Անցնել բովանդակությանը

Ես ընդունեցի արյան վերաբերյալ Աստծու տեսակետը

Ես ընդունեցի արյան վերաբերյալ Աստծու տեսակետը

Ես ընդունեցի արյան վերաբերյալ Աստծու տեսակետը

Պատմում է մի բժիշկ

ԿԱՆԳՆԱԾ էի հիվանդանոցի լսարանում և մի խումբ բժիշկների ներկայացնում էի դիահերձման արդյունքները։ Մահացածը չարորակ ուռուցք ուներ։ Ես ասացի. «Կարելի է եզրակացնել, որ պացիենտի մահվան անմիջական պատճառը եղել են հեմոլիզը (արյունալուծում՝ արյան կարմիր գնդիկների քայքայում) ու երիկամային սուր անբավարարությունը, որոնք առաջացել են մեծ քանակությամբ արյան փոխներարկման հետևանքով»։

Պրոֆեսորներից մեկը ոտքի կանգնեց ու բղավեց. «Նկատի ունես՝ անհամատեղելի արյո՞ւն ենք փոխներարկել»։ Ես պատասխանեցի. «Ո՛չ։ Դա նկատի չունեմ»։ Ապա սլայդով պացիենտի երիկամի որոշ հատվածների նկարներ ցույց տվեցի և ավելացրի. «Կարող ենք տեսնել երիկամում արյան կարմիր գնդիկների քայքայման պրոցեսը, ինչն էլ ցույց է տալիս, որ դա է եղել երիկամային սուր անբավարարության պատճառը»։ * Լսարանում լարվածություն առաջացավ, թուքս բերանումս չորացավ։ Թեև ես երիտասարդ բժիշկ էի, իսկ նա՝ պրոֆեսոր, որոշել էի, որ չեմ նահանջելու։

Այդ ժամանակ ես Եհովայի վկա չէի։ Ծնվել եմ 1943 թ.-ին Ճապոնիայի հյուսիսում գտնվող Սենդայ քաղաքում։ Հայրս ախտաբան էր և հոգեբույժ։ Ուստի որոշեցի բժիշկ դառնալ։ 1970 թ.-ին, երբ սովորում էի բժշկականի երկրորդ կուրսում, ամուսնացա Մասուկո անունով մի երիտասարդ աղջկա հետ։

Խորանում եմ ախտաբանության մեջ

Սովորելուս տարիներին Մասուկոն աշխատում էր, որ հոգար մեր ընտանիքի նյութական կարիքները։ Ես ամբողջությամբ կլանված էի բժշկության մեջ։ Հիանում էի, թե որքան հրաշալի ձևով է մարդկային մարմինը կազմված։ Բայց երբեք չէի մտածել Արարչի գոյության մասին։ Կարծում էի, որ բժշկական հետազոտությունները կյանքս իմաստով կլցնեն։ Ուստի բժիշկ դառնալուց հետո որոշեցի ավելի խորությամբ ուսումնասիրել ախտաբանությունը՝ հիվանդությունների առաջացման պատճառները, ընթացքը և դրանց ելքը։

Ես դիահերձում էի քաղցկեղից մահացած մարդկանց մարմինները ու տեսնելով արդյունքները՝ իմ մեջ կասկածներ ծնվեցին արյան փոխներարկման արդյունավետության հետ կապված։ Քաղցկեղի վերջին փուլում գտնվող պացիենտները արյունահոսության պատճառով կարող են սակավարյունություն ունենալ։ Եվ քանի որ քիմիաթերապիան ուժգնացնում է սակավարյունությունը, բժիշկները հաճախ արյան փոխներարկում են նշանակում։ Ուստի սկսեցի մտածել, որ փոխներարկումը խթանում է քաղցկեղի տարածումը։ Այսօր արդեն հայտնի է, որ արյան փոխներարկումը ճնշում է դիմադրողականությունը (իմունասուպրեսիա), ինչը կարող է մեծացնել ուռուցքի կրկնվելու և քաղցկեղով հիվանդ պացիենտների մահացության հավանականությունը։ *

Հոդվածի սկզբում նկարագրված իրավիճակը տեղի էր ունեցել 1975 թ.-ին։ Պրոֆեսորը արյունաբանության ոլորտի մասնագետ էր և ինքն էր բուժում այդ պացիենտին։ Ուստի զարմանալի չէ, թե ինչու նա այդքան բարկացավ, երբ ես ասացի, որ պացիենտի մահվան պատճառը արյան փոխներարկումն է եղել։ Այնուամենայնիվ, ես շարունակեցի պրեզենտացիաս, և նա աստիճանաբար հանդարտվեց։

