ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 38
ԵՐԳ 25 Հատուկ սեփականություն
Ուշադրություն դարձնո՞ւմ ես նախազգուշացումներին
«Մեկը կվերցվի, մյուսը կթողնվի» (ՄԱՏԹ. 24։40)։
ՀՈԴՎԱԾԻՑ ԿԻՄԱՆԱՆՔ
Այս հոդվածում կքննենք Հիսուսի առակներից երեքը և կտեսնենք, թե դրանք ինչպես են առնչվում դատաստանի ժամանակին, որը տեղի կունենա այս համակարգի վերջում։
1. Ի՞նչ դատաստան է շուտով լինելու։
ՄԵՆՔ ապրում ենք վճռորոշ ժամանակներում։ Շուտով Հիսուսը դատելու է բոլորին։ Դրան նախորդող ժամանակաշրջանը նկարագրելիս Հիսուսը աշակերտներին տվեց իր անտեսանելի ներկայության և «այս աշխարհի վախճանի» վերաբերյալ մարգարեական նշան (Մատթ. 24։3)։ Այն գրված է Մատթեոս 24-րդ և 25-րդ գլուխներում և դրանց զուգահեռ արձանագրություններում՝ Մարկոս 13-րդ և Ղուկաս 21-րդ գլուխներում։
2. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում, և ինչո՞ւ է դա օգտակար մեզ համար։
2 Հիսուսը երեք առակ պատմեց, որոնք կօգնեն մեզ պատրաստված լինել։ Այդ առակները ասես նախազգուշացում լինեն մեզ համար։ Դրանք ոչխարների ու այծերի, իմաստուն և հիմար կույսերի, ինչպես նաև տաղանդների մասին առակներն են։ Յուրաքանչյուր առակ կօգնի մեզ հասկանալ, թե մարդու գործերը ինչպես կազդեն դատաստանի ժամանակ Հիսուսի կայացրած որոշման վրա։ Առակները քննելիս կտեսնենք, թե ինչ կարող ենք սովորել և ինչպես կարող ենք կիրառել մեր սովորածը։ Նախ ուշադրություն դարձնենք ոչխարների ու այծերի մասին առակին։
ՈՉԽԱՐՆԵՐԻ ՈՒ ԱՅԾԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՌԱԿԸ
3. Ե՞րբ է Հիսուսը դատելու մարդկանց։
3 Ոչխարների ու այծերի մասին առակից տեսնում ենք, որ Հիսուսը կդատի մարդկանց այն բանի հիման վրա, թե ինչպես են նրանք արձագանքել բարի լուրին և թե արդյոք թիկունք են կանգնել իր օծյալ եղբայրներին (Մատթ. 25։31-46)։ Նա կդատի մարդկանց «մեծ նեղության» ընթացքում՝ անմիջապես Արմագեդոնից առաջ (Մատթ. 24։21)։ Ինչպես հովիվն է զատում ոչխարներին այծերից, այնպես էլ Հիսուսը իր օծյալ հետևորդներին հավատարմորեն աջակցողներին կառանձնացնի նրանցից, ովքեր այդպես չեն վարվել։
4. Եսայիա 11։3, 4 համարների համաձայն՝ ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ Հիսուսը մարդկանց արդարությամբ է դատելու (տես նաև նկարը)։
4 Աստվածաշնչում մարգարեացվել է, որ Եհովայի նշանակած Դատավորը՝ Հիսուսը, արդարությամբ է դատելու (կարդա Եսայիա 11։3, 4)։ Նա ուշադրություն է դարձնում մարդկանց վարվելակերպին, մտածելակերպին և խոսքերին, այդ թվում՝ այն բանին, թե ինչպես են նրանք վերաբերվում իր օծյալ եղբայրներին (Մատթ. 12։36, 37; 25։40)։ Քրիստոսն իմանալու է, թե ովքեր են թիկունք կանգնել իր օծյալ եղբայրներին և նրանց կատարած գործին։ a Իսկ նրա եղբայրներին թիկունք կանգնելու ամենակարևոր կերպերից մեկը քարոզչական գործում նրանց աջակցելն է։ Այդպես վարվելով՝ մարդիկ կբնորոշվեն որպես «արդարներ» և երկրի վրա «հավիտենական կյանք» ստանալու հեռանկար կունենան (Մատթ. 25։46; Հայտն. 7։16, 17)։ Ի՜նչ հրաշալի վարձատրություն է սպասում բոլոր նրանց, ովքեր անարատ են մնում։ Եթե նրանք հավատարիմ մնան մեծ նեղության ընթացքում և դրանից հետո, նրանց անունները գրված կմնան «կյանքի գրքում» (Հայտն. 20։15)։
