Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպես օգնել

Ինչպես օգնել

Ինչպես օգնել

ՃԱՆԱՉՈ՞ՒՄ ես դեպրեսիայով կամ երկբևեռ խանգարումով տառապող որևէ մեկի։ Եթե այո, ապա ինչպե՞ս կարող ես օգնել նրան։ Ահա թե ինչ խելամիտ խորհուրդ է տալիս Դ. Ջեֆին, որն աշխատում է Մտավոր հիվանդների ազգային միությունում (ԱՄՆ). «Մի շփոթեք հիվանդությունը հիվանդի հետ։ Փոխարենը՝ ատեք հիվանդությունը և սիրեք հիվանդին»։

Սուսաննա անունով մի կին բավականաչափ սեր և համբերություն ունեցավ հենց այդպես վարվելու։ Նրա ընկերուհին տառապում էր երկբևեռ խանգարումով։ «Պատահում էր, որ նա ուղղակի չէր կարողանում տանել իմ ներկայությունը»,— պատմում է Սուսաննան։ Սակայն իր ընկերուհուց հրաժարվելու փոխարեն՝ նա փորձեց գիտելիքներ ձեռք բերել երկբևեռ խանգարման մասին։ «Այժմ,— ասում է Սուսաննան,— ես հասկանում եմ, թե ընկերուհուս հիվանդությունը որքան է անդրադառնում նրա վարքագծի վրա»։ Նա գտնում է, որ հիվանդի վիճակը հասկանալու ուղղությամբ ջանքեր գործադրելը անգնահատելի պարգևատրություն է բերում։ «Դա կարող է օգնել, որ հիվանդության ետևում տեսնես մարդու գեղեցիկ հատկությունները և զարգացնես քո սերն ու գնահատանքը նրա հանդեպ»,— ասում է Սուսաննան։

Երբ հիվանդը ընտանիքիդ անդամն է, շատ կարևոր է ի սրտե աջակցել նրան։ Մարիոն, որի մասին խոսել ենք այս հոդվածաշարում, հենց սկզբից հասկացավ այս բանը։ Նրա կինը՝ Լուսիան, որին նույնպես արդեն հիշատակել ենք, տառապում է երկբևեռ խանգարումով։ «Սկզբում,— պատմում է Մարիոն,— ինձ օգնեց կնոջս հետ բժշկի գնալը։ Բացի դրանից, ես սկսեցի ուսումնասիրել այս արտասովոր հիվանդությունը, որպեսզի ամբողջությամբ հասկանամ, թե ինչի հետ ենք բախվելու։ Նաև Լուսիան ու ես շատ էինք զրուցում իրար հետ և շարունակում էինք ելք փնտրել ժամանակի ընթացքում առաջացող յուրաքանչյուր իրավիճակից»։

Աջակցություն քրիստոնեական ժողովից

Աստվածաշունչը բոլոր քրիստոնյաներին հորդորում է ‘հուսադրել վհատվածներին’ (ԱՆԹ) ու ‘երկայնամիտ լինել ամենի հետ’ (Ա Թեսաղոնիկեցիս 5։14)։ Ինչպե՞ս կարող եք դա անել։ Նախ՝ շատ կարևոր է հասկանալ տարբերությունը հոգևոր և հոգեկան հիվանդությունների միջև։ Օրինակ՝ ինչպես նշում է Հակոբոսը, որ Աստվածաշունչն արձանագրողներից մեկն է, աղոթքը կարող է կազդուրել հոգևորապես տկար անհատին (Յակոբոս 5։14, 15)։ Մյուս կողմից՝ Հիսուսն ասել է, որ ֆիզիկապես հիվանդ մարդիկ բժշկի կարիք ունեն (Մատթէոս 9։12)։ Ինչ խոսք, միշտ էլ տեղին է և օգտակար աղոթել մեզ մտահոգություն պատճառող ցանկացած խնդրի մասին, այդ թվում նաև առողջական (Սաղմոս 55։22; Փիլիպպեցիս 4։6, 7)։ Սակայն Աստվածաշունչը չի ասում, թե հոգևոր գործունեությունն ընդարձակելը կարող է լուծել անհատի առողջական խնդիրները։

Հետևաբար խորաթափանց քրիստոնյաները չեն ակնարկի, թե դեպրեսիայով տառապող մարդը պատասխանատու է իր տառապանքի համար։ Նման դիտողությունները այնպիսի «օգուտ» կտան, ինչպիսին որ տվեցին Հոբի կեղծ մխիթարիչների խոսքերը (Յոբ 8։1–6)։ Իրողությունն այն է, որ շատ դեպքերում դեպրեսիան չի բուժվում առանց բժշկական միջամտության։ Սա հատկապես ճշմարիտ է, երբ մարդը տառապում է ծանր դեպրեսիայով կամ նույնիսկ ինքնասպանություն գործելու ցանկություն ունի։ Նման դեպքերում մասնագետի դիմելը անփոխարինելի քայլ է։