Հիվանդություններն ու մահը կվերանան

Այդ ընթացքում մեր տուն այցելեց մի տարեց կին, որը Եհովայի վկա էր։ Կնոջս հետ զրույցում նա օգտագործեց «Եհովա» բառը։ Մասուկոն հարցրեց, թե դա ինչ է նշանակում։ Այդ կինը պատասխանեց. «Եհովան ճշմարիտ Աստծու անունն է»։ Մասուկոն փոքրուց կարդում էր Աստվածաշունչը, բայց այն թարգմանության մեջ, որից նա օգտվում էր, Աստծու անունը փոխարինվել էր «ՏԵՐ» բառով։ Հիմա նա գիտեր, որ Աստված անուն ունի։

Մասուկոն անմիջապես սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել այդ տարեց կնոջ օգնությամբ։ Մի օր, երբ գիշերվա ժամը 1-ին հիվանդանոցից տուն վերադարձա, կինս ոգևորված ասաց. «Աստվածաշնչում գրված է, որ հիվանդություն ու մահ այլևս չեն լինելու»։ Պատասխանեցի. «Հրաշալի կլինի»։ Նա ավելացրեց. «Քանի որ նոր աշխարհը շատ մոտ է, չեմ ուզում՝ ժամանակդ անտեղի վատնես»։ Մտածեցի, որ նա ուզում է՝ թողնեմ բժշկի իմ գործը։ Ուստի շատ զայրացա, ու մեր հարաբերությունները սկսեցին լարվել։

Կինս հույսը չկտրեց ինձանից։ Նա աղոթում էր Եհովային, որ աստվածաշնչյան այնպիսի համարներ գտնի, որոնք ինձ մտածելու տեղիք կտային։ Սրտիս հասան հատկապես Ժողովող 2։22, 23 համարների խոսքերը. «Մարդն ի՞նչ կստանա իր ողջ տքնաջան աշխատանքի և իր սրտի ձգտումների դիմաց՝ արեգակի տակ աշխատելով.... Նույնիսկ գիշերը նրա սիրտը հանգիստ չունի։ Սա էլ է ունայնություն»։ Այս խոսքերը հենց իմ մասին էին։ Ես ամբողջովին նվիրվել էի բժշկությանը, բայց դա ինձ լիարժեք բավարարվածություն չէր տալիս։

1975-ի հուլիսին՝ մի կիրակի առավոտ, երբ Մասուկոն գնաց Եհովայի վկաների Թագավորության սրահ, որոշեցի՝ ես էլ գնամ։ Նա շատ զարմացավ, երբ տեսավ, որ ես էլ եմ այնտեղ։ Վկաները ինձ ջերմորեն ընդունեցին։ Այդ օրվանից ամեն շաբաթ այցելում էի կիրակնօրյա հանդիպումներին։ Մոտ մեկ ամիս անց մի Վկայի օգնությամբ սկսեցի Աստվածաշունչ ուսումնասիրել։ Վկաների առաջին այցելությունից երեք ամիս անց կինս մկրտվեց։

Ընդունում եմ արյան վերաբերյալ Աստծու տեսակետը

Շուտով իմացա, որ Աստվածաշունչը քրիստոնյաներին պատվիրում է «հեռու մնալ.... արյունից» (Գործեր 15։28, 29; Ծննդոց 9։4)։ Ինձ համար դժվար չէր ընդունել արյան վերաբերյալ Աստծու տեսակետը, քանի որ արդեն կասկածներ ունեի փոխներարկման արդյունավետության վերաբերյալ։ * Ես տրամաբանում էի. «Եթե կա Արարիչ, և նա տվել է այդ հրահանգը, ուրեմն դա է ճիշտը»։

Նաև իմացա, որ հիվանդությունների ու մահվան պատճառը ադամական մեղքն է (Հռոմեացիներ 5։12)։ Այդ ժամանակ ուսումնասիրում էի աթերոսկլերոզը։ Մեծանալուն զուգընթաց՝ մեր զարկերակները կոշտանում և նեղանում են, ինչն էլ հանգեցնում է սրտի հիվանդությունների, ցերեբրովասկուլյար բարդությունների և երիկամային ախտահարումների։ Ուստի շատ տրամաբանական է, որ հիվանդությունների ու մահվան պատճառը մեր ժառանգած անկատարությունն է։ Դրանից հետո բժշկության հանդեպ իմ խանդավառությունը սկսեց մարել։ Հասկացա, որ միայն Եհովա Աստված կարող է վերջ դնել հիվանդություններին ու մահվանը։

