Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 36

ԵՐԳ 89 Լսիր, հնազանդվիր և օրհնվիր

«Խոսքը կատարողներ եղեք»

«Խոսքը կատարողներ եղեք»

«Խոսքը կատարողներ եղեք, ոչ թե միայն լսողներ» (ՀԱԿ. 1։22

ՀՈԴՎԱԾԻՑ ԿԻՄԱՆԱՆՔ

Հոդվածը կօգնի մեզ ոչ միայն մեծացնել Աստծու Խոսքը ամեն օր կարդալու մեր ցանկությունը, այլ նաև մտածել կարդացածի շուրջ և կիրառել սովորածը։

1-2. Ինչի՞ շնորհիվ են Աստծու ծառաները երջանիկ (Հակոբոս 1։22-25

 ԵՀՈՎԱՆ և նրա սիրելի Որդին ցանկանում են, որ մենք երջանիկ լինենք։ Սաղմոս 119։2-ում կարդում ենք. «Երջանիկ են նրանք, ովքեր նրա հիշեցումներին ուշադրություն են դարձնում, ովքեր ամբողջ սրտով նրա առաջնորդությունն են փնտրում»։ Հիսուսը նույնպես նմանատիպ միտք է արտահայտել՝ ասելով. «Աստծու խոսքը լսողներն ու կատարողներն են երջանիկ» (Ղուկ. 11։28

2 Լինելով Եհովայի ժողովուրդը՝ մենք երջանիկ ենք։ Դրա համար բազմաթիվ պատճառներ ունենք։ Կարևոր պատճառներից մեկն այն է, որ մենք կանոնավորաբար կարդում ենք Աստծու Խոսքը և ձգտում ենք կիրառել մեր սովորածը (կարդա Հակոբոս 1։22-25

3. Ի՞նչ օգուտներ ենք քաղում՝ կիրառելով Աստծու Խոսքից սովորածը։

3 Մենք մի շարք օգուտներ ենք քաղում՝ լինելով «խոսքը կատարողներ»։ Օրինակ, երբ կիրառում ենք Աստվածաշնչից մեր սովորածը, հաճեցնում ենք Եհովային, և այդ բանի գիտակցումը մեր սրտերը երջանկությամբ է լցնում (Ժող. 12։13)։ Թերևս անձամբ ես համոզվել, որ սուրբգրային խորհուրդները կյանքում կիրառելով՝ մենք նաև բարելավում ենք մեր ընտանեկան կյանքը և ամրացնում հավատակիցների հետ փոխհարաբերությունները։ Բացի այդ՝ մենք խուսափում ենք բազմաթիվ խնդիրներից, որոնց բախվում են Եհովայի չափանիշներով չապրող մարդիկ։ Դավիթ թագավորը իր երգերից մեկում Եհովայի օրենքի, պատվերների և դատավճիռների մասին հիշատակելիս հետևյալ եզրակացությունն արեց. «Դրանք պահողները մեծ վարձատրություն են ստանում» (Սաղ. 19։7-11)։ Անշուշտ, մենք համաձայն ենք այս խոսքերին։

4. Ինչո՞ւ է երբեմն դժվար Աստծու Խոսքը կատարողներ լինել։

4 Այդուհանդերձ, միշտ չէ, որ հեշտ է Աստծու Խոսքը կատարողներ լինել։ Ինչո՞ւ։ Քանի որ զբաղված գրաֆիկի պատճառով դժվար է ժամանակ գտնել Աստվածաշունչը կարդալու և ուսումնասիրելու համար։ Բայց մենք պետք է ժամանակ հատկացնենք դրան, որպեսզի հասկանանք, թե ինչ է Եհովան ակնկալում մեզանից։ Ուստի այս հոդվածում կքննենք մի քանի առաջարկ, որոնք կօգնեն մեզ կանոնավորաբար ընթերցել Աստծու Խոսքը, մտածել մեր կարդացածի շուրջ և սովորածը կիրառել կյանքում։

ԺԱՄԱՆԱԿ ՀԱՏԿԱՑՐՈՒ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆԸ

5. Մեծ մասամբ ինչի՞ն ենք տրամադրում մեր ժամանակը։

5 Եհովայի ծառաների մեծ մասը զբաղված կյանքով է ապրում։ Մենք բավականին ժամանակ ենք տրամադրում սուրբգրային մեր պարտականությունները կատարելու համար։ Մեզանից շատերը աշխատում են, որպեսզի հոգան իրենց և իրենց ընտանիքի կարիքները (1 Տիմոթ. 5։8)։ Շատ քրիստոնյաներ էլ խնամում են իրենց տարեց կամ առողջական խնդիրներ ունեցող հարազատներին։ Ժամանակ է պետք նաև մեր իսկ առողջության մասին հոգ տանելու համար։ Բացի այդ՝ մենք բազմաթիվ պատասխանատվություններ ունենք ժողովում։ Մեր կարևոր հանձնարարություններից է նաև քարոզչական գործին մասնակցելը։ Այս ամենի հետ մեկտեղ ինչպե՞ս կարող ես ժամանակ գտնել, որ կանոնավորաբար ընթերցես Աստվածաշունչը, խորհրդածես կարդացածիդ շուրջ և կիրառես սովորածդ։

6. Ինչպե՞ս կարող ես Աստվածաշնչի ընթերցանությանը առաջնահերթություն տալ (տես նաև նկարը)։

6 Աստվածաշունչը կանոնավորաբար կարդալը այն «ավելի կարևոր» բաներից է, որոնց քրիստոնյաները պետք է առաջնահերթություն տան (Փիլիպ. 1։10)։ Սաղմոսերգուն ասում է, որ երջանիկ է այն մարդը, ով «Եհովայի օրենքից է ուրախություն ստանում, գիշեր-ցերեկ նրա օրենքն է կիսաձայն կարդում» (Սաղ. 1։1, 2)։ Այս խոսքերը հստակ ցույց են տալիս, որ Աստվածաշնչի ընթերցանությանը հարկավոր է ժամանակ տրամադրել։ Իսկ օրվա մեջ ե՞րբ է Աստվածաշունչը կարդալու լավագույն ժամանակը։ Այս հարցի պատասխանը յուրաքանչյուրիս պարագայում կարող է տարբեր լինել, բայց կարևոր է այնպիսի ժամ ընտրել, որ ընթերցանությունը կանոնավոր լինի։ Վիկտոր անունով մի եղբայր ասում է. «Ես նախընտրում եմ Աստվածաշունչը կարդալ առավոտյան։ Ու թեև չեմ սիրում վաղ արթնանալ, բայց գիտակցում եմ, որ առավոտյան շեղող հանգամանքները քիչ են։ Միտքս ավելի ազատ է, և ես ավելի հեշտ եմ կենտրոնանում»։ Գուցե քո պարագայում է՞լ է այդպես։ Մտածիր, թե որն է Աստվածաշունչը կարդալու լավագույն ժամանակը քեզ համար։

Ե՞րբ պետք է ծրագրես կարդալ Աստվածաշունչը, որպեսզի ընթերցանությունդ կանոնավոր լինի (տես պարբերություն 6)


ԽՈՐՀՐԴԱԾԻՐ ԿԱՐԴԱՑԱԾԻԴ ՇՈՒՐՋ

7-8. Ի՞նչը կարող է խանգարել, որ լիարժեք օգուտներ քաղենք մեր ընթերցածից։ Բացատրիր օրինակով։

7 Հնարավոր է՝ այնպես լինի, որ կանոնավորաբար մեծ քանակությամբ նյութ ընթերցենք, բայց չհասցնենք յուրացնել այն։ Քեզ հետ եղե՞լ է, որ մի բան ընթերցես և կարճ ժամանակ հետո շատ քիչ բան հիշես քո կարդացածից։ Բոլորիս հետ էլ նման բան եղել է։ Ցավոք, նույնը կարող է լինել Աստվածաշնչի ընթերցանության դեպքում։ Օրինակ՝ գուցե նպատակ դնենք ամեն օր Աստվածաշնչից մի քանի գլուխ կարդալ։ Ինչ խոսք, դա գովելի է։ Կարևոր է նպատակներ դնել և ձգտել հասնել դրանց (1 Կորնթ. 9։26)։ Բայց Աստվածաշունչը ընթերցելը միայն սկիզբն է։ Եթե ուզում ենք լիարժեքորեն օգուտներ քաղել Աստծու Խոսքից, հարկավոր է ավելին անել։

8 Մտածիր հետևյալ օրինակի շուրջ։ Անձրևը կենսական է բույսերի համար։ Երբ կարճ ժամանակում առատ տեղումներ են լինում, հողը ոռոգվում է։ Բայց եթե դրանից հետո տեղումները շարունակվում են, բուսականությանը ոչ մի օգուտ չեն տալիս։ Իսկ երբ անձրևը դանդաղ է գալիս, ջուրը հասցնում է ներծծվել հողի մեջ և սնուցել բուսականությունը։ Նմանապես մենք չպետք է շտապելով կարդանք Աստվածաշունչը, այսինքն՝ այնքան արագ, որ չհասցնենք յուրացնել նյութը և հիշել ու կիրառել այն (Հակ. 1։24

Ճիշտ ինչպես ժամանակ է պետք, որ հողը կլանի ջուրը, այնպես էլ ժամանակ է պետք, որ մտածենք Աստծու Խոսքի շուրջ և կիրառենք մեր սովորածը (տես պարբերություն 8)


9. Ի՞նչ պետք է անենք, եթե նկատում ենք, որ Աստվածաշունչը արագ կարդալու սովորություն ունենք։

9 Իսկ ի՞նչ կարող ես անել, եթե նկատում ես, որ շատ արագ ես կարդում Աստվածաշունչը։ Դանդաղեցրու տեմպդ և փորձիր խորհրդածել կարդացածիդ շուրջ։ Մի՛ կարծիր, որ դա շատ բարդ պրոցես է։ Իրականում դու պետք է պարզապես մտածես կարդացածիդ մասին։ Դրա համար գուցե որոշես ավելացնել ուսումնասիրությանը տրամադրվող ժամանակը, որպեսզի հասցնես նաև խորհրդածել։ Կամ էլ գուցե ավելի քիչ համարներ ընթերցես և մնացած ժամանակը օգտագործես կարդացածիդ շուրջ մտածելու համար։ Վիկտորը, ում մասին արդեն նշեցինք, ասում է. «Աստվածաշնչի իմ ընթերցանությունը երկար չի տևում։ Գուցե ընդամենը մի գլուխ կարդամ։ Եվ քանի որ վաղ առավոտյան եմ ընթերցում, ողջ օրվա ընթացքում կարողանում եմ մտածել կարդացածիս մասին»։ Կարևորը ոչ թե ընթերցածդ նյութի ծավալն է, այլ այնպիսի տեմպով կարդալը, որ կարողանաս առավելագույն օգուտներ քաղել քո ընթերցանությունից (Սաղ. 119։97; տես « Հարցեր՝ խորհրդածելու համար» շրջանակը)։

10. Բեր օրինակ, թե ինչպես կարող ես կիրառել սովորածդ (1 Թեսաղոնիկեցիներ 5։17, 18

10 Անկախ նրանից, թե երբ ես կարդում Աստվածաշունչը և որքան ժամանակ ես տրամադրում դրան, միշտ մտածիր, թե ինչպես կարող ես կիրառել սովորածդ։ Աստծու Խոսքից որևէ հատված ընթերցելիս հարցրու ինքդ քեզ. «Ինչպե՞ս կարող եմ կիրառել այս տեղեկությունը հիմա կամ մոտ ապագայում»։ Պատկերացրու՝ կարդում ես 1 Թեսաղոնիկեցիներ 5։17, 18 համարները (կարդա)։ Դրանք ընթերցելուց հետո կարող ես դադար տալ ու մտածել, թե ինչքան հաճախ ես աղոթում և որքան խորն են քո աղոթքները։ Կարող ես նաև մտածել, թե ինչերի համար ես երախտապարտ Եհովային։ Օրինակ՝ գուցե որոշես կոնկրետ երեք բանի համար շնորհակալություն հայտնել նրան։ Նման խորհրդածության համար անգամ մի քանի րոպե տրամադրելը կօգնի քեզ լինել Աստծու Խոսքը լսող և կատարող։ Միայն պատկերացրու, թե ինչ օգուտներ կքաղես, եթե ամեն օր այսպես վարվես աստվածաշնչյան այլ հատվածներ ընթերցելիս։ Այո՛, դու կբարելավվես Աստծու Խոսքը կատարելու հարցում։ Իսկ ինչպե՞ս վարվել, եթե տեսնում ես, որ շատ հարցերում բարելավումներ անելու կարիք ունես։

ՈՂՋԱՄԻՏ ՆՊԱՏԱԿՆԵՐ ԴԻՐ

11. Ինչո՞ւ գուցե երբեմն վհատվես։ Բեր օրինակ։

11 Աստվածաշունչն ընթերցելիս երբեմն գուցե վհատվես՝ տեսնելով, թե որքան բանի վրա պետք է աշխատես։ Պատկերացնենք հետևյալը։ Մի օր Աստվածաշնչում կարդում ես, որ ճիշտ չէ մարդկանց միջև խտրականություն դնել (Հակ. 2։1-8)։ Դու տեսնում ես, որ կարիք ունես բարելավվելու այն հարցում, թե ինչպես ես վերաբերվում ուրիշներին, ուստի որոշում ես փոփոխություններ անել։ Դա շատ լավ է։ Հաջորդ օրը կարդում ես լեզուն հսկելու կարևորության մասին (Հակ. 3։1-12)։ Նկատում ես, որ երբեմն խոսքերդ վհատեցնող ու բացասական են։ Ուստի որոշում ես աշխատել, որ զրույցներդ դրական ու թարմացնող լինեն։ Մյուս օրը աշխարհի ընկերը չլինելու վերաբերյալ նախազգուշացում ես կարդում (Հակ. 4։4-12)։ Հասկանում ես, որ զվարճությունների ընտրության հարցում ավելի զգույշ պետք է լինես։ Չորրորդ օրն արդեն վհատության մեջ ես ընկնում՝ գիտակցելով, թե որքան աշխատելու տեղ ունես։

12. Ինչո՞ւ չպետք է թևաթափ լինես, երբ Աստվածաշունչն ընթերցելիս նկատում ես, որ շատ փոփոխություններ անելու կարիք ունես (տես նաև ծանոթագրությունը)։

12 Եթե մի շարք փոփոխությունների և բարելավումների կարիք ես տեսնում, թևաթափ մի՛ եղիր։ Իրականում դա սրտի ճիշտ տրամադրվածության մասին է վկայում։ Խոնարհ ու համեստ մարդը Աստվածաշունչը կարդալիս փորձում է հասկանալ, թե ինչի վրա պետք է աշխատի։ a Հիշիր նաև, որ «նոր անձնավորությունը» հագնելը շարունակական գործողություն է (Կող. 3։10)։ Ի՞նչը կօգնի, որ միշտ Աստծու Խոսքը կատարող լինենք։

13. Կարդացածդ կիրառելու հարցում ինչպե՞ս կարող ես ողջամտություն դրսևորել (տես նաև նկարը)։

13 Կարդացածդ բոլոր խորհուրդները միանգամից կիրառելու փոխարեն կենտրոնացիր դրանցից մի քանիսի վրա (Առակ. 11։2)։ Փորձիր հետևյալը. նախ՝ գրի առ բոլոր այն բաները, որոնց վրա պետք է աշխատես, հետո՝ ընտրիր դրանցից մեկը կամ երկուսը, իսկ մնացածը թող հետագայի համար։ Տեսնենք, թե ինչից արժե սկսել։

Կարդացածդ բոլոր խորհուրդները միանգամից կիրառելու փոխարեն հասանելի նպատակներ դիր։ Թերևս կարող ես կենտրոնանալ մեկ կամ երկու բանի վրա (տես պարբերություն 13-14)


14. Ինչի՞ց արժե սկսել։

14 Գուցե սկսես այն նպատակից, որին հասնելը հեշտ է, կամ էլ աշխատես այն ոլորտի վրա, որում ամենաշատն ես կաղում։ Երբ որոշես, թե որ նպատակից ես ուզում սկսել, փնտրտուքներ արա մեր հրատարակություններում, օրինակ՝ «Դիտարանի օնլայն գրադարանում» կամ «Փնտրտուքների ուղեցույց Եհովայի վկաների համար» ձեռնարկում։ Աղոթիր Եհովային՝ նրանից խնդրելով «գործելու թե՛ ցանկություն, թե՛ ուժ» (Փիլիպ. 2։13)։ Այնուհետև կիրառիր սովորածդ։ Առաջին նպատակիդ հասնելուց հետո դու թերևս ավելի շատ մղիչ ուժ կունենաս քո մյուս նպատակին հասնելու համար։ Իրականում, երբ բարելավումներ ես անում քրիստոնեական կյանքին առնչվող որևէ ոլորտում կամ ինչ-որ հատկություն ես մշակում, ավելի հեշտ է լինում կատարել մյուս անհրաժեշտ փոփոխությունները։

ԹՈՂ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԸ «ՆԵՐԳՈՐԾԻ» ՔԵԶ ՎՐԱ

15. Ինչպե՞ս է Եհովայի ժողովուրդը տարբերվում Աստվածաշունչը կարդացող մյուս մարդկանցից (1 Թեսաղոնիկեցիներ 2։13

15 Շատ մարդիկ են բազմիցս կարդացել Աստվածաշունչը։ Բայց արդյո՞ք նրանք հավատում են այն ամենին, ինչ գրված է այնտեղ։ Կիրառո՞ւմ են Աստվածաշնչի խորհուրդները կամ թույլ տալի՞ս են, որ դրանք փոխեն իրենց կյանքը։ Ցավոք, շատերն այդպես չեն վարվում։ Որքա՜ն է Եհովայի ժողովուրդը տարբերվում նրանցից։ Առաջին դարի քրիստոնյաների նման մենք ընդունում ենք Աստվածաշունչը «որպես Աստծու խոսք, քանի որ իրականում այն հենց նրա խոսքն է»։ Բացի այդ՝ մենք ձգտում ենք աստվածաշնչյան խորհուրդները կիրառել մեր կյանքում (կարդա 1 Թեսաղոնիկեցիներ 2։13

16. Ի՞նչը կօգնի մեզ Խոսքը կատարողներ լինել։

16 Աստծու Խոսքը կարդալը և կիրառելը միշտ չէ, որ հեշտ է։ Գուցե դժվար լինի ժամանակ գտնել ընթերցանության համար կամ էլ հակված լինենք արագ ընթերցելու և չկարողանանք յուրացնել կարդացածը։ Հնարավոր է՝ վհատվենք այն մտքից, որ շատ փոփոխություններ անելու կարիք ունենք։ Սակայն այս բոլոր դժվարությունները հաղթահարելի են։ Եհովայի օգնությամբ մենք հաջողության կհասնենք։ Ուրեմն եկեք վճռենք ընդունել նրա աջակցությունը և լինենք ոչ թե մոռացկոտ լսողներ, այլ Խոսքը կատարողներ։ Անկասկած, որքան շատ կարդանք Աստծու Խոսքը և մեր սովորածը կիրառենք կյանքում, այնքան երջանիկ կլինենք (Հակ. 1։25

ԵՐԳ 94 Շնորհակալ ենք քո Խոսքի համար

a jw.org կայքում տես «Աստվածաշնչի ընթերցանություն» տեսանյութը՝ «Ինչ են ասում հասակակիցներդ» խորագրի տակ։