Ընթերցողների հարցերը
Երբ Հիսուսը հաստատեց Տիրոջ ընթրիքը, որտե՞ղ էին այն 70 աշակերտները, որոնց նա ուղարկել էր քարոզելու։ Արդյո՞ք լքել էին նրան
Այն, որ 70 աշակերտները ներկա չէին Տիրոջ ընթրիքին, մեզ հիմք չի տալիս եզրակացնելու, որ նրանք չունեին Հիսուսի հավանությունը կամ լքել էին նրան։ Հիսուսը պարզապես ցանկանում էր իր առաքյալների հետ լինել։
Թե՛ 12 առաքյալները, թե՛ 70 աշակերտները ունեին Հիսուսի հավանությունը։ Սկզբում Հիսուսը իր բազմաթիվ աշակերտների միջից 12 տղամարդկանց ընտրեց, որոնց կոչեց առաքյալներ (Ղուկ. 6։12-16)։ Նա Գալիլեայում էր, երբ «12 առաքյալներին մեկտեղ կանչեց» և «նրանց ուղարկեց քարոզելու Աստծու թագավորության մասին և բուժումներ անելու» (Ղուկ. 9։1-6)։ Այնուհետև Հրեաստանում «ընտրեց 70 ուրիշ աշակերտների և իրենից առաջ երկու-երկու ուղարկեց» քարոզելու (Ղուկ. 9։51; 10։1)։ Հետևաբար Հիսուսը տարբեր վայրերում հետևորդներ ուներ, ովքեր քարոզում էին իր մասին։
Հիսուսի աշակերտ դարձած հրեաները դեռ ամեն տարի նշում էին Պասեքը, ամենայն հավանականությամբ, իրենց ընտանիքների հետ միասին (Ելք 12։6-11, 17-20)։ Իր մահվանից կարճ ժամանակ առաջ Հիսուսը իր առաքյալների հետ գնաց Երուսաղեմ։ Բայց նա չկազմակերպեց Պասեքի մեծ հավաքույթ, որտեղ կմասնակցեին իր բոլոր աշակերտները Հրեաստանից, Գալիլեայից և Պիրեայից։ Հստակ է, որ Հիսուսը ուզում էր այդ օրը իր առաքյալների հետ անցկացնել։ Նա նրանց ասաց. «Շատ էի ցանկանում ձեզ հետ ուտել այս Պասեքի ընթրիքը իմ չարչարանքներից առաջ» (Ղուկ. 22։15)։
Այդպես վարվելու համար նա հիմնավոր պատճառ ուներ։ Շուտով նա մահանալու էր որպես «Աստծու Գառ, որը վերացնելու էր աշխարհի մեղքը» (Հովհ. 1։29)։ Դա տեղի էր ունենալու Երուսաղեմում, որտեղ տարիներ շարունակ զոհեր էին մատուցվում Աստծուն։ Պասեքի գառը հիշեցնում էր իսրայելացիներին, որ Եհովան իրենց ազատագրել է Եգիպտոսից։ Իսկ Հիսուսն իր մահով շատ ավելին էր անելու. նա ազատագրելու էր ողջ մարդկությանը մեղքից ու մահից (1 Կորնթ. 5։7, 8)։ Հիսուսի տված փրկագնի շնորհիվ 12 առաքյալները քրիստոնեական ժողովի հիմքի մի մասը լինելու հնարավորություն էին ունենալու (Եփես. 2։20-22)։ Հատկանշական է, որ սուրբ քաղաք Երուսաղեմը «12 հիմնաքար ունի», որոնց վրա գրված են «Գառան 12 առաքյալների անունները» (Հայտն. 21։10-14)։ Այո՛, հավատարիմ առաքյալները կարևոր դեր էին ունենալու Աստծու նպատակի իրականացման մեջ։ Ուստի տրամաբանական է, որ Հիսուսը նրանց հետ էր ցանկանում անցկացնել վերջին Պասեքը և անմիջապես դրան հաջորդող Տիրոջ ընթրիքը։
70 աշակերտները, ինչպես նաև նրա մյուս հետևորդները այդ ընթրիքին Հիսուսի հետ չէին։ Այնուամենայնիվ, բոլոր հավատարիմ աշակերտները օգուտներ էին քաղելու Հիսուսի հաստատած Տիրոջ ընթրիքից։ Բոլոր նրանք, ովքեր ժամանակի ընթացքում կօծվեին սուրբ ոգով, մաս կկազմեին թագավորության ուխտի, որը այդ գիշեր Հիսուսը կապեց իր առաքյալների հետ (Ղուկ. 22։29, 30)։