Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Եհովային ծառայելով՝ վարձահատույց կյանքով եմ ապրել

Եհովային ծառայելով՝ վարձահատույց կյանքով եմ ապրել

1951 ԹՎԱԿԱՆՆ էր. նոր էի ժամանել Ռուեն, որը մի փոքր քաղաք է Կանադայի Քվեբեկ նահանգում։ Ես թակեցի այն տան դուռը, որի հասցեով ինձ ուղարկել էին։ Դուռը բացեց Մարսել Ֆիլտոն, a ով «Գաղաադ» դպրոցն ավարտած մի միսիոներ էր։ Նա 23 տարեկան էր և բարձրահասակ, իսկ ես 16 տարեկան էի և նրանից կարճահասակ։ Նրան ցույց տվեցի այն նամակը, ըստ որի՝ ռահվիրա էի նշանակվել։ Մարսելը կարդաց այն, հետո նայեց ինձ ու ասաց. «Մայրիկդ գիտի՞, որ այստեղ ես»։

ՄԵԾԱՆՈՒՄ ԵՄ ԿՐՈՆԱՊԵՍ ԲԱԺԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ

Ծնվել եմ 1934 թ.-ին շվեյցարացիների ընտանիքում, ովքեր ներգաղթել էին Կանադա և բնակություն հաստատել Օնտարիո նահանգում գտնվող հանքարդյունաբերական քաղաքում՝ Թիմինսում։ 1939 թ.-ին մայրս սկսեց կարդալ «Դիտարան» ամսագիրը և հաճախել Եհովայի վկաների հանդիպումներին։ Մենք յոթ երեխա էինք, և նա մեզ բոլորիս իր հետ տանում էր ժողով։ Շուտով մայրս Եհովայի վկա դարձավ։

Նրա այդ որոշումը դուր չեկավ հորս, բայց մայրս սիրում էր ճշմարտությունը և որոշել էր կառչած մնալ դրան։ Նա չթողեց ճշմարտությունը, անգամ երբ 1940-ականների սկզբներին Եհովայի վկաների գործունեությունը արգելվեց Կանադայում։ Բացի այդ՝ մայրս միշտ բարությամբ ու հարգանքով էր վերաբերվում հորս՝ չնայած նրա կոպիտ ու վիրավորական խոսքերին։ Մորս լավ օրինակը տեսնելով՝ մենք՝ երեխաներս, նույնպես ընդունեցինք ճշմարտությունը։ Հուրախություն մեզ՝ ժամանակի ընթացքում հորս սիրտը փափկեց, և նա սկսեց ավելի լավ վերաբերվել մեզ։

ԼԻԱԺԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՍԿՍՈՒՄ

1950 թ. ամռանը ներկա եղա Նյու Յորքում անցկացվող «Աստվածապետության աճը» համաժողովին։ Շատ քաջալերական էր հանդիպել աշխարհի տարբեր մասերից եկած եղբայրների ու քույրերի և լսել «Գաղաադի» շրջանավարտների ոգևորիչ հարցազրույցները։ Ես ավելի մեծ վճռականությամբ լցվեցի, որ լիաժամ ծառայություն սկսեմ։ Տուն վերադառնալուն պես ռահվիրայության դիմում լրացրի։ Բայց հետո Կանադայի մասնաճյուղից պատասխան նամակ ստացա, որտեղ ասվում էր, որ նախ պետք է մկրտվեմ։ 1950թ. հոկտեմբերի 1-ին մկրտվեցի։ Մի ամսից ռահվիրայություն սկսեցի և ստացա իմ առաջին նշանակումը Կապուսկասինգ քաղաքում։ Դա շատ հեռու էր այն վայրից, որտեղ այդ ժամանակ ապրում էի։

Ծառայում եմ Քվեբեկում

1951 թ. գարնանը մասնաճյուղը հրավիրեց ֆրանսերեն իմացող քարոզիչներին հնարավորության դեպքում տեղափոխվել ֆրանսախոս Քվեբեկ նահանգ։ Այնտեղ քարոզիչների մեծ կարիք կար։ Քանի որ ես փոքրուց սովորել էի և՛ անգլերեն և՛ ֆրանսերեն, ընդունեցի հրավերը և նշանակվեցի Ռուեն։ Այդ քաղաքում ոչ ոքի չէի ճանաչում։ Ես միայն մի հասցե գիտեի, և ինչպես նշեցի իմ պատմության սկզբում, հենց այդ հասցեով էլ գնացի։ Արդյունքում ամեն ինչ լավ ստացվեց։ Ես ու Մարսելը մտերիմ ընկերներ դարձանք։ Քվեբեկում ծառայելը ինձ մեծ ուրախություն էր պատճառում, և մոտ չորս տարի ռահվիրայություն անելուց հետո ես նշանակվեցի հատուկ ռահվիրա։

