Ապրել հուզական խանգարումով
Ապրել հուզական խանգարումով
ՀՈՒԶԱԿԱՆ խանգարումներն այն աստիճան են տարածված, որ դա կարող է սարսափեցնել։ Որոշ հաշվարկներով՝ աշխարհում ավելի քան 330 միլիոն մարդ լրջորեն տառապում է դեպրեսիայով. մի վիճակ, որին բնորոշ են խոր ընկճվածությունը և առօրյա գործերի հանդեպ հետաքրքրության կորուստը։ Հաշվարկվել է, որ 20 տարի հետո դեպրեսիան իր տարածումով կզիջի միայն սիրտանոթային համակարգի հիվանդություններին։ Ուստի զարմանալի չէ, որ այն կոչվել է «վարակիչ հոգեկան հիվանդություն»։
Վերջին տարիներին հանրության ուշադրությունը գրավել է երկբևեռ խանգարումը։ Այս հիվանդությանը բնորոշ նշաններից են տրամադրության կտրուկ փոփոխությունները՝ ընկճված վիճակից ցնծության վիճակի։ «Դեպրեսիայի փուլում քեզ հանգիստ չեն տալիս ինքնասպանության մասին մտքերը։ Իսկ հիվանդության մանիակալ փուլում առողջ դատողությունդ չքանում է, և դու չես կարողանում տեսնել գործողություններիդ վնասակար հետևանքները»,— ասվում է վերջերս լույս տեսած մի գրքում, որ հրատարակվել է Ամերիկյան բժշկական ընկերության կողմից։
Ենթադրվում է, որ երկբևեռ խանգարումը անհանգստություն է պատճառում Միացյալ Նահանգների բնակչության 2 տոկոսին։ Սա նշանակում է, որ միայն այդ երկրում հիշյալ հիվանդությամբ տառապում են միլիոնավոր մարդիկ։ Սակայն չոր թվերով հնարավոր չէ նկարագրել, թե ինչ տանջանքներ է կրում այն մարդը, որը ստիպված է լինում ապրել երկբևեռ խանգարումով։
Դեպրեսիա՝ ճնշող տխրություն
Շատերիս է հայտնի, թե ինչ է նշանակում լինել ընկճված։ Որպես կանոն՝ որոշ ժամանակ անց, ասենք՝ մի քանի ժամ կամ օր հետո, այդ վիճակն անցնում է։ Կլինիկական դեպրեսիան, սակայն, շատ ավելի լուրջ երևույթ է։ Ի՞նչ առումով։ Ահա թե ինչ բացատրություն է տալիս դոկտոր Միթչ Գոլանթը. «Եթե մարդը դեպրեսիայով չի տառապում, ապա գիտի, որ ինչպիսի զգացումներ էլ պարուրեն իրեն, ի վերջո նա կհանգստանա։ Բայց դեպրեսիայով տառապողի տրամադրությունը բարձրանում և իջնում է, փոփոխվում և տատանվում է այնպես, ասես նա լինի անղեկ մի գնացքում՝ չիմանալով, թե երբ և ինչպես է իջնելու կամ թե ընդհանրապես կկարողանա արդյոք իջնել»։
Կլինիկական դեպրեսիան կարող է արտահայտվել բազում ձևերով։ Ոմանք, օրինակ, տառապում են սեզոնային ընկճվածության խանգարումով։ Վերջինս արտահայտվում է տարվա որոշակի ժամանակահատվածում, սովորաբար ձմռանը։ «Ինչպես հայտնում են սեզոնային ընկճվածության խանգարումով տառապող մարդիկ, նրանց դեպրեսիան սաստկանում է՝ կախված իրենց բնակավայրի՝ հյուսիսին մոտ գտնվելուց և մռայլ եղանակից։ Ու թեպետ այս խանգարումը մեծամասամբ պայմանավորված է ձմեռային կարճ օրերի հետևանքով տիրող մթությամբ, որոշ դեպքերում այն առնչվում է մութ ներքին աշխատասենյակների, տարվա տվյալ եղանակին ոչ բնորոշ ամպամած օրերի, ինչպես նաև տեսանելիության վատ լինելու հետ»,— ասվում է մի գրքում, որ հրատարակվել է բժշկական մի ընկերության կողմից («People’s Medical Society»)։