5. Ի՞նչ ենք սովորում ոչխարների ու այծերի մասին առակից, և ո՞ւմ է այն վերաբերում։
5 Հավատարիմ և նվիրված եղիր։ Ոչխարների ու այծերի մասին առակը հիմնականում վերաբերում է երկրային կյանքի հույս ունեցողներին։ Նրանք արտահայտում են իրենց հավատը ոչ միայն քարոզչական գործում աջակցելով Քրիստոսի եղբայրներին, այլև հավատարմորեն ընդունելով այն առաջնորդությունը, որ տալիս է Հիսուսի կողմից ընտրված օծյալ եղբայրների փոքր խումբը (Մատթ. 24։45)։ Սակայն այս առակի նախազգուշական նշանակությանը պետք է կարևորություն տան նաև երկնային կյանքի հույս ունեցողները։ Ինչո՞ւ։ Քանի որ Հիսուսը նրանց էլ է ուշադրություն դարձնում. նա հետևում է նրանց վարվելակերպին, մտածելակերպին և խոսքերին։ Բացի այդ՝ նրանք նույնպես պետք է փաստեն իրենց հավատարմությունը։ Հետաքրքրական է, որ Հիսուսը երկու այլ առակ էլ պատմեց, որոնք նախազգուշացումներ են պարունակում կոնկրետ օծյալ քրիստոնյաների համար։ Այդ առակները նույնպես գրված են Մատթեոս 25-րդ գլխում։ Այժմ եկեք քննենք դրանցից մեկը՝ իմաստուն և հիմար կույսերի մասին առակը։
ԻՄԱՍՏՈՒՆ ԵՎ ՀԻՄԱՐ ԿՈՒՅՍԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՌԱԿԸ
6. Կույսերից հինգը ինչպե՞ս փաստեցին, որ իմաստուն են (Մատթեոս 25։6-10)։
6 Այս առակում Հիսուսը խոսում է տասը կույսերի մասին, ովքեր գնացել էին փեսային դիմավորելու (Մատթ. 25։1-4)։ Նրանք բոլորն էլ հույս ունեին ուղեկցել նրան, երբ նա գնար իր հարսանեկան խնջույքին։ Հիսուսն ասաց, որ կույսերից հինգը «իմաստուն» էին, իսկ մյուս հինգը՝ «հիմար»։ Իմաստուն կույսերը պատրաստված էին և զգոն։ Նրանք պատրաստ էին սպասելու փեսային, որքան որ պետք լիներ, նույնիսկ եթե նա գար ուշ գիշերով։ Ուստի նրանք իրենց հետ ճրագներ էին բերել։ Նրանք նաև հավելյալ ձիթայուղ էին վերցրել, որպեսզի եթե փեսան ուշանար, իրենց ճրագները չհանգչեին (կարդա Մատթեոս 25։6-10)։ Երբ փեսան եկավ, իմաստուն կույսերը նրա հետ ներս մտան հարսանեկան խնջույքի։ Նմանապես օծյալ քրիստոնյաները, ովքեր մինչև Քրիստոսի գալը զգոն ու հավատարիմ կմնան և այդպիսով կփաստեն, որ պատրաստ են, արժանի կհամարվեն միանալու նրան՝ Փեսային, նրա երկնային թագավորությունում (Հայտն. 7։1-3)։ b Իսկ ի՞նչ եղավ հինգ հիմար կույսերին։
7. Ի՞նչ եղավ հինգ հիմար կույսերին և ինչո՞ւ։