«ԳԱՂԱԱԴ» ԴՊՐՈՑ ԵՎ ՁԳՁԳՎՈՂ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ

Երբ դեռ Քվեբեկում էի, հրավիրվեցի սովորելու Սաութ Լանսինգում (Նյու Յորք) անցկացվող «Գաղաադ» դպրոցի 26-րդ դասարանում, ինչի համար անչափ ուրախ էի։ Դպրոցն ավարտեցի 1956 թ. փետրվարի 12-ին և նշանակվեցի այժմյան Գանա b (Արևմտյան Աֆրիկա)։ Բայց նախքան Աֆրիկա մեկնելը պետք է վերադառնայի Կանադա, որպեսզի ձեռք բերեի ճամփորդության համար անհրաժեշտ փաստաթղթերը։ Ըստ իմ հաշվարկների՝ դա ընդամենը մի քանի շաբաթ պետք է տևեր։

Բայց այնպես ստացվեց, որ յոթ ամիս մնացի Տորոնտոյում։ Մինչ սպասում էի փաստաթղթերիս, եղբայր Քրիպսը և նրա ընտանիքը սիրով հյուրընկալեցին ինձ։ Այդ ընթացքում ծանոթացա նրանց դստեր՝ Շեյլայի հետ, և մենք սիրահարվեցինք։ Արդեն պատրաստվում էի ամուսնության առաջարկ անել Շեյլային, երբ իմ վիզան ստացվեց։ Ես ու Շեյլան աղոթեցինք այդ մասին և որոշեցինք, որ ես անցնեմ իմ նշանակմանը։ Բայց մենք նաև պայմանավորվեցինք, որ նամակագրական կապ կպահենք հասկանալու համար, թե արդյոք ուզում ենք ամուսնանալ, և եթե այո, ապա երբ։ Դա հեշտ որոշում չէր, բայց ինչպես հետագա դեպքերը ցույց տվեցին, դա ճիշտ որոշում էր։

Գնացքով, բեռնատար նավով և ինքնաթիռով մեկ ամիս ճամփորդելուց հետո ես հասա Աքրա (Գանա)։ Այնտեղ նշանակվեցի ծառայելու որպես մարզային վերակացու։ Դա նշանակում էր, որ Գանայից բացի՝ պետք է այցելեի նաև Փղոսկրի ափ (այժմ՝ Կոտ դ’Իվուար) և Տոգոլենդ (այժմ՝ Տոգո)։ Հիմնականում մենակ էի ճամփորդում մասնաճյուղի տրամադրած ամենագնացով։ Դա շատ հաճելի ժամանակաշրջան էր. ես վայելում էի ամեն մի րոպեն։

Շաբաթ-կիրակի օրերին ելույթներ էի ներկայացնում շրջանային համաժողովների ժամանակ։ Մենք համաժողովների սրահներ չունեինք, ուստի եղբայրները բամբուկից և արմավենու ճյուղերից ժամանակավոր ծածկեր էին պատրաստում, որպեսզի լսարանը պաշտպանված լիներ կիզիչ արևից։ Այն տարածքում, որը որպես ճաշարան էր ծառայում, սառնարան չկար։ Այդ պատճառով եղբայրները մոտակայքում կենդանիներ էին պահում, որպեսզի մորթեին և կերակրեին ներկաներին։

Այդ համաժողովներին երբեմն ծիծաղաշարժ դեպքեր էին լինում։ Մի անգամ, երբ միսիոներ Հերբ Ջենինգսը c ելույթ էր ներկայացնում, մի կով փախավ ճաշարանի տարածքից և հայտնվեց բեմի ու լսարանի միջև։ Այդ ժամանակ Հերբը լռեց, իսկ կովը շատ շփոթված էր երևում։ Բայց չորս ամրակազմ եղբայր կարողացան բռնել այդ կենդանուն, և լսարանի ծափահարությունների ներքո հետ տարան նրան ճաշարան։