1976 թ. մարտին՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելուց յոթ ամիս անց, դադարեցրի իմ հետազոտությունները համալսարանում։ Վախենում էի, որ այլևս չեմ կարողանա բժիշկ աշխատել։ Բայց մեկ այլ հիվանդանոցում կարողացա գործ գտնել։ Ի վերջո, 1976-ի մայիսին մկրտվեցի։ Մտածում էի, որ լավագույն որոշումը կլինի ծառայել որպես լիաժամ քարոզիչ՝ ռահվիրա։ Ուստի 1977-ի հուլիսին ռահվիրայություն սկսեցի։

Թիկունք եմ կանգնում արյան վերաբերյալ Աստծու տեսակետին

1979 թ. նոյեմբերին Մասուկոյի հետ որոշեցինք տեղափոխվել Տիբա պրեֆեկտուրայի ժողովներից մեկը, որտեղ քարոզիչների մեծ կարիք կար։ Այնտեղ՝ հիվանդանոցներից մեկում, կես դրույքով աշխատանք գտա։ Աշխատանքիս առաջին իսկ օրը մի քանի վիրաբույժներ շրջապատեցին ինձ։ Նրանք հարցնում էին. «Որպես Եհովայի վկա ի՞նչ կանես, եթե պացիենտներից մեկը արյան փոխներարկման կարիք ունենա»։

Ես հարգալից բացատրեցի, որ հետևում եմ արյան վերաբերյալ Աստծու տված պատվերին։ Ասացի, որ բուժման այլընտրանքային մեթոդներ էլ կան, և ձեռքիցս եկածը կանեմ, որ օգնեմ իմ պացիենտին։ Մոտ մեկ ժամ քննարկումից հետո գլխավոր վիրաբույժը ասաց. «Լավ։ Եթե մեծ քանակությամբ արյուն կորցրած պացիենտ բերեն հիվանդանոց, մենք առանց քեզ հոգ կտանենք նրա մասին»։ Բոլորին հայտնի էր, որ գլխավոր վիրաբույժը բարդ բնավորություն ուներ, բայց այդ քննարկումից հետո մենք ընդհանուր լեզու գտանք, ու այդուհետ նա հարգանքով էր վերաբերվում իմ հավատալիքներին։

Փորձվում է արյան վերաբերյալ իմ դիրքորոշումը

Երբ ծառայում էինք Տիբայում, Ճապոնիայի Էբինա քաղաքում սկսվեց Եհովայի վկաների նոր վարչության շինության՝ Բեթելի շինարարությունը։ Ամեն շաբաթ ես ու կինս գնում էինք շինհրապարակ, որ այնտեղի Վկա կամավորներին բժշկական օգնություն տրամադրեինք։ Մի քանի ամիս անց Էբինայի Բեթելում լիաժամ ծառայելու հրավեր ստացանք։ 1981-ի մարտին մենք տեղափոխվեցինք մի ժամանակավոր շինություն, որտեղ ապրում էին ավելի քան 500 կամավորներ։ Առավոտյան մասնակցում էի շինարարների համար նախատեսված լոգարանների և զուգարանների մաքրությանը, իսկ կեսօրից հետո բժշկական զննումներ էի անում։

Իմ պացիենտներից մեկը Իլմա Իզլոբն էր, որը 1949 թ.-ին Ավստրալիայից եկել էր Ճապոնիա՝ որպես միսիոներ։ Նա տառապում էր լեյկեմիայից, և բժիշկները ասել էին, որ նրան մի քանի ամսվա կյանք է մնացել։ Իլման հրաժարվել էր կյանքը երկարացնելու համար արյուն ընդունել և որոշել էր այդ կարճ ժամանակը Բեթելում մնալ։ Այդ տարիներին արյան կարմիր գնդիկները խթանող դեղամիջոցները, ինչպես օրինակ՝ էրիթրոպոետինը, դեռևս հասանելի չէին, իսկ քույր Իլմայի հեմոգլոբինը շատ ցածր էր՝ 3–4 գրամ (հեմոգլոբինի նորման 12–15 գրամ է)։ Ես հնարավոր ամեն բան արեցի, որ օգնեմ նրան։ Իլման մինչև կյանքի վերջ անսասան հավատ դրսևորեց Աստծու Խոսքի հանդեպ։ Նա մահացավ 1988-ի հունվարին՝ մոտ յոթ տարի անց։