7 Ի տարբերություն իմաստուն կույսերի՝ հինգ հիմար կույսերը պատրաստ չէին փեսայի գալուն։ Նրանց ճրագները ուր որ է հանգչելու էին, իսկ նրանք հավելյալ ձիթայուղ չէին վերցրել։ Երբ այդ կույսերը իմացան, որ փեսան շուտով գալու է, ստիպված գնացին ձիթայուղ գնելու։ Այդ ընթացքում փեսան եկավ, և «այն կույսերը, որոնք պատրաստ էին, նրա հետ ներս մտան հարսանեկան խնջույքի, և դուռը փակվեց» (Մատթ. 25։10)։ Ավելի ուշ, երբ հիմար կույսերը վերադարձան և ուզում էին ներս մտնել, փեսան ասաց նրանց. «Ես ձեզ չեմ ճանաչում» (Մատթ. 25։11, 12)։ Նրանք չէին պատրաստվել, որ որքան հարկն է սպասեին փեսային։ Ի՞նչ են սովորում օծյալ քրիստոնյաները այս առակից։
8-9. Օծյալ քրիստոնյաները ի՞նչ կարող են սովորել կույսերի մասին առակից (տես նաև նկարը)։
8 Պատրաստ և զգոն եղիր։ Պատմելով այս առակը՝ Հիսուսը չէր մարգարեանում, որ լինելու էր օծյալների երկու խումբ, որոնցից մեկը պատրաստ էր լինելու սպասել մինչև այս համակարգի վերջը, իսկ մյուսը՝ ոչ։ Նա ուզում էր ասել, թե ինչ կլինի այն օծյալներին, ովքեր պատրաստ չեն լինի մինչև վերջ հավատարմորեն դիմանալու։ Նրանք չեն ստանա իրենց վարձատրությունը (Հովհ. 14։3, 4)։ Դա շատ սթափեցնող է։ Անկախ նրանից՝ հույս ունենք ապրելու երկնքում, թե երկրի վրա, բոլորս էլ պետք է լուրջ վերաբերվենք կույսերի մասին առակի նախազգուշական նշանակությանը։ Ամեն մեկս պետք է արթուն ու պատրաստ լինի և կարողանա դիմանալ մինչև վերջ (Մատթ. 24։13)։
9 Այն բանից հետո, երբ Հիսուսը ընդգծեց, թե որքան կարևոր է պատրաստ ու զգոն լինել, պատմեց տաղանդների մասին առակը, որը ցույց է տալիս աշխատասեր լինելու կարևորությունը։
ՏԱՂԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՌԱԿԸ
10. Երկու ծառաները ինչպե՞ս փաստեցին, որ հավատարիմ են (Մատթեոս 25։19-23)։
10 Տաղանդների մասին առակում Հիսուսը խոսեց երեք ծառաների մասին, որոնցից երկուսը հավատարիմ էին, իսկ երրորդը՝ անհավատարիմ (Մատթ. 25։14-18)։ Այդ ծառաների տերը օտար երկիր գնալուց առաջ իր տաղանդները նրանց վստահեց։ Դրանք մեծ արժողություն ունեին։ Հավատարիմ ծառաները աշխատասեր էին և իմաստնորեն օգտագործեցին իրենց վստահվածը։ Երբ նրանց տերը վերադարձավ, նրանք կրկնապատկել էին տաղանդները։ Փաստորեն, երկու ծառաները հավատարմություն դրսևորեցին՝ ջանասիրաբար ավելացնելով իրենց տիրոջ ունեցվածքը։ Ուստի տերը գովեց նրանց և հրավիրեց ուրախանալ իր հետ (կարդա Մատթեոս 25։19-23)։ Իսկ երրորդ ծառան ինչպե՞ս վարվեց իրեն վստահված գումարի հետ։
11. Ի՞նչ եղավ ծույլ ծառային և ինչո՞ւ։
11 Երրորդ ծառան մեկ տաղանդ ստացավ, և նրա տերը ակնկալում էր, որ նա այն իմաստնորեն կօգտագործի։ Բայց նա ծույլ էր և տաղանդը թաքցրեց հողի մեջ։ Ծառան չշատացրեց այն, ուստի երբ տերը եկավ, նա պարզապես վերադարձրեց մեկ տաղանդը։ Այդ ծառան սխալ մտավիճակ ուներ։ Փոխանակ ներողություն խնդրելու՝ նա անարդարացիորեն իր տիրոջը «խստապահանջ մարդ» անվանեց։ Դրա համար այս ծույլ ծառան չարժանացավ տիրոջ հավանությանը։ Ուստի մեկ տաղանդը վերցրին նրանից և նրան դուրս գցեցին (Մատթ. 25։24, 26-30)։
12. Ո՞ւմ են ներկայացնում երկու հավատարիմ ծառաները։
12 Երկու հավատարիմ ծառաները ներկայացնում են հավատարիմ օծյալ քրիստոնյաներին։ Տերը՝ Հիսուսը, հրավիրում է նրանց ուրախանալ իր հետ և ստանալ իրենց երկնային վարձատրությունը՝ առաջին հարությունը (Մատթ. 25։21, 23; Հայտն. 20։5ա)։ Իսկ ծույլ ծառան նախազգուշական օրինակ է օծյալների համար։ Ի՞նչ առումով։
13-14. Ի՞նչ են սովորում օծյալ քրիստոնյաները տաղանդների մասին առակից (տես նաև նկարը)։
13 Ջանասեր եղիր։ Ինչպես կույսերի մասին առակում, այնպես էլ այս առակում Հիսուսը չէր կանխագուշակում, որ օծյալները կծուլանան։ Նա ուզում էր ասել, որ եթե նրանք կորցնեն իրենց եռանդը, այլևս արժանի չեն լինի իրենց «կոչմանը՝ որպես կանչվածներ ու ընտրվածներ», և նրանց թույլ չի տրվի մտնել երկնային թագավորություն (2 Պետ. 1։10)։
14 Կույսերի և տաղանդների մասին առակներից հստակ է դառնում, որ բոլոր օծյալ քրիստոնյաները պետք է պատրաստ, զգոն և ջանասեր լինեն։ Իսկ ուրիշ ի՞նչ ասաց Հիսուսը, որը կարող է նախազգուշացում լինել օծյալների համար։ Այդ մասին կարդում ենք Մատթեոս 24։40, 41 համարներում։
Ո՞Վ «ԿՎԵՐՑՎԻ»
15-16. Մատթեոս 24։40, 41 համարները ինչպե՞ս են օգնում օծյալներին տեսնել արթուն լինելու կարևորությունը։
15 Նախքան երեք առակները պատմելը Հիսուսը խոսեց վերջնական մի դատաստանի մասին, որի ժամանակ հայտնի կդառնա, թե նրանցից ովքեր ունեն իր հավանությունը։ Նա խոսեց դաշտում աշխատող երկու տղամարդկանց և երկանքով աշխատող երկու կանանց մասին։ Կարծես այդ տղամարդիկ նույն գործն էին անում, կանայք՝ նույնպես։ Բայց Հիսուսն ասաց, որ նրանցից «մեկը կվերցվի, մյուսը կթողնվի» (կարդա Մատթեոս 24։40, 41)։ Այնուհետև նա իր հետևորդներին հորդորեց. «Զգո՛ն եղեք, որովհետև չգիտեք, թե որ օրն է ձեր Տերը գալու» (Մատթ. 24։42)։ Հիսուսը նման բան ասաց նաև կույսերի մասին առակը պատմելուց հետո (Մատթ. 25։13)։ Արդյո՞ք այս խոսքերը կապված են միմյանց հետ։ Թերևս այո։ Հստակ է, որ միայն անկեղծ և հավատարիմ օծյալները Հիսուսի կողմից «կվերցվեն» երկնային թագավորություն (Հովհ. 14։3)։
16 Արթուն եղիր։ Ցանկացած օծյալ քրիստոնյա, ով հոգևորապես արթուն չի մնա, չի լինի Հիսուսի «ընտրածների» թվում (Մատթ. 24։31)։ Ավելի լայն իմաստով՝ Աստծու բոլոր ծառաները, անկախ իրենց ունեցած հույսից, պետք է Հիսուսի խոսքերը ընդունեն որպես նախազգուշացում և արթուն ու հավատարիմ մնան։
17. Ինչո՞ւ մեզ չպետք է մտահոգի այն, որ Եհովան որոշել է մեր ժամանակներում օծել որոշ հավատարիմների։
17 Մենք լավ ենք ճանաչում Եհովային և վստահ ենք, որ նրա կայացրած որոշումները արդար են։ Ուստի չենք մտահոգվում, որ նա որոշել է մեր ժամանակներում օծել որոշ հավատարիմ քրիստոնյաների։ c Չէ՞ որ հիշում ենք, թե ինչ ասաց Հիսուսը այն մարդկանց մասին, ովքեր երեկոյան ժամը հինգին էին վարձվել խաղողի այգում աշխատելու (Մատթ. 20։1-16)։ Այդ վերջին հրավիրվածները նույն աշխատավարձը ստացան, ինչ ավելի շուտ եկածները։ Նմանապես օծյալ քրիստոնյաները, անկախ նրանից, թե երբ են ընտրվել, կստանան իրենց երկնային վարձատրությունը, եթե հավատարիմ մնան։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵՆՔ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐԻՆ
18-19. Ի՞նչ սովորեցինք այս հոդվածից։
18 Այսպիսով՝ ոչխարների ու այծերի մասին առակից իմացանք, թե որքան կարևոր է, որ երկրի վրա հավիտյան ապրելու հույս ունեցողները հավատարիմ ու նվիրված մնան Եհովային թե՛ հիմա, թե՛ գալիք մեծ նեղության ընթացքում։ Ապագայում, երբ Հիսուսը դատի մարդկանց, հավատարիմներին կվարձատրի «հավիտենական կյանքով» (Մատթ. 25։46)։
19 Մենք նաև քննեցինք երկու առակ, որոնք նախազգուշական նշանակություն ունեն օծյալների համար։ Իմաստուն և հիմար կույսերի մասին առակում տասը կույսերից հինգը իմաստուն էին։ Նրանք պատրաստված էին և զգոն, նաև պատրաստ էին սպասելու փեսային, որքան որ պետք լիներ։ Բայց հիմար կույսերը անպատրաստ էին, ուստի փեսան նրանց թույլ չտվեց ներկա լինել իր հարսանեկան խնջույքին։ Մենք նույնպես պետք է պատրաստ լինենք սպասելու՝ անկախ նրանից, թե երբ Հիսուսը վերջ կդնի այս համակարգին։ Իսկ տաղանդների մասին առակից իմացանք երկու հավատարիմ ծառաների մասին, որոնք ջանասեր էին։ Նրանք տքնաջան աշխատեցին, որ իրենց տիրոջ ունեցվածքը շատացնեն։ Այդ ծառաները ստացան նրա հավանությունը, իսկ ծույլ ծառան՝ ոչ։ Այստեղից սովորում ենք, որ պետք է մինչև վերջ ակտիվորեն ծառայենք Եհովային։ Վերջում քննեցինք, որ օծյալ քրիստոնյաները պետք է արթուն մնան, որպեսզի Հիսուսի կողմից «վերցվեն» և երկնքում ստանան իրենց վարձատրությունը։ Այդ մարդիկ մեծ փափագով սպասում են, որ Հիսուսի մոտ «միասին հավաքվեն» երկնքում։ Արմագեդոն պատերազմից հետո, երբ լինի «Գառան հարսանիքը», նրանք կլինեն նրա հարսը (2 Թեսաղ. 2։1; Հայտն. 19։9)։
20. Ի՞նչ կանի Եհովան նրանց համար, ովքեր ուշադրություն են դարձնում իր նախազգուշացումներին։
20 Դատաստանի ժամանակը արագորեն մոտենում է, բայց մենք վախենալու ոչ մի պատճառ չունենք։ Եթե հավատարիմ մնանք, մեր երկնային սիրառատ Հայրը մեզ կտա «մարդկային ուժից վեր զորություն», որ «կարողանանք.... կանգնել մարդու Որդու առաջ» (2 Կորնթ. 4։7; Ղուկ. 21։36)։ Թե՛ երկնային, թե՛ երկրային հույս ունեցող բոլոր քրիստոնյաներս կհաճեցնենք մեր Հորը, եթե ուշադրություն դարձնենք Հիսուսի առակների մարգարեական նշանակությանը։ Եհովայի անզուգական բարության շնորհիվ մեր անունները գրված կլինեն «կյանքի գրքում» (Դան. 12։1; Հայտն. 3։5)։
ԵՐԳ 26 Ինձ համար արեցիք
a Տես «Ի՞նչ գիտենք Եհովայի գալիք դատաստանների մասին» հոդվածը «Դիտարանի» 2024 թ. մայիսի համարում։
b Հավելյալ տեղեկությունների համար տես «Արթուն կմնա՞ս» հոդվածը «Դիտարանի» 2015 թ. մարտի 15-ի համարում։
d ՆԿԱՐ։ Օծյալ քույրը Աստվածաշունչ է ուսուցանում մի երիտասարդ կնոջ, ում հանդիպել է ծառայության ժամանակ