a Բայց սա չի նշանակում, թե այս առումով տղամարդկանց որևէ վտանգ չի սպառնում։ Ընդհակառակը՝ հետազոտությունները ցույց են տալիս, որ տղամարդկանց 5–12 տոկոսը իրենց կյանքի ինչ–որ շրջանում կարող է ընկնել կլինիկական դեպրեսիայի մեջ։
Ո՞րն է կլինիկական դեպրեսիայի առաջացման պատճառը։ Այս հարցին հնարավոր չէ տալ հստակ պատասխան։ Որոշ դեպքերում պատճառը կարող է պայմանավորված լինել մարդու ժառանգականությամբ։ Սակայն, ինչպես երևում է, հիմնականում կարևոր դեր են խաղում մարդու կյանքում տեղի ունեցած դեպքերը։ Նաև նկատվել է, որ կանանց շրջանում այս հիվանդությունը կրկնակի անգամ ավելի հաճախ է հայտնաբերվում, քան տղամարդկանց։Դեպրեսիայի այս տեսակն անդրադառնում է մարդու կյանքի բոլոր ոլորտների վրա։ «[Այն] ցնցում է քեզ մինչև հոգուդ խորքը,— ասում է Շեյլան, որ տառապում է այս հիվանդությամբ,—
կրծոտելով քո վստահությունը, ինքնահարգանքը, պարզ դատելու և որոշումներ կայացնելու կարողությունը, իսկ երբ բավականաչափ խորանում է, ուժգնորեն ճզմում է քեզ իր ձեռքերի մեջ, որպեսզի տեսնի, թե կդիմանաս արդյոք»։Երբեմն տառապյալը կարող է հանգստություն գտնել՝ իր զգացմունքների մասին պատմելով իրեն լսելու պատրաստ, կարեկից որևէ մեկի (Յոբ 10։1)։ Հարկավոր է ընդունել, սակայն, որ եթե խախտված է ուղեղի քիմիական հավասարակշռությունը, դեպրեսիայից հնարավոր չի լինի ազատվել միայն գիտակցաբար դրական տեսակետ զարգացնելով։ Նման դեպքում հիվանդը չի կարող սեփական կամքով փոխել իր մռայլ տրամադրությունը։ Ավելին, նա կարող է շփոթության մեջ ընկնել իր վիճակից այնքան, որքան իր ընտանիքի անդամներն ու ընկերները։
Քննարկենք Փաուլայի օրինակը։ b Այս քրիստոնյա քույրը նախքան իր մոտ դեպրեսիայի հայտնաբերումը ժամանակ առ ժամանակ խոր տխրություն էր ապրում։ «Երբեմն քրիստոնեական հանդիպումներից հետո,— պատմում է նա,— արցունքներն աչքերիս վազում էի դեպի ավտոմեքենաս։ Իմ այդ վիճակը հնարավոր չէր որևէ կերպ բացատրել։ Ուղղակի ինձ ճնշում էին միայնությունն ու ցավը։ Թեպետ անհնար էր ժխտել, որ հոգատար շատ ընկերներ ունեմ, սակայն ես չէի կարողանում նկատել այդ»։
Նման մի բան տեղի ունեցավ Հելենի հետ։ Նա այնպիսի ծանր դեպրեսիա տարավ, որ ստիպված եղավ պառկել հիվանդանոց։ «Ես ունեմ երկու որդի, երկու սքանչելի հարս և ամուսին։ Գիտեմ, որ նրանք բոլորն էլ շատ են սիրում ինձ»,— ասում է Հելենը։ Տրամաբանությունը թելադրում էր նրան, որ կյանքը գեղեցիկ է, և որ իր ընտանիքը թանկ է գնահատում իրեն։ Սակայն երբ մարդ պայքարում է դեպրեսիայի դեմ, մռայլ մտքերը, որքան էլ որ անտրամաբանական թվան, ճնշում են տառապողին։
