Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աստծու պատվիրանները պահելը իսկական երջանկության գրավականն է

Աստված օրհնում է իրեն հնազանդվողներին

Աստված օրհնում է իրեն հնազանդվողներին

Մովսես մարգարեն ասել է, որ եթե պահենք Աստծու պատվիրանները, կօրհնվենք (2 Օրենք 10։13; 11։27)։ Մենք պատժվելու վախից չէ, որ հնազանդվում ենք Աստծուն։ Նրա հիանալի հատկությունները գնահատելն է մղում մեզ լսել նրան։ Մենք սիրում ենք Աստծուն և չենք ուզում անել մի բան, ինչը ցավ կպատճառի մեր Արարչին։ «Սա է Աստծու հանդեպ սերը, որ մենք պահենք նրա պատվիրանները» (1 Հովհաննես 5։3

Բայց Աստծուն հնազանդվելն ինչպե՞ս է օրհնություններ բերում մեզ։

1. ԱՍՏԾՈՒՆ ՀՆԱԶԱՆԴՎԵԼԸ ԻՄԱՍՏՈՒՆ Է ԴԱՐՁՆՈՒՄ ՄԱՐԴՈՒՆ

«Ես՝ Եհովաս, քո Աստվածն եմ, Նա, ով օգտակար բաներ է սովորեցնում քեզ, տանում է այն ճանապարհով, որով դու պիտի գնաս» (ԵՍԱՅԻԱ 48։17)

Եհովա Աստված՝ մեր Արարիչը, շատ լավ է ճանաչում մեզ և գիտի, թե ինչ խորհուրդների և առաջնորդության կարիք ունենք։ Եթե ուզում ենք, որ Աստված օգնի մեզ կյանքում իմաստուն որոշումներ կայացնել, պետք է նրա Խոսքում փնտրենք այդ խորհուրդները և ձգտենք դրանց համաձայն ապրել։

2. ԱՍՏԾՈՒՆ ՀՆԱԶԱՆԴՎԵԼԸ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԼԻՆ Է

«Երջանիկ են նրանք, ովքեր լսում են Աստծու խոսքը և պահում են այն» (ՂՈՒԿԱՍ 11։28)

Այսօր միլիոնավոր մարդիկ, ովքեր հնազանդվում են Աստծուն, իրական երջանկություն են վայելում։ Նկատի առնենք Իսպանիայում բնակվող մի մարդու օրինակ։ Այդ մարդը դյուրաբորբոք բնավորություն ուներ և կոպտորեն էր վարվում մարդկանց հետ, այդ թվում՝ իր կնոջ։ Մի օր նա Մովսես մարգարեի գրած գրքերից մեկում կարդաց մեղմ բնավորության տեր մի մարդու՝ Հովսեփի մասին, որը Հակոբ նահապետի որդին էր։ Հովսեփին վաճառել էին ստրկության, ինչից հետո նրան անարդարացիորեն նետել էին բանտ։ Բայց, չնայած այդ ամենին, նա չէր դարձել կոպիտ, կռվարար ու քինախնդիր (Ծննդոց, 37–45 գլուխներ)։ Իսպանաբնակ այդ տղամարդն ասում է. «Հովսեփի օրինակի շուրջ մտորելուց հետո ցանկացա այնպիսի հատկություններ զարգացնել, ինչպիսիք են մեղմությունը, բարությունը և ինքնատիրապետումը։ Հիմա ես և իմ ընտանիքը երջանիկ կյանքով ենք ապրում»։

Աստծու Խոսքում շատ այլ սկզբունքներ էլ կան այն մասին, թե ինչպես պետք է վերաբերվենք ուրիշներին։ Այս թեմայի շուրջ ավելի հանգամանորեն կխոսենք հաջորդ հոդվածում։