Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Արշավ դեպի փառահեղ ջրվեժները

Արշավ դեպի փառահեղ ջրվեժները

Արշավ դեպի փառահեղ ջրվեժները

ՄԵՐ ԹՂԹԱԿԻՑԸ՝ ԶԱՄԲԻԱՅԻՑ

ՀԱԶԱՐ ութ հարյուր հիսուն հինգ թվականն էր։ Արդեն բավական տարիներ էր, ինչ շոտլանդացի միսիոներ և հետազոտող Դավիթ Լիվինգստոնը ճանապարհորդում էր Աֆրիկա մայրցամաքով, որը գրեթե անծանոթ էր այն ժամանակվա աշխարհին։ Շարունակելով իր արշավը դեպի արևելք՝ նա անցնում էր հզոր Զամբեզի գետի երկայնքով։ Ճանապարհին տեղաբնիկները ակնածանքով պատմում էին մի հսկայական ջրվեժի մասին։ Թափվող ջրի շառաչը և նրանից ելնող ջրափոշու ամպը պատճառ էին դարձել, որ բնիկները կոչեին այն «Մոզի–ոա–տունյա»՝ «շառաչող ծուխ»։

Լիվինգստոնը որոշեց մոտիկից տեսնել ջրվեժը, որն այսօր հայտնի է Վիկտորիա անունով։ Ահա թե ինչ է գրում նա իր առաջին տպավորությունների մասին. «Սարսռալով սողացի մինչև վիհի եզրը ու նայեցի անդունդի մեջ, որ բացված էր ընդարձակ Զամբեզիի մի ափից մինչև մյուսը. գետը, որի լայնությունը հասնում էր հազարավոր մետրերի, մի հարյուր ֆուտ բարձունքից գահավիժում էր ցած և հետո սեղմվելով հանկարծակի հայտնվում 15–20 մետր ճեղքվածքի մեջ»։

Այսօր Վիկտորիան, որ գտնվում է Զամբիայի և Զիմբաբվեի սահմանագլխում, վարարման շրջանում համարվում է ամենաընդարձակ ջրվեժը երկրագնդի վրա։ Այդ շրջանում 108 մետր բարձրությունից յուրաքանչյուր րոպե ահռելի անդունդն է հորդում 545 000 000 լիտր ջուր։ Այնուհետև Զամբեզի գետի ողջ «պարունակությունը» սլանում է խորը զիգզագաձև կիրճի միջով, որի լայնությունը չի հասնում նույնիսկ 65 մետրի։ Երկրաբանական այս յուրահատկությունները Վիկտորիա ջրվեժը վերածում են իսկապես ապշեցնող մի տեսարանի։

Ջրվեժի շրջակա տարածքը նույնպես զարմանալիորեն գեղեցիկ է։ Լինելով ազգային պարկ՝ այն օթևան է տվել աներևակայելիորեն բազմազան ծառերի և բույսերի, ինչպես նաև հրաշագեղ կենդանիների, որոնց թվում են գետաձին, փիղը, ընձուղտը, այծքաղը, զեբրը և նույնիսկ առյուծը։ Ուղղաբերձ ժայռերին իրենց բույնն են հյուսում գեղեցիկ թռչունները, ինչպես օրինակ՝ արծիվն ու բազեն («Falco fasciinucha»)։

Լիվինգստոնը գրում է. «Անգլիայի բնության մեջ հնարավոր չէ գտնել այնպիսի տեսարան, որը կօգնի պատկերացում կազմել այդ գեղեցկության մասին։ Նման բան եվրոպացու աչքը մինչ այդ երբեք չէր տեսել, սակայն բնապատկերն այնքան գեղեցիկ է, որ պետք է զմայլած լինի այդ կողմերով թռչող հրեշտակներին»։ Այսօր՝ մոտավորապես 150 տարի անց այն դեպքից, երբ Լիվինգստոնն առաջին անգամ տեսավ ջրվեժն ու Անգլիայի թագուհու պատվին անվանեց Վիկտորիա, հարյուր հազարավոր մարդիկ աշխարհի բոլոր ծայրերից ամեն տարի