Իսկ շաբաթվա ընթացքում, երբ համաժողով չկար, ես գնում էի մոտակա գյուղեր և պրոյեկտորով ցուցադրում «Նոր աշխարհի հասարակությունը գործում է» ֆիլմը։ Դրա համար ես մի սպիտակ պաստառ էի կախում երկու սյուների կամ ծառերի արանքում և դրա վրա ցուցադրում ֆիլմը։ Գյուղի բնակիչներին դա շատ էր դուր գալիս։ Շատերի համար դա կյանքում տեսած առաջին ֆիլմն էր։ Մկրտության տեսարանների ժամանակ նրանք բուռն կերպով ծափահարում էին։ Բոլոր նրանք, ովքեր դիտում էին այդ ֆիլմը, հասկանում էին, որ մենք միասնական համաշխարհային կազմակերպություն ենք։

Ամուսնացանք 1959 թ.-ին Գանայում

Մոտ երկու տարի Աֆրիկայում ծառայելուց հետո՝ 1958 թ.-ին, գնացի Նյու Յորք քաղաք՝ մասնակցելու միջազգային համաժողովի։ Շեյլան, ով Քվեբեկում սկսել էր ծառայել որպես հատուկ ռահվիրա, նույնպես եկել էր։ Անչափ ուրախ էի նրան այնտեղ տեսնել։ Ճիշտ է, մենք նամակներով շփվում էինք, բայց քանի որ կրկին հանդիպել էինք, հարցրի նրան, թե կուզի ամուսնանալ ինձ հետ։ Շեյլան համաձայնվեց, և ես նամակ գրեցի եղբայր Նորին d ու հարցրի, թե կարող է արդյոք Շեյլան սովորել «Գաղաադ» դպրոցում և հետո գալ ինձ մոտ՝ Աֆրիկա։ Նա համաձայնվեց։ Վերջապես Շեյլան ժամանեց Գանա, և 1959 թ. հոկտեմբերի 3-ին մենք Աքրայում ամուսնացանք։ Եհովան առատորեն օրհնեց մեզ այն բանի համար, որ իր կամքը կատարելը առաջին տեղում էինք դրել մեր կյանքում։

ՄԻԱՍԻՆ ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆՔ ԿԱՄԵՐՈՒՆՈՒՄ

Կամերունի մասնաճյուղում աշխատելիս

1961 թ.-ին նշանակվեցինք ծառայելու Կամերունում։ Մեզ խնդրել էին, որ մասնաճյուղի գրասենյակ հիմնեինք այնտեղ, ուստի ես շատ զբաղված էի։ Ես շատ բան ունեի սովորելու, որպեսզի կարողանայի կատարել մասնաճյուղի ծառայողի իմ նոր դերը։ Սակայն 1965 թ.-ին իմացանք, որ Շեյլան հղի է։ Անկեղծ ասած՝ որոշ ժամանակ պահանջվեց, որ հարմարվենք ծնող դառնալու մտքին։ Բայց հենց սկսեցինք ոգևորվել այդ մտքից և Կանադա վերադառնալու ծրագրեր կազմել, մի սարսափելի բան տեղի ունեցավ։

Շեյլան վիժեց։ Բժիշկն ասաց, որ մեր չծնված երեխան տղա էր։ Այդ դեպքից ավելի քան 50 տարի է անցել, բայց դա մեր մտքից երբեք դուրս չի եկել։ Թեև կատարվածը անասելի ցավ պատճառեց մեզ, բայց մենք որոշեցինք մնալ Կամերունում և շարունակել մեր ծառայությունը, որը շատ էինք սիրում։

Շեյլայի հետ Կամերունում, 1965 թ.