Արժե նշել նաև, թե որքան վատ կարող է անդրադառնալ դեպրեսիայով տառապողի վիճակը ընտանիքի մյուս անդամների վրա։ «Երբ քո սիրելիներից մեկը տառապում է դեպրեսիայով,— գրում է դոկտոր Գոլանթը,— դու հայտնվում ես «խրոնիկական» անորոշության մեջ. իրականում երբեք չգիտես, թե հարազատդ երբ դուրս կգա դեպրեսիվ վիճակից կամ թե նորից երբ կհայտնվի այդ վիճակում։ Հնարավոր է՝ այնպիսի զգացում ունենաս, որ ինչ–որ մեծ կորուստ ես կրել, նույնիսկ վշտանաս և զայրանաս այն պատճառով, որ միգուցե երբեք այլևս չկարողանաս նորմալ կյանք վարել»։
Սովորաբար, երեխաները զգում են ծնողի դեպրեսիվ վիճակը։ «Այն երեխան, որի մայրը տառապում է դեպրեսիայով, չափազանց զգայուն է նրա զգացական վիճակի հանդեպ և մեծ ուշադրություն է դարձնում նրա տրամադրության երանգային փոփոխություններին անգամ»,— գրում է Գոլանթը։ Իսկ դոկտոր Քարոլ Ուոթկինսի խոսքերով՝ մեծ է հավանականությունը, որ դեպրեսիայով տառապող ծնողի երեխան «կունենա դժվարություններ վարքի և ուսման հարցում, ինչպես նաև խնդիրներ հասակակիցների հետ։ Շատ ավելի հավանական է, որ նա նույնպես ընկնի դեպրեսիայի մեջ»։
Երկբևեռ խանգարում՝ անփոփոխ փոփոխականություն
Կլինիկական դեպրեսիան, իրոք որ, բարդ խնդիր է։ Բայց պատահում է, որ դեպրեսիվ վիճակից բացի, մարդն ընկնում է նաև մանիակալ վիճակի մեջ։ Նման դեպքը կոչվում է երկբևեռ խանգարում։ c «Երկբևեռ խանգարման միակ անփոփոխ գիծը փոփոխականությունն է»,— ասում է Լուսիան, որը տառապում է այս հիվանդությամբ։ Ինչպես նշվում է մի աղբյուրում, երկբևեռ խանգարում ունեցող հիվանդները մանիակալ փուլում «կարող են լինել անտանելի համառ և իշխող։ Նրանց անհիմն ու անվերջանալի ցնծությունը կարող է հանկարծակի փոխվել գրգռվածության և ցասումի» («The Harvard Mental Health Letter»)։
Ահա թե ինչ է պատմում Լենորան այն արտասովոր ուրախության մասին, որ ապրում էր մանիակալ վիճակում գտնվելիս. «Էներգիան ուղղակի եռում էր իմ մեջ։ Շատերը ինձ անվանում էին «սուպեր կին»։ Մարդիկ սովորաբար ասում էին. «Երանի՜ քեզ նման լինեի»։ Հաճախ այնպիսի զգացում էի ունենում, թե շատ ուժեղ եմ և կարող եմ իրականացնել ամեն բան։ Կատաղի արագությամբ վարժություններ էի անում։ Կարողանում էի կատարել գործերս, թեպետ շատ քիչ էի քնում՝ գիշերվա ընթացքում երկու–երեք ժամ։ Չնայած դրան՝ արթնանում էի նույն էներգիայով լեցուն»։
Որոշ ժամանակ անց Լենորայի գլխում սկսում էին գորշ ամպեր կուտակվել։ «Երբ իմ ցնծության վիճակը հասնում էր իր գագաթնակետին,— պատմում է նա,— սրտիս խորունկ անկյուններում հուզմունք էի զգում,