գալիս են իրենց աչքերով տեսնելու և վայելելու այդ վեհաշուք գեղեցկությունը։

Վիկտորիա ջրվեժն իրոք որ արժանի է բնության հրաշալիք կոչվելու։ Բայց Զամբիայի բազմաթիվ ընդարձակ գետերում կան նվազ հայտնի ուրիշ ջրվեժներ ևս, որոնք նույնպես ապշեցնում են իրենց գեղեցկությամբ։ Եթե ցանկանում եք տեսնել դրանցից մի քանիսը, կարող եք միանալ մեր «արշավախմբին»։

Գոնյե

Վիկտորիա ջրվեժն առաջին անգամ տեսնելուց մոտ երկու տարի առաջ՝ նոյեմբերյան մի չոր ու շոգ օր, Լիվինգստոնը հասավ Գոնյե ջրվեժին, որը հայտնի է նաև Սիոմա անունով։ Ահա թե ինչ է գրում նա. «Ջրվեժի վերնամասում գտնվող կղզյակները պատված են այնպիսի գեղեցիկ բուսականությամբ, որպիսինը ուրիշ որևէ տեղ չես տեսնի։ Բնապատկերը, որ բացվում էր ջրվեժի վրա կախված հսկայական ապառաժից, իմ տեսածներից ամենահիասքանչն էր»։ Գոնյե ջրվեժն այցելող մեր ժամանակակիցները ի սրտե կհամաձայնեն այս գնահատականին։

Լիվինգստոնը նաև պատմում է. «Բավական մղոններ ցած՝ գետը սեղմվում է մի նեղ տարածության մեջ, որի լայնությունը հազիվ թե անցնի հարյուր մետրից։ Ջուրը վերածվում է հորդահույզ մի հոսանքի և նմանվում անվերջ պտտվող հորձանուտների մեծ բազմության, այնպես որ ամենահմուտ լողորդն անգամ կդժվարանա մնալ նրա մակերևույթին»։

Լումանգվե

Զամբիայի ջրվեժներից շատերը գտնվում են անմարդաբնակ վայրերում և պահպանում են իրենց կուսական գեղեցկությունը։ Չափերով նրանք մեծապես տարբերվում են իրարից։ Լումանգվե ջրվեժն, օրինակ, ասես լինի փոքրիկ Վիկտորիան։ Բայց այն ամենևին էլ փոքր չէ։ Ջրվեժի ելուստներից մեկը գտնվում է մոտավորապես 30 մետր բարձրության վրա, իսկ այնտեղից թափվող հորձանքն ունի ավելի քան 100 մետր լայնություն։ Վեր բարձրացող ջրափոշու մշուշը նույնիսկ սնում է մի փոքրիկ խոնավ անտառի։

Կալամբո

Կալամբոն Զամբիայի ամենաբարձր ջրվեժն է։ Բարձր սարահարթից այն հոսում է Աֆրիկյան Մեծ գրաբենը։ Ջրվեժն ուղղահայաց թափվում է ավելի քան 200 մետր բարձրությամբ ուղղաբերձ ժայռերից, որտեղ տարվա չոր շրջանում բազմանում են հազվագյուտ հսկա մարաբուները։

«Այսպիսով՝ իր բարձրությամբ Կալամբոն երկրորդ ուղղահայաց ջրվեժն է Աֆրիկայում (Հարավաֆրիկյան Հանրապետությունում գտնվող Տուգելայից հետո) և տասներկուերորդը աշխարհում։ Այն ավելի քան երկու անգամ բարձր է Վիկտորիայից»,— ասվում է մի հրատարակության մեջ («National Monuments of Zambia»)։

Այս ջրվեժը, որ գտնվում է դժվարհասանելի վայրում, տեղացի գրող Քվարմբիի խոսքերով՝ «Աֆրիկայի անմոռանալի բնատեսարաններից մեկն է»։ Գրողը կանխագուշակում է. «Երկար ժամանակ կանցնի, մինչև այն դառնա հաճախակի այցելության վայր։.... Միայն մի քանի ընտրյալներ են երբևէ հասել Կալամբո»։

