ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 39
ԵՐԳ 125 «Երջանիկ են նրանք, ովքեր ողորմած են»
Զգա տալու երջանկությունը
«Ավելի շատ երջանկություն է բերում տալը, քան ստանալը» (ԳՈՐԾ. 20։35)։
ՀՈԴՎԱԾԻՑ ԿԻՄԱՆԱՆՔ
Տալու ի՞նչ կերպեր կան, և ինչո՞ւ է տալը երջանկություն բերում մեզ։
1-2. Ի՞նչ օգուտ ենք ստանում՝ ստեղծված լինելով այնպես, որ ավելի շատ ուրախություն ենք զգում տալուց, քան ստանալուց։
ԵՀՈՎԱՆ մարդկանց այնպես է ստեղծել, որ նրանք ավելի մեծ երջանկություն զգան տալուց, քան ստանալուց (Գործ. 20։35)։ Արդյո՞ք դա նշանակում է, որ ստանալուց մենք ընդհանրապես չենք ուրախանում։ Ո՛չ։ Բոլորս էլ ուրախանում ենք, երբ մեզ ինչ-որ բան են նվիրում։ Բայց երբ մենք ենք տալիս, դա մեզ ավելի մեծ ուրախություն է պատճառում։ Իրականում Եհովան մեզ այդպես է ստեղծել մեր իսկ օգտի համար։ Ի՞նչ իմաստով։
2 Այդպիսով նա հնարավորություն է տվել մեզ նպաստելու մեր երջանկությանը։ Մենք կարող ենք ավելացնել մեր ուրախությունը, եթե տալու առիթներ փնտրենք։ Մի՞թե հրաշալի չէ, որ Եհովան մեզ նման կերպ է ստեղծել (Սաղ. 139։14)։
3. Ինչո՞ւ է Եհովան նկարագրվում որպես «երջանիկ Աստված»։
3 Աստվածաշունչը մեզ հավաստիացնում է, որ տալը երջանկություն է բերում։ Ուստի զարմանալի չէ, որ Եհովան նկարագրվում է որպես «երջանիկ Աստված» (1 Տիմոթ. 1։11)։ Նա է առաջին և մեծագույն Տվողը։ Ինչպես Պողոս առաքյալն է ասել, «նրա շնորհիվ է, որ մենք ապրում ենք, շարժվում և գոյություն ունենք» (Գործ. 17։28)։ Իսկապես, «ցանկացած լավ պարգև ու կատարյալ նվեր» Եհովայից է (Հակ. 1։17)։
4. Ի՞նչը կօգնի մեզ ավելի ուրախ լինել։
4 Թերևս բոլորս էլ ցանկանում ենք զգալ տալու երջանկությունը։ Այս հոդվածը կօգնի մեզ այդ հարցում։ Նախ կտեսնենք, թե ինչպես կարող ենք ընդօրինակել Եհովայի առատաձեռնությունը (Եփես. 5։1)։ Այնուհետև կիմանանք, թե ինչ կարող ենք անել, երբ մեզ թվում է՝ ուրիշները չեն գնահատում մեր արածը։ Հոդվածում նշված առաջարկները կօգնեն մեզ, որ շարունակենք տալ, ինչի արդյունքում ավելի ուրախ կլինենք։
ԸՆԴՕՐԻՆԱԿԻՐ ԵՀՈՎԱՅԻ ԱՌԱՏԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
5. Ի՞նչ նյութական բաներ է Եհովան մեզ տալիս։
5 Տեսնենք, թե ինչ կերպերով է Եհովան առատաձեռնություն դրսևորում։ Օրինակ՝ նա մեզ տալիս է նյութական բաներ։ Գուցե մենք ճոխ կյանքով չապրենք, բայց Եհովան հոգ է տանում, որ միշտ ունենանք այն, ինչ մեզ պետք է։ Օրինակ՝ նա մեզ ապահովում է սննդով, հագուստով և կացարանով (Սաղ. 4։8; Մատթ. 6։31-33; 1 Տիմոթ. 6։6-8)։ Արդյո՞ք Եհովան զուտ պարտավորության զգացումից ելնելով է հոգ տանում մեր ֆիզիկական կարիքների մասին։ Ամենևի՛ն։ Այդ դեպքում ինչի՞ց մղված է նա այդպես վարվում։