կարծես թե ներսումս սկսում էր աշխատել ինչ–որ շարժիչ, որն անհնար էր անջատել։ Վայրկենապես իմ հաճելի տրամադրությունը փոխվում էր. ես դառնում էի ագրեսիվ ու բռնի։ Առանց պատճառի՝ սկսում էի վիրավորել հարազատներիցս որևէ մեկին։ Լցվում էի անվերահսկելի զայրույթով և ատելությամբ։ Այս ահազդու վիճակից հետո հանկարծ ուժասպառ էի լինում, լաց էի լինում և ծայրաստիճան ընկճվում էի։ Սկսում էի մտածել, թե անարժեք ու չար մարդ եմ։ Կամ էլ նորից վերադառնում էի իմ արտասովոր երանության վիճակին, ասես ոչինչ էլ չէր պատահել»։Երկբևեռ խանգարումով պայմանավորված փոփոխական վարքը կարող է շփոթության մեջ գցել ընտանիքի անդամներին։ Ահա թե ինչ է պատմում Մերին, որի ամուսինը տառապում է այս հիվանդությամբ. «Երբ տեսնում եմ, որ ամուսինս մեկ ուրախ է և շփվող, մեկ էլ հանկարծ ընկճվում է ու դառնում ինքնամփոփ, ընկնում եմ շփոթության մեջ։ Մեզ համար իսկական պայքար է ընդունել, որ նա որևէ ձևով չի կարող ազդել այս ամենի վրա»։
Երկբևեռ խանգարումը նույնքան, եթե ոչ ավելի, ծանր է հիվանդի համար։ «Ես նախանձում եմ այն մարդկանց, ում կյանքում կա հավասարակշռվածություն և կայունություն,— ասում է Գլորիան, որը տառապում է այս հիվանդությամբ։— Մենք՝ երկբևեռ խանգարում ունեցողներս, իրականում կայունության «հյուրերն» ենք և ոչ թե «մշտական բնակիչները»»։
Ո՞րն է երկբևեռ խանգարման պատճառը։ Հիվանդության առաջացման պատճառ կարող է լինել ժառանգականությունը, և այս դեպքում այն շատ ավելի մեծ դեր է խաղում, քան դեպրեսիայի։ Ինչպես հայտնում է Ամերիկյան բժշկական ընկերությունը, «որոշ գիտական հետազոտություններ ցույց են տվել, որ երկբևեռ դեպրեսիայով տառապողների արյունակից հարազատների շրջանում (ծնողներ, քույրեր, եղբայրներ, երեխաներ) 8–18 անգամ ավելի մեծ է նույն հիվանդությունը ձեռք բերելու հավանականությունը, քան առողջ մարդկանց հարազատների շրջանում։ Բացի դրանից, եթե քո մտերիմ հարազատներից որևէ մեկը տառապում է երկբևեռ խանգարումով, ապա մեծանում է այն բանի հավանականությունը, որ ծանր դեպրեսիա կտանես»։
Ի տարբերություն դեպրեսիայի՝ երկբևեռ խանգարումով հավասարապես տառապում են թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք։ Հաճախ այս հիվանդությունը ի հայտ է գալիս երիտասարդ տարիքում, սակայն երկբևեռ խանգարման դեպքեր գրանցվել են նաև պատանիների ու նույնիսկ երեխաների շրջանում։ Պետք է նշել, որ ախտանիշները հետազոտելն ու ճիշտ եզրակացության հանգելը կարող է բավական դժվար լինել նույնիսկ մասնագետի համար։ «Երկբևեռ խանգարումը «քամելեոն» հոգեկան հիվանդություն է։ Այն փոխում է իր ախտանիշների «գույները»՝ մի հիվանդի մոտ արտահայտվելով մի կերպ, հաջորդի մոտ՝ մեկ ուրիշ, և անգամ նույն հիվանդի մոտ յուրաքանչյուր փուլում՝ տարբեր կերպ,— գրում է դոկտոր Ֆրենսիս Մոնդիմուրը, որն աշխատում է Ջոն Հոփքինսի անվան բժշկական համալսարանում։— Դա ասես մի ուրվական է, որը գաղտագողի մոտենում է իր զոհին ու ծածկում նրան տխրության իր սև վերարկուով և հետո հեռանում մի պայմանով միայն, որ տարիներ անց կվերադառնա՝ մանիայի վառվռուն և այրող թիկնոցը հագին»։
Ինչպես տեսնում ենք, շատ դժվար է պարզել՝ մարդը հուզական խանգարումներ ունի, թե՝ ոչ։ Սակայն է՛լ ավելի դժվար է ապրել այդ խանգարումներով։ Այնուամենայնիվ, տառապողները անմխիթար վիճակում չեն, նրանց համար հույս գոյություն ունի։
[Ծանոթագրություններ]
a Մասամբ պատճառն այն է, որ կանայք կարող են ընկնել դեպրեսիայի մեջ ծննդաբերությունից հետո, ինչպես նաև դաշտանադադարի շրջանում տեղի ունեցող հորմոնային փոփոխությունների հետևանքով։ Բացի այդ, կանայք սովորաբար ավելի հաճախ են դիմում բուժօգնության և հետևաբար ստանում են համապատասխան ախտորոշումը։
b Այս հոդվածաշարում հանդիպող անուններից մի քանիսը փոխված են։
c Բժիշկները հայտնում են, որ հաճախ այդ փուլերից յուրաքանչյուրը տևում է երկար ամիսներ։ Սակայն որոշ հիվանդների մոտ նկատվել է դեպրեսիվ և մանիակալ փուլերի արագ հերթափոխ տարվա ընթացքում։ Շատ հազվադեպ է պատահում, որ հիվանդը մի ծայրահեղ վիճակից ընկնի մյուսի մեջ 24 ժամվա ընթացքում։
[Մեջբերում 6–րդ էջի վրա]
«Մենք՝ երկբևեռ խանգարում ունեցողներս, իրականում կայունության «հյուրերն» ենք և ոչ թե «մշտական բնակիչները»» (Գլորիա)
[5–րդ էջի վրայի շրջանակը]
Ծանր դեպրեսիայի ախտանիշները d
● Ընկճվածություն օրվա մեծ մասի ընթացքում, գրեթե ամեն օր՝ առնվազն երկու շաբաթ
● Հետաքրքրության կորուստ մինչ այդ բավականություն պատճառող գործերի հանդեպ
● Քաշի զգալի կորուստ կամ ավելացում
● Չափից ավելի քնկոտություն կամ էլ ընդհակառակը՝ անքնություն
● Շարժունակության արտասովոր աշխուժացում կամ դանդաղեցում
● Գերհոգնածություն՝ առանց նկատելի պատճառների
● Անարժեքության և/ կամ անտեղի մեղավորության զգացում
● Կենտրոնանալու կարողության նվազեցում
● Ինքնասպանության մասին պարբերաբար առաջացող մտքեր
Այս ախտանիշներից մի քանիսը կարող են լինել նաև դիսթիմիայի նշան։ Վերջինը դեպրեսիայի ավելի թեթև, սակայն խրոնիկական տեսակն է։
[Ծանոթագրություններ]
d Այս ցուցակը օգնում է ընդհանուր պատկերացում կազմել հիվանդության մասին, սակայն հիմք չի ծառայում ինքներս մեզ ախտորոշում անելու։ Բացի դրանից, անպայման չէ, որ ներկայացված ախտանիշները լինեն դեպրեսիայի նշան, դրանք կարող են մատնանշել ուրիշ խնդիրներ ևս։