Զամբիայի բնության գրկում տեղ գտած ջրվեժներն ու մյուս գեղեցիկ վայրերը տեսնելու համար իրոք որ հարկավոր է երկար ճանապարհ կտրել։ Վերը հիշատակված հրատարակության մեջ ասվում է նաև, որ այդ վայրերից մի քանիսին «հնարավոր է հասնել միայն դժվարանցանելի տեղանքներով ընթացող ամենագնաց մեքենաներով, իսկ մի քանիսին էլ՝ միայն ոտքով»։ Սա, իհարկե, այս վայրերը յուրահատուկ դարձնող գործոններից ևս մեկն է։ Այնուամենայնիվ, այցելուները ողջունվում են։ Պարոն Կագոսի Մվամուլովեն (Զամբիայի ազգային ժառանգության պահպանման հանձնաժողովի՝ բնապահպանության հարցերով զբաղվող երկրաբան) բացատրում է, որ նրանց նպատակն է օգնել մարդկանց վայելելու այս հիանալի տեսարանները ու միևնույն ժամանակ պահպանելու դրանց կուսական գեղեցկությունը։

Զամբիայի մեծագույն գանձը

Գրող Ռիչարդ Վոանը իր «Զամբիա» գրքում նշում է. «Զամբիան շարունակում է մնալ իբրև մի երկիր, որն անչափ գեղեցիկ բնություն ունի՝ մեծամասամբ թե՛ այցելուներին, թե՛ զամբիացիներին անհայտ։.... Երկիրն օրհնված է աննկարագրելիորեն բազմազան լճերով, գետերով, անտառներով և լեռներով»։ Սակայն նրա մեծագույն գանձը կարելի է տեսնել ամենուր։

«Երկրի բնակիչները հայտնի են իրենց ջերմությամբ ու կենսուրախությամբ, ինչպես նաև իրենց տոկունությամբ»,— գրում է Վոանը։ Իսկ մեկ ուրիշ գրող՝ Դեյվիդ Բրիսթոուն, նշում է. «Զամբիայի «սիրտը» նրա ժողովուրդն է, որը նույնքան ջերմ է, որքան աֆրիկյան արևը»։ Եթե երբևէ այցելեք երկրագնդի այս հրաշագեղ անկյունը, վստահ ենք, որ կհամաձայնեք այդ խոսքերի հետ։

[Քարտեզ/նկարներ 18–րդ էջի վրա]

ՏԱՆԶԱՆԻԱ

ԿՈՆԳՈՅԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԱՆԳՈԼԱ

ԶԱՄԲԻԱ

ԿԱԼԱՄԲՈ ՋՐՎԵԺ

ԼՈՒՄԱՆԳՎԵ ՋՐՎԵԺ

ԼՈՒՍԱԿԱ

ԳՈՆՅԵ ՋՐՎԵԺ

ՎԻԿՏՈՐԻԱ ՋՐՎԵԺ

ԶԻՄԲԱԲՎԵ

ՄՈԶԱՄԲԻԿ

ՀՆԴԿԱԿԱՆ ՕՎԿԻԱՆՈՍ

[Նկարներ]

Լումանգվե՝ փոքր Վիկտորիա

Կալամբո. կրկնակի անգամ բարձր է Վիկտորիայից

Գոնյե. «բազում օրեր քեզ չի տեսնի ուրիշ աչք»

[Թույլտվությամբ]

Lumangwe and Ngonye Falls: Marek Patzer/www.zambiatourism.com; map: Mountain High Maps® Copyright © 1997 Digital Wisdom, Inc.

[Նկարազարդում 17–րդ էջի վրա]

Վիկտորիա ջրվեժ՝ «շառաչող ծուխ»

[Թույլտվությամբ]

Marek Patzer/www.zambiatourism.com