Աստծո անունը հնագույն շինություններում
Աստծո անունը հնագույն շինություններում
ՄԵՐ ԹՂԹԱԿԻՑԸ՝ ՍԼՈՎԵՆԻԱՅԻՑ
ԵՎՐՈՊԱՅԻ ողջ տարածքում բլուրների գլխին կարելի է տեսնել վանքեր ու եկեղեցիներ, որ կառուցվել են դարեր առաջ։ Այս հին շինությունները կարող են լինել ինչպես միջին դարերում տարածված ռոմանական ոճի, որին բնորոշ են հաստ պատերն ու կամարները, այնպես էլ հետագա դարերում առաջ եկած գեղազարդ ու շքեղ բարոկկոյի։ Հետաքրքիր է, որ նրանցից շատերի ներսում կարելի է տեսնել քառագիրը՝ Աստծո անձնանունը ներկայացնող չորս եբրայերեն տառերը։
Օրինակ՝ Սլովենիայում գտնվող Ստիչնա մենաստանը, որ ցիստերցիանականության հնագույն վանքերից մեկն է, կառուցվել է 1135 թ.–ին՝ Ֆրանսիայում այդ միաբանության հիմնադրումից ընդամենը մոտ 40 տարի անց։ Չնայած որ այն մի քանի անգամ վերանորոգվել է, այնուամենայնիվ պահպանել է իր սկզբնական ռոմանական ոճը՝ այժմ սակայն բարոկկոյին բնորոշ նախշերով։ Ներսից այն զարդարված է տարբեր պատկերներով և արձաններով։ Կողմնաբեմը նախշազարդված է ոսկյա մեծ տառերով գրված քառագրով, որը վերցված է արծաթե շրջանակի մեջ։
Սլովեն Գրադեց քաղաքում, որ առաջին անգամ հիշատակվում է 10–րդ դարի գրավոր աղբյուրներում, 1419 թ. կառուցվեց գոթական ոճի եկեղեցի–հիվանդանոց։ Այդ եկեղեցու ներքին պատերից մեկը ամբողջությամբ զարդարված է որմնանկարներով, որոնք ներկայացնում են 27 աստվածաշնչյան դրվագներ՝ սկսած Ղազարոսի հարությունից և վերջացրած Պենտեկոստեով։ Նույն շինության մեկ այլ մասում ոսկյա ֆոնի վրա սև տառերով եբրայերեն գրված է Աստծո անունը։
Երկրի հյուսիս–արևմուտքում գտնվում է Ռադովլիցա քաղաքը։ 1400–ական թվականներին այս փոքրիկ բնակավայրը շրջապատված էր պարիսպներով ու խրամատով։ Այնտեղ կային ամրոց, եկեղեցի և մի քանի այլ շինություններ։ Եկեղեցու սեղաններից մեկի վրա՝ ոսկյա սկավառակի մեջ, գրված է քառագիրը։
Պոդչետերտեկ կոչվող փոքրիկ գյուղի մոտակայքում գտնվում է մի հին վանք, որը կառուցվել է 17–րդ դարում։ Ներսում՝ ուշադիր ուսումնասիրողը կգտնի մի որմնանկար, որը զարդարված է Աստծո անունը կազմող տառերով։
Քառագիրը կարելի է տեսնել Սլովենիայի շատ ուրիշ հնագույն շինություններում ևս։ Ուստի այս երկիրն այցելող զբոսաշրջիկները ոչ միայն կարող են հիանալ վարպետորեն կառուցված այդ հնագույն շինությունների նրբագեղությամբ, այլև տեղեկանալ այն փաստին, որ անցյալում ապրած մարդիկ ծանոթ էին Աստծո անվանը։
[Նկարներ 31–րդ էջի վրա]
Ստիչնա վանքի կողմնաբեմը
Սվետի Դուհ եկեղեցում, Սլովեն Գրադեց
[Թույլտվությամբ]
Slovenj Gradec - Cerkev Sv. Duha, Slovenija