝ 70–80 տարի

Աստվածաշունչը ցույց է տալիս, որ մի ժամանակ մարդիկ ավելի երկար էին ապրում, քան մենք՝ այսօր։ Այնտեղ ասվում է. «Ադամն ապրեց ինը հարյուր երեսուն տարի»։ Այնուհետև շարունակության մեջ հիշատակվում են վեց այլ մարդկանց անուններ, ովքեր ապրել են 900 տարուց ավելի։ Դրանք են՝ Սեթը, Ենոսը, Կենանը, Հարեդը, Մաթուսաղան և Նոյը։ Առաջին հինգը ապրել են Նոյի օրերի ջրհեղեղից առաջ, իսկ Նոյը նախքան ջրհեղեղի սկսվելը արդեն 600 տարեկան էր (Ծննդոց 5։5–27; 7։6; 9։29)։ Ինչպե՞ս է, որ նրանք այդքան երկար են ապրել։

Այս բոլոր մարդիկ ապրել են մի ժամանակաշրջանում, երբ մարդկությունը դեռ մոտ էր Ադամի ու Եվայի կորցրած կատարելությանը։ Ըստ ամենայնի, դա էր նրանց երկարակեցությանը նպաստող գլխավոր գործոնը։ Բայց երկարակեցությունն ինչպե՞ս է կապված կատարելության հետ։ Իսկ մահն ինչպե՞ս կվերանա։ Այս հարցերի պատասխանները գտնելու համար նախ պետք է հասկանանք՝ ինչու ենք ծերանում ու մահանում։