Կամերունում մեր հավատակիցները հաճախ հալածանքի էին բախվում քաղաքական հարցերում չեզոք մնալու համար։ Բայց իրավիճակը հատկապես սրվեց նախագահական ընտրությունների ժամանակ, և 1970 թ. մայիսի 13-ին մեր մտավախությունները իրականություն դարձան. Եհովայի վկաների գործունեությունը պաշտոնապես արգելվեց։ Մեր մասնաճյուղի նոր գեղեցիկ շինությունը, որն ընդամենը հինգ ամիս էր, ինչ շահագործվում էր, առգրավվեց։ Մեկ շաբաթվա ընթացքում բոլոր միսիոներները, այդ թվում՝ ես ու Շեյլան, արտաքսվեցինք երկրից։ Շատ դժվար էր բաժանվել տեղի եղբայրներից ու քույրերից. մենք նրանց շատ էինք սիրում և չգիտեինք, թե նրանց հետ ինչ կարող էր լինել հետագայում։

Դրանից հետո մենք վեց ամիս մնացինք Ֆրանսիայի մասնաճյուղում։ Այնտեղ ես շարունակեցի հնարավոր ամեն բան անել Կամերունում գտնվող մեր հավատակիցներին հոգ տանելու համար։ Այդ տարի՝ դեկտեմբերին, մեզ նշանակեցին Նիգերիայի մասնաճյուղ, որը սկսել էր հոգ տանել Կամերունում մեր գործունեության մասին։ Նիգերիայում եղբայրներն ու քույրերը ջերմորեն ընդունեցին մեզ, և մենք մի քանի տարի ուրախությամբ ծառայեցինք այնտեղ։

ԴԺՎԱՐ ՈՐՈՇՈՒՄ

1973 թ.-ին մենք շատ դժվար որոշման առաջ կանգնեցինք։ Շեյլան լուրջ առողջական խնդիրներ ուներ։ Երբ տարածաշրջանային համաժողովի համար գնացել էինք Նյու Յորք, մի օր Շեյլան չդիմացավ և հեկեկալով ինձ ասաց. «Էլ չեմ կարող այսպես. ես ուժասպառ եմ և անընդհատ հիվանդ»։ Մենք ավելի քան 14 տարի միասին հավատարմորեն ծառայել էինք Արևմտյան Աֆրիկայում, և ես հպարտանում էի իմ կնոջով։ Այնուամենայնիվ, մենք պետք է որոշ փոփոխություններ անեինք։ Մեր հանգամանքները քննելուց և երկար ու ջերմեռանդորեն աղոթելուց հետո մենք որոշեցինք վերադառնալ Կանադա։ Այնտեղ ավելի լավ կկարողանայինք հոգ տանել Շեյլայի առողջության մասին։ Միսիոներությունը և առհասարակ լիաժամ ծառայությունը թողնելը մեր կյանքի ամենադժվար ու ծանր որոշումն էր։

Երբ ժամանեցինք Կանադա, ես աշխատանքի անցա իմ վաղեմի ընկերներից մեկի մոտ, ով Տորոնտոյի հյուսիսում գտնվող քաղաքներից մեկում մեքենաների առքուվաճառքով զբաղվող ընկերություն ուներ։ Մենք մի բնակարան վարձեցինք, գնեցինք օգտագործված կահույք և մեզ հաջողվեց առանց պարտք վերցնելու նոր կյանք սկսել։ Մենք ուզում էինք պարզ կյանքով ապրել՝ հույս ունենալով, որ մի օր կկարողանանք նորից լիաժամ ծառայել։ Ի զարմանս մեզ՝ այդ հույսը ավելի շուտ իրականացավ, քան մենք կարող էինք պատկերացնել։

Շաբաթ օրերին ես սկսեցի որպես կամավոր մասնակցել Նորվալում (Օնտարիո) կառուցվող նոր համաժողովների սրահի շինարարությանը։ Ժամանակի ընթացքում դարձա համաժողովների սրահի վերակացու։ Շեյլայի առողջական վիճակը բարելավվում էր, և մենք մտածեցինք, որ նա ի վիճակի կլինի կատարելու այս նոր հանձնարարությունը։ Ուստի 1974 թ. հունիսին մենք տեղափոխվեցինք ապրելու համաժողովների սրահին կից կառուցված բնակարանում։ Մենք անչափ ուրախ էինք, որ կրկին կարող ենք լիաժամ ծառայել։

Շեյլայի առողջական վիճակը շարունակում էր բարելավվել, և երկու տարի անց մենք կարողացանք շրջանային ծառայություն սկսել։ Մեր շրջանը Կանադայի Մանիտոբա նահանգում էր, որը հայտնի է իր խստաշունչ ձմեռներով։ Բայց մենք վայելում էինք մեր եղբայրների ու քույրերի ջերմ ընկերակցությունը։ Մենք սովորեցինք, որ կարևորը ոչ թե այն է, թե որտեղ ես ծառայում, այլ այն, որ շարունակում ես ծառայել Եհովային, որտեղ էլ լինես։

ԿԱՐԵՎՈՐ ԴԱՍ ԵՄ ՍՈՎՈՐՈՒՄ

Մի քանի տարի շրջանային ծառայության մեջ լինելուց հետո՝ 1978 թ.-ին, հրավիրվեցինք ծառայելու Կանադայի Բեթելում։ Շատ չանցած՝ մի ցավոտ, բաց կարևոր դաս սովորեցի։ Ինձ հանձնարարել էին ֆրանսերենով մեկուկես ժամանոց ելույթ ներկայացնել Մոնրեալում անցկացվող մի հատուկ հանդիպման ժամանակ։ Ցավոք, իմ ներկայացրած ելույթը ձանձրալի էր լսարանի համար, և ծառայողական բաժնից մի եղբայր դրա հետ կապված ինձ խորհուրդ տվեց։ Անկեղծ ասած՝ դեռ այն ժամանակ պետք է ընդունեի այն, ինչ հիմա եմ ընդունում. ես տաղանդավոր հռետոր չեմ։ Բայց այդ օրը ես լավ չարձագանքեցի ինձ տրված խորհրդին։ Ես ու այդ եղբայրը բնավորությամբ շատ տարբեր էինք, և ես կարծում էի, որ նա շատ խիստ է դատում ինձ և չի նկատել ելույթիս դրական կողմերը։ Իմ սխալն այն էր, որ կենտրոնացել էի այն բանի վրա, թե ով և ինչպես է ինձ խորհուրդ տվել։

Ֆրանսերենով ելույթ ունենալուց հետո մի արժեքավոր դաս սովորեցի

Մի քանի օր հետո մասնաճյուղի կոմիտեի անդամներից մեկը խոսեց ինձ հետ այդ մասին։ Ես ընդունեցի, որ ճիշտ չեմ արձագանքել խորհրդին և ասացի, որ ափսոսում եմ դրա համար։ Այնուհետև խոսեցի ինձ խորհուրդ տվող եղբոր հետ։ Նա մեծահոգաբար ներեց ինձ։ Այդ դեպքից խոնարհության դաս սովորեցի, որը երբեք չեմ մոռանա (Առակ. 16։18)։ Շատ անգամներ եմ աղոթել այդ մասին և վճռել եմ երբեք բացասաբար չարձագանքել, երբ ինձ խորհուրդ են տալիս։

Այժմ ավելի քան 40 տարի է, ինչ Կանադայի Բեթելում եմ և 1985 թ.-ից սկսած՝ պատիվ ունեմ ծառայելու մասնաճյուղի կոմիտեում։ 2021 թ. փետրվարին իմ սիրելի Շեյլան մահացավ։ Այդ կորստի ցավի հետ մեկտեղ պայքարում եմ նաև իմ առողջական խնդիրների դեմ։ Բայց Եհովային ծառայելը ինձ այնքան զբաղված և ուրախ է պահում, որ չեմ հասցնում նկատել «կյանքի վաղանցիկությունը» (Ժող. 5։20)։ Թեև կյանքում շատ դժվարություններ եմ ունեցել, բայց ուրախ պահերը ավելի շատ են եղել։ Եհովային իմ կյանքում առաջին տեղում դնելը և 70 տարի լիաժամ ծառայության մեջ անցկացնելը իսկական օրհնություն են եղել ինձ համար։ Աղոթում եմ, որ մեր երիտասարդները նույնպես շարունակեն Եհովային իրենց կյանքում առաջին տեղում դնել, քանի որ համոզված եմ՝ նրանք նույնպես կապրեն վարձահատույց և հետաքրքիր կյանքով, ինչը հնարավոր է միայն Եհովային ծառայելու շնորհիվ։

a Տես Մարսել Ֆիլտոյի կենսագրությունը «Դիտարանի» 2000թ. փետրվարի 1-ի համարում (անգլ., ռուս.

b Մինչև 1957 թ. Աֆրիկայի այս տարածքը Բրիտանիայի գաղութն էր և կոչվում էր Ոսկե ափ։

c Տես Հերբերտ Ջենինգսի կենսագրությունը «Դիտարանի» 2000 թ. դեկտեմբերի 1-ի համարում։

d Այդ ժամանակ մեր գործն առաջնորդում էր Նաթան Նորը։