Հետագա տարիների ընթացքում Եհովայի վկաների Ճապոնիայի մասնաճյուղում ծառայող կամավորները տարբեր պատճառներով վիրահատական միջամտության կարիք են ունեցել։ Հարևանությամբ գտնվող հիվանդանոցներից որոշ բժիշկներ համագործակցում էին մեզ հետ և անարյուն վիրահատություններ էին անում։ Հաճախ ինձ հրավիրում էին վիրահատարան, որ ներկա լինեմ վիրահատությանը, երբեմն էլ օգնեմ։ Շատ շնորհակալ եմ այն բժիշկներին, ովքեր հարգանք են դրսևորում Եհովայի վկաների դիրքորոշման հանդեպ։ Նրանց հետ աշխատելիս իմ հավատալիքների մասին պատմելու բազմաթիվ հնարավորություններ եմ ունեցել։ Վերջերս այդ բժիշկներից մեկը Եհովայի վկա դարձավ։

Հարկ է նշել, որ բժշկության մեջ մեծ ներդրում է եղել այն մասնագետների ջանքերի շնորհիվ, ովքեր Եհովայի վկաներին բուժել են առանց արյան փոխներարկման։ Անարյուն վիրահատությունները հստակ ցույց տվեցին, թե որքան արդյունավետ են առանց արյան փոխներարկման բուժմեթոդները։ Համաձայն ուսումնասիրությունների՝ նման դեպքերում պացիենտները ավելի շուտ են կազդուրվում, և հետվիրահատական բարդություններ ավելի քիչ են լինում։

Շարունակում եմ սովորել Մեծագույն Բժշկից

Ջանում եմ միշտ տեղեկացված լինել բժշկական նոր ձեռքբերումների մասին։ Նաև շարունակում եմ սովորել Եհովայից՝ Մեծագույն Բժշկից։ Եհովան տեսնում է ավելին, քան երևում է. նա տեսնում է մարդու ողջ էությունը (1 Սամուել 16։7)։ Որպես բժիշկ՝ պացիենտին բուժելիս աշխատում եմ կենտրոնանալ նրա անձնավորության վրա, ոչ թե պարզապես հիվանդության։ Դա օգնում է, որ լավագույնս անեմ իմ գործը։

Ես շարունակում եմ ծառայել Բեթելում և մեծ ուրախություն եմ ստանում Եհովայի և արյան վերաբերյալ նրա տեսակետի մասին մարդկանց պատմելուց։ Աղոթում եմ, որ Մեծագույն Բժիշկը՝ Եհովա Աստված, վերջ դնի հիվանդություններին ու մահվանը (պատմեց Յասուսի Այզաուան)։

[ծանոթագրություններ]

^ պարբ. 4 Դոկտոր Դենիս Հարմենինգը իր բժշկական ձեռնարկում նշում է, որ «փոխներարկման արդյունքում առաջացած արյունալուծական ուշացած ռեակցիա» կարող է լինել «այն պացիենտների մոտ, որոնք հղիության, փոխպատվաստման կամ նախկինում արված փոխներարկման պատճառով զգայուն են դարձել»։ Նման դեպքերում «մինչև փոխներարկումն արվող հիմնական հետազոտություններով հնարավոր չէ հայտնաբերել» այն հակամարմինները, որոնք օրգանիզմում բացասական ռեակցիա են առաջացնում արյան փոխներարկման պատճառով (Modern Blood Banking and Transfusion Practices)։ Ըստ մի բժշկական աղբյուրի՝ արյունալուծում «կարող է առաջանալ անհամատեղելի արյան անգամ շատ փոքր չափաբաժնի.... ներարկման հետևանքով։ Երբ երիկամները դադարում են գործել, պացիենտի օրգանիզմը սկսում է աստիճանաբար թունավորվել, քանի որ դրանք այլև չեն ֆիլտրում արյունը» (Dailey’s Notes on Blood)։

^ պարբ. 8 Ուռուցքաբանության մասին մի հանդեսում նշվում է. «Նախավիրահատական շրջանում արյուն ստացած պացիենտների հիվանդության ելքը շատ ավելի վատ է լինում, քան այն պացիենտներինը, որոնց արյուն չի փոխներարկվել վիրահատությունից առաջ» («Journal of Clinical Oncology», 1988 թ., օգոստոսի հրատարակություն)։

^ պարբ. 16 Ավելի շատ տեղեկություններ այն մասին, թե ինչ է ասում Աստվածաշունչը արյան վերաբերյալ, կգտնեք «Ինչպե՞ս կարող է արյունը փրկել ձեր կյանքը» գրքույկում։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

[մեջբերում 14-րդ էջի վրա]

«Ասացի, որ բուժման այլընտրանքային մեթոդներ էլ կան, և ձեռքիցս եկածը կանեմ, որ օգնեմ իմ պացիենտին»։

[մեջբերում 15-րդ էջի վրա]

«Անարյուն վիրահատությունները հստակ ցույց տվեցին, թե որքան արդյունավետ են առանց արյան փոխներարկման բուժմեթոդները»։