6. Ի՞նչ ենք սովորում Մատթեոս 6։25, 26 համարներից։
6 Եհովան հոգում է մեր ֆիզիկական կարիքները, քանի որ սիրում է մեզ։ Ուշադրություն դարձնենք Մատթեոս 6։25, 26 համարներում գրված Հիսուսի խոսքերին (կարդա)։ Նա օրինակներ է բերում ստեղծագործությունից և թռչունների հետ կապված հետևյալն է ասում. «Նրանք ո՛չ ցանում են, ո՛չ հնձում, ո՛չ էլ ամբարում»։ Նկատի առնենք, թե ինչ է նա ասում հետո. «Բայց ձեր երկնային Հայրը կերակրում է նրանց»։ Այնուհետև Հիսուսն ավելացնում է. «Չէ՞ որ դուք նրանցից թանկ եք»։ Ի՞նչ էր նա ուզում սովորեցնել։ Եհովայի համար իր ծառաները շատ ավելի թանկ են, քան կենդանական աշխարհը։ Եթե նա հոգ է տանում կենդանիների մասին, կարող ենք համոզված լինել, որ հոգ կտանի նաև մեր մասին։ Սիրառատ հոր պես Եհովան հոգում է իր ընտանիքի կարիքները սիրուց մղված (Սաղ. 145։16; Մատթ. 6։32)։
7. Ո՞րն է Եհովայի առատաձեռնությունն ընդօրինակելու կերպերից մեկը (տես նաև նկարը)։
7 Մենք էլ Եհովայի նման կարող ենք, սիրուց մղված, նյութապես օգնել ուրիշներին։ Ճանաչո՞ւմ ես այնպիսի հավատակցի, ով սննդի կամ հագուստի կարիք ունի։ Եհովան կարող է նրա այդ կարիքը բավարարել քո միջոցով։ Աստծու ժողովուրդը հայտնի է իր առատաձեռնությամբ հատկապես աղետների ժամանակ։ Օրինակ՝ COVID-19 համավարակի ընթացքում եղբայրներն ու քույրերը կարիքի մեջ եղողներին ապահովում էին ուտելիքով, հագուստով և այլ անհրաժեշտ իրերով։ Բացի այդ՝ շատերը առատ նվիրատվություններ էին անում համաշխարհային գործի համար։ Դրա շնորհիվ հնարավոր եղավ ողջ աշխարհում կազմակերպել աղետից տուժածներին օգնելու աշխատանքները։ Այդ առատաձեռն եղբայրներն ու քույրերը հետևեցին Եբրայեցիներ 13։16-ում գրված հորդորին. «Մի՛ մոռացեք բարիք անել և ձեր ունեցածից բաժին հանել ուրիշներին, որովհետև Աստծուն հաճելի են այսպիսի զոհերը»։
8. Եհովայի տված ուժը ինչպե՞ս է օգնում մեզ (Փիլիպպեցիներ 2։13)։
8 Եհովան մեզ ուժ է տալիս։ Աստված անսահման զորություն ունի և իր այդ ուժից ուրախությամբ տալիս է իր հավատարիմ ծառաներին (կարդա Փիլիպպեցիներ 2։13)։ Եղե՞լ է այնպես, որ նրանից ուժ խնդրես գայթակղությանը չտրվելու կամ ծանր փորձությանը դիմանալու համար։ Երբևէ խնդրե՞լ ես, որ ևս մեկ օր պայքարելու ուժ ունենաս։ Երբ Եհովան պատասխանել է աղոթքիդ՝ զորացնելով քեզ, թերևս ունեցել ես այն նույն զգացումները, ինչ Պողոս առաքյալը։ Նա գրել է. «Ինձ զորացնողի շնորհիվ ես ի զորու եմ անելու ամեն ինչ» (Փիլիպ. 4։13)։
9. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Եհովային մեր ուժը օգտագործելու հարցում (տես նաև նկարը)։
9 Ճիշտ է, մենք Եհովայի նման անսահման զորություն չունենք և չենք կարող մեր ուժը կամ էներգիան փոխանցել ուրիշներին։ Սակայն կարող ենք ընդօրինակել նրան՝ մեր ուժը օգտագործելով մարդկանց օգնելու համար։ Օրինակ՝ գուցե կարիք լինի, որ գնումներ կատարենք մեր տարեց կամ հիվանդ հավատակիցների համար կամ օգնենք նրանց տնային գործերում։ Եթե մեր հանգամանքները թույլ են տալիս, կարող ենք մասնակցել նաև Թագավորության սրահի մաքրության և տեխսպասարկման աշխատանքներին։ Մեր ուժը նման կերպ օգտագործելով՝ մեծ օգուտներ կբերենք մեր հավատակիցներին։
10. Ինչպե՞ս կարող ենք օգտագործել մեր խոսքի ուժը, որ օգուտներ բերենք մեր հավատակիցներին։
10 Մի՛ մոռացիր, որ խոսքերը նույնպես ուժ ունեն։ Մտածիր, թե ով մխիթարության կարիք ունի, կամ թե ում կարող ես քաջալերել՝ անկեղծորեն գովելով։ Եթե գիտես նման մարդկանց, օգնության ձեռք մեկնիր։ Օրինակ՝ կարող ես այցելել նրանց, զանգահարել, մի բացիկ, էլեկտրոնային նամակ կամ տեքստային հաղորդագրություն ուղարկել։ Պարտադիր չէ պերճախոս լինել։ Սրտից բխող մի քանի պարզ խոսքերը կարող են բավական լինել, որ հավատակիցդ ևս մեկ օր հավատարիմ մնա և սկսի դրական տեսանկյունից նայել իր իրավիճակին (Առակ. 12։25; Եփես. 4։29)։
11. Ինչպե՞ս է Եհովան օգտագործում իր իմաստությունը։
11 Եհովան իմաստություն է տալիս։ Հակոբոս աշակերտը գրել է. «Եթե ձեզանից որևէ մեկը իմաստության պակաս ունի, թող շարունակ խնդրի Աստծուն, և կտրվի իրեն, քանի որ նա բոլորին այն տալիս է առատաձեռնորեն ու առանց սխալներ փնտրելու» (Հակ. 1։5; ծնթ.)։ Ինչպես ցույց են տալիս այս խոսքերը, Եհովան իր իմաստությունը միայն իրեն չի պահում, այլ առատաձեռնորեն այն տալիս է նաև ուրիշներին։ Բացի այդ՝ նկատի առնենք, որ երբ Եհովան իմաստություն է տալիս, դա անում է «առանց նախատելու», կամ՝ «առանց սխալներ փնտրելու»։ Նա երբեք այնպես չի անում, որ մեզ վատ զգանք այն բանի համար, որ իր առաջնորդության կարիքն ունենք։ Ընդհակառակը, նա հորդորում է մեզ, որ փնտրենք իր առաջնորդությունը (Առակ. 2։1-6)։
12. Մեր իմաստությունը ուրիշներին փոխանցելու ի՞նչ առիթներ ունենք։
12 Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր մասին։ Կարո՞ղ ենք մենք էլ Եհովայի պես՝ մեր իմաստությունը փոխանցել ուրիշներին (Սաղ. 32։8)։ Եհովայի ժողովուրդը իր սովորածը ուրիշներին փոխանցելու բազմաթիվ առիթներ ունի։ Օրինակ՝ ծառայության ժամանակ մենք մեր փորձով օգնում ենք նոր քարոզիչներին բարելավելու իրենց հմտությունները։ Երեցները համբերատարորեն սովորեցնում են ծառայող օգնականներին և մկրտված եղբայրներին ժողովում կատարել իրենց հանձնարարությունները։ Իսկ նրանք, ովքեր հմուտ են շինարարության և տեխսպասարկման գործերում, ուսուցանում են ոչ այնքան փորձառու եղբայրներին ու քույրերին, որ վերջիններս կարողանան աշխատել աստվածապետական տարբեր նախագծերում։