Այնուամենայնիվ, քրիստոնյաները շատ բան կարող են անել իրենց հիվանդ հավատակցին աջակցելու համար։ Այս հարցում, իհարկե, համբերություն է հարկավոր։ Օրինակ՝ քրիստոնեական ծառայության որոշ ոլորտներ կարող են հատկապես վհատեցնել երկբևեռ խանգարումով տառապող մարդուն։ Դիանա անունով մի կին, որը տառապում է այս հիվանդությամբ, ասում է. «Ծառայության գնալը մի իսկական պայքար է ինձ համար։ Շատ դժվար է մարդկանց հայտնել Աստվածաշնչի ուրախալի լուրը, երբ ներքուստ ուրախություն չես զգում»։

Որպեսզի կարողանաք աջակցել հիվանդին, ջանք թափեք լինել կարեկից (Ա Կորնթացիս 10։24; Փիլիպպեցիս 2։4)։ Ձգտեք խնդիրներին նայել տառապյալի և ոչ թե ձեր սեփական աչքերով։ Շատ բան մի պահանջեք նրանից։ «Երբ ինձ ընդունեցին այնպիսին, ինչպիսին որ կամ հիմա,— պատմում է Կարլը, որը տառապում է դեպրեսիայով,— աստիճանաբար նորից զգացի, որ իմ ընկերներն ընդունում ու սիրում են ինձ։ Մի քանի հին ընկերների համբերատար աջակցության շնորհիվ կարողացա ավելի մտերմանալ Աստծո հետ և մեծ ուրախություն եմ գտել այն բանում, որ օգնում եմ ուրիշներին նույնը անել»։

Աջակցություն ստանալով՝ հիվանդները թեթևացում կզգան իրենց դժվարին վիճակից։ Քննարկենք Բռենդայի օրինակը։ Այս քրիստոնյա կինը տառապում է երկբևեռ խանգարումով։ Նա պատմում է. «Երբ ընկճված եմ լինում, ժողովի իմ ընկերները մեծապես օգնում են ինձ և փորձում են հասկանալ։ Նրանք երբեք ինձ չենք դատում՝ ասելով, թե հոգևորապես թույլ եմ։ Հաճախ է պատահել, որ ընկերներս, իրենց հետ ինձ ծառայության տանելով, թույլ են տվել, որ լինեմ միայն լսողի դերում, կամ էլ Թագավորության սրահում տեղ են պահել ինձ համար, որպեսզի, երբ բոլորից հետո ներս մտնեմ, կարողանամ նստել»։

Նախորդ հոդվածում հիշատակված Շերիին, որը տառապում է դեպրեսիայով, մեծապես օգնեցին ժողովի սիրառատ և կարեկից երեցները։ Նա ասում է. «Երբ երեցները վստահեցնում էին, որ Եհովան սիրում է ինձ, ինձ համար հատվածներ էին կարդում Աստծո Խոսքից՝ Աստվածաշնչից, խոսում էին խաղաղությամբ և բարօրությամբ լի դրախտ բերելու վերաբերյալ Եհովայի նպատակի մասին և ինձ հետ աղոթում էին, երբեմն նույնիսկ հեռախոսով, թվում էր, թե վրայիցս բեռ էր ընկնում։ Ես գիտեմ, որ Եհովան և իմ եղբայրները ինձ չեն մերժել, և դա զորության աղբյուր է ինձ համար»։

Հիվանդին աջակցելու ուղղությամբ գիտակցական ջանքեր գործադրելով՝ ընտանիքի անդամներն ու ընկերները, անկասկած, կարող են մեծապես նպաստել նրա բարօրությանը։ «Իմ կարծիքով՝ հիմա ինձ շատ ավելի լավ եմ կարողանում տիրապետել։ Ես ու ամուսինս բավական ջանք թափեցինք այս խնդիրը միասին հաղթահարելու համար։ Այժմ ամեն բան շատ ավելի լավ է, քան երբևէ»,— ասում է Լուսիան։

Տարբեր մտավոր հիվանդություններով տառապող շատ մարդիկ գիտակցում են, որ իրենց պայքարը այս ահեղ հիվանդությունների դեմ երկար կտևի։ Սակայն Աստվածաշունչը խոստանում է, որ Աստծո նոր աշխարհում բնակվողներից և ոչ մեկը «չէ ասելու թէ ես տկար եմ» (Եսայիա 33։24)։ Անցյալի գիրկն են անցնելու վհատություն պատճառող հիվանդություններն ու խանգարումները, որ այսօր պատուհաս են դարձել այնքան մարդկանց համար։ Իսկապես ուրախալի է խորհրդածել նոր աշխարհ հաստատելու վերաբերյալ Աստծո խոստումների շուրջ։ Բոլոր հիվանդությունները, այդ թվում նաև հուզական խանգարումները, առհավետ կվերանան։ Ինչպես հայտնում է Աստվածաշունչը, այդ ժամանակ չի լինի ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ և ո՛չ էլ ցավ (Յայտնութիւն 21։4

[Մեջբերում 12-րդ էջի վրա]

Հիսուսն ասել է, որ հիվանդ մարդիկ բժշկի կարիք ունեն (Մատթէոս 9։12)

[Մեջբերում 13-րդ էջի վրա]

Աստվածաշունչը խոստանում է, որ Աստծո նոր աշխարհում բնակվողներից և ոչ մեկը «չէ ասելու թէ ես տկար եմ» (Եսայիա 33։24)