13. Ուրիշներին ուսուցանելիս ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Եհովային։
13 Ուրիշներին ուսուցանելիս ձգտիր ընդօրինակել Եհովային։ Հիշիր, որ Եհովան իր իմաստությունը տալիս է առատաձեռնորեն։ Նմանապես մենք ուզում ենք մեր փորձն ու գիտելիքները փոխանցել ուրիշներին։ Մենք չենք թաքցնում մեր իմացածի մի մասը՝ վախենալով, որ այն անհատը, ում սովորեցնում ենք, ի վերջո կզբաղեցնի մեր տեղը։ Մենք նաև չենք ցանկանում ունենալ հետևյալ տեսակետը. «Չէ՞ որ ինձ ոչ ոք չի ուսուցանել։ Թող նա էլ ինքնուրույն սովորի»։ Նման մտածելակերպը հարիր չէ Եհովայի ժողովրդին։ Ընդհակառակը, մենք ցանկանում ենք ոչ միայն ուրախությամբ փոխանցել մեր գիտելիքները, այլև «նույնիսկ մեր անձը տալ» նրանց համար, ում ուսուցանում ենք (1 Թեսաղ. 2։8)։ Հույս ունենք, որ նրանք էլ «համապատասխան որակներ կունենան իրենց հերթին ուրիշներին ուսուցանելու համար» (2 Տիմոթ. 2։1, 2)։ Եթե մենք առատաձեռն լինենք մեր իմաստությունը ուրիշներին փոխանցելու հարցում, թե՛ մենք, թե՛ մյուսները ավելի իմաստուն ու երջանիկ կլինենք։
ԵՐԲ ԹՎՈՒՄ Է՝ ՄԵՐ ԱՐԱԾԸ ՉԻ ԳՆԱՀԱՏՎՈՒՄ
14. Մարդկանց մեծ մասը ինչպե՞ս է արձագանքում, երբ նրանց հանդեպ առատաձեռնություն ենք դրսևորում։
14 Երբ առատաձեռնություն ենք դրսևորում, մարդիկ հաճախ ի պատասխան արտահայտում են իրենց երախտագիտությունը, հատկապես մեր եղբայրներն ու քույրերը։ Հնարավոր է՝ նրանք մեզ մի շնորհակալական բացիկ ուղարկեն կամ այլ կերպով ցույց տան իրենց գնահատանքը (Կող. 3։15)։ Երբ նրանք այդպես են վարվում, մեր ուրախությունը ավելանում է։
15. Ի՞նչ պետք է հիշենք, երբ ոմանք գնահատանք չեն ցուցաբերում։
15 Իրականում, սակայն, ոչ բոլորն են արտահայտում իրենց գնահատանքը։ Երբեմն գուցե այնպիսի տպավորություն լինի, որ այն անհատը, ում տրամադրում ենք մեր ժամանակը, էներգիան և միջոցները, չի էլ նկատում մեր արածը։ Ի՞նչ կարող ենք անել, որ նման իրավիճակներում չկորցնենք մեր ուրախությունը և չվհատվենք։ Հիշենք, թե ինչի մասին է խոսվում այս հոդվածի բնաբանում՝ Գործեր 20։35-ում։ Համարում ընդգծվում է հետևյալ միտքը. այն երջանկությունը, որ գալիս է տալուց, կախված չէ մարդկանց արձագանքից։ Մենք կարող ենք շարունակել ուրախությամբ տալ, անգամ երբ թվում է՝մարդիկ չեն գնահատում մեր արածը։ Տեսնենք, թե ինչը կարող է օգնել մեզ այս հարցում։
16. Ի՞նչը կօգնի, որ շարունակենք ուրախությամբ տալ։
16 Հիշիր, որ տալով ընդօրինակում ես Եհովային։ Նա լավ բաներ է տալիս մարդկանց՝ անկախ նրանից՝ վերջիններս գնահատում են իր արածը, թե ոչ (Մատթ. 5։43-48)։ Եհովան խոստանում է, որ եթե մենք էլ «առանց որևէ բան հետ ստանալու ակնկալիքի» տանք, «մեծ վարձատրություն կստանաք» (Ղուկ. 6։35)։ «Որևէ բան»-ը կարող է լինել նաև գնահատանքի խոսքը։ Նույնիսկ եթե մարդիկ չգնահատեն մեր արածը, Եհովան միշտ կվարձատրի մեզ այն լավ բաների դիմաց, որ ուրախությամբ անում ենք ուրիշների համար (Առակ. 19։17; 2 Կորնթ. 9։7)։
17. Ինչպե՞ս կարող ենք տալու վերաբերյալ ճիշտ տեսակետ պահպանել (Ղուկաս 14։12-14)։
17 Տալու վերաբերյալ ճիշտ տեսակետ պահպանելու համար արժեքավոր սկզբունք ենք գտնում Ղուկաս 14։12-14 համարներում (կարդա)։ Ինչ խոսք, սխալ չէ հյուրասիրություն ցույց տալ կամ այլ կերպերով առատաձեռնություն դրսևորել այն մարդկանց հանդեպ, ովքեր կարող են ի պատասխան մի բան անել մեզ համար։ Բայց գուցե նկատենք, որ հաճախ ուրիշներին լավություն ենք անում ինչ-որ բան հետ ստանալու ակնկալիքով։ Այդ դեպքում լավ կլինի՝ կիրառենք Հիսուսի խորհուրդը և հյուրասիրություն դրսևորենք նրանց հանդեպ, ովքեր հնարավորություն չունեն որևէ կերպ հատուցելու մեզ մեր արածի դիմաց։ Այդպես կընդօրինակենք Եհովային, ինչը մեզ ուրախություն կպատճառի։ Նման մոտեցումը կօգնի մեզ նաև չկորցնել ուրախությունը, երբ մարդիկ չեն արտահայտում իրենց գնահատանքը։
18. Ի՞նչ չպետք է անենք և ինչո՞ւ։
18 Մղումներ մի՛ վերագրիր (1 Կորնթ. 13։7)։ Երբ մարդիկ գնահատանք չեն արտահայտում մեր արածի համար, կարող ենք մտածել. «Իրո՞ք նրանք անշնորհակալ են, թե պարզապես մոռացել են շնորհակալություն հայտնել»։ Գուցե լինեն նաև այլ պատճառներ, թե ինչու նրանք չեն արձագանքում այնպես, ինչպես ակնկալում ենք։ Ոմանք գուցե ի սրտե շնորհակալ են մեզ, բայց դժվարանում են արտահայտել դա։ Հնարավոր է՝ նրանք վատ են զգում, որ իրենց օգնել են, հատկապես եթե անցյալում միշտ իրենք են եղել օգնողի դերում։ Որն էլ լինի պատճառը, քրիստոնեական սերը կմղի մեզ արդարացնել մեր հավատակիցների պահվածքը և շարունակել ուրախություն ստանալ տալուց (Եփես. 4։2)։
19-20. Ուրիշ ի՞նչը կօգնի մեզ ուրախություն ստանալ տալուց (տես նաև նկարը)։
19 Համբերատար եղիր։ Առատաձեռն լինելու վերաբերյալ իմաստուն Սողոմոն թագավորը գրել է. «Հացդ ջրի երեսին բաց թող, որովհետև շատ օրեր անց կրկին կգտնես այն» (Ժող. 11։1)։ Ինչպես երևում է այս խոսքերից, ոմանք գուցե մեր արածին արձագանքեն երկար ժամանակ հետո՝ «շատ օրեր անց»։ Քննենք մի դեպք, որը փաստում է այս խոսքերի ճշմարտացիությունը։
20 Տարիներ առաջ շրջանային վերակացուի կինը մի բացիկ էր ուղարկել նոր մկրտված մի քրոջ՝ ջերմորեն հորդորելով նրան հավատարիմ մնալ։ Մոտ ութ տարի անց այդ քույրը ի պատասխան մի նամակ էր ուղարկել, որտեղ գրել էր. «Ուղղակի չէի կարող չգրել ու չասել քեզ, թե այս տարիների ընթացքում որքան ես ինձ օգնել, թեև չես իմացել այդ մասին։ Ինձ հուզեցին քո ջերմ խոսքերը, իսկ քո մեջբերած աստվածաշնչյան համարը հասավ սրտիս. ես այն երբեք չեմ մոռացել»։ a Իր դժվարությունների մասին հիշատակելուց հետո քույրը գրել էր. «Երբեմն ուզում էի հանձնվել, թողնել ճշմարտությունը ու փախչել իմ բոլոր պատասխանատվություններից։ Բայց այդ պահերին քո մեջբերած աստվածաշնչյան համարը ինձ ուժ էր տալիս, և ես.... շարունակում էի առաջ ընթանալ»։ Քույրը նաև գրել էր. «Այդ ութ տարիների ընթացքում ոչինչ այդքան մեծ ազդեցություն չի ունեցել ինձ վրա, որքան քո գրած խոսքերն ու նշած համարը»։ Միայն պատկերացրու, թե որքան ուրախ էր շրջանային վերակացուի կինը, երբ «շատ օրեր անց» ստացավ այս նամակը։ Երբ որևէ մեկի համար լավ բան ենք անում, գուցե երկար ժամանակ հետո այդ անհատը երախտագիտություն հայտնի։
21. Ինչո՞ւ ես վճռել միշտ Եհովայի պես առատաձեռն լինել։
21 Ինչպես արդեն նշեցինք, Եհովան մեզ յուրահատուկ հնարավորությամբ է ստեղծել։ Մենք ուրախանում ենք, երբ ինչ-որ բան ենք ստանում ուրիշներից, բայց մեզ ավելի մեծ ուրախություն է պատճառում այն, երբ մենք ենք ինչ-որ բան անում ուրիշների համար։ Մենք լավ ենք զգում, երբ կարողանում ենք օգնել հավատակիցներին և մեզ հաճելի է, երբ նրանք արտահայտում են իրենց գնահատանքը։ Սակայն եթե նույնիսկ մեզ գնահատանքի խոսքեր չեն ասում, կարող ենք ուրախ լինել այն մտքից, որ ճիշտ ենք վարվում։ Միշտ հիշիր՝ ինչ էլ որ տաս ուրիշներին, «Եհովան քեզ դրանից ավելին կարող է տալ» (2 Տար. 25։9)։ Հետևաբար քո վարձատրությունը միշտ քո տվածից ավելին է լինելու։ Բացի այդ՝ չկա ավելի մեծ ուրախություն, քան անձամբ Եհովայի կողմից վարձատրվելն է։ Ուստի թող որ շարունակենք ընդօրինակել մեր առատաձեռն երկնային Հորը։
ԵՐԳ 17 «Ուզո՛ւմ եմ»
a Շրջանային վերակացուի կինը նոր մկրտված քրոջը ուղարկել էր 2 Հովհաննես 8-րդ համարը, որտեղ ասվում է. «Զգույշ եղեք, որ մեր աշխատանքի արդյունքը ջուրը չգցեք, այլ որ ստանաք ամբողջ վարձատրությունը»։
b ՆԿԱՐ։ Այս բեմականացված նկարում շրջանային վերակացուի կինը քաջալերական բացիկ է գրում մի քրոջ։ Տարիներ անց նա շնորհակալական նամակ է ստանում այդ